
Նոր վայրում
-Այնպես զզվելի գլխարկ է որ: Ոնց ուզում ես հագի՝
լավ չի ստացվում: Ես ուզում էի լայնեզր գլխարկ սարքել, բայց կտորը չբավարարեց և ստիպված
եղա նեղ եզրով կարել, իսկ երբ եզրերը նեղ են, դեմքը կլոր է երևում, դա այնքան էլ գեղեցիկ
չէ:
-Հերիք է հայելու առաջ պտույտ գաս: Տանել չեմ կարող,
երբ հայելու առաջ շուռումուռ են գալիս,- ասաց կապտաչյա աչոնիկը:
-Քո կարծիքով ինչո՞ւ են հնարել հայելին,- պատասխանեց
շիկահերը:
Գլխարկը գրեթե ծոծրակին դնելով, նա գլուխը ետ գցեց
և, աչքերը կկոցած, նայեց հայելուն: Անգետիկի ծիծաղը եկավ: Նա չկարողացավ զսպել իրեն
ու փռթկաց: Շիկահերը վայրկենաբար ետ թռավ հայելուց և կասկածանքով Անգետիկի կողմը նայեց:
Բայց Անգետիկը փակեց աչքերն ու քնած ձևացավ: Նա լսեց, թե ինչպես աչոնիկները, ջանալով
կրունկներով չկտկտացնել, եկան մահճակալի մոտ ու կանգ առան:
-Ինձ թվաց, թե նա ինչ-որ բան ասաց,- լսեց Անգետիկն
այս շշնջյունը: -Ըստ երևույթին ինձ թվաց միայն…Ե՞րբ կարթնանա նա: Երեկվանից պառկած
է ուշակորույս:
Մյուս ձայնը պատասխանեց.
-Մեղրածաղիկն արգելել է նրան արթնացնել: Ասել է,
որ կանչեմ իրեն՝ երբ հիվանդը կարթնանա:
«Այդ ինչ Մեղրածաղիկ է»,- մտածեց Անգետիկը, բայց
ձևացավ, թե չի լսում նրանց խոսակցությունը:
-Ինչ քաջն է այս մանչուկը,- կրկին փսփսոց լսվեց:
-Մի պատկերացրու, է˜, թռել է օդապարիկով:
Անգետիկը լսեց, որ իրեն քաջ անվանեցին, և նրա բերանն
ինքն իրեն ձգվեց գրեթե մինչև ականջները: Սակայն նա ժամանակին սթափվեց ու զսպեց ժպիտը:
-Ես հետո կգամ, երբ նա արթնանա,- շարունակեց ձայնը:
-Ես այնպե˜ս ուզում եմ հարցուփորձ անել օդապարիկի մասին: Հանկարծ ուղեղի ցնցում ստացած
չլինի:
«Ո˜նց չէ,- մտածեց Անգետիկը: -Ոչ մի ցնցում էլ չունեմ»:
Շիկահերը հրաժեշտ տվեց ու գնաց: Սենյակում լռություն
տիրեց: Անգետիկը երկար պառկեց փակ աչքերով, ականջները սրած: Վերջապես նա մի աչքը քիչ
բաց արեց ու տեսավ իր վրա կռացած կապտաչյա աչոնիկի գլուխը: Աչոնիկը սիրալիր ժպտաց,
ապա դեմքը խոժոռեց և մատը թափ տալով հարցրեց.
-Դուք միշտ այդպե՞ս եք արթնանում: Նախ մի աչքն եք
բացում, հետո՝ մյո՞ւսը:
Անգետիկը գլխով արեց ու մյուս աչքն էլ բաց արեց.
-Ուրեմն դուք քնած չէի՞ք:
-Ոչ, ես հենց նոր արթնացա:
Անգետիկն էլի ուզեց ինչ-որ բան ասել, բայց աչոնիկը
մատը նրա շուրթերին դրեց ու ասաց.
-Լռեցե՛ք, լռեցե՛ք: Ձեզ արգելված է խոսել: Դուք ծանր
հիվանդ եք:
-Իսկի էլ չէ՛:
-Որտեղի՞ց գիտեք: Դուք բժիշկ եք, ի՞նչ է:
-Ո՛չ:
-Ահա, տեսնո՞ւմ եք: Ու դեռ խոսում եք: Դուք պետք
է հանգիստ պառկեք, մինչև ես բժիշկ կանչեմ: Ի՞նչ է ձեր անունը:
-Անգետիկ: Իսկ ձե՞րը:
-Իմ անունը Կապտաչիկ է:
-Լա˜վ անուն է,- հավանություն տվեց Անգետիկը:
-Շատ ուրախ եմ, որ ձեզ դուր է գալիս անունս: Ինչպես
երևում է դուք դաստիարակված մանչուկ եք:
Ժպիտը ողողեց Անգետիկի դեմքը: Նա շատ գոհ էր, որ
իրեն գովում են, որովհետև նրան ոչ ոք երբեք չէր գովել, ավելի շատ պախարակել էին: Մոտերքում
մանչուկներ չկային, և Անգետիկը չէր վախենում, թե իրեն կծաղրեն, որ աչոնիկի հետ մտերմություն
է անում: Դրա համար էլ նա շատ ազատ ու քաղաքավարի էր խոսում Կապտաչիկի հետ:
-Իսկ ինչպե՞ս է նրա, այն մյուսի անունը,- հարցրեց
Անգետիկը:
-Ո՞ր մյուսի:
-Որի հետ դուք խոսում էիք: Շեկ մազերով գեղեցիկ աչոնիկի
անունը:
-Օ˜,- բացականչեց Կապտաչիկը: -Ուրեմն դուք վաղո՞ւց
է ինչ քնած չեք:
-Ոչ, ես մի րոպեով բաց արի աչքերս և էլի իսկույն
քնեցի:
-Ճիշտ չէ՛, ճիշտ չէ՛,- գլուխն օրորեց Կապտաչիկն ու
հոնքերը կիտեց: -Ուրեմն դուք գտնում եք, որ ես այնքան էլ գեղեցիկ չե՞մ:
-Ոչ, ի˜նչ եք ասում,- վախեցավ Անգետիկը: -Դուք էլ
եք գեղեցիկ:
-Մեզնից ո՞վ է ավելի սիրուն, ե՞ս, թե՞ նա:
-Դուք…և…նա: Երկուսդ էլ շատ գեղեցիկ եք:
-Դուք ողորմելի սուտլիկ եք, բայց ես ձեզ ներում եմ,-
պատասխանեց Կապտաչիկը: -Ձեր գեղեցկուհու անունը Ձյունիկ է: Դուք նրան դեռ կտեսնեք:
Իսկ այժմ բավական է: Ձեզ համար վնասակար է շատ խոսելը: Պառկեցեք հանգիստ և մտքներովդ
էլ չանցնի անկողնից վեր կենալ: Հիմա ես կկանչեմ Մեղրածաղկին:
-Իսկ ո՞վ է այդ Մեղրածաղիկը:
-Մեղրածաղիկը մեր բժշկուհին է: Նա ձեզ կբուժի:
Կապտաչիկը գնաց: Անգետիկն իսկույն վեր թռավ տեղից
և սկսեց իր հագուստը փնտրել: Նա ուզում էր շուտ փախչել, որովհետև գիտեր, որ բժիշկները
սիրում են իրենց հիվանդներին հյուրասիրել լուծողականով ու յոդով, որը սոսկալի կսկծեցնում
է մարմինը: Մոտերքում զգեստներ չհայտնաբերվեցին, բայց նրա ուշադրությունը գրավեց մի
տիկնիկ, որ մեջքը պատին հենած, նստել էր փոքրիկ նստարանին:
Անգետիկն ուզում էր տեղն ու տեղը կոտրել տիկնիկն
ու տեսնել՝ ինչ կա ներսը՝ բամբա՞կ, թե՞ թեփ: Նա մոռացավ զգեստի մասին և սկսեց դանակ
փնտրել, բայց այդ ժամանակ իր արտացոլումը տեսավ հայելու մեջ: Տիկնիկը հատակին նետելով,
նա հայելու առաջ ծամածռություններ անելով զննեց իր դեմքը: Մի կուշտ նայելուց հետո ասաց.
-Ես էլ եմ գեղեցիկ, և դեմքս այնքան էլ կլոր չի:
Դռան հետևից քայլերի ձայն լսվեց: Անգետիկն արագ անկողին
խցկվեց ու ծածկվեց վերմակով: Սենյակ մտան Կապտաչիկն ու մի ուրիշ աչոնիկ՝ սպիտակ խալաթով,
սպիտակ գլխաշորով և փոքրիկ, դարչնագույն ճամպրուկը ձեռքին: Նա թմբլիկ, կարմիր այտեր
ուներ: Մոխրագույն աչքերը խստությամբ նայում էին ակնոցի տակից: Անգետիկը գլխի ընկավ,
որ հենց սա է Մեղրածաղիկը, որի մասին ասել էր Կապտաչիկը:
Մեղրածաղիկը Անգետիկի անկողնին մոտեցրեց աթոռը, վրան
դրեց իր ճամպրուկը և գլուխն օրորելով ասաց.
-Ա˜խ, այս մանչուկները: Անընդհատ ինչ-որ չարաճճի
բաներ են հորինում: Դե, ասացեք խնդրեմ, ինչների՞դ էր պետք թռչել այդ օդապարիկով: Լռեցե՛ք,
լռեցե՛ք: Գիտեմ, թե ինչ պիտի ասեք. էլ չե˜մ անի: Բոլոր մանչուկներն այդպես են ասում,
իսկ հետո նորից են սկսում չարություն անել:
Մեղրածաղիկը բաց արեց ճամպրուկը և իսկույն սենյակում
տարածվեց ոչ այն է յոդի, ոչ այն է ինչ-որ ուրիշ դեղի հոտ: Անգետիկը վախից փշաքաղվեց:
Մեղրածաղիկը դարձավ նրան և ասաց.
-Վե՛ր կացեք, հիվանդ:
Անգետիկը դուրս սողաց անկողնուց:
-Հարկավո՛ր չի վեր կենալ, հիվանդ,- խստությամբ ասաց
Մեղրածաղիկը: -Ես ձեզ պատվիրեցի նստել:
Անգետիկն ուսերը թոթվեց ու նստեց անկողնում:
-Ուսերը թոթվելու կարիք չկա, հիվանդ,- նկատեց Մեղրածաղիկը:
-Ցույց տվեք լեզուն:
-Ինչո՞ւ:
-Ցո՛ւյց տվեք, ցո՛ւյց տվեք: Այդպես է հարկավոր:
Անգետիկը հանեց լեզուն:
-Ասացեք «ա˜»:
-Ա-ա-ա˜,- ծոր տվեց Անգետիկը:
Մեղրածաղիկը ճամպրուկից հանեց փայտե խողովակը և դրեց
Անգետիկի կրծքին:
-Խոր շունչ առեք, հիվանդ:
Անգետիկը շոգեկաթսայի նման սկսեց թշշալ:
-Այժմ մի շնչեք:
-Հի˜,հի˜,հի˜,- ծիծաղից ցնցվելով ծոր տվեց Անգետիկը:
-Ինչո՞ւ եք ծիծաղում, հիվանդ: Կարծեմ, ես ոչ մի ծիծաղելի
բան չասացի:
-Ինչպե՞ս կարող եմ բոլորովին չշնչել,- հարցրեց Անգետիկը,
շարունակելով հռհռալ:
-Բոլորովին չշնչել, իհարկե, չեք կարող, բայց մի րոպե
շնչառությունը պահել հո կարելի՞ է:
-Կարելի է,- համաձայնեց Անգետիկն ու դադարեց շունչ
առնել:
Քննելուց հետո Մեղրածաղիկը նստեց սեղանի առջև և դեղատոմս
գրեց:
-Ձեր հիվանդի ուսին կապտուկ կա,- ասաց նա Կապտաչիկին:
-Գնացեք դեղատուն և այնտեղ ձեզ մեղրով սպեղանի կտան: Սպեղանուց մի կտոր կկտրեք ու կդնեք
հիվանդի ուսին: Եվ թույլ չտաք նրան անկողնուց վեր կենալ: Եթե վեր կենա, ապա ջարդուփշուր
կանի ձեր ողջ ամանեղենը և կջարդի մեկնումեկի ճակատը: Մանչուկների հետ խիստ պետք է վարվել:
Մեղրածաղիկը ճամպրուկի մեջ դրեց խողովակը և, մի անգամ
էլ խիստ հայացք գցելով Անգետիկի վրա, գնաց:
Կապտաչիկը սեղանից վերցրեց դեղատոմսն ու ասաց.
-Լսեցի՞ք: Դուք պետք է պառկեք:
Ի պատասխան՝ Անգետիկը հուսահատ տեսք ընդունեց:
-Ծամածռությունների կարիք չկա: Եվ մտքներովդ չանցնի
զգեստներդ փնտրել, ես դրանք լավ եմ թաքցրել,- ասաց Կապտաչիկը և դեղատոմսը ձեռքին դուրս
եկավ սենյակից:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնմեկերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 19, 2019
Rating:
