Ջերոմ Դեյվիդ Սելինջեր | Ծպեղները բարձր, ատաղձագործներ


Քսան տարի առաջ, երբ մեր բավական մեծ ընտանիքում բռնկվեց խոզուկի համաճարակը, իմ կրտսեր քրոջը՝ Ֆրանիին, իր սայլակով հանդերձ մի երեկո տեղափոխեցին այն սենյակը, որտեղ ապրում էինք ես ու իմ ավագ եղբայր Սիմորը, և որտեղ, ենթադրվում էր, միկրոբները չէին զարգանում։ Ես տասնհինգ տարեկան էի, Սիմորը՝ տասնյոթ։
Գիշերվա երկուսին ես արթնացա մեր նոր բնակչի լացից։ Մի պահ լուռ ականջ դրի, պահպանելով լիակատար չեզոքություն, իսկ հետո լսեցի, ավելի ճիշտ զգացի, որ կողքիս մահճակալի վրա Սիմորը շարժվեց։ Այն ժամանակ մեր մահճակալների միջև գտնվող գիշերասեղանի վրա էլեկտրական լապտեր կար դրված՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար, թեև որքան հիշում եմ, երբեք այդպիսի առիթ չէր եղել։ Սիմորը չխկացրեց լապտերն ու վեր կացավ։
― Մայրիկն ասաց՝ շիշը գազօջախի վրա է, ― բացատրեցի ես։
― Նոր եմ կերակրել, ― ասաց Սիմորը։ ― Կուշտ է։
Մթության մեջ նա մոտեցավ գրադարակներին ու լապտերի լույսով սկսեց ինչ֊որ բան որոնել։
Ես նստեցի։
― Այդ ի՞նչ ես անում, ― հարցրի։
― Ասում եմ, գուցե մի բան կարդամ նրա համար, ― ասաց Սիմորը ու մի գիրք հանեց գրադարակից։
― Լսիր, ապուշ, նա ընդամենը տասը ամսական է։
― Գիտեմ, ― ասաց Սիմորը, ― բայց ականջներ ունի, չէ՞։ Նրանք ամեն ինչ լսում են։
Այդ գիշեր լապտերի լույսի տակ Սիմորը Ֆրանիի համար կարդաց իր սիրած պատմվածքը․ դա դաոսյան մի լեգենդ էր։ Մինչև հիմա էլ Ֆրանին երդվում է, թե իբր հիշում է՝ Սիմորն ինչպես էր կարդում իր համար․
«Իշխան Մուն՝ Չինաստանի տիրակալը, Պո Լոյին ասաց․ «Դու տարիքդ արդեն առել ես։ Քո ընտանիքում կա՞ որևէ մեկը, որ այսուհետև ծառայի ինձ քո փոխարեն և ձիեր ընտրի ինձ համար»։ Պո Լոն պատասխանեց․ «Լավ ձին կարելի է որոշել արտաքինից ու շարժուձևից։ Բայց անզուգական նժույգն այն է, որ ոտքը գետին չի առնում ու հետք չի թողնում։ Դա խորհրդավոր ու անորսալի բան է, անշոշափելի, ինչպես վաղորդյան մշուշը։ Իմ որդիներն այդքան մեծ շնորհք չունեն․ նրանք կարող են նայելով տարբերել լավ ձին, բայց ճանաչել անզուգական նժույգը՝ նրանք չեն կարող։ Սակայն ես մի բարեկամ ունեմ՝ Չու Ֆան֊կաոն, որ ցախի ու բանջարեղենի վաճառքով է զբաղվում։ Նա ինձնից պակաս չի գլուխ հանում ձիերից։ Կանչիր նրան»։
Իշխանն այդպես էլ արեց։ Շուտով նա Չու Ֆան֊կաոյին ուղարկեց ձի որոնելու։ Երեք ամիս անց վերադարձավ Չու Ֆան֊կաոն և ասաց, որ գտել է նժույգը։ «Հիմա Շախյուում է գտնվում», ― ավելացրեց նա։ «Իսկ ինչպիսի՞ նժույգ է», ― հարցրեց իշխանը։ «Աշխետ զամբիկ է», ― եղավ պատասխանը։ Բայց երբ ձին բերեցին, պարզվեց, որ ագռավի պես սև հովատակ է։
Իշխանը դժգոհ՝ իր մոտ կանչեց Պո Լոյին։
― Քո բարեկամը խայտառակեց իրեն։ Նա ի վիճակի չէ հովատակը զամբիկից ջոկելու։ Էլ ի՜նչ է հասկանում ձիերից, եթե նույնիսկ տեսակը որոշել չի կարող։
Պո Լոն թեթևացած շունչ քաշեց․ ― Մի՞թե նա իսկապես հասել է այդ բանին։ ― Ուրեմն նա ինձ նման հազարին արժե։ Ես չեմ համարձակվի ինձ համեմատել նրա հետ։ Որովհետև Կաոն կարողանում է թափանցել ոգին։ Հասնելով բուն էությանը՝ նա անուշադրության է մատնում անկարևոր հատկանիշները։ Ըմբռնելով ներքին արժանիքները՝ նա կորցնում է արտաքինի մասին պատկերացումը։ Նա կարողանում է տեսնել ա՛յն, ինչը հարկավոր է տեսնել, և չնկատել անկարևորը։ Նա նայում է այնտե՛ղ, ուր անհրաժեշտ է, ու արհամարհում է այն, ինչն արժանի չէ ուշադրության։ Կաոյի իմաստությունն այնքան մեծ է, որ նա կարող է դատել շատ ավելի կարևոր բաների մասին, քան ձիերի արժանիքներն են։
Ու երբ նժույգը բերին, պարզվեց, որ նա իսկապես անզուգական է։


Ես այս հատվածը մեջ բերեցի ոչ միայն այն պատճառով, որ տասը ամսականների ծնողներին ու ավագ եղբայրներին մշտապես ու համառորեն խորհուրդ եմ տալիս լավագույն արձակի ընթերցումը օգտագործել որպես հանգստացուցիչ միջոց, այլև միանգամայն ուրիշ պատճառով։ Հիմա դուք պատմվածք կկարդաք մի հարսանիքի մասին, որը տեղի է ունեցել 1942 թվականին։ Իմ կարծիքով դա միանգամայն ավարտուն պատմվածք է, դրա մեջ կա սկիզբ, վերջ և նույնիսկ մահվան նախազգացում։ Քանի որ ինձ հայտնի են հետագա փաստերը, ապա պարտավորված եմ զգում հայտնել ձեզ, որ հիմա, 1955 թվականին, փեսան այլևս կենդանի չէ։ Նա ինքնասպան եղավ 1948 թվականին, երբ կնոջ հետ միասին հանգստանում էր Ֆլորիդայում․․․ Բայց ամենակարևորը ահա թե ինչ եմ ուզում ասել․ այն ժամանակից ի վեր, երբ փեսան դուրս եկավ ասպարեզից, ես չեմ գտնում մեկը, որին հնարավոր լիներ վստահել նժույգի որոնումները։


1942 թվականի մայիսին մենք յոթս էլ՝ Լեսա և Բեսի (ծննդյամբ Գալլահեր) Գլասների՝ նախկին շրջիկ թատերախմբի կոմիկ դերասանների ժառանգններս, բարձր ոճով ասած, սփռված էինք ամբողջ Միացյալ Նահանգներով մեկ։ Օրինակ՝ ես, ավագությամբ երկրորդս, պառկած էի Ֆորտ֊Բենինգի, Ջորջիայի նահանգի, զինվորական հոսպիտալում, պլևրիտով՝ ի հիշատակ եռամյա հետևակային գերիմաստության ուսուցման։ Երկվորյակներ Ուոլթը և Ուեյքերը դեռևս մի տարի առաջ էին բաժանվել իրարից։ Ուեյքերին նստեցրել էին Մերիլենդի հրաժարվածների ճամբարում, իսկ Ուոլթը կռվում էր Խաղաղ օվկիանոսում կամ մեկնում էր այնտեղ դաշտային հրետանու զորամասերի հետ։ (Մենք երբեք հաստատ չէինք իմանում որտեղ է գտնվում Ուոլթը։ Նա չէր սիրում նամակներ գրել, իսկ նրա մահից հետո մենք շատ քիչ բան, գրեթե ոչինչ չիմացանք նրա մասին։ Նա զոհվել ար ամենաանհեթեթ պատահականությունից, Ճապոնիայում, 1945 թվականին)։
Ավագ քույրս՝ Բու֊Բուն (ժամանակագրական կարգով իմ և երկվորյակների մեջտեղն էր ընկնում), միչման էր կանանց ծովային օժանդակ զորամասերում, Բրուկլինի ռազմածովային բազայում։ Այդ տարվա ամբողջ գարունն ու ամառը քույրս ապրեց Նյու֊Յորքի մեր փոքրիկ բնակարանում, որը բանակ կանչվելուց հետո էլ դեռևս իմ ու Սիմորի վրա էր գրանցված։ Երկու փոքրերը՝ Զուին և Ֆրանին (աղջիկ), մեր ծնողների հետ ապրում էին Լոս֊Անջելոսում, որտեղ հայրս տաղանդավոր դերասաններ էր որոնում կինոստուդիայի համար։ Զուին տասներեք տարեկան էր, Ֆրանին՝ ութ։ Ամեն շաբաթ երկուսն էլ ելույթ էին ունենում ռադիոյով, մանկական հարց ու պատասխանների հաղորդման մեջ, ամերիկյան ռադիոյի համար բնորոշ, ծաղրական «Խելացի երեխաներ» խորագրի տակ։ Այստեղ թերևս պետք է ասել, որ գրեթե միշտ, ավելի ճիշտ տարեցտարի, մեր ընտանիքի բոլոր երեխաները ելույթ էին ունենում «Խելացի երեխաներ» ծրագրով, որպես վճարովի «հյուրեր»։ Ես ու Սիմորը ելույթ ունեցանք առաջին անգամ 1927 թվականին, երբ նա տասը տարեկան էր, ես՝ ութ, և «հաղորդում էինք» «Մառի֊հիլլ» հին հյուրանոցի հյուրասենյակից։ Յոթս էլ, սկսած Սիմորից և վերջացրած Ֆրանիով, ելույթ էինք ունենում կեղծանունով։ Գուցե դա խիստ հակասական է թվում․ չէ որ մենք այսպես թե այնպես, էստրադային արտիստների զավակներ էինք, մարդիկ, որոնք բոլորովին չեն խուսափում ռեկլամից։ Բայց մայրս մի անգամ ամսագրում մի հոդված կարդաց այն մասին, որ փոքրիկ պրոֆեսիոնալները հարկադրված են ծանր խաչ կրելու, երբ որ մեկուսացված են սովորական երեխաներից, որոնց ընկերությունը, անշուշտ, խիստ օգտակար է նրանց համար, և նա երկաթե համառությամբ առաջ տարավ իր խոսքը կեղծանունով հանդես գալու կապակցությամբ ու ոչ մի անգամ չնահանջեց։ (Այստեղ բոլորովին տեղին չէ քննել, թե հարկ կա՞ արդյոք բոլոր «պրոֆեսիոնալ երեխաներին» կամ նրանց մեծ մասին օրենքից դուրս հայտարարել, նրանց շրջապատել խղճահարությամբ կամ առանց ավելորդ քնքշությունների բնաջնել որպես հասարակական հանգիստը խանգարողների։ Նշեմ միայն, որ մեր ընդհանուր աշխատավարձը «Խելացի երեխաներ» ծրագրում, հնարավորություն տվեց մեր վեցին՝ ավարտելու քոլեջը, ինչպես յոթերորդին՝ սովորելու այդ նույն միջոցներով)։
Մեր ավագ եղբայր Սիմորը, այստեղ խոսքը գլխավորապես նրա մասին է լինելու, որպես կապրալ ծառայում էր այն զորամասում, որոնք 1942 թվականին դեռևս կոչվում էին ռազմաօդային ուժեր։ Նա ապրում էր ռմբարկուների Բ―17 բազայում, Կալիֆոռնիայում, և, որքան ինձ հայտնի է, վաշտի գրագրի պարտականություններ էր կատարում։ Ի միջի այլոց, հիշեցնեմ, թեև դա շատ կարևոր է, որ մեր մեջ ամենից քիչ նա էր սիրում նամակ գրել։ Կարծեմ ամբողջ կյանքի ընթացքում նա ընդամենը հինգ նամակ է գրել ինձ։
Այդ առավոտ, մայիսի քսաներկուսին կամ գուցեև քսաներեքին (մեր ընտանիքը երբեք թվական չէր դնում նամակների տակ), ֆորտ֊Բենինգի զինվորական հոսպիտալում կպչուն սպեղանի էին քաշում ստոծանուս (բժիշկներն այդ միջոցը գործադրում են պլևրիտով հիվանդների վրա, հավանաբար, այն նպատակով, որ նրանք հազար կտոր չլինեն հազից), երբ ոտքերիս վրա դրին Բու֊Բու քրոջս ուղարկած նամակը։ Այն մինչև այժմ էլ պահպանվել է և հիմա մեջ եմ բերում բառացիորեն։


«Սիրելի Բադի․
Պատրաստվում եմ ճանապարհ ընկնելու և շատ֊շատ եմ շտապում, դրա համար էլ համառոտ եմ գրում, բայց խիստ։ Ծովակալ Շիպոզադը որոշել է, որ թշնամիներին հաղթելու համար իրեն անհրաժեշտ է մեկնել գրողի ծոցը, անհայտ ուղղությամբ, և իր հետ տանել քարտուղարուհուն (եթե ես ինձ լավ պահեմ)։ Սոսկալի հուզված եմ։ Էլ չեմ ասում Սիմորի մասին։ Հարկադրված եմ լինելու սառչել վրաններում, դիմանալ մեր փառապանծ մարտիկների հիմար սիրահետումներին և ինքնաթիռներում սիրտ ետ տալ այդ այլանդակ թղթե տոպրակներում։ Բայց ահա թե ինչ է կարևորը․ Սիմորն ամուսնանում է, հասկանո՞ւմ ես՝ ամուսնանում է, ― այնպես որ, խնդրում եմ, ուշադրություն դարձրու այդ բանին։ Ես գալ չեմ կարող։ Մեկնում եմ՝ հայտնի չէ, մեկուկես, թե երկու ամսով։ Հարսնացուին տեսել եմ։ Իմ կարծիքով իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց արտակարգ սիրուն է։ Իհարկե, չգիտեմ նա իսկապե՞ս այնպիսի ոչնչություն է, ինչպես ինձ թվաց, թե չէ։ Այն երեկո նա երկու խոսք էլ չարտասանեց։ Նստած ծխում էր, ժպտում, այնպես որ, հնարավոր է, ես իրավացի չլինեմ։ Նրանց սիրո մասին ոչինչ չգիտեմ, կարծեմ, անցյալ ձմռանն են ծանոթացել, երբ Սիմորի զորամասը բնակվում էր Մոնմաուտում։ Բայց նրա մայրիկը՝ ավելի վատը չես կարող պատկերացնել․ քիթը խոթում է բոլոր արվեստների մեջ և շաբաթը երկու անգամ գնում հայտնի հոգեվերլուծողի՝ Յունգի աշակերտի մոտ։ Մեր ծանոթության երեկոյան նա երկու անգամ հարցրեց ինձ՝ արդյոք ենթարկվե՞լ եմ հոգեվերլուծության։ Ասաց, թե կցանկանար, որ Սիմորը ավելի շատ նման լիներ բոլոր մարդկանց։ Բայց տեղնուտեղն էլ ավելացրեց, թե, այնուամենայնիվ, նա շատ է դուր գալիս իրեն և այլն, և այլն, և որ ինքը հիացմունքով է ունկնդրել նրան ռադիոյով այն բոլոր տարիներին, երբ ելույթ է ունեցել Սիմորը։ Ահա այն ամենը, ինչ գիտեմ նրանց մասին, բայց ամենակարևորն այն է, որ դու պետք է մասնակցես նրանց հարսանիքին։ Երբեք չեմ ների քեզ, եթե չգնաս, ազնիվ խոսք։ Հայրիկն ու մայրիկը ոչ մի կերպ չեն կարող ծովափից գալ։ Ամեն ինչից բացի, Ֆրանին հիվանդ է կարմրուկով։ Ի դեպ, լսեցի՞ր նրան անցյալ շաբաթ։ Նա շատ գեղեցիկ, երկար պատմում էր, թե ինչպես է չորսուկես տարեկանում թռել ամբողջ բնակարանով մեկ, երբ տանը ոչ ոք չի եղել։ Նոր մեկնաբանը շատ ավելի վատն է Գրանտից, թերևս, այն ժամանակվա Սալիվենից էլ վատ է, եթե, իհարկե, հնարավոր է ավելի վատ լինել։ Նա ասաց, հավանաբար Ֆրանին երազում է տեսել, որ թռչում է։ Բայց մեր փոքրիկը հրեշտակային համբերությամբ իրենն էր պնդում։ Ասում էր, ո՛չ, ինքը հաստատ գիտի, որ կարողանում է թռչել, որովհետև, երբ վայրէջք էր կատարում, մատները միշտ փոշոտված էին լինում էլեկտրական լամպերից։ Շատ եմ ուզում տեսնել Ֆրանիին։ Քե՛զ էլ։ Համենայն դեպս, դու պետք է անպայման գնաս հարսանիքին։ Դասալիք դարձիր, եթե հարկ կա, միայն թե գնա, շատ եմ խնդրում քեզ։ Հարսանիքը հունիսի չորսին է, ժամը երեքին։ Խիստ բարեկիրթ և ժամանակակից հարսանիք, նրա տատիկի տանը, 63֊րդ փողոցում։ Պսակը կատարելու է ինչ֊որ դատավոր։ Տան համարը չեմ հիշում, բայց դա երկու տուն հետո է այն բնակարանից, որտեղ Կառլն ու Էմին խեղդվում էին շքեղության ու հարստության մեջ։ Ուոլթին հեռագիր կտամ, բայց նրա տրանսպորտը, կարծեմ, մեկնել է։ Խնդրում եմ, անպայման գնա, Բադի։ Սիմորը նման է հոգնատանջ կատվիկի, դեմքը՝ ոգեշնչվա՜ծ, անիմաստ է նրա հետ խոսելը։ Գուցե ամեն ինչ լավ կվերջանա, բայց ես ատում եմ քառասուներկու թվականը ու, հավանաբար, սկզբունքորեն ատելու եմ մինչև վերջ։ Ամուր համբուրում եմ քեզ, կտեսնվենք, երբ վերադառնամ։ Բու֊Բու»։


Նամակն ստանալուց երեք օր հետո ինձ դուրս գրեցին հոսպիտալից, հանձնելով, այսպես ասած, երեք մետր կպչուն սպեղանու հույսին, որ փաթաթված էր կողերիս։ Հետո սկսվեց խիստ լարված մեկշաբաթյա կամպանիան՝ հարկավոր էր արձակուրդ ստանալ հարսանիք գնալու համար։ Վերջապես համառ խնդրանքի ճանապարհով ես հաջողության հասա վաշտի հրամանատարի մոտ, որը, իր իսկ բնորոշմամբ, գրքասեր մարդ էր, և նրա սիրած գրողը, բարեբախտաբար, նաև իմ սիրելին էր․ դա ոմն Մենինգ Վայնսն էր։ Չէ, կարծեմ, Հայնդսը։ Բայց չնայած մեր մեջ հաստատված այնքան ամուր հոգևոր կապերին, ընդամենը երեք օրվա արձակուրդ տվեց, այսինքն՝ լավագույն դեպքում ժամանակը բավականացնելու էր միայն գնացքով Նյու֊Յորք հասնել, մասնակցել հարսանիքին, հապշտապ ճաշել մի որևէ տեղ և քափքրտինք մտած վերադառնալ Ջորջիա։
Քառասուներկու թվականին գնացքների «նստելու» վագոններում օդափոխությունը, որքան հիշում եմ, զուտ պայմանական էր, ամենուրեք լեփ֊լեցուն էին զինվորական պահակախմբեր, նարնջահյութի, կաթի և գարշելի վիսկու հոտ էր փչում։ Ամբողջ գիշեր ես հազում էի կոմիկսը ձեռքիս, որ ինչ֊որ մեկը խղճահարությունից տվել էր ինձ կարդալու։ Երբ երկուսն անց տասը րոպեին, հարսանիքի օրը, գնացքը մոտեցավ Նյու֊Յորքին, ես հազալուց տառապած ու հոգնած էի, քրտնած ու ճմրթված, և մաշկս սոսկալի քոր էր գալիս սպեղանու տակ։
Նյու֊Յորքում անասելի շոգ էր։ Ժամանակ չկար տուն մտնելու, և իմ ուղեբեռը՝ պարուսինե բավական անբարետես մի պայուսակ, ես թողեցի Փենսիլվանյան կայարանի պողպատե պահարանիկում։ Ու ասես դիտմամբ, հենց այն պահին, երբ անցնում էի պատրաստի հագուստեղենի խանութի մոտով ու տաքսի փնտրում, կապի ծառայության մի կրտսեր լեյտենանտ, որին, հավանաբար, մոռացել էի պատիվ տալ Յոթերորդ ավենյուն անցնելիս, հանկարծ հանեց ինքնահոսը և անցորդների հետաքրքրասեր հայացքների տակ գրեց ազգանունս, զորամասիս համարն ու հասցեն։
Տաքսու մեջ ես բոլորովին ջուր դարձա։ Վարորդին պատվիրեցի տանել գոնե մինչև այն տունը, որտեղ ինչ֊որ ժամանակ «շքեղության մեջ խեղդվում էին» Կառլն ու Էմին։ Բայց երբ հասանք այդ թաղամասը, ամեն ինչ շատ պարզ դարձավ։ Հարկավոր էր միայն գնալ ամբոխի ետևից։ Այնտեղ նույնիսկ կտավից ամպհովանի կար։ Մի քանի րոպե անց ես մտա մի վիթխարի քարե շենք, որտեղ ինձ դիմավորեց բաց կանաչագույն մազերով մի շատ գեղեցիկ տիկին, որը հարցրեց, թե ում ծանոթն եմ ես՝ փեսայի՞, թե հարսի։ Ասացի՝ փեսայի։ ― Օօ՜, ― ասաց նա, ― գիտեք, այստեղ ամեն ինչ տակնուվրա է եղել, ― նա շատ բարձր ծիծաղեց և մատնացույց արեց ծալովի աթոռը՝ վերջին ազատ աթոռը՝ վիթխարի, լեփ֊լեցուն հյուրասենյակում։ Իմ հիշողության մեջ տասներեք տարվա ընթացքում մթագնել են այդ սենյակին վերաբերող մանրամասները։ Բացի այն, որ դահլիճը լեփ֊լեցուն էր և շատ շոգ, ես երկու մասնրամասնություն եմ հիշում՝ երգեհոնը նվագում էր ուղիղ իմ ետևում, իսկ աջ կողմս նստած տիկինը շուռ եկավ ու թատերական հանդիսավորությամբ շշնջաց․ «Ես Էլեն Սիլսբերնն եմ»։ Զբաղեցրած տեղից ես որոշեցի, որ նա հարսի մայրը չէ, բայց, համենայն դեպս, ժպտացի ու գլուխ տվի ամբողջ ուժով և արդեն պատրաստվում էի ներկայանալ, երբ նա ցուցադրաբար մատը սեղմեց շրթունքներին, ու երկուսս էլ նայեցինք առաջ։ Մոտավորապես ժամը երեքն էր։ Ես փակեցի աչքերս ու սկսեցի լարված սպասել, թե երգեհոնահարը երբ պետք է դադարի նվագել զանազան բաներ ու դղրդացնի հարսանեկան քայլերգը «Լոենգրինից»։
Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես անցավ հաջորդ ժամը, բայց մի կարևոր բան լավ եմ հիշում, որ հարսանեկան քայլերգը «Լոենգրինից» այդպես էլ չհնչեց։ Հիշում եմ, ինչ֊որ անծանոթ մարդիկ շուռ էին գալիս ամեն կողմից, որպեսզի աչքի պոչով նայեն, թե ով է այդպես հազում։ Հիշում եմ նաև, որ աջ կողմս նստած տիկինը մեկ անգամ էլ քիչ բարձր շշուկով ասաց․
― Հավանաբար, ինչ֊որ պատճառով ուշանում է։ Դուք երբևէ տեսե՞լ եք դատավոր Ռենկերին։ Նա սրբի դեմք ունի։
Հիշում եմ, թե երգեհոնային երաժշտությունը ինչպես անսպասելիորեն, նույնիսկ մի տեսակ հուսահատորեն Բախից անցավ վաղ Ռոջերսին և Հարտին։ Բայց ես ասես ավելի շուտ կարեկցանքով կանգնած լինեի սեփական հիվանդանոցային մահճակալի գլխին, խղճալով ինձ այն բանի համար, որ ստիպված էի լինում խեղդել հազիս նոպաները։ Այդ հյուրասենյակում նստածս ամբողջ ընթացքում երբեմն մի երկչոտ միտք էր առկայծում գլխումս, որ չնայած կպչուն սպեղանուց շինված իմ կորսետին, ուր որ է կոկորդս է լցվելու տաք արյունը կամ կողերս պայթելու են։


Չորսն անց քսան րոպե, կամ կոպիտ ասած քսան րոպե այն բանից, երբ վերջին հույսն էլ կտրվեց, չպսակադրված հարսը, գլուխը խոնարհած, նյարդային քայլվածքով, ծնողների երկկողմյա հսկողությամբ ցած իջավ երկար քարե աստիճաններից։ Այնտեղ, ասես ձեռքից ձեռք հանձնելով, նրան տեղավորեցին լաքապատ այն սև մեքենաներից առաջինում, որոնք սպասում էին մայթի երկարությամբ երկու շարք կազմած։ Պահը բավական գեղանկարային էր և ամսագրային իլյուստրացիա էր հիշեցնում, ու ինչպես ընդունված է նման իլյուստրացիաներում, այնտեղ պատկերվեց նաև վկաների անհրաժեշտ քանակություն․ հարսանեկան հյուրեր (այդ թվում և ես), թեև, ջանալով հետևել օրինավորությանը, մարդիկ արդեն խմբերով դուրս էին թափվում տնից ու ագահաբար, եթե չասենք աչքները չորս արած, նայում էին հարսին։ Ու եթե ինչ֊որ բան մեղմում էր պատկերը, ապա դրա համար պետք էր գոհություն հայտնել եղանակին։ Հուլիսյան արևը դաղում էր ու այրում էր հազարավոր ֆոտոբռնկումների անողորմությամբ, այնպես որ կիսաուշաթափ վիճակում աստիճաններից իջնող հարսի դեմքը շողշողում էր ինչ֊որ մշուշում, և դա միանգամայն ժամանակին էր։
Երբ հարսանեկան անձնակազմը, այսպես ասած, ֆիզիկապես չքացավ բեմից, սպասողական լարվածությունը մայթի վրա, հատկապես ամպհովանու տակ, որտեղ հայտնվել էի և ես, վերածվեց սովորական իրարանցման, ու եթե այդ տունը եկեղեցի լիներ, ու օրը կիրակի, ապա կարելի էր կարծել, թե պարզապես ծխականները ցրվում են կրոնական արարողությունից հետո։ Հանկարծ ընդգծված համառությամբ սկսեցին հայտնել, իբր հարսի հորեղբայր Էլի անունից, որ մեքենաները դրվում են հյուրերի տրամադրության տակ նույնիսկ ընդունելությունը չկայանալու և պլանները փոխվելու դեպքում։ Դատելով ինձ շրջապատող մարդկանց ռեակցիայով, դա դիտվեց որպես «beau geste»։ Բայց այդուհանդերձ ասվեց, որ մեքենաները կդրվեն հյուրերի «տրամադրության տակ» միայն այն բանից հետո, երբ «հարսի ամենամտերիմ հարազատներ» կոչվող խիստ հարգալիր մարդկանց պատկառելի ջոկատը կբավարարվի տրանսպորտով, որը անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք էլ իջնեն բեմահարթակից։ Եվ որոշ, ինչպես ինձ թվաց, անհասկանալի հրմշտոցից հետո (որի ընթացքում ինձ այնպես սեղմեցին, ասես մամլիչների մեջ առած լինեին, և մեխեցին տեղս) հանկարծ իսկապես սկսվեց «ամենամտերիմ հարազատների» ելքը․ նրանք վեց֊յոթ հոգով տեղավորվում էին մի մեքենայում, թեև երբեմն նստում էին նաև երեք֊չորսով։ Դա կախված էր, ինչպես հասկացա ես, տարիքից, վարմունքից ու առաջին նստողի կոնքերի լայնությունից։
Հանկարծ ինչ֊որ մեկի ի միջի այլոց, բայց բավական որոշակի նետված ցուցմունքով ես հայտնվեցի ճամփեզրին, ամպհովանու մոտ, ու սկսեցի հյուրերին մեքենա նստեցնել։
Չէր խանգարի մտորել, թե այդ պատասխանատու պաշտոնը ինչու հատկապես ի՛նձ հանձնեցին։ Որքան հասկացա, անհայտ տարեց գործիչը, կարգադրություն անելով, բոլորովին պատկերացում չուներ, որ ես փեսայի եղբայրն եմ։ Դրա համար էլ տրամաբանությունը հուշում էր, որ ինձ ընտրեցին մեկ այլ պակաս լիրիկական պատճառով։ Քառասուներկու թվականն էր, ես քսաներեք տարեկան էի, նոր էի բանակ գնացել։ Համոզված եմ, որ միայն տարիքս, զինվորական համազգեստս ու աներկբայելի պատրաստակամություն արտահայտող իմ աղոտ֊պաշտպանական վիճակը ցրեցին կասկածները դռնապանի դերի համար միանգամայն հարմար լինելուս հարցում։
Բայց ես ոչ միայն քսաներեքամյա երիտասարդ էի, այլև բավական ետ էի մնացել իմ տարիքից։ Հիշում եմ, որ մարդկանց մեքենա նստեցնելիս ես նույնիսկ ամենատարրական ճարպկություն չէի հանդես բերում։ Ընդհակառակը, այդ ամենն անում էի դպրոցականի ցուցադրական ջանադրությամբ, տպավորություն ստեղծելով, թե կարևոր պարտք եմ կատարում։ Անկեղծ ասած, ես մի քանի րոպե անց արդեն հասկացա, որ հարկադրված եմ գործ ունենալ ավելի տարեց, լավ սնված ու ցածրահասակ սերնդի հետ, և արմունկից բռնելու ու դռները փակելու իմ դերը հասավ փքուն ուժի զուտ ցուցադրական արտահայտության։ Ես ինձ պահում էի որպես բացառիկ ազնվական, հմայքով լեցուն, երիտասարդ հսկա՝ հազով բռնված։
Բայց սոսկալի տոթը, մեղմ ասած, ճնշում էր ինձ, և չէր երևում, թե ջանքերիս համար որևէ հատուցում է սպասվում առաջիկայում։ Ու թեև «ամենամտերիմ հարազատների» ամբոխը նոր էր սկսել նվազել, ես հանկարծ խցկվեցի նոր բեռնավորվող մեքենաներից մեկը, որ արդեն շարժվում էր տեղից։ Այդ միջոցին գլուխս ուժգին շրխկոցով խփեցի (երևում է, որպես պատիժ) մեքենայի առաստաղին։ Ուղևորների մեջ նստած էր նաև այն շշնջանը՝ Էլեն Սիլսբերնը, որն անմիջապես իր անսահման կարեկցանքն արտահայտեց իմ հանդեպ։ Շրխկոցը, հավանաբար, տարածվեց ամբողջ մեքենայում։ Բայց քսաներեք տարեկանում ես պատկանում էի այն անձանց թվին, որոնք մարդկանց ներկայությամբ, դիմանալով ամեն տեսակ խեղումի, բացի գանգի ջարդվելուց, միայն խուլ քմծիծաղ են արձակում։
Մեքենան շարժվեց դեպի արևմուտք ու ասես մտավ ուղղակի ետկեսօրյա շիկացած վառարանը։ Այդպես գնաց երկու թաղամաս, մինչև Մեդիսոն֊ավենյու, և կտրուկ շրջվեց դեպի հյուսիս։ Ինձ թվաց, թե միայն անհայտ, բայց փորձված վարորդի ճարպկությունը փրկեց մեզ արևային շիկացած հնոցի մեջ այրվելուց։
Առաջին չորս֊հինգ թաղամասը Մեդիսոն֊ավենյուով մենք գնացինք սովորական արտահայտություններ փոխանակելով, ինչպես ասենք՝ «Ես ձեզ շա՞տ եմ սեղմում», կամ «Կյանքումս այսպիսի շոգ չեմ տեսել»։ Կյանքում այդպես շոգ չտեսած տիկինը պարզվեց, ինչպես ճամփեզրին կանգնած ժամանակ լսեցի, հարսի ընկերուհին է։ Դա մի ուժեղ անձնավորություն էր, քսանչորս կամ քսանհինգ տարեկան, վարդագույն մետաքսե զգեստով, արհեստական անմոռուկների պսակը գլխին։ Նրա մեջ որոշակիորեն ինչ֊որ սպորտային բան էլ կար, ասես մի երկու տարի առաջ քննություն հանձնած լիներ քոլեջում ֆիզիկական դաստիարակության հրահանգչի պաշտոն կատարելու համար։ Նույնիսկ ծնկներին դրված ծաղկեփունջը վոլեյբոլի ցած ընկած գնդակ էր հիշեցնում։ Նա նստել էր ետևում՝ սեղմված ամուսնու և ֆրակով ու ցիլինդրով մի ծերուկի միջև, որի ձեռքին հավաննական սպիտակ ծխախատի սիգար կար։ Միսիս Սիլսբերնն ու ես ծնկներով թեթևակիորեն իրար հպված՝ զբաղեցրել էինք ծալովի տեղերը։ Երկու անգամ, առանց որևէ առիթի, պարզապես հիացմունքով ետ նայեցի փոքրամարմին ծերուկին։ Առաջին պահին, երբ նոր էի նստեցնում մեքենա, ու նրա առաջ բացեցի դռնակը, իմ մեջ ցանկություն առաջացավ նրան գրկելու և զգուշորեն նստեցնելու բաց պատուհանից։ Նա այնքան փոքրամարմին էր, հասակը հազիվ թե ավելի լիներ չորս ֆուտից ու ինը֊տասը դյույմից և, այնուամենայնիվ, թզուկի կամ լիլիպուտի տպավորություն չէր թողնում։ Մեքենայում նստել էր ուղիղ և խստությամբ առաջ էր նայում։ Երկրորդ անգամ ետ նայելով, նկատեցի, որ նրա ֆրակի դարձածալի վրա մի բիծ կար, շատ նման յուղոտ սոուսից մնացած հին հետքի։ Նկատեցի նաև, որ նրա ցիլինդրը չորս, գուցեև հինգ դյույմ ցած էր մնում մեքենայի առաստաղից։ Սակայն ուղևորության առաջին րոպեներին ինձ ավելի շատ իմ առողջական վիճակն էր անհանգստացնում։ Պլևրիտից ու գլխիս ուռուցքից բացի, ինձ անհանգստացնում էր նաև նոր սկսվող անգինայի հոռետեսական նախազգացումը։ Ես թաքուն փորձեցի լեզուս պտտել և ուսումնասիրել կոկորդիս կասկածելի մասերը։ Հիշում եմ, նստել էի ու հայացքս հառել ուղիղ վարորդի ծոծրակին, որը իրենից ներկայացնում էր բուժված չիբանների մի ցայտուն քարտեզ, երբ հանկարծ ծալովի նստարանին նստած իմ հարևանուհին հարցրեց ինձ․
― Իսկ ինչպե՞ս է ձեր սիրելի մայրիկը։ Դուք Դիքի Բրինգանզան եք, չէ՞։
Լեզուս այդ պահին զբաղված էր քիմքիս ուսումնասիրությամբ և բավական ետ էր ծալված։ Ես այն ուղղեցի, կուլ տվի թուքս ու նայեցի հարևանուհուս։ Նա հիսունին մոտ կլիներ, հագնված էր նորաձև ու պերճաշուք։ Դեմքին գրիմի հաստ շերտ էր քսված։
Պատասխանեցի՝ ոչ, նա չեմ։
Տիկինը, թեթևակի կկոցելով աչքերը, նայեց ինձ և ասաց, որ ջրի երկու կաթիլի պես ես նման եմ Սելի Բրիգանզայի որդուն։ Հատկապես բերանս։ Ջանացի դեմքի արտահայտությամբ ցույց տալ, որ մարդիկ սխալական են։ Եվ նորից հայացքս հառեցի վարորդի ծոծրակին։ Մեքենայում լռություն տիրեց։ Միօրինակությունը խախտելու համար ես պատուհանից դուրս նայեցի։
― Ձեզ դո՞ւր է գալիս բանակի ծառայությունը, ― հարցրեց միսիս Սիլսբերնը ի միջի այլոց, մի բան ասած լինելու համար։
Բայց հենց այդ պահին հազս բռնեց։ Երբ նոպան անցավ, ես շուռ եկա դեպի նա և ինձ համար հնարավոր առույգությամբ պատասխանեցի, որ բանակում շատ ընկերներ ունեմ։ Շատ դժվար էր շրջվել դեպի նա, սպեղանին սեղմում էր ստոծանիս։
Նա գլխով արեց․ ― Ես գտնում եմ, որ դուք բոլորդ էլ ուղղակի հրաշք եք, ― ասաց նա մի քիչ երկիմաստորեն։ ― Ասացեք, իսկ դուք հարսի՞ բարեկամն եք, թե փեսայի, ― հանկարծ համառորեն հարցրեց նա։
― Գիտեք ինչ, ոչ թե բարեկամը․․․
― Ավելի լավ է լռեք, եթե փեսայի բարեկամն եք, ― ետևից խոսքս կտրեց հարսի ընկերուհին։ ― Օ՛հ, մի ձեռքս ընկներ նա երկու րոպեով։ Ընդամենը երկու րոպեով, ավելի չեմ ուզում։
Միսիս Սիլսբերնը կտրուկ շուռ եկավ, որպեսզի ժպտա խոսողին։ Եվ նորից ուղղվեց տեղում։ Մենք գրեթե միաժամանակ էինք շուռ գալիս։ Շրջադարձը ակնթարթային էր լինում։ Եվ ժպիտը, որ պարգևեց նա հարսի ընկերուհուն, չարախաղացության հրաշք էր ուղղակի։ Այդ ժպիտի կենդանության մեջ արտահայտվում էր ամբողջ աշխարհի ամբողջ երիտասարդության հանդեպ նրա ունեցած համակրանքը, հատկապես երիտասարդության տվյալ ներկայացուցչուհու հանդեպ՝ այդպիսի համարձակ, այդպիսի անկեղծ․ ինչևէ, նա դեռ լավ ծանոթ չէր այդ ընկերուհուն։
― Արյունարբո՜ւ էակ, ― ծիծաղելով ասաց տղամարդու ձայնը։ Ես ու միսիս Սիլսբերնը կրկին շրջվեցինք։ Հարսի ընկերուհու ամուսինն էր խոսողը։ Նա նստած էր ուղիղ իմ ետևում, կնոջ ձախ կողմում։ Մենք թռուցիկ, ոչ բարեկամական հայացքներ փոխանակեցինք, ինչպիսին այն չար ժամանակներում, 1942 թվականին, կարող էին փոխանակել միայն սպան ու զինվորը։ Կապի ծառայության այդ ավագ լեյտենանտի գլխին ռազմաօդային ուժերի օդաչուի մի շատ զվարճալի գլխարկ կար՝ երկար հովարով ու գագաթամասով, որից մետաղալար էր դուրս ցցված, մի բան, որ սովորաբար գլխարկի տիրոջը, հավանաբար նախապես մտածված, անհոգ ու խիզախ տպավորություն էր հաղորդում։ Բայց տվյալ դեպքում գլխարկը բոլորովին չէր կատարում իր դերը։ Այժմ հիմնականում ծառայում էր այն բանին, որ իմ սեփական համազգեստիս համար նախատեսված և մի քիչ մեծավուն գլխարկը ծաղրածուի աղբարկղից հապշտապ դուրս քաշած թասակի տպավորություն թողներ։
Լեյտենանտը հիվանդոտ ու հոգնած տեսք ուներ։ Նա սոսկալի քրտնում էր, որտեղի՞ց էր այդքան խոնավություն հավաքվում նրա ճակատին, վերին շրթունքին, նույնիսկ քթի ծայրին, ասում են, հենց նման դեպքերում պետք է աղի հաբեր ընդունել։
― Ամուսնացել եմ ամբողջ նահանգների ամենաարյունարբու անձնավորության հետ, ― ասաց նա միսիս Սիլսբերնին՝ որոշակիորեն հասարակության համար նախատեսված մեղմ ծիծաղով։ Նրա կոչման հանդեպ ունեցած բնազդական հարգանքից ես էլ ծիծաղի նման մի բան արձակեցի․ օտարի և կոչումով ցածրի այդ կարճատև անմիտ ծիծաղը ցույց պետք է տար, որ ես նույնպես լեյտենանտի և տաքսու բոլոր ուղևորների կարծիքին եմ, ու ընդհանրապես, ես դեմ չեմ, այլ՝ կողմ եմ։
― Չէ՛, կատակ չեմ անում, ― ասաց հարսի ընկերուհին։ ― Երկո՛ւ րոպեով, եղբայրներ, ընդամենը երկո՛ւ րոպեով։ Օ՛հ, ես իմ սեփական ձեռքերով․․․
― Լավ, լավ, մի՛ աղմկիր, մի՛ հուզվիր, ― ասաց ամուսինը, երևում է՝ օժտված ընտանեկան համբերատարության անսպառ պաշարով։ ― Քիչ հուզվես՝ երկար կապրես։
Միսիս Սիլսբերնը նորից ետ շրջվեց և հարսի ընկերուհուն պարգևեց գրեթե հրեշտակային մի ժպիտ․ ― Իսկ որևէ մեկը նրա հարազատներին տեսե՞լ է հարսանիքում, ― հարցրեց նա մեղմորեն և բավական բարեկրթորեն ընդգծելով անձնական դերանունը։
Հարսի ընկերուհու պատասխանի մեջ պայթուցիկ ուժ կար։ ― Ո՛չ։ Նրանք բոլորը կամ արևմտյան ծովափին են, կամ ինչ֊որ մի այլ տեղ։ Շատ կուզեի տեսնել նրանց։
Ամուսինը կրկին ծիծաղեց․ ― Իսկ ի՞նչ կանեիր, սիրելիս, ― հարցրեց նա ու անամոթաբար աչքով արեց ինձ։
― Չգիտեմ ինչ, բայց անպայման մի բան կանեի, ― ասաց նա։ Լեյտենանտն ավելի բարձր ծիծաղեց։ ― Անպայմա՛ն։ ― Սպառնագին կրկնեց կինը։ ― Ես ամեն ինչ կասեի նրանց։ Եվ ընդհանրապես, աստվա՜ծ իմ։ ― Նա խոսում էր աճող ինքնավստահությամբ, ասես որոշելով, որ ոչ միայն ամուսինը, այլև բոլոր ունկնդիրները հիացած են նրա անկեղծությամբ, արդարամտության նրա որոշ չափով գրգռիչ զգացումով, թեկուզև նրա մեջ որոշ մանկական պարզամիտ բան կար։
― Չգիտեմ ինչ կասեի։ Հավանաբար, հազար ու մի տեսակ հիմար բաներ։ Բայց տեր աստվա՜ծ։ Ազնիվ խոսք, չեմ կարող տանել, որ մարդկանց հանցագործության են մղում։ Արյունս եռում է ուղղակի։
Նա ազնիվ հուզումը զսպեց ճիշտ այնքան, որ միսիս Սիլսբերնը հասցնի աջակցել նրան խիստ կարեկցանք արտահայտող հայացքով։ Ես ու միսիս Սիլսբերնը արդեն վերջնականապես գերմարդամոտորեն ետ դարձանք։ ― Այո՛, այո՛, ուղղակի հանցագործություն, ― շարունակեց հարսի ընկերուհին։ ― Չի կարելի հենց այդպես խրվել մարդկանց կյանքի մեջ, նեղացնել նրանց, վիրավորել նրանց լավագույն զգացմունքները։
― Դժբախտաբար, ես շատ քիչ բան գիտեմ այդ երիտասարդի մասին, ― մեղմորեն ասաց միսիս Սիլսբերնը։ ― Կյանքումս չեմ էլ տեսել։ Միայն լսել եմ, որ Մյուրիելը նշանվել է․․․
― Ոչ ոք չի տեսել նրան, ― կտրուկ նետեց հարսի ընկերուհին։ ― Նույնիսկ ե՛ս ծանոթ չեմ նրա հետ։ Երկու անգամ փորձեցինք հարսանեկան արարողությունը, և ամեն անգամ Մյուրիելի խեղճ հայրիկը ստիպված եղավ փոխարինել նրան, միայն այն պատճառով, որ նրա հիմար ինքնաթիռը չի կարողացել թռչել։ Իսկ երկուշաբթի նա պետք երեկոյան թռչեր այստեղ մի ինչ֊որ ապուշ ռազմական ինքնաթիռով, բայց մի ինչ֊որ ապուշ տեղ, չգիտեմ Արիզոնայում թե Կոլորադոյում, ինչ֊որ ապուշություններ են տեղի ունեցել, ձյուն է եկել, թե ինչ, և նա եկել է միայն երեկ, գիշերվա մեկին։ Եվ այդ ժամին նա խելագարի պես զանգահարում է Մյուրիելին ինչ֊որ Լոնգ֊Այլենդից և խնդրում է հանդիպել մի ինչ֊որ սոսկալի հյուրանոցի հոլլում, ― գիտեք, նրան անհրաժե՜շտ է խոսել։ ― Հարսի ընկերուհին պերճախոս թոթվեց ուսերը։ ― Բայց դուք հո ճանաչո՞ւմ եք Մյուրիելին, այդպիսի հրեշտակին ամեն մի պատահական մարդ կարող է կպչել։ Ինձ ուղղակի կատաղեցնում է այդ բանը։ Մյուրիելի նմաններին միշտ նեղացնում են․․․ Եվ պատկերացրեք, Մյուրիելը հագնվում է, նետվում է տաքսի և ինչ֊որ մի սոսկալի հոլլում նստած զրուցում է մինչև առավոտյան չորսն անց կես։
Հարսի ընկերուհին ձեռքից գցեց ծաղկեփունջը և բռունցքները սեղմեց ծնկներին․ ― Օ՛հ, ուղղակի կատաղել էի։
― Իսկ ո՞ր հյուրանոցում, ― հարցրի ես նրան։ ― Դուք չգիտե՞ք, որ։
Ես ջանում էի անփութորեն խոսել, ասես հյուրանոցների տրեստը հորս էր պատկանում, ու ես որդիական հասկանալի հետաքրքրությամբ ուզում էի իմանալ՝ որտեղ են իջևանում եկվորները Նյու֊Յորքում։ Բայց իրականում իմ հարցը ոչինչ չէր նշանակում։ Պարզապես բարձրաձայն մտածեցի։ Ինձ հետաքրքիր թվաց ինքնին փաստը, որ եղբայրս հարսնացուին խնդրել է գնալ իր մոտ, ինչ֊որ հյուրանոց և ոչ թե իր դատարկ բնակարանը։ Ճիշտ է, բարոյական տեսանկյունից այդպիսի հրավերը շատ նման էր նրան, բայց, այնուամենայնիվ, ինձ հետաքրքրում էր։
― Չգիտեմ որ հյուրանոցում, ― բարկությամբ ասաց հարսի ընկերուհին։ ― Մի ինչ֊որ հյուրանոցում, և վերջ։ ― Նա հանկարծ սևեռուն նայեց ինձ։ ― Իսկ ձեր ի՞նչ գործն է։ Դուք նրա բարեկա՞մն եք, ինչ է։
Նրա հայացքի մեջ որոշակի սպառնալիք կար։ Ասես նրա մեջ մարմնավորվել էր կանանց մի ամբոխ, և մեկ այլ դեպքում նա գիլիոտինի մոտ նստած՝ իր ձեռագործը կգործեր։ Իսկ ես ամբողջ կյանքումս ամբոխից եմ վախեցել։
― Մենք միասին ենք մեծացել, ― ասացի ես հազիվ հասկանալի։
― Տես թե ի՜նչ բախտավորն է։
― Դե՛, դե՛, չի՛ կարելի, ― ասաց ամուսինը։
― Ա՜խ, մեղավոր եմ, ― ասաց հարսի ընկերուհին, դիմելով ամուսնուն, թեև դա վերաբերում էր բոլորիս։ ― Բայց դուք չեք տեսել, թե ինչպես խեղճ աղջկա աչքերից արցունքը չէր ցամաքում ամբողջ երկու ժամ։ Այստեղ ծիծաղելու բան չկա, մտքներովդ չանցնի, խնդրեմ։ Լսել ենք վախկոտ փեսաների մասին։ Բայց ոչ վերջին պահին։ Հասկանո՞ւմ եք, այդպես չեն վարվում, անհարմար վիճակի մեջ չեն դնում ամբողջ հասարակությանը, չի կարելի օրինավոր մարդկանց ուշաթափության աստիճանի հասցնել և աղջկան էլ խելքից հանել։ Եթե փոխել է միտքը, ինչո՞ւ ոչինչ չի գրել աղջկան, ինչո՞ւ հարաբերությունները չի խզել նրա հետ, ինչպես ջենտլմեն, ասացեք, ի սեր աստծո։ Նախապես, քանի դեռ չէր սարքել այդ շիլաշփոթը։
― Դե լավ, հանգստացիր, հանգստացիր, ― ասաց ամուսինը։ Նա դեռևս ծիծաղում էր, բայց ծիծաղը բավական շինծու էր հնչում։
― Չէ, ես լրջորեն եմ ասում։ Ինչո՞ւ չէր կարող գրել և տղամարդու պես ամեն ինչ բացատրել, նախազգուշացնել այս չարիքը և այլն։ ― Եվ մի հայացք նետեց ինձ վրա։ ― Ի դեպ, դուք պատահմամբ չգիտե՞ք որտեղ է նա, ― հարցրեց՝ ձայնի մեջ մետաղե սառնություն։ ― Եթե դուք մանկության ընկերներ եք, պետք է․․․
― Ընդամենը երկու ժամ է, որ ոտք եմ դրել Նյու֊Յորք, ― ասացի ես երկչոտ։ Հիմա ոչ միայն հարսի ընկերուհին, այլև նրա ամուսինը և միսիս Սիլսբերնը նայեցին ինձ։ ― Չեմ հասցրել նույնիսկ մոտենալ հեռախոսին։
Հիշում եմ, որ հենց այդ րոպեին բռնեց հազիս նոպան։ Միանգամայն բնականորեն, բայց պետք է խոստովանեմ, որ ես ոչ մի միջոց ձեռք չառա այն դադարեցնելու, կամ մեղմելու համար։
― Դուք չե՞ք բուժում ձեր հազը, զինվոր, ― հարցրեց լեյտենանտը, երբ դադարեցի հազալուց։
Բայց այդ ժամանակ նորից բռնեց հազս և, որքան էլ տարօրինակ լինի, դարձյալ իսկականից։ Ես դեռևս նստած էի կես կամ քառորդ չափով շրջված դեպի ետևի նստարանը, բայց ջանում էի շրջվել այնպես, որ հազամ օրինավորության ու հիգիենայի բոլոր օրենքներին համաձայն։


Գուցե խախտեմ պատմությանս կարգը, բայց կարծում եմ, որ այստեղ մի փոքր նահանջ պետք է կատարեմ, որպեսզի պատասխան տամ մի քանի մութ հարցերի։ Եվ դրանցից առաջինն այս է, թե ինչո՞ւ չէի իջնում մեքենայից։ Բացի ամեն տեսակ կողմնակի դատողություններից, հաստատ գիտեի, որ մեքենան ամբողջ խմբին տանում է հարսի ծնողների տուն։ Ու եթե կարողանայի որևէ արժեքավոր տեղեկություն ստանալ վշտաբեկ չպսակված հարսից կամ նրա անհանգստացած (գուցեև կատաղած) ծնողներից, դարձյալ ոչինչ չէր կարող հարթեցնել նրանց բնակարանում իմ հայտնվելու անհարմարությունը։ Հապա էլ ինչո՞ւ էի նստել մեքենայում։ Ինչո՞ւ դուրս չթռա, ասենք, այն ժամանակ, երբ մեքենան կանգ առավ լուսաֆորի առաջ։ Եվ վերջապես, ամենաանհասկանալին․ ինչո՞ւ առհասարակ նստեցի այդ մեքենան․․․
Գուցե տասնյակ պատասխաններ գտնվեն բոլոր այս հարցերին, ու դրանք բոլորը ընդհանուր առմամբ բավարար լինեն։ Բայց ինձ թվում է, որ բոլորին կարելի է միանգամից պատասխանել, հիշեցնելով, որ դա 1942 թվականն էր, որ ես քսաներեք տարեկան էի և նոր էի բանակ կանչվել, նոր էի միայն սովորել անհրաժեշտության դեպքում մնալ խմբովին և, որ ամենից կարևորն է, շատ միայնակ էի։ Իսկ նման դեպքերում, որքան հասկանում եմ, մարդ ուղղակի նետվում է մեքենան, մարդկանց մոտ, ու այնտեղից այլևս դուրս չի գալիս։


Բայց վերադառնալով իրադարձությունների շարադրմանը, հիշում եմ, որ այն ժամանակ, երբ երեքն էլ՝ հարսի ընկերուհին, ամուսինը և միսիս Սիլսբերնը, սևեռուն նայում էին, թե ինչպես եմ հազում, ես ինքս էլ ետ նայեցի փոքրիկ ծերուկին։ Նա էլի նստել էր հայացքն առաջ հառած։ Ինչ֊որ երախտագիտության զգացումով նկատեցի, որ նրա ոտքերը հատակին չեն հասնում։ Դրանք ինձ հին, բարի ընկերներ թվացին։
― Իսկ այդ մարդն ինչո՞վ է զբաղվում առհասարակ, ― ինձ հարցրեց հարսի ընկերուհին, երբ դադարեց հազիս նոպան։
― Դուք Սիմորի մասի՞ն եք հարցնում, ― ասացի ես։ Սկզբում նրա տոնից ինձ թվաց, թե նա ինչ֊որ ստոր բանի մեջ է կասկածում եղբորս։ Բայց հանկարծ, միանգամայն ենթագիտակցորեն մտածեցի, որ գուցեև գաղտնաբար հազար ու մի տեսակ կենսագրական տվյալներ է հավաքել Սիմորի մասին, այսինքն՝ բոլոր այն մանր, դժբախտաբար, դրամատիկական փաստերը, որոնք, իմ կարծիքով, միանգամայն կեղծ պատկերացում էին ստեղծում Սիմորի մասին։ Օրինակ, որ նա դեռևս վեց տարեկանում հայտնի էր ամբողջ աշխարհին որպես ռադիոհերոս։ Կամ, մի կողմից էլ, որ նա ընդունվել է Կոլումբիայի համալսարանը, երբ տասնհինգը նոր էր լրացել։
― Այո, հենց Սիմորի մասին, ― ասաց հարսի ընկերուհին։ ― Ինչո՞վ էր զբաղվում նա մինչև զինվորական ծառայությունը։
Եվ նորից առկայծեց ուղեղումս, որ նա եղբորս մասին շատ ավելի բան գիտեր, քան ինչ֊որ պատճառներով հարմար էր գտնում բացել։ Համենայն դեպս, նրան, օրինակ, հրաշալի հայտնի էր, որ մինչև բանակ կանչվելը, Սիմորը անգլերեն էր դասավանդում քոլեջում։ Եվ ինչ֊որ պահ նայելով նրան, ես մի տհաճ բան զգացի․ գուցե գիտե նաև, որ Սիմորն իմ եղբա՞րն է։ Բայց այդ մասին չարժեր մտածել։ Ու ես միայն նայեցի նրան աչքիս պոչով և ասացի․ ― Նա կոշտուկներ էր վիրահատում։ ― Եվ անմիջապես էլ կտրուկ շուռ եկա ու սկսեցի պատուհանից դուրս նայել։ Մեքենան, արդեն մի քանի րոպե էր, կանգնած էր, բայց ես միայն հիմա լսեցի թմբուկների մարտական թնդյունը, որ գալիս էր հեռվից՝ Լեքսինգտոնյան կամ Երրորդ ավենյուի կողմից։
― Շքերթ է, ― ասաց միսիս Սիլսբերնը։ Նա էլ շուռ եկավ։
Մենք Ութսուներորդ փողոցի շրջակայքում էինք։ Մեդիսոն֊ավենյուի մեջտեղը կանգնել էր ոստիկանը և դադարեցրել ամբողջ շարժումը և՛ դեպի հյուսիս, և՛ դեպի հարավ։ Որքան կարողացա հասկանալ, նա պարզապես դադարեցրել էր ու ճանապարհ չէր տալիս ո՛չ դեպի արևելք, ո՛չ դեպի արևմուտք։
Երեք թե չորս մեքենա և մեկ ավտոբուս սպասում էին, որ իրենց թողնեն դեպի հարավ, բայց մեր մեքենան միակն էր, որ ուզում էր գնալ քաղաքի հյուսիսային մասը։ Մոտակա անկյունում և մեքենայից երևացող կողքի փողոցում, որ տանում էր դեպի Հինգերորդ ավենյու, մարդիկ հավաքվել էին մայթի վրա և ճամփեզրին, հավանաբար սպասելով մինչև զինվորների կամ բուժքույրերի կամ բոյսքաուտների ջոկատը շարժվեր Լեքսինգտոն֊ավենյուի հավաքման կետից ու անցներ իրենց մոտով։
― Օ՜, տեր աստված, այս էր պակաս, ― ասաց հարսի ընկերուհին։
Ես ետ դարձա, ու քիչ մնաց գլուխներս իրար խփենք։ Նա առաջ էր հակվել, գրեթե մտնելով իմ ու միսիս Սիլսբերնի միջև։ Սա ևս կարեկցական վրդովմունքի արտահայտությամբ շրջվել էր դեպի նա։
― Մենք կարող ենք մի ամբողջ ամիս մնալ այստեղ տնկված, ― ասաց հարսի ընկերուհին, երկարացնելով վիզը, որպեսզի նայի քամահար ապակուն։ ― Մինչդեռ ես պետք է հիմա այնտեղ լինեմ։ Ես Մյուրիելին ու իր մայրիկին ասացի, որ կգամ առաջին մեքենաներից մեկով, հինգ րոպե հետո կլինեմ իրենց տանը։ Օ՜, աստված, մի՞թե ոչինչ հնարավոր չէ անել։
― Ինձ էլ է անհրաժեշտ լինել այնտեղ, ― ասաց միսիս Սիլսբերնը։
― Այո, բայց ես նրան խոսք եմ տվել։ Ներս կխցկվեն ամեն տեսակ խելառ քեռիներն ու մորաքույրերը, ամեն տիպի կողմնակի մարդիկ, իսկ ես խոստացել եմ պահակ կանգնել, տասը սուր դեմ տալ եկվորներին, միայն թե հնարավորություն տամ նրան մի քիչ մենակ մնալ, մի քիչ․․․ ― Նա կտրեց խոսքը, ― օ՜, աստված, ի՜նչ սարսափելի բան։
Միսիս Սիլսբերնը զուսպ ծիծաղեց․ ― Վախենում եմ, թե այդ խելառ հորաքույրերից մեկն էլ ես եմ, ― ասաց նա։ Որոշակիորեն նեղացել էր։
Հարսի ընկերուհին ծուռ նայեց նրան․ ― Ա՜խ, ներեցեք, ես ձեր մասին չեմ ասում։ ― Ապա ետ ընկավ իր նստարանի թիկնակին։ ― Ես միայն ուզում էի ասել, որ նրանց բնակարանը այնքան նեղվածք է, ու եթե ով ասես լցվի այնտեղ, ինքներդ էլ հասկանում եք․․․
Միսիս Սիլսբերնը լռեց, իսկ ես նայում էի նրան ու ցանկանում որոշել, թե որքանով լրջորեն վիրավորեց նրան հարսի ընկերուհու դիտողությունը։ Հիշում եմ միայն, որ ինձ վրա մի առանձին տպավորություն թողեց հարսի ընկերուհու տոնը, որով նա ներողություն էր խնդրում իր «խելառ քեռիներն ու մորաքույրերը» անհարմար արտահայտության համար։ Նա անկեղծորեն էր ներողություն խնդրում, բայց առանց շփոթվելու, առանց ստորանալու, ու ես հանկարծ այնպիսի զգացում ունեցա, որ չնայած ցուցադրական անզսպությանն ու շինծու կրքոտությանը, նրա մեջ իսկապես սրի նման աներեր մի բան կա, ինչ֊որ գրեթե գրգռիչ ոգևորություն։ (Ասեմ անմիջապես և միանգամայն անկեղծորեն, որ իմ կարծիքը տվյալ իրադրության մեջ շատ չնչին արժեք ուներ։ Շատ հաճախ է պատահում, որ ես անժուժաբար տարվում եմ այնպիսի մարդկանցով, որոնք չեն շռայլում իրենց ներողությունները)։ Բայց բանն այն է, որ այդ պահին իմ մեջ առաջին անգամ ինչ֊որ կանխակարծիք շարժվեց ընդդեմ փեսայի, ճիշտ է, շատ փոքր, հազիվ նկատելի կշտամբանքի սաղմ՝ նրա անբացատրելի չարամիտ բացակայության համար։
― Հապա փորձենք մի բան անել, ― ասաց հարսի ընկերուհու ամուսինը։ Դա նույնիսկ թշնամու կրակի տակ իր հանգստությունը պահպանող մարդու ձայն էր։ Ես զգացի, թե նա ինչպես է ջանք թափում իմ ետևում, և մեկ էլ նրա գլուխը հայտնվեց իմ ու միսիս Սիլսբերնի միջև գտնվող բավական սահմանափակ տարածությունում։ ― Վարո՛րդ, ― ասաց նա տիրական ձայնով և լռեց՝ սպասելով պատասխանի։ Վարորդը չուշացրեց պատասխանը, որից հետո լեյտենանտի ձայնը դարձավ շատ ավելի զիջող ու հասարակ․ ― ինչ եք կարծում, մեզ երկա՞ր են պահելու այստեղ։
Վարորդը շուռ եկավ․ ― Ո՞վ է իմանում, Մաք, ― ասաց նա ու էլի սկսեց առաջ նայել։ Նա ամբողջապես տարված էր խաչմերուկում տեղի ունեցող իրադարձությամբ։ Մի րոպե առաջ մի տղա դուրս պրծավ մարդկանցից ազատված արգելված գոտին, կիսով չափ նստած փուչիկը ձեռքին։ Նրան բռնեց հայրը և բռունցքով երկու անգամ հասցրեց թիկունքին։ Ամբոխը իրավացիորեն վրդովված ճիչերով դիմավորեց այդ արարքը։
― Դուք տեսա՞ք, թե այդ մարդը ինչպես վարվեց երեխայի հետ, ― հարցրեց միսիս Սիլսբերնը՝ դիմելով բոլորին։ Ոչ ոք չպատասխանեց նրան։
― Գուցե ոստիկանի՞ն հարցնենք, թե որքան կպահեն մեզ այստեղ։ ― Լեյտենանտն ասաց վարորդին։ Նա դեռևս նստած էր՝ բավական առաջ հակված։ Երևում է, նրան չբավարարեց վարորդի լակոնիկ պատասխանը․ ― Հասկանո՞ւմ եք, մենք մի քիչ շտապում ենք։ Չէի՞ք կարող հարցնել նրան, թե շա՞տ կպահեն մեզ այստեղ։
Վարորդն առանց շուռ գալու կատաղաբար թափ տվեց ուսերը։ Բայց և այնպես անջատեց վառիչն ու դուրս եկավ մեքենայից՝ շրխկացնելով լիմուզինի ծանր դուռը։ Նա արտաքուստ թափթփված էր, հանդգնավուն, ոչ լրիվ վարորդական հագուստով․ սև կոստյումով էր, բայց առանց գլխարկի։
Դանդաղ և միանգամայն անկախ, եթե չասենք՝ լկտիաբար, նա անցավ մի քանի քայլ, մինչև խաչմերուկը, որտեղ կանգնած հերթապահ ոստիկանը կարգավորում էր շարժումը։ Նրանք բանակցեցին բավական երկար։ Լսեցի, թե հարսի ընկերուհին ինչպես հառաչեց իմ ետևում։ Եվ հանկարծ երկուսն էլ՝ վարորդն ու ոստիկանը, բարձր քրքջացին։ Կարելի էր կարծել, որ նրանք ոչ մի բանի մասին չէին զրուցում, պարզապես անվայելուչ կատակներ էին անում։ Հետո մեր վարորդը, դեռևս ծիծաղելով իր համար, բարեկամաբար ձեռքը թափահարեց ոստիկանի կողմը և շատ դանդաղ եկավ դեպի մեքենան։ Նա նստեց, շրխկոցով փակելով դուռը, մի սիգարետ հանեց ցուցավահանակի վրա դրված տուփից, մտցրեց ականջի ետևը և հետո, միայն հետո դարձավ մեզ ու զեկուցեց։ ― Նա ինքն էլ չգիտի, ― ասաց։ ― Պետք է սպասել, մինչև շքերթն անցնի, ― անցողակի նայեց բոլորիս․ ― այն ժամանակ հնարավոր կլինի գնալ։ ― Նա շուռ եկավ, սիգարետը հանեց ականջի ետևից ու կպցրեց։
Ետևի նստարանից տխուր հառաչանք լսվեց․ հարսի ընկերուհին էր այդ ձևով արտահայտում իր վրդովմունքն ու հիասթափությունը։ Խոր լռություն տիրեց։ Վերջին մի քանի րոպեների ընթացքում առաջին անգամ նայեցի փոքրիկ ծերուկին, որ նստած էր չվառվող սիգարը ձեռքին։ Ուշացումը բոլորովին չէր վրդովում նրան։ Երևում է, նա իր համար վարվեցողության հաստատուն կանոններ էր սահմանել մեքենայի ետևի նստարանին, միևնույն է, այն կանգնա՞ծ է, շարժվո՞ւմ է, թե կամրջից գետն է նետվում։ Ամեն ինչ չափից դուրս պարզ էր նրա համար։ Հարկավոր է նստել ուղիղ, պահպանելով ցիլինդրի և մեքենայի առաստաղի միջև չորսից֊հինգ դյույմ տարածություն և խստորեն առաջ նայել, քամահար ապակուն։ Ու եթե Մահը, ― իսկ նա, ամենայն հավանականությամբ, նստած է առջևում, կապոտի վրա, ― ուրեմն՝ եթե Մահը ինչ֊որ հրաշքով ապակուց ներս թափանցի և գա քո ետևից, ապա կելնես տեղիցդ և կհետևես նրան խստորեն, բայց հանգիստ։ Չէր բացառվում նաև, որ կարելի կլինի վերցնել սիգարը, եթե այն հավաննական է։
― Ի՞նչ ենք անելու։ Պարզապես նստենք և սպասե՞նք այստեղ, ― հարցրեց հարսի ընկերուհին։ ― Ես մեռնում եմ շոգից։
Միսիս Սիլսբերն ու ես ժամանակին շուռ եկանք որսալու համար նրա հայացքը, որ այդ ամբողջ ընթացքում առաջին անգամ նա նետեց ամուսնու վրա։ ― Մի՞թե չես կարող գոնե մի քիչ այն կողմ քաշվել։ Ես ուղղակի խեղդվում եմ, այնպես եք սեղմել ինձ։
Լեյտենանտը ծիծաղեց և արտահայտիչ կերպով տարածեց ձեռքերը։ ― Ես առանց այդ էլ գրեթե թևի վրա եմ նստած, նապաստակս, ― ասաց նա։
Հարսի ընկերուհին տարակուսանքով ու հետաքրքրությամբ լի հայացքն ուղղեց իր մյուս հարևանի վրա․ սա, կարծես ցանկանալով գոնե մի փոքր բարձրացնել իմ տրամադրությունը, շատ ավելի լայն տեղ էր զբաղեցրել, քան հարկավոր էր իրեն։ Նրա աջ կոնքի և արմնկակալի միջև երկու դյույմ տարածություն կար։ Հարսի ընկերուհին, անշուշտ, տեսել էր դա, բայց չնայած ձայնի ամբողջ սառնությանը, նա, այնուամենայնիվ, չէր կարողանում հանդիմանել այդ փոքրիկ ծերունուն։ Նա կրկին դարձավ ամուսնուն։ ― Դու կարո՞ղ ես սիգարետ հանել, ― հարցրեց գրգռված։ ― Այնքան նեղ է տեղս, որ ես իմը չեմ կարող հանել։
«Նեղ է» ասելիս նա գլուխը շուռ տվեց և բավական թռուցիկ, բայց չափից դուրս պերճախոս մի հայացք գցեց հանցագործության փոքրիկ մեղավորի վրա, որ նվաճել էր այն տարածությունը, որն իրավամբ իրեն էր պատկանում։ Բայց ծերուկը մնաց միանգամայն անխոցելի։ Հարսի ընկերուհին նայեց միսիս Սիլսբերնին և պերճախոս բարձրացրեց հոնքերը։ Միսիս Սիլսբերն իր հերթին դրությունը լիովին ըմբռնելու և կարեկցանքի արտահայտություն տվեց դեմքին։ Այդ ընթացքում լեյտենանտը իր ամբողջ ծանրությունը տեղափոխեց ձախ, պատուհանի կողմի նստատեղի վրա և տոնական համազգեստի տաբատի աջ գրպանից հանեց սիգարետի տուփն ու լուցկին։ Կինը սիգարետ վերցրեց, իսկ ամուսինը անմիջապես կրակ մատուցեց նրան։ Միսիս Սիլսբերն ու ես նայում էինք, թե ինչպես է բոցավառվում լուցկին, ասես հմայված ինչ֊որ արտասովոր երևույթով։
― Օ՜, ներեցեք, ― ասաց լեյտենանտն ու տուփը մեկնեց միսիս Սիլսբերնին։
― Շատ շնորհակալ եմ, բայց ես չեմ ծխում, ― շտապ֊շտապ ասաց միսիս Սիլսբերնը կարծես ափսոսանքով։
― Իսկ դո՞ւք, զինվոր, ― և լեյտենանտը հազիվ նկատելի տատանումից հետո տուփը մեկնեց նաև ինձ։ Անկեղծ ասած, թեև ինձ դուր եկավ, թե նա ինչպես իրեն ստիպեց սիգարետ առաջարկել, և ինչպես նրա մեջ սովորական քաղաքավարությունը հաղթեց կաստայական նախապաշարումներին, այնուամենայնիվ, սիգարետ չվերցրի։
― Կարելի՞ է տեսնել ձեր լուցկին, ― հարցրեց միսիս Սիլսբերնը՝ արտասովոր քնքուշ, գրեթե ջահել աղջնակի ձայնով։
― Սա՞, ― ասաց լեյտենանտը։ Նա լուցկիներով ստվարաթղթի կտորը պատրաստակամորեն տվեց միսիս Սիլսբերնին։
Միսիս Սիլսբերնը սկսեց զննել լուցկին, ես էլ նայեցի՝ հետաքրքրություն արտահայտելով։ Ետ ծալվող կափարիչին․ կարմիր ֆոնի վրա, ոսկե տառերով տպագրված էր․ «Այս լուցկիները գողացված են Բոբ և Էդի Բերկվիկների տնից»։
― Սքանչելի՜ է, ― ծոր տվեց միսիս Սիլսբերնը՝ օրորելով գլուխը։ ― Չէ, իսկապես, սքանչելի է։
Ես աշխատեցի դեմքի արտահայտությամբ ցույց տալ, թե իբր չեմ կարողանում առանց ակնոցի կարդալ մակագրությունը և անվրդով կկոցեցի աչքերս։ Միսիս Սիլսբերնը որոշակիորեն չէր ուզում տիրոջը վերադարձնել լուցկին։ Երբ, այնուամենայնիվ, տվեց, և լեյտենանտը դրեց իր ծոցագրպանը, նա ասաց․ ― Իմ կարծիքով, ես նման բան չեմ տեսել։ ― Ու գրեթե լրիվ շրջադարձ կատարելով իր ծալովի նստատեղին, քնքշորեն սկսեց նայել լեյտենանտի ծոցագրպանին։
― Անցյալ տարի պատվիրել էինք մի ամբողջ կույտ, ― ասաց լեյտենանտը։ ― Չեք պատկերացնի, թե դա ինչպես է օգնում տնտեսելուն։
Բայց այդ ժամանակ կինը նայեց, ավելի ճիշտ հակվեց նրա վրա։ ― Մենք դրա համար չպատվիրեցինք, ― ասաց նա և, մի հայացք գցելով միսիս Սիլսբերնի վրա, որ նշանակում էր «Օ՜հ, այս տղամարդի՜կ», ավելացրեց․ ― Չգիտեմ, ինձ ուղղակի թվաց, թե դա հետաքրքիր է։ Գռեհիկ է, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է։ Ինքս էլ չգիտեմ․․․
― Չէ, սա սքանչելի՜ է իմ կարծիքով, ես ոչ մի տեղ․․․
― Իրականում սա օրիգինալ էլ չէ։ Հիմա բոլորն էլ այդպես են անում։ Ի դեպ, այդ միտքն ինձն տվեցին Մյուրիելի ծնողները, նրա մայրիկն ու հայրիկը։ Նրանց տանը միշտ այդպիսի լուցկիներ են լինում։ ― Նա խորն ներս քաշեց ծուխն ու, շարունակելով խոսել, սկսեց քիչ֊քիչ արձակել ծխի միանման քուլաներ։ ― Լսեցեք, նրանք հիանալի մարդիկ են։ Դրա համար էլ այս պատմությունը այսպես ազդում է վրաս։ Ինչո՞ւ այդպիսի բաները տականքներին չեն պատահում, չէ՛, նրանց անպայման օրինավոր մարդիկ կհանդիպեն։ Այ թե ինչն է ինձ համար անհասկանալի, ― ու նայեց միսիս Սիլսբերնին՝ ասես սպասելով պարզաբանման։
Միսիս Սիլսբերնի ժպիտը խորհրդավոր էր, միաժամանակ նրբակիրթ և թախծոտ, որքան հիշում եմ դա Ծալովի Նստարանին նստած Ջոկոնդայի ժպիտ էր։
― Այո, ես էլ եմ հաճախ մտածել․․․ ― կիսաձայն ասաց նա։ Իսկ հետո բավական երկիմաստորեն ավելացրեց․ ― Չէ՞ որ Մյուրիելի մայրը հանգուցյալ ամուսնուս կրտսեր քույրն է։
― Ա՜, ― հետաքրքրությամբ ասաց հարսի ընկերուհին։ ― Ուրեմն դուք ինքներդ էլ ամեն ինչ գիտեք։ ― Եվ անբնականորեն երկար ձեռքը մեկնելով ամուսնու վրայով, մոխիրը թափ տվեց դռնակին ամրացված մոխրամանի մեջ։ ― Ազնիվ խոսք, ամբողջ կյանքումս իսկապես այդպիսի հոյակապ մարդիկ չեմ տեսել։ Հասկանո՞ւմ եք, նա կարդացել է աշխարհիս բոլոր գրքերը։ Աստված իմ, եթե ես կարողանայի կարդալ թեկուզ մեկ տասներորդը այն ամենի, որ կարդացել ու մոռացել է նա, ինձ համար երջանկություն կլիներ։ Հասկանո՞ւմ եք, նա և՛ դասավանդել է, և՛ թերթում է աշխատել, նա ինքն է իր համար զգեստներ կարում, ամբողջ տնտեսությունը ինքն է վարում։ Խոսում է ուղղակի ինչպես աստված։ Չէ՛, անկեղծ ասած, ուղղակի հրաշք է, գրողը տանի։
― Իսկ նա հավանություն տվե՞լ է այդ հարսանիքին, ― ընդհատեց միսիս Սիլսբերնը։ ― Հասկանո՞ւմ եք, ես հարցնում եմ, միայն այն պատճառով, որ մի քանի ամիս Դեթրոյթում եմ եղել։ Տալս հանկարծակի մահացավ․․․ ես էլ․․․
― Նա այնքան լավ է դաստիարակված, որ չի միջամտի, ― բացատրեց հարսի ընկերուհին։ ― Հասկացեք ինձ, նա չափից դուրս, դե ինչպես ասեմ, նրբանկատ է։ ― Նա մի փոքր լռեց։ ― Իրականում միայն այսօր առավոտյան առաջին անգամ լսեցի, թե նա ինչպես էր վրդովված այս կապակցությամբ։ Դա էլ միայն այն պատճառով, որ շատ էր հուզվել Մյուրիելի համար։
Նա նորից մեկնեց ձեռքը և թափ տվեց մոխիրը։
― Իսկ ի՞նչ ասաց այսօր առավոտյան, ― ագահաբար հարցրեց միսիս Սիլսբերնը։
Հարսի ընկերուհին ասես ինչ֊որ բան հիշեց․ ― Ընդհանրապես մի առանձնահատուկ բան չասաց, ուզում եմ ասել՝ ոչ մի վատ, իսկապես վիրավորական, մի խոսքով, նման բան չասաց։ Միայն ասաց, որ իմ կարծիքով, այդ Սիմորը պոտենցիալ հոմոսեքսուալիստ է և որ նա իրականում վախենում է ամուսնանալուց։ Հասկանո՞ւմ եք, նրա ասածի մեջ մի առանձին չարություն չկար կամ նման մի բան։ Նա պարզապես շատ խելացի արտահայտվեց, հասկանո՞ւմ եք, նա ինքը հոգեվերլուծության կուրս է ընդունում արդեն երկա՜ր֊երկա՜ր տարիներ շարունակ։ ― Հարսի ընկերուհին նայեց միսիս Սիլսբերնին․ ― Այստեղ որևէ գաղտնիք չկա։ Ես գիտեմ, որ միսիս Ֆեդերը ինքը կպատմեր ձեզ, այնպես որ ես ոչ մեկի գաղտնիքը չեմ մատնել։
― Գիտեմ, գիտեմ, ― փութով ասաց միսիս Սիլսբերնը։ ― Նա աշխարհում հանուն ոչ մի բանի․․․
― Հասկանո՞ւմ եք, ― շարունակեց հարսի ընկերուհին, ― նա այն մարդը չէ, որ հենց այնպես, առանց մտածելու նման բաներ ասի, նա գիտի ինչ է ասում։ Եվ երբե՛ք, երբե՛ք նման բան չէր ասի, եթե խեղճ Մյուրիելը այդ վիճակում չլիներ․ ուղղակի ոնց որ սպանված լիներ, հասկանո՞ւմ եք, ― նա տխուր թափ տվեց գլուխը։ ― Տեր աստվա՜ծ, դուք մի տեսնեի՜ք խեղճ աղջկան։
Այստեղ, անշուշտ պետք է ընդհատեմ պատմվածքը և նկարագրեմ, թե ես ինչպես էի մտովի արձագանքում հարսի ընկերուհու հիմնական տեսակետներին։ Բայց, թերևս, առայժմ այդ մասին լռեմ, և հուսով եմ, ընթերցողն ինձնից չի նեղանա։
― Է՞լ ինչ էր ասում նա, ― հարցրեց միսիս Սիլսբերնը։ ― Ի՞նչ էր ասում Ռեան։ Նա է՞լի բաներ է ասել։ ― Ես չէի նայում նրան, ես աչքս չէի կտրում հարսի ընկերուհուց, բայց մի պահ ինձ թվաց, թե միսիս Սիլսբերնը պատրաստ է ամբողջ ծանրությամբ նրա վրա ընկնելու։
― Ոչ, թերևս ոչ։ Գրեթե ոչինչ, ― հարսի ընկերուհին մտահոգ տարուբերեց գլուխը։ ― Հասկանո՞ւմ եք, ինչպես արդեն ասացի, նա ընդհանրապես ոչինչ չէր ասի, մանավանդ այդքան մարդկանց ներկայությամբ, եթե խեղճ Մյուրիելը այդպես խելահեղորեն հուզված չլիներ․․․ ― Նորից թափ տվեց սիգարետի մոխիրը։ ― Նա ավելացրեց միայն, որ այդ Սիմորը, անկասկած, մտագարի մեկն է, և եթե ճիշտ ընկալենք իրադրությունը, ապա Մյուրիելի համար նույնիսկ լավ է, որ ամեն ինչ այսպես վերջացավ։ Իհարկե, ինձ համար դա լիովին հասկանալի է, բայց համոզված չեմ, որ Մյուրիելն էլ է այդպես հասկանում։ Սիմորն այնպես է պտտեցրել նրա գլուխը, որ աղջիկը չգիտի ինքը որտեղ է գտնվում։ Ահա թե ինչու է դա ինձ այդպես․․․


Բայց այստեղ նրան ընդհատեցին։ Ընդհատեցի ես։ Որքան հիշում եմ, ձայնս դողում էր․ ինձ հետ այդպես պատահում է, երբ լրջորեն զայրացած եմ լինում։
― Միսիս Ֆեդերն ինչի՞ց է ենթադրում, որ Սիմորը պոտենցիալ հոմոսեքսուալիստ է և մտագար։
Բոլոր հայացքները, ոչ, բոլոր լուսարձակները՝ հարսի ընկերուհու հայացքը, միսիս Սիլսբերնի հայացքը, նույնիսկ լեյտենանտի հայացքը անմիջապես խաչաձևվեցին ինձ վրա․ ― Ի՜նչ, ― հարցրեց հարսի ընկերուհին չոր, թերևս նույնիսկ թշնամաբար։ Եվ կրկին իմ մեջ մի անորոշ, աղոտ զգացում ծնվեց․ նա գիտի, որ ես Սիմորի եղբայրն եմ։
― Միսիս Ֆեդերը ինչո՞ւ է կարծում, որ Սիմորը պոտենցիալ համոսեքսուալիստ է մտագար։
Հարսի ընկերուհին սևեռուն նայեց ինձ, հետո փնչացրեց։ Նա շրջվեց և ընդգծված ծաղրով դիմեց միսիս Սիլսբերնին․ ― Ձեր կարծիքով, նորմալ մարդը ինչպե՞ս կարող էր այսօրվա նման բան թույլ տալ։ ― Նա բարձրացրեց հոնքերն ու սպասեց պատասխանի․ ― Ի՞նչ եք կարծում, ― հարցրեց նա խիստ կամացուկ․ ― Միայն ազնվորեն։ Ես ձեզ եմ հարցնում։ Թող այս ջենտլմենը լսի։
Միսիս Սիլսբերնի պատասխանը տեղով նրբամտություն էր, ազնվություն։
― Իմ կարծիքով, ոչ, իհարկե, ― ասաց նա։
Ինձ հանկարծ համակեց մի անզուսպ ցանկություն՝ մեքենայից դուրս թռչել ու վազել, ինչքան ուժ ունեմ, փախչել, աստված գիտի, թե ուր։ Բայց որքան որ հիշում եմ, դեռ չէի շարժվում տեղիցս, երբ հարսի ընկերուհին կրկին դիմեց ինձ․
― Լսեցեք, ― ասաց նա այնպիսի շինծու համբերատար տոնով, ինչպես ուսուցիչը կխոսի ոչ միայն մտավորապես տհաս, այլև միշտ նվնվան երեխայի հետ։ ― Չգիտեմ, թե դուք ինչպես եք ճանաչում մարդկանց։ Բայց խելքը գլխին այդպիսի մարդը իր ամուսնության նախօրյակին ամբողջ գիշեր հանգիստ չի տալիս հարսնացուին և անվերջ ինչ֊որ դատարկ բաներ է դուրս տալիս, որ իբր ինքը շատ երջանիկ է, դրա համար էլ պսակադրվել չի կարող, և որ աղջիկը հարկադրված կլինի հետաձգել հարսանիքը, մինչև որ նա մի քիչ խաղաղվի, թե չէ այդպես ոչ մի կերպ չի կարող ներկայանալ։ Իսկ երբ հարսնացուն նրան բացատրում է, ինչպես երեխային, որ ամեն ինչ արդեն պայմանավորված է ու կարգադրված վաղուց ի վեր, որ իր հայրը աներևակայելի ծախսեր է արել, հոգացել, որ ընդունելությունը և ամեն ինչ արվի, ինչպես հարկն է, որ երկրի բոլոր ծայրերից գալու են իր հարազատներն ու բարեկամները, փեսացուն այդ բացատրություններից հետո հայտարարում է, որ շատ է ցավում, բայց առայժմ այնպես խելահեղորեն երջանիկ է զգում իրեն, որ հարսանիքը տեղի ունենալ չի կարող, իրեն անհրաժեշտ է խաղաղվել, մի խոսքով, ինչ֊որ ապուշություն։ Ինքներդ մտածեցեք, եթե, իհարկե, ձեր գլուխն աշխատում է։ Դա նմա՞ն է նորմալ մարդու։ Նմա՞ն է խելքը գլխին մարդու, ― նրա ձայնի մեջ արդեն աղեկտուր նոտաներ էին հնչում։ ― Թե՞ այդպես վարվում է նա, ում հարկավոր է նստեցնել վանդակաճաղերի ետևը։ ― Նա խստությամբ սևեռվեց ինձ վրա, երբ ես լուռ մնացի՝ ո՛չ պաշտպանվեցի, ո՛չ անձնատուր եղա, ծանրորեն հենվեց նստարանի թիկնակին և ամուսնուն ասաց․ ― Մի սիգարետ էլ տուր, խնդրեմ։ Թե չէ՝ ձեռքս կայրեմ հիմա։ ― Նա մոխրացած քնթուկը տվեց ամուսնուն, սա հանգցրեց։ Հետո հանեց տուփը։
― Չէ, դու կպցրու, ― ասաց կինը։ Ես ուժ չունեմ։
Միսիս Սիլսբերնը հազաց․ ― Իմ կարծիքով, ուղղակի անսպասելի երջանկություն է, որ ամեն ինչ այդպես է ստացվել․․․
― Չէ, ես ձեզ չեմ հարցնում, ― նոր ուժով նրան դիմեց հարսի ընկերուհին՝ ամուսնու ձեռքից վերցնելով վառած սիգարեթը։ ― Մի՞թե, ձեր կարծիքով, այդպես է վարվում նորմալ մարդը, նորմալ տղամարդը։ Թե՞ դա դեռևս չհասունացած մարդու արարք է, կամ գուցեև կատաղի խելացնորի՞, իսկական հոգեկան հիվանդի՞։
― Տեր աստվա՜ծ, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ։ Իմ կարծիքով, նրա բախտը ուղղակի բերել է, որ այդպես ստացվեց․․․
Հանկարծ հարսի ընկերուհին միանգամից ուղղվեց և ծուխ արձակեց քթանցքներից։ ― Դե լավ, բանն այդ չէ, ― ասաց նա։ Դիմում էր միսիս Սիլսբերնին, բայց իրականում նրա խոսքերը վերաբերում էին ինձ, միջնորդի միջոցով․ ― Դուք երբևէ տեսե՞լ եք․․․ Կինոյում, ― հարցրեց նա։
Ու տվեց այն ժամանակ արդեն հայտնի, իսկ 1955 թվականին խիստ հանրահայտ կինոդերասանուհու թատերական ծածկանունը։
― Այո, ― արագ ու աշխույժ ասաց միսիս Սիլսբերնը և սպասողաբար լռեց։
Հարսի ընկերուհին գլխով արեց․ ― Լա՛վ, ― ասաց նա, ― իսկ դուք երբևէ պատահմամբ չե՞ք նկատել ինչպես է նա ժպտում, թեթևակի ծուռ։ Կարծես բերանի մի անկյունով։ Դա շատ նկատելի է, եթե ուշադիր․․․
― Այո՛, այո՛, նկատել եմ, ― ասաց միսիս Սիլսբերնը։
Հարսի ընկերուհին ներս քաշեց ծուխը և անցողակի նայեց իմ կողմը․ ― Դե լսեք ուրեմն, պարզվում է, դա մասնակի կաթված է, ― ասաց նա ամեն բառի հետ ծխի քուլաներ արձակելով։ ― Իսկ գիտե՞ք ինչից է։ Դա, ասում են, ձեր նորմալ Սիմորն է խփել, և ինը կար են դրել նրա դեմքին։
Նա նորից մեկնեց ձեռքը (հավանաբար, առավել հաջող ռեժիսորական ցուցումների բացակայության հետևանքով) և մոխիրը թափ տվեց։
― Թույլ տվեք հարցնել, թե որտեղի՞ց եք իմացել, ― ասացի ես։ Շրթունքներս դողում էին։
― Թույլ եմ տալիս, ― ասաց նա, նայելով ոչ թե ինձ, այլ միսիս Սիլսբերնին։ ― Մյուրիելի մայրը պատահմամբ հիշատակեց դա երկու ժամ առաջ, երբ Մյուրիելը աղի արցունք էր թափում։ ― Նա նայեց իմ կողմը։ ― Դա ձեզ բավարարո՞ւմ է։ ― Եվ հանկարծ ծաղկեփունջը աջ ձեռքից տեղափոխեց ձախը։ Դա նյարդային վիճակն արտահայտող միակ նշանն էր, որ նկատել էի նրա մոտ։
― Ի դեպ, ― ասաց նա՝ նայելով ինձ, ― գիտե՞ք, իմ կարծիքով, դուք ով եք։ Իմ կարծիքով, դուք այդ Սիմորի եղբայրն եք։ ― Նա կարճ դադար տվեց, իսկ երբ ես լուռ մնացի, ավելացրեց․ ― դուք նույնիսկ նմա՛ն եք նրան, եթե դատելու լինենք նրա հիմար լուսանկարներով, և ես գիտեմ, որ նրա եղբայրը պետք է գար հարսանիքին։ Ինչ֊որ մեկը, կարծեմ, նրա քույրը այդ մասին ասել էր Մյուրիելին։ ― Նա աչքն ինձնից չէր կտրում։ ― Եղբա՞յրն եք, ― կտրուկ հարցրեց նա։
Ձայնս երևի խզվեց, երբ պատասխանում էի․
― Այո, ― ասացի ես։ Դեմքս այրվում էր։ Բայց հիմա շատ ավելի, քան ցերեկը, ինքս ինձ զգում էի այն շշմած վիճակում, երբ իջա գնացքից։
― Այդպես էլ գիտեի, ― ասաց հարսի ընկերուհին։ ― Այնքան էլ հիմար չեմ, հավատացնում եմ ձեզ։ Հենց որ մեքենան նստեցիք, անմիջապես հասկացա ով եք։ ― Նա դարձավ ամուսնուն։ ― Չասացի՞, որ նրա եղբայրն է, հենց որ մեքենա մտավ։ Չասացի՞։
Լեյտենանտը ավելի հարմար տեղավորվեց․ ― Այո, ասացիր, որ նա պետք է որ․․․ այո, այո, ասացիր, ― ավելացրեց նա։ ― Այո, դու ասացիր։
Նույնիսկ առանց նայելու միսիս Սիլսբերնին, կարելի էր հասկանալ, թե որքան ուշադիր է հետևում նա դեպքերի ընթացին։ Ես նրա կողքով անցողակի ետ նայեցի հինգերորդ ուղևորին՝ փոքրիկ ծերուկին․ տեսնեմ արդյո՞ք դեռևս անմասնակից է մնում։ Այո, ոչինչ չէր փոխվել։ Հազվադեպ է պատահում, որ մարդու անտարբերությունն ինձ այդպիսի հաճույք պատճառի։
Բայց այստեղ հարսի ընկերուհին նորից բռնեց ինձ․ ― Ի դեպ, թող ձեզ հայտի լինի, ես գիտեմ, որ ձեր եղբայրը բոլորովին էլ կոշտուկներ վիրահատող չէ։ Եվ հարկ չկա սրամտելու։ Ես հրաշալի գիտեմ, որ նա հարյուր տարի շարունակ Բիլլի Բլեքի դերն է կատարել «Խելացի երեխաներ» ռադիո֊ծրագրում։
Այստեղ միսիս Սիլսբերնը անսպասելիորեն խառնվեց մեր խոսակցությանը․ ― Ռադիոյով, չէ՞, ― հարցրեց նա, ու զգացի, որ հիմա նոր, ավելի մեծ հետաքրքրությամբ է նայում ինձ։
Հարսի ընկերուհին նրան չպատասխանեց։ ― Իսկ դո՞ւք ում դերն էիք կատարում, ― հարցրեց նա ինձ։ ― Դուք էլ երևի Ջորջի Բլեքն էիք, այո՞։ ― Հետաքրքրասիրության և կոպիտ շիտակության խառնուրդը նրա ձայնի մեջ ինձ ոչ միայն զվարճալի թվաց, այլև միանգամայն զինաթափ արեց։
― Ո՛չ, Ջորջի Բլեքն իմ եղբայր Ուոլթն էր, ― ասացի ես՝ պատասխանելով միայն երկրորդ հարցին։
Նա դիմեց միսիս Սիլսբերնին․ ― Կարծեմ, դա գաղտնիք է, թե ինչ, բայց այս մարդն ու նրա եղբայր Սիմորը հորինովի անուններով էին ելույթ ունենում։ Բլեք ընտանի՜քը։
― Հանգստացիր, փոքրիկս, հանգստացիր, ― ասաց լեյտենանտը որոշ տագնապով։
Հարսի ընկերուհին դարձավ ամուսնուն։ ― Չէ, չեմ կարող հանգստանալ, ― ասաց նա, և նորից, հակառակ տրամաբանության, ներսս ինչ֊որ ոգևորության նման մի բան շարժվեց․ այնպիսի մետաղային սառնություն կար նրա ձայնի մեջ։ ― Դրա եղբայրն, ասում են, խելոք է ինչպես սատանան, ― ասաց նա։ ― Համալսարան է ընդունվել գրեթե տասնչորս տարեկանում։ Բայց եթե խելացի պետք է համարել այն, ինչ որ նա դրեց այսօր աղջկա գլխին, ուրեմն ես Մահաթմա Գանդին եմ։ Այստեղ ինձ արդեն չեք համոզի։ Սա վրդովեցուցիչ է, և վե՛րջ։
Ես ավելի շատ կորցրի ինձ։ Ինչ֊որ մեկը սևեռված ուսումնասիրում էր իմ ձախ, պակաս պաշտպանված կողմը։ Դա միսիս Սիլսբերնն էր։ Նա ետ ընկրկեց, երբ ես զայրույթով նայեցի նրա կողմը։
― Ասացեք խնդրեմ, դո՞ւք եք եղել Բադի Բլեքը, ― հարցրեց նա, ու նրա ձայնի հարգալիր տոնից ինձ թվաց, թե հիմա ինքնահոսն ու սեկակազմ ինքնագրերի փոքրիկ բլոկնոտը մեկնելու է ինձ։ Այդ մտքից ես անհարմար զգացի, հատկապես այն պատճառով, որ քառասուներկու թվականն էր և ամբողջ տասը տարի էր անցել իմ խիստ շահավետ կարիերայի ծաղկումից հետո։
― Հարցնում եմ, որովհետև ամուսինս ոչ մի անգամ բաց չէր թողնում ձեր հաղոր․․․
― Իսկ եթե ուզում եք իմանալ, ― ընդհատեց նրան հարսի ընկերուհին, ― ինձ համար դա ամենաատելի հաղորդումն էր։ Ես ուղղակի ատում եմ նման վունդերկինդներին։ Եթե իմ երեխան գեթ մեկ անգամ․․․
Սակայն այդ արտահայտության վերջը մենք այդպես էլ չլսեցինք։ Հանկարծակի ու վճռականորեն ընդհատեց այն մի խիստ աղեկտուր, խիստ խլացուցիչ և խիստ կեղծ փողային ոռնոց՝ դո մաժորով, ինչպիսին կարելի է միայն պատկերացնել։ Հավատացնում եմ, որ մենք բոլորս միանգամից տառացիորեն վեր թռանք նստած տեղներիցս։ Ու այդ ժամանակ հայտնվեց փողային նվագախումբը իր թմբուկներով հանդերձ՝ կազմված լսողությունից իսպառ զուրկ հարյուր, գուցեև ավելի, ծովային հետախույզներից։ Ու գրեթե հանցավոր անպարկեշտությամբ նրանք ծվատում էին «Աստղային դրոշ» ազգային հիմնը։ Միսիս Սիլսբերնը անմիջապես կողմնորոշվեց՝ խցանեց ականջները։
Թվում էր, թե մի ամբողջ հավիտենականություն է, լսվում է այդ թնդյունը։ Միայն հարսի ընկերուհու ձայնը կարող էր խլացնել այն, ուրիշ ոչ ոք, թերևս, չհամարձակվեր։ Իսկ նա համարձակվեց և, թվում էր, ինչ֊որ բան է ասում մեզ բոլորիս, գոռալով աստված գիտի թե որտեղից, ասես «Յանկի» ստադիոնի տրիբունաների տակից։
― Ես էլ չեմ կարող դիմանալ, ― գոռաց նա։ ― Գնանք այստեղից, մի հեռախոս գտնենք։ Ես պետք է զանգահարեմ Մյուրիելին, ասեմ, որ ուշանում ենք, թե չէ նա կգժվի։
Միսիս Սիլսբերնն ու ես նայում էինք, թե ինչպես է անցնում տեղական Արմագեդդոնը, բայց այդ ժամանակ նորից ետ շրջվեցինք մեր ծալովի նստարանների վրա, դեմքով դեպի մեր առաջնորդը, իսկ գուցեև փրկարարը։
― Յոթանասունիններորդի վրա է գտնվում Շտաֆտ սրճարանը, ― գոչեց նա միսիս Սիլսբերնի երեսին։ ― Գնանք սոդայաջուր խմենք, և այնտեղից կզանգահարեմ, այնտեղ գոնե օդափոխություն է կատարվում։
Միսիս Սիլսբերնը ոգևորված գլոխով արեց և շրթունքներով արտահայտեց «այո» բառը։
― Դո՛ւք էլ, ― ձայն տվեց ինձ հարսի ընկերուհին։
Հիշում եմ, ես մի անբացատրելի, ինձ համար անսպասելի պատրաստականությմաբ ի պատասխան ասացի նրան ինձ համար անսովոր մի բառ։ ― Հրաշալի է։
(Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչո՞ւ նա ինձ մտցրեց նավը լքողների ցուցակի մեջ։ Գուցե առաջնորդվեց բնածին առաջնորդի՝ կարգուկանոնի հանդեպ ունեցած բնական սիրո՞վ։ Գուցե նա առանց բացառության ափ իջեցնելու աղոտ, բայց սպառնալից պահա՞նջ էր զգում։ Իմ անհասկանալի շտապ համաձայնությունը այդ հրավերին շատ ավելի հեշտ է բացատրել։ Ուզում եմ մտածել, որ դա սովորական կրոնական պոռթկում էր։ Բուդդայական որոշ մենաստաններում, Ջեն աղանդում վարքի անխախտ ու թերևս եզական մի անվիճելի կանոն կա․ եթե վանականներից մեկը ձայն է տալիս մյուսին՝ ասելով «Է՛յ», սա պետք է առանց մտածելու պատասխանի «Է՛յ»)։
Այստեղ հարսի ընկերուհին շուռ եկավ ու այդ ամբողջ ընթացքում առաջին անգամ խոսեց փոքրիկ ծերուկի հետ։ Ես մինչև կյանքիս վերջը երախտապարտ եմ այդ ծեուկին, որ առաջվա պես դեռ լուռ նայում էր ուղիղ իր դիմաց, նրա համար ասես ոչինչ մազաչափ անգամ չէր փոխվել։ Առաջվա պես երկու մատով բռնել էր չվառված հավաննական սիգարը։ Այն պատճառո՞վ, որ նա որոշակիորեն չէր նկատում, թե ինչպիսի ահեղացունց թնդյուն էր հանում անցնող նվագախումբը, թե՞ այն պատճառով, որ մեզ ակներևաբար հայտնի էր անխախտ ճշմարտությունը․ ութսունից հետո բոլոր ծերուկներն էլ կամ խուլ են կոճղի պես, կամ շատ վատ են լսում, մի խոսքով՝ հարսի ընկերուհին, շրթունքները գրեթե նրա ականջին հպելով, գոռաց․
― Մենք հիմա դուրս ենք գալիս մեքենայից։ Հեռախոս փնտրենք, գուցեև մի բան խմենք։ Ուզո՞ւմ եք գալ մեզ հետ։
Ծերուկը արձագանքեց ակնթարթորեն և ուղղակի աննման ձևով․ նա նայեց հարսի ընկերուհուն, հետո՝ մեզ բոլորիս, ու հալվեց ժպիտից։ Ժպիտը ամենևին նվազ շլացուցիչ չդարձավ այն բանից, որ չնչին իմաստ անգամ չուներ իր մեջ, կամ այն բանից, որ ծերուկի ատամները պարզ ու որոշակիորեն դնովի էին։ Նա նորից հարցականորեն նայեց հարսի ընկերուհուն, հրաշքով պահպանելով դեռևս նույն անմար ժպիտը։ Ավելի ճիշտ, նայեց նրան՝ այնպիսի, ինձ թվաց, հույսով, ասես սպասում էր, որ նա կամ մեզնից որևէ մեկը անմիջապես ամեն տիպի ուտեստներով լի կողով էր մատուցելու նրան։
― Կարծում եմ, հոգյակս, որ նա քեզ չի լսում, ― գոչեց լեյտենանտը։
Նրա կինը գլխով արեց և կրկին շուրթերը մեգաֆոնի պես մոտեցրեց ուղիղ ծերուկի ականջին։ Ամեն տիպի գովեստների արժանի որոտագին ձայնով նա կրկնեց հրավերը՝ մեքենայից դուրս գալ մեզ հետ միասին։ Եվ կրկին այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ծերուկը լիովին պատրաստ է ամեն ինչի, թեկուզ վազել գետակն ու մի քիչ լող տալ։ Այնուամենայնիվ, երևում է, նա ոչ մի բառ չէր լսել։ Եվ հանկարծ հաստատեց այդ բանը․ բոլորիս լուսավորելով լայն ժպիտով՝ նա սիգար բռնած ձեռքը բարձրացրեց և մատով բազմանշանակ կտկտացրեց նախ՝ շրթունքներին, ապա՝ ականջին։ Ժեստը այնպիսին էր, ասես խոսքը վերաբերում էր առաջնակարգ մի կատակի, որը նա որոշել է բաժանել մեզ հետ։
Այդ պահին միսիս Սիլսբերնը ուղղակի վեր թռավ կողքիս, ցույց տալով, որ ամեն ինչ հասկացել է։ Խուլուհամր է։ Դա Մյուրիելի հոր խուլուհամր հորեղբայրն է։
Հարսի ընկերուհու շրթունքները «Օ»֊ի ձև ատացան։ Նա կտրուկ դարձավ ամուսնուն ու գոռաց․
― Թուղթ ու մատիտ ունե՞ս։
Ես ձեռք տվի նրա թևքին ու գոչեցի, որ ինձ մոտ կա․ Շտապելով ասես անհայտ մի պատճառով, ― մեզ համար թանկ էր ամեն մի վայրկյանը, ― ես բաճկոնիս ծոցագրպանից հանեցի փոքրիկ բլոկնոտը և Բենինգ ամրոցի վաշտի գրասենյակի դարակից վերջերս բռնագրաված քիմիական մատիտի մի կրծուկ։
Ընդգծված պարզ ձեռագրով ես թղթի վրա գրեցի․ «Շքերթը մեզ ուշացնում է անորոշ ժամանակով։ Ուզում ենք հեռախոս գտնել ու մի որևէ սառը բան խմել։ Չէի՞ք կամենա մեզ հետ գալ»։ Եվ ծալելով տվի հարսի ընկերուհուն։ Նա բացեց այն, կարդաց և տվեց փոքրիկ ծերուկին։ Սա էլ կարդաց, ժպտաց, նայեց ինձ և ուժգին գլխով արեց։ Ակնթարթորեն որոշեցի, որ դա միանգամայն պերճախոս ու սպառիչ պատասխան է, բայց նա հանկարծ ձեռքը թափահարեց իմ կողմը, ու ես հասկացա, որ խնդրում է բլոկնոտն ու մատիտը իրեն տալ։ Տվեցի բլոկնոտը, չնայելով հարսի ընկերուհուն, որից անհամբերությունը տարածվում էր ալիքներով։ Ծերուկը բլոկնոտն ու մատիտը շատ խնամքով տեղավորեց ծնկներին, մի պահ սառեց դեռևս նույն չթուլացող ժպիտը դեմքին, մատիտը վեր բռնած և որոշակիորեն մտքերն ի մի բերելով։ Մատիտն սկսեց շարժվել խիստ անվստահորեն։ Վերջապես երևաց խնամքով դրված վերջակետը։ Այնուհետև բլոկնոտն ու մատիտը վերադարձվեցին անձամբ ինձ, սեփական ձեռքս, և ուղեկցվեցին մի բացառիկ ջերմ ու սրտագին գլխի շարժումով։ Դեռևս չչորացած տառերը երկու բառ էին արտահայտում՝ «Երջանիկ կլինեմ»։ Հարսի ընկերուհին կարդալով դա իմ ուսի վրայով՝ փնչոցի նման մի ձայն արձակեց, բայց ես անմիջապես նայեցի մեծ գրողի աչքերի մեջ, ջանալով դեմքիս վրա արտահայտել, թե մենք՝ նրա ուղեկիցներս, որքանով ենք հասկանում ինչ բան է իսկական պոեմը և ինչպես անսահմանորեն երախտապարտ ենք նրան։
Մեկ֊մեկ, իրար ետևից, մենք դուրս եկանք մեքենայից՝ լքված նավից, Մեդիսոն֊ավենյուի կենտրոնում, շիկացած ծովում, փափկած ասֆալտի վրա։ Լեյտենանտը մի պահ կանգ առավ, որպեսզի վարորդին բացատրի անձնակազմի խռովության մասին։ Հրաշալի հիշում եմ, որ նվագախումբը դեռևս քայլում էր, և դղրդյունը ոչ մի րոպե չէր դադարում։
Հարսի ընկերուհին ու միսիս Սիլսբերնը գլխավորում էին մեր երթը դեպի Շրաֆտա սրճարանը։ Նրանք գնում էին առջևից, ինչպես առաջավոր հետախույզներ, Մեդիսոն֊ավենյուի արևելյան կողմով, հարավային ուղղությամբ։ Ավարտելով իր զեկույցը վարորդին՝ լեյտենանտը հասավ նրանց ետևից։ Ավելի ճիշտ գրեթե հասավ։ Նա մի քիչ ետ մնաց, որպեսզի աննկատելիորեն հանի դրամապանակն ու ստուգի, թե որքան փող ունի ձեռքին։
Ես ու Մյուրիելի հոր հորեղբայրը եզրափակում էինք երթը։ Չգիտեմ բնազդով զգո՞ւմ էր, որ ես բարեկա՞մ եմ, թե՞ պարզապես այն պատճառով, որ բլոկնոտի ու մատիտի տերն էի, այնուամենայնիվ, նա ոչ թե մոտեցավ, այլ մի տեսակ ձգտում էր դեպի ինձ, ու մենք միասին քայլեցինք։ Նրա մետաքսե հիանալի ցիլինդրը հազիվ էր հասնում ուսիս։ Ես համեմատաբար դանդաղ էի քայլում, հարմարվելով նրա կարճ֊կարճ քայլերին։ Մի թաղամաս անցնելուց հետո մենք զգալիորեն ետ մնացինք մյուսներից։ Բայց, կարծեմ, դա մեզ առանձնապես չէր հուզում։ Հիշում եմ, որ երբեմն մենք նայում էինք մեկմեկու՝ ընկերակցության համար հրճվանքի ու երախտագիտության ապուշային արտահայտությունը դեմքներիս։
Երբ ուղեկցիս հետ վերջապես հասա Շրաֆտա սրճարանի պտտվող դռանը, Յոթանասուներորդ փողոցի վրա լեյտենանտը, նրա կինը և միսիս Սիլսբերնը արդեն կանգնած էին այնտեղ։ Նրանք սպասում էին մեզ, ինչպես ինձ թվաց, խիտ կանգնած և բավական մարտականորեն տրամադրված ջոկատի նման։ Երբ մեր արտաքուստ անհամաչափ ընտրված զույգը մոտեցավ, նրանք ընդհատեցին զրույցը։ Շատ չէր անցել այն ժամանակվանից, երբ մեքենայում նվագախմբի դղրդոցի տակ մի տեսակ ընդհանուր անհարմարավետության, ես կասեի, ընդհանուր դժբախտության, պահմաններում, մեր փոքրիկ խմբի մեջ բարեկամական թվացող կապ էր ստեղծվել, ինչպես Կուկի տուրիստական խմբում, որ սոսկալի տեղատարափի տակ ընկավ Պոմպեյի ավերակներում։ Բայց երբ ես ու փոքրիկ ծերուկը մոտեցանք սրճարանի դռանը, անողոք պարզությամբ հասկացանք, որ տեղատարափն ավարտվել է։
Մենք հայացքներ փոխանակեցինք, ասես ճանաչելով մեկը մյուսիս, բայց բոլորովին չուրախացանք։
― Վերանորոգման պատճառով փակ է, ― չոր հայտարարեց հարսի ընկերուհին՝ նայելով ինձ։ Ոչ պաշտոնապես, բայց բավական որոշակիորեն նա հասկացրեց ինձ, որ ես այստեղ օտար եմ, ավելորդ, ու այդ պահին առանց մի լուրջ պատճառի ես այնպիսի մենակություն զգացի, այնպիսի մեկուսացածություն բոլորից, որ դեռ չէի զգացել ամբողջ օրվա ընթացքում։ Եվ հենց այդտեղ էլ, ― սա արժե նշել, ― նոր ուժով բռնվեց իմ հազը։ Ես գրպանիցս հանեցի թաշկինակս։ Հարսի ընկերուհին դարձավ ամուսնու և միսիս Սիլսբերնի կողմը։
― Ինչ֊որ այս կողմերում պետք է լինի «Լոնգշտան» սրճարանը, ― ասաց նա, ― բայց թե կոնկրետ որտեղ՝ չգիտեմ։
― Ես գիտեմ, ― ասաց միսիս Սիլսբերնը։ Թվում էր, թե նա հիմա լաց կլինի։ Քրտինքը ծորում էր ճակատից ու վերին շրթունքից, նույնիսկ գրիմի հաստ շերտի տակից։ Ձախ ձեռքով նա սեղմել էր իր լաքե սև պայուսակը։ Բռնել էր, ինչպես սիրած տիկնիկը, ու ինքն էլ նման էր տնից փախած շատ դժբախտ, անշնորհք ներկված ու պուդրայված աղջնակի։
― Հիմա ոչ մի գնով տաքսի չես կարող ճարել, ― մռայլ ասաց լեյտենանտը։ Նա էլ էր բավականին հալից ընկել։ Լոթիավարի դրած հերոս֊օդաչուի նրա գլխարկը կծու ծաղր էր թվում գունատ, քրտնած և բոլորովին ոչ խիզախ կերպարանքի վրա, ու հիշում եմ, որ իմ մեջ ցանկություն առաջացավ գլխարկը նրա գլխից պոկելու կամ գոնե ուղղելու, պակասեցնելու հանդուգն տեսքը․ դա նման էր այն մղումին, որ զգում ես մանկական տոնահանդեսների ժամանակ, երբ անպայման մի որևէ սոսկալի տգեղ փոքրիկ ես տեսնում թղթե թասակով, որի տակից ցցված է լինում մեկ կամ հենց երկու ականջն էլ։
― Օ՜, տեր աստված, այս ինչ օր է, ― ի լուր ամենքի հայտարարեց հարսի ընկերուհին։ Արհեստական անմոռուկների պսակը արդեն կախվել էր մի կողմի վրա, և նա ամբողջապես ջուր էր դարձել, բայց ինձ թվաց, որ իսկապես տուժել է նրա անձի միայն մի չնչին մասը՝ ծաղկեփունջը, որ նա դեռևս բռնել էր ձեռքին։ Ծաղկեփունջը որոշակիորեն չէր դիմացել փորձությանը։
― Ի՞նչ անենք հիմա, ― հարցրեց նա իրեն ոչ յուրահատուկ հուսահատությամբ։ ― Հո ոտքով չենք գնա։ Նրանք գրեթե Ռիվերդեյլի մոտակայքում են ապրում։ Գուցե որևէ մեկը մի խորհո՞ւրդ կտա։
Նա նայեց սկզբում միսիս Սիլսբերնին, հետո՝ ամուսնուն, և, վերջապես, ինչպես երևում է, հուսահատությունից՝ ինձ։
― Այստեղ ոչ հեռու ես բնակարան ունեմ, ― ասացի հանկարծ խիստ հուզվելով։ ― Ընդամենը մեկ թաղամաս այն կողմ, ոչ ավելի։
Հիշում եմ, որ ես այդ տեղեկությունը հայտնեցի չափից դուրս բարձր ձայնով։ Գուցեև գոռում էի, ով գիտի։
― Իմ և եղբորս բնակարանն է։ Քանի դեռ բանակում էինք, ― այնտեղ քույրս էր ապրում, բայց հիմա նա տանը չէ։ Ծառայում է կանանց ծովային ջոկատում և ինչ֊որ տեղ է մեկնել։ ― Ես նայեցի հարսի ընկերուհուն, ավելի ճիշտ նրա կողմը։ ― Կարող եք այնտեղից զանգահարել, եթե ուզում եք, ― ասացի ես։ ― Եվ օդափոխության լավ սիստեմ է աշխատում այնտեղ։ Կարելի է հովանալ, հանգստանալ։
Ցնցումից մի քիչ սթափվելով, երեքով՝ լեյտենանտը, նրա կինը և միսիս Սիլսբերնը, բանակցության նման մի բան վարեցին, ճիշտ է միմիայն հայացքներով, բայց տեսանելի ոչ մի արդյունք չհետևեց։
Առաջինը որոշեց գործել հարսի ընկերուհին։ Իզուր էր նա փորձում աչքերին նայելով՝ որոշել մյուսների կարծիքը։ Հարկ եղավ դիմել ուղիղ ինձ։ ― Դուք ասացիք այնտեղ հեռախո՞ս կա, ― հարցրեց նա։
― Այո, եթե քույրս պատվիրած չլինի անջատել, բայց հազիվ թե այդպիսի բան արած լինի։
― Իսկ որտեղի՞ց իմանանք, որ ձեր եղբայրն այնտեղ չէ, ― ասաց հարսի ընկերուհին։
Իմ բորբոքված ուղեղում այդպիսի միտք չէր էլ կարող ծագել։
― Չէ, չեմ կարծում, ― ասացի ես։ ― Իհարկե, ամեն բան էլ կարող է պատահել, չէ որ բնակարանը նաև նրանն է․ միայն թե չեմ կարծում, որ նա այնտեղ լինի, չի կարող պատահել։
Հարսի ընկերուհին հայացքը հառեց ինձ․ նա խիստ սևեռուն էր նայում, բայց, որքան էլ տարօրինակ լինի, բավական քաղաքավարությամբ․ եթե երեխան հայացքը չի կտրում քեզնից, դա չի կարելի անքաղաքավարություն համարել։ Ապա, դառնալով ամուսնուն և միսիս Սիլբերնին, ասաց․
― Թերևս գնանք։ Այնտեղից գոնե հնարավոր կլինի զանգահարել։ ― Նրանք գլխով արեցին ի նշան համաձայնության։ Միսիս Սիլսբերնը նույնիսկ կանոններ հիշեց լավ վարմունքի դասագրքից՝ ինչպես պատասխանել սրճարանի դռան մոտ արված հրավերին։ Արևի տակ հալվող գրիմի տակից ինձ ընդառաջ դուրս եկավ միանգամայն լավ վարմունքի մի թույլ ժպիտ։ Հիշում եմ, որ ես շատ ուրախացա դրա համար։
― Դե, գնացինք, հեռանանք այս արևից, ― ասաց մեր առաջնորդուհին։ ― Իսկ սրա՞նք ինչ անեմ։ ― Եվ պատասխանի չսպասելով՝ նա մոտեցավ ճամփեզրին ու առանց ձևականությունների թառամած ծաղկեփունջը նետեց առուն։
― Լա՛վ․ առաջնորդիր մեզ, Մակդուֆ, ― ասաց նա ինձ։ ― Գալիս ենք ձեր ետևից։ Մի բան կասեմ միայն, լավ կլինի եղբայրդ տանը չլինի։ Թե չէ ես կսպանեմ այդ վիժվածքին։ ― Նա նայեց միսիս Սիլսբերնին։ ― Ներեցեք, որ այդպես արտահայտվեցի, բայց կատակ չեմ անում։
Ենթարկվելով հրամանին՝ ես գրեթե ուրախ առաջ անցա։ Մի րոպե անց օդում, իմ ձախ կողմում, և բավական ցածրում նյութականացավ մետաքսե ցիլինդրը, և իմ անձնական, ոչ պաշտոնական, բայց մշտական ուղեկիցը ժպտաց ինձ ներքևից, առաջին պահ ինձ նույնիսկ թվաց, թե հիմա թաթիկը բռիս մեջ է մտցնելու։
Իմ երեք հյուրերը և միակ բարեկամը սպասում էին սանդղահարթակում, մինչ ես թռուցիկ աչքի էի անցկացնում բնակարանը։ Բոլոր պատուհանները փակ էին։ Երկու օդափոխիչն էլ անջատված էին, ու երբ շնչեցի օդը, թվաց, թե նստած եմ հին մորթե քուրքի գրպանում։ Լռությունը խախտում էր միայն առիթի բերումով գնված հին սառնարանի կցկտուր մռլտոցը։ Իմ քույրիկ Բու֊Բուն իր աղջկական ռազմա֊ծովային ցրվածության պատճառով մոռացել էր այն անջատել։ Բնակարանում տիրող անկարգությունից երևում էր, որ ջահել նավաստի աղջիկ է զբաղեցրել այն։ Կանանց օժանդակ ծառայության միչմանի շքեղ կապույտ կիտելը աստառի վրա ընկած էր թախտին։ Թախտի առջև գտնվող ցածրիկ սեղանին դրված էր շոկոլադի կիսատ մի տուփ՝ եղած֊չեղած կոնֆետեղենը, հավանաբար փորձելու նպատակով մեկի միջուկը մի քիչ դուրս էր մղված։ Գրասեղանի վրա աչքի էր ընկնում բավական վճռական մի երիտասարդի լուսանկար, որը ես առաջ երբեք չէի տեսել։ Ու տանը եղած բոլոր մոխրամանները զարդարվել էին շքեղ գույներով՝ լեփ֊լեցուն շրթնաներկոտ քնթուկներով ու ճմրթված թղթե անձեռոցիկներով։ Ես չմտա խոհանոց, ննջարան ու լոգարան, պարզապես արագ֊արագ բացում էի դռները, ստուգելով, թե Սիմորը որևէ տեղում թաքնված չէ՞ արդյոք։ Նախ ես թալկացել էի, թուլացել։ Երկրորդն էլ՝ ժամանակ չկար, հարկ եղավ բարձրացնել շերտավարագույրները, միացնել օդափոխիչ սիստեմը, դատարկել լեփ լեցուն մոխրամանները։ Եվ բացի դրանից, մնացած ամբողջ խումբը արդեն ներս լցվեց իմ ետևից։
― Այստեղ ավելի շոգ է, քան փողոցում, ― բարևելու փոխարեն ասաց հարսի ընկերուհին՝ մտնելով սենյակ։
― Հիմա, մի րոպե, ― ասացի ես։ ― Ոչ մի կերպ չեմ կարողանում գլուխ հանել։ Մինչ ես, նույնիսկ գլխարկս դեռ չհանած, օդափոխիչով էի զբաղված, մյուսները կասկածամտորեն զննում էին սենյակը։ Ես աչքիս պոչով նայում էի նրանց։ Լեյտենանտը մոտեցավ գրասեղանին ու հայացքը սևեռեց ավելի քան երեք ֆուտանոց պատին, սեղանից վեր, որտեղ ես ու եղբայրս, սենտիմենտալ մղումներից ելնելով, ութ ու տասը հարաբերությամբ բազմաթիվ փայլուն լուսանկարներ էինք կոճգամել պատին։ Միսիս Սիլսբերնը նստեց, ինչպես և կարելի էր սպասել, այն միակ բազկաթոռին, որի վրա սիրում էր քնել իմ հանգուցյալ բուլդոգը․ կեղտոտ վելվետով պաստառված բազկակալները ամբողջովին ներծծված էին լորձունքով ու կրծմրծված՝ նրա գիշերային մղձավանջների պահին։ Հարսի հոր հորեղբայրը՝ իմ հավատարիմ բարեկամը, անհետ չքվեց։ Հարսի ընկերուհին՝ նույնպես։
― Հիմա ես խմելու որևէ բան կպատրաստեմ, ― ասացի շփոթված՝ դեռևս զբաղված օդափոխիչի կոճակով։
― Ես մի որևէ սառը բան կխմեի, ― ասաց ծանոթ ձայնը։ Ես շուռ եկա և տեսա, որ նա մեկնվել է թախտին, դրա համար էլ կորել էր աչքիցս։ ― Հիմա պիտի զանգահարեմ ձեր հեռախոսով, ― նախազգուշացրեց նա ինձ, ― բայց այս վիճակում բերանս չեմ կարող բանալ։ Ցամաքել է․ նույնիսկ լեզուս է չորացել։ ― Օդափոխիչն աշխատեց բզզոցով, ու ես գնացի սենյակի կենտրոնը, թախտի և բազկաթոռի մեջտեղը, որի վրա նստել էր միսիս Սիլսբերնը։
― Չգիտեմ այստեղ ինչ կա խմելու, դեռ չեմ նայել սառնարանը, բայց կարծում եմ, որ․․․
― Բերեք, ինչ ուզում է լինի, ― թախտի վրայից խոսքս կտրեց մեր անխոնջ հռետորուհին, ― միայն թե սառը լինի։
Նրա կոշիկների կրունկները դրված էին քրոջս կիտելի վրա։ Ձեռքերը խաչել էր կրծքին, գլխի տակ քաշել բազմոցի բարձը։
― Չմոռանաք սառույցը, եթե կա, ― ասաց նա ու աչքերը փակեց։ Ես թռուցիկ, բայց սպանիչ մի հայացք նետեցի նրա վրա, հետո կռացա և հնարավորին չափ տակտով դուրս քաշեցի Բու֊Բուի կիտելը։ Արդեն ուզում էի անցնել տանտիրոջ պարտականությունները կատարելուն, բայց հենց որ ոտքս առաջ դրի, ինձ հետ խոսեց լեյտենանտը, որ կանգնած էր գրասեղանի մոտ։
― Որտեղի՞ց եք ճարել այս լուսանկարները, ― հարցրեց նա։
Մոտեցա նրան։ Անհեթեթ հովարով զինվորական վիթխարի գլխարկը դեռ գլխիս էր։ Մոռացել էի հանել։ Կանգնեցի լեյտենանտի կողքին, թեև մի քիչ ետ, ու նայեցի լուսանկարներին։ Բացատրեցի, որ դրանք մեծ մասամբ «Խելացի երեխաներ» ծրագրով ելույթ ունեցող երեխաների լուսանկարներն են, երբ ես ու Սիմորը մասնակցում էինք այդ հաղորդմանը։
― Լեյտենանտը նայեց ինձ․ ― Իսկ դա ի՞նչ հաղորդում է։ Երբեք չեմ լսել։ Մանկակա՞ն հաղորդում է, ինչ է։ Հարց ու պատասխա՞ն։
Ես չէի սխալվում․ նրա տոնի մեջ աննկատելիորեն ու համառորեն բանակային առավելության թեթև երանգ էր սողոսկում։
Ես հանեցի գլխարկս ու ասացի․ ― Չէ, ո՛չ բոլորովին։ ― Իմ մեջ հանկարծ խոսեց տոհմական հպարտությունը։ ― Այդպես էր մինչև իմ եղբայր Սիմորի մասնակցությունը։ Եվ ամեն ինչ էլի այդպես դարձավ ռադիոյից նրա հեռանալուց հետո։ Բայց նրա ժամանակ բոլորովին այլ էր ամբողջ ծրագիրը։ Նա հաղորդումը վարում էր որպես կլոր սեղանի շուրջ երեխաների հետ տեղի ունեցող զրույց։
Լեյտենանտը նայեց ինձ քիչ ավելի հետաքրքրությամբ։
― Դո՞ւք էլ էիք մասնակցում, ― հարցրեց նա։
― Այո։
Սենյսկի մյուս ծայրից, չերևացող փոշոտ ապաստանից, թախտի վրա լսվեց նրա կնոջ ձայնը․
― Մի փորձեին իմ երեխային ստիպել՝ մասնակցել այդ ապուշությանը, ― ասաց նա, ― կամ խաղալ բեմում։ Ընդհանրապես ելույթ ունենալ։ Ես ավելի շուտ կմեռնեի, քան թույլ կտայի, որ իմ երեխան ցուցադրվեր հասարակության առաջ։ Այդպիսիների ամբողջ կյանքը տակնուվրա է լինում։ Հենց միայն այն բանը, որ նրանք միշտ աչքի առաջ են, միշտ ռեկլամվում են, ուզածդ հոգեբանին հարցրեք։ Մի՞թե այդտեղ կարող է նորմալ մանկություն լինել, ես ձեզ եմ հարցնում։
Կողքի թեքված պսակով նրա գլուխը հանկարծ լույս աշխարհ եկավ։ Ասես կտրված՝ վեր թռավ թախտի թիկնակի ետևից ու աչքերը չռեց ինձ ու լեյտենանտի վրա։
― Այ, ձեր եղբայրն էլ այդպիսին է, ― ասաց գլուխը, ― եթե մարդու մանկությունը ամբողջապես այլանդակված է, նա երբեք իսկականից չի մեծանում։ Նա երբեք չի սովորում հարմարվել նորմալ մարդկանց, նորմալ կյանքի։ Միսիս Ֆեդերը հենց այդպես էլ ասում էր այնտեղ, ինչ֊որ մեկի ապուշ ննջարանում։ Հենց այդպես։ Ձեր եղբայրը երբեք չի սովորի հարմարվել ուրիշ մարդկանց։ Հավանաբար, նա հենց միայն այն կարող է անել, որ ստիպված լինեն մարդկանց դեմքին կարեր դնել։ Նա բոլորովին ընդունակ չէ ոչ ամուսնության, ոչ էլ ընդհանրապես ինչ֊որ չափով նորմալ կյանքի։ Միսիս Ֆեդերը հենց այդպես էլ ասաց։
Այստեղ գլխի աչքերը ցոլարձակեցին լեյտենանտի վրա․ ― Ճի՞շտ եմ ասում, Բոբ։ Ասո՞ւմ էր, թե չէ։ Ճի՛շտն ասա։
Բայց ձայն հանեց ոչ թե լեյտենանտը, այլ՝ ես։ Բերանս ցամաքել էր, քրտինքը տվել վրաս։ Ասացի, ես թքել եմ այն ամենի վրա, թե միսիս Ֆեդերը ինչ է բարբաջել Սիմորի մասին։ Եվ ընդհանրապես, ինչ֊որ նրա մասին բարբաջում են զանազան պրոֆեսիոնալ դիլետանտուհիներ կամ սիրողներ, ընդհանրապես ամեն տիպի շան աղջիկներ։ Ես ասացի, որ տասը տարեկանից սկսած Սիմորին քննադատում էին բոլորը, սկսած բոլոր նահանգների դիպլոմավոր Մտածողներից մինչև տղամարդկանց զուգարանների Ինետլեկտուալ ծառայողները։ Ասացի, այդ ամենն օրինական կլիներ, եթե Սիմորը քիթը ցցեր այն բանից, որ միջինից բարձր ընդունակություններ ունի։ Բայց նա ատում էր ցուցադրվելը։ Նա չորեքշաբթի օրվա այդ հաղորդումներին գնում էր ինչպես սեփական անձի թաղմանը։ Գնում է քեզ հետ ավտոբուսով կամ մետրոյով և լռում ինչպես անիծված, աստծով եմ երդվում։ Ասացի, բոլոր այդ էժանագին մարդիկ՝ զանազան քննադատներն ու ֆելիետոնիստները, միայն մի բան գիտեին՝ թփթփացնել ուսին, բայց ոչ մեկն այդպես էլ չհասկացավ, թե նա ինչպիսի մարդ է իրականում։ Իսկ նա բանաստեղծ է, գրողը տանի դրանց։ Հասկանո՞ւմ եք, իսկական բանաստեղծ։ Եթե նույնիսկ մի տող էլ չգրեր, դարձյալ բոլորիդ էլ հենց միայն ձախով կծալեր, միայն թե ցանկանար։
Այստեղ ես, փառք աստծո, կանգ առա։ Սիրտս տրոփում էր չգիտեմ թե ինչի նման, ու եթե ես նևրասթենիկ լինեի, սարսափով կմտածեի, որ «հենց այսպիսի խոսքերից են ծնվում ինֆարկտները»։[2] Մինչև հիմա էլ պատկերացում չունեմ, թե հյուրերս ինչպես արձագանքեցին իմ այդ պոռթկմանը, դաժան մեղադրանքների հեղեղին, որ թափեցի ես նրանց գլխին։ Առաջին ձայնը, որ ստիպեց ինձ սթափվել, դա թափվող ջրի հանրածանոթ աղմուկն էր բնակարանի մյուս ծայրից։ Հանկարծ նայեցի շուրջս, հյուրերիս, նրանց կողմը, նույնիսկ նրանց միջոցով։
― Իսկ ծերուկն ո՞ւր է, ― հարցրի ես, ― ո՞ւր է ծերուկը։ ― Իմ ձայնը դարձավ հրեշտակային քնքուշ։
Որքան էլ տարօրինակ լինի, պատասխանեց ինձ լեյտենանտը, և ոչ թե նրա կինը։
― Իմ կարծիքով, զուգարանում է, ― ասաց նա։ Նա հայտարարեց դա մի առանձին անկեղծությամբ, ասես ընդգծելով, թե ինքը պատկանում է այն մարդկանց շարքին, որոնք առանց ամաչելու խոսում են օրգանիզմի առողջապահական ֆունկցիաների մասին։
― Ա֊ա՜, ― ասացի ես։ Մի քիչ շփոթված աչք ածեցի սենյակը։
Չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշել՝ ջանո՞ւմ էի չնկատել հարսի ընկերուհու սպառնալից հայացքները, թե ոչ։ Աթոռներից մեկի վրա ես նկատեցի հարսի հոր հորեղբոր մետաքսե ցիլինդրը։ Քիչ էր մնում բարձրաձայն ասեի․ «Ողջույն»։
― Հիմա մի որևէ սառը բան կբերեմ խմելու, ― ասացի ես, ― մի րոպե։
― Կարելի՞ է ձեր հեռախոսով զանգահարել, ― հանկարծ հարցրեց հարսի ընկերուհին, երբ ես անցնում էի թախտի մոտով։ Եվ նա ոտքերն իջեցրեց հատակին։
― Այո, այո, իհարկե, ― ասացի ես։ Ու անմիջապես էլ հայացքս ուղղեցի միսիս Սիլսբերնի և լեյտենանտի վրա։ ― Թերևս բոլորիդ համար մեկական «Թոմ Կոլինզ» պատրաստեմ, եթե, իհարկե, լիմոն կամ նարինջ գտնվի տանը։ Հարմա՞ր է։
Լեյտենանտի պատասխանը ապշեցրեց ինձ իր անսպասելի ընկերական տոնով․ «Շատ լավ կլինի», ― ասաց նա ձեռքերն իրար շփելով, ինչպես մոլի հարբեցող։
Միսիս Սիլսբերնը դադարեց լուսանկարները դիտել, որպեսզի վերջին ցուցումը տա ինձ։ ― Ինձ համար, խնդրում եմ, շատ չնչին քանակությամբ ջին կխառնեք, շա՜տ֊շատ քիչ, խնդրում եմ։ Մի կաթիլ, եթե ձեզ համար դժվար չէ։
Ինչպես երևում է, այն կարճ ժամանակամիջոցում, որ մենք գտնվում էինք բնակարանում, նա արդեն մի քիչ նահանջեց։ Հավանաբար, այստեղ օգնեց նաև այն հանգամանքը, որ նա կանգնած էր ուղիղ օդափոխիչի տակ, որ ես արդեն միացրել էի, և թարմ օդ էր փչում նրա վրա։ Ես խոստացա խմիչքը պատրաստել նրա ճաշակով և նրան թողեցի երեսնական, գուցեև քսանական թվականներին ռադիոյով ելույթ ունեցող մանր «նշանավոր անձնաց» լուսանկարների մոտ, իմ և Սիմորի պատանեկության չքացած ստվերների մոտ։ Լեյտենանտը նույնպես իմ ներկայության կարիքը չէր զգում, ձեռքերը ետևը դարսած, քաջատեղյակ սիրողի նման նա մենակ գնաց դեպի գրադարակները։ Հարսի ընկերուհին եկավ իմ ետևից, լայն հորանջեց բերանով մեկ և նույնիսկ անհրաժեշտ չհամարեց ոչ զսպել, ոչ էլ քողարկել հորանջը։
Իսկ երբ մոտենում էինք ննջարանին, ― հեռախոսն այնտեղ էր, ― միջանցքի հեռավոր ծայրից մեր դեմ ելավ հարսի հոր հորեղբայրը։ Նրա դեմքին նույն խիստ հանգստությունն էր, որն այնպես խաբեց ինձ մեքենայի մեջ, բայց մոտենալով, անմիջապես փոխվեց դիմակը․ այժմ նրա դեմքը բարձրագույն սիրալիրություն ու հրճվանք էր արտահայտում։ Ես զգացի, որ ինքս էլ եմ մինչև ականջատակերս լայնորեն ժպտում նրան ի պատասխան՝ գլխով անում տխմարի նման։ Երևում էր, որ նա հենց նոր էր սանրել իր նոսր ճերմակ մազերը, թվում էր, նույնիսկ լվացել էր գլուխը, բնակարանի խորքերում հայտնաբերելով թզուկային վարսավիրանոց։ Մենք անցանք, բայց ինչ֊որ բան ինձ ստիպեց ետ նայել, ու ես տեսա, թե նա ինչպես է թափահարում ձեռքը, իբր, բարի ճանապարհ, շուտ ետ դարձիր։ Ես շատ ուրախացա։
― Այդ ինչ է, խելքը թռցրե՞լ է, ― ասաց հարսի ընկերուհին։ Ես հույս հայտնեցի, որ նա իրավացի է, և նրա առջև բացեցի ննջարանի դուռը։
Նա ծանրորեն փռվեց մահճակալներից մեկին․ ի դեպ դա հենց Սիմորի մահճակալն էր։ Հեռախոսը դրված էր երկու մահճակալների միջև, գիշերասեղանին։ Ասացի, որ շուտով նրա համար խմելու բան կբերեմ։
― Մի՛ անհանգստացեք, ինքս կգամ, ― ասաց նա։ ― Եվ փակեցեք, խնդրեմ, դուռը, եթե չեք առարկում․․․ Ես ուրիշ բանի համար չեմ ասում, ուղղակի չեմ կարողանում խոսել, երբ դուռը բաց է լինում։
Ասացի, որ ես նույնպես չեմ սիրում այդպիսի բաներ, և ուզում էի գնալ։ Բայց մահճակալի մոտից անցնելիս պատուհանի տակ դրված բազմոցի վրա մի պարուսինե պայուսակ նկատեցի։ Առաջին պահին թվաց, թե դա իմ ուղեբեռն է, որ չգիտես ինչպես իր ոտքով այստեղ է հասել Փենսիլվանյան կայարանից։ Հետո մտածեցի, որ Բու֊Բուն է թողել։ Ես մոտեցա պայուսակին։ Կայծակ ճարմանդը բացված էր, և, առաջին իսկ հայացքից նկատելով երեսին դրվածը, հասկացա, ով է դրա օրինական տերը։ Ավելի ուշադիր նայելով, համազգեստի արդուկված երկու վերնաշապիկների վրա դրված տեսա մի բան, որ ոչ մի դեպքում չէր կարելի հարսի ընկերուհու հետ նույն սենյակում թողնել։ Հանեցի այն, դրեցի թևիս տակ, ձեռքի թափահարումով եղբայրաբար հրաժեշտ տվի հարսի ընկերուհուն, որ արդեն մատը սկավառակի առաջին համարի վրա էր դրել, սպասելով, թե վերջապես երբ դուրս կգամ, ու ծածկեցի դուռը։
Ես մի փոքր կանգ առա դռան ետևում, օրհնյալ միայնության մեջ, ու մտածեցի, թե ինչ անեմ Սիմորի օրագիրը, որը և, ― շտապեմ հայտնել, ― պայուսակի մեջ հայտնաբերված իրն էր։ Առաջին գործնական միտքս այս էր՝ հարկավոր է թաքցնել մինչև հյուրերի գնալը։ Հետո մտքովս անցավ տանել լոգարան և թաքցնել կեղտոտ սպտակեղենի զամբյուղում։
Այդ ամբողջ օրը, տեսնում է աստված, որ ոչ միայն ինչ֊որ անսպասելի նախանշանների ու խարհրդանշական երևույթների օր էր, այլև այն կառուցված էր գրավոր խոսքը որպես հաղորդման միջոց լայնորեն կիրառելու հիման վրա։ Քեզ գցում ես լեփ֊լեցուն մեքենան, իսկ ճակատագիրը արդեն կողմնակի ճանապարհով հոգացել է, որպեսզի մոտդ բլոկնոտ ու մատիտ լինի այն դեպքի համար, եթե ուղևորներից մեկը խուլուհամր դուրս գա։ Մտնում ես լոգարան ու անմիջապես նայում թե լվացարանակոնքից վեր որևէ խորհրդավոր կամ պարզ գրավոր խոսք չի՞ հայտնվել արդյոք։
Տարիներ շարունակ մեր բազմանդամ ընտանիքը՝ յոթ երեխա, մի լոգարան ունենալու պայմաններում, օգտվում էր մի փոքր մածուցիկ, բայց շատ հարմար հաղորդակցման միջոցից․ թաց օճառի կտորով հանձնարարականներ էինք գրում մեկմեկու դեղարկղի հայելու վրա։ Սովորաբար մեր գրագրությունը բովանդակում էր խիստ արտահայտիչ խրատներ, երբեմն էլ չքողարկված սպառնալիք․ «Բու֊Բու, լոգանքից հետո չհամարձակվես ճիլոպը հատակին գցել։ Համբուրում եմ․ Սիմոր»։ «Ուոլթ, քո հերթն է Զ֊ի և Ֆ֊ի հետ զբոսնելու։ Ես երեկ եմ զբոսնել։ Գուշակիր ով է գրել»։ «Չորեքշաբթի նրանց հարսանիքի տարեդարձն է։ Մի՛ գնա կինո, հաղորդումից հետո մի՛ տնկվիր ստուդիայում, մի՛ ձգտիր տուգանքի։ Բադի, դա քեզ է վերաբերում»։ «Մայրիկը բողոքում էր, թե Զուին քիչ է մնացել ուտի ամբողջ լուծողականը։ Վնասակար բաները մի՛ թողնիր լվացարանակոնքի մեջ, նա կարող է ձեռքը հասցնել և բոլորն ուտել»։
Սրանք մեր մանկությունից բերված օրինակներն են, բայց ավելի ուշ, երբ ես ու Սիմորը, հանուն անկախության թերևս, առանձնացանք և առանձին սենյակ վարձեցինք, փաստորեն միայն անվանապես կտրվեցինք ընտանեկան հին սովորություններից։ Ուզում եմ ասել, որ օճառի կտորտանքը դեն չէինք գցում։
Երբ Սիմորի օրագիրը ձեռքիս մտա լոգարան ու դուռը փակեցի, անմիջապես նկատեցի հայելու վրա գրված ուղերձը։ Սակայն ձեռագիրը Սիմորինը չէր, դա որոշակիորեն գրել էր իմ քույր Բու֊Բուն։ Նրա ձեռագիրը սոսկալի մանրատառ էր, դժվարընթեռնելի, միևնույն է, դա նրա գրածն էր, օճառի կտորով կամ մի որևէ այլ բանով։ Եվ կարողացել էր հայելու վրա տեղավորել մի ամբողջ ուղերձ․ «Ծպեղները բա՜րձր, ատաղձագործնե՛ր։ Գալիս է փեսան Արեոսի նման, որ բարձր է ավելի այրերից ամենաբարձր։[3] Ողջույն։ Ոմն Սաֆո, «Էլիգիում» կինոստուդիայի նախկին սցենարիստ։ Երջանիկ եղիր, երջանի՛կ, երջանի՛կ քո գեղեցկուհի Մյուրեիելի հետ։ Սա հրաման է։ Կոչումով ես բարձր եմ ձեր բոլորից»։
Պետք է նշել, որ տեքստում հիշատակված կինոսցենարիստը, տարբեր ժամանակներում և տարբեր հերթականությամբ, մեր ընտանիքի բոլոր պատանի անդամների սիրելին է եղել, գլխավորապես պոեզիայի հարցում Սիմորի՝ բոլորիս վրա ունեցած անսահմանափակ ազդեցության շնորհիվ։ Ես ընթերցեցի ու վերընթերցեցի մեջբերումը, հետո նստեցի վաննայի եզրին ու բացեցի Սիմորի օրագիրը։
Այսուհետև տպագրված է Սիմորի օրագրի էջերի ճշգրիտ պատճենը, որ ես կարդացի վաննայի եզրին նստած։ Ինձ թվում է, կարելի է բաց թողնել ամիս֊ամսաթիվը։ Բավական է ասել, որ բոլոր գրառումները կատարված են Մոնմաուտ ամրոցում, 1941 թվականի վերջում և 1942 թվականի սկզբում, հարսանիքի օրը նշանակելուց մի քանի ամիս առաջ։


«Իրիկնային ստուգման ժամանակ շատ ցուրտ էր, և այնուամենայնիվ, միայն մեր դասակում վեց հոգի վատ զգացին, մինչ նվագախումբը «Աստղային դրոշ» էր նվագում։ Հավանաբար, կանոնավոր արյան շրջանառություն ունեցող մարդու համար անտանելի է կանգնել «զգաստ» հրամանի տակ, մանավանդ եթե հրացանը պահում ես պատվի առած։ Ես, հավանաբար, ո՛չ արյան շրջանառություն ունեմ, ո՛չ զարկերակ։ Անշարժության հարցում ես ոնց որ տանը լինեմ։ «Աստղային դրոշի» տեմպը վերին աստիճանի համահնչյուն է ինձ։ Դա ինձ համար ռոմանտիկ վալսի ռիթմ է։
Ստուգումից հետո ազատություն ստացանք մինչև կեսգիշեր։ Ժամը յոթին հանդիպեցի Մյուրիելին, «Բիլթմոր» հյուրանոցում։ Երկու ընպանակ, ձկնով բուֆետային երկու բուտերբրոդ։ Հետո նա ցանկացավ նայել Գրիր Գարսոնի մասնակցությամբ ինչ֊որ մի ֆիլմ։ Մթության մեջ նյում էի նրան, երբ Գրիր Գարսոնի որդու ինքնաթիռը չվերադարձավ բազա։ Բերանը կիսաբաց է։ Կլանված, հուզված։ Լիակատար նույնացում այդ մետրո֊հոլդվին֊մայերովյան ողբերգության հետ։ Ինձ համար և՛ ուրախալի է, և՛ սահմռկեցուցիչ։ Ինչպե՜ս եմ սիրում նրան, ինչպե՜ս եմ զգում նրա պարզունակ հոգու կարիքը։ Նա նայեց ինձ, երբ ֆիլմում երեխաները կատվի ձագ բերեցին մորը։ Մ֊ն հիանում էր կատվիկով և ուզում էր, որ ես էլ հիանամ։ Նույնիսկ մթության մեջ ես զգում էի նրա սովորական օտարացումը․ միշտ այդպես է լինում, երբ ես չեմ կարողանում անառարկելիորեն հիանալ այն ամենով, ինչով որ նա է հիանում։ Հետո, երբ մենք ինչ֊որ բան էինք խմում կայարանի բուֆետում, նա ինձ հարցրեց․ ― Կատվիկը շատ լավն էր, չէ՞։ Արդեն էլ չէր ասում՝ «սքանչելի էր»։ Ես ե՞րբ հասցրի այդպես վախեցնել նրան, որ փոխեց իր սովորական լեքսիկոնը։ Իսկ ես, ողորմելի տառակերս, սկսեցի բացատրել, ինչպես Ռ․ Գ․ Բլայսն է բնորոշում, թե ինչ բան է սենտիմենտալությունը․ մենք սենտիմենտալ ենք, երբ որևէ էակի շատ ավելի քնքշանք ենք հատկացնում, քան նրան հատկացրել է աստված։ Եվ ես ավելացրի (ուսուցողաբա՞ր), որ աստված, անշուշտ, սիրում է կատվի ձագերին, սակայն ամենայն հավանականությամբ, առանց ոտքերին կոշիկներ հագցնելու, ինչպես արվում է գունավոր ֆիլմերում։ Այդ գեղարվեստական հանգամանքը նա թողնում է սցենարիստների հայեցողությանը։ Մ֊ն մտածեց, կարծես թե համաձայնեց ինձ հետ, բայց այդ «իմաստությունը» այնքան էլ նրա սրտովը չէր։ Նա նստած՝ գդալով խառնում էր խմիչքը և իրեն օտարացած էր զգում։ Նա տագնապում է, երբ նրա սերն իմ հանդեպ մեկ գալիս է, մեկ գնում, մեկ հայտնվում է, մեկ չքանում։ Նա կասկածում է իր սիրո ռեալությունը միայն այն պատճառով, որ այդ սերը միշտ չէ, որ ուրախ և հաճելի է, ինչպես կատվիկը։ Միայն աստծուն է հայտնի, թե որքան տխուր է դա ինձ համար։ Մարդ ինչպես է կարողանում խոսքով արժեզրկել կյանքում ամեն բան»։


Այսօր ճաշեցի Ֆեդերների տանը։ Շատ համեղ էր։ Հորթի միս, պյուրե, լորի, քացախով և ձիթապտղի յուղով հրաշալի թարմ սալաթ։ Քաղցրը Մյուրիելն ինքն էր պատրաստել․ ինչ֊որ սերուցքով պլոմբիրի նման մի բան, վրան՝ ազնվամորի։ Աչքերս լցվեցին արցունքով։ (Սայգեն գրում է․ «Չգիտեմ ինչու, բայց երախտագիտությունը միշտ զուլալ արցունքի ձևով է հոսում»)։ Ինձ մոտ սեղանին դրել էին մի շիշ կետչուպ։ Հավանաբար Մյուրիելը միսիս Ֆեդերին պատմել էր, որ ես ամեն ինչի վրա կետչուպ եմ լցնում։ Ես պատրաստ եմ շատ բան տալու, միայն թե լսեմ Մյուրիելը ինչպես է մարտականորեն հայտնում իր մայրիկին, թե այո, նա նույնիսկ կանաչ ոլոռի վրա կետչուպ է լցնում։ Իմ սիրելի աղջի՜կ»։
«Ճաշից հետո միսիս Ֆեդերը մեզ ստիպեց լսել այն նույն ռադիոհաղորդումը։ Նրա եռանդը, նրա կլանվելը այդ հաղորդումներով, հատկապես թախիծը այն օրերի հանդեպ, երբ ելույթ էինք ունենում ես ու Բադին, ինձ անհարմար վիճակի մեջ է դնում։ Այսօր երեկոյան ծրագիրը հաղորդում էին ինչ֊որ ծովային բազայից, գրեթե Սան֊Դիեգոյից։ Չափից դուրս շատ մանրախնդիր հարց ու պատասխաններ կային։ Ֆրանիի ձայնը հարբուխային էր։ Զուին թեթևակիորեն ցրված, բայց փայլուն էր։ Հաղորդավարը հարկադրեց նրանց խոսել բնակարանային շինարարության մասին, և Բերժերի փոքրիկ դստրիկը ասաց, թե ինքն ատում է միօրինակ տները․ նա խոսում էր ստանդարտ շենքերի այն երկար շարքերի մասին, որ կառուցում են պլանով։ Զուին ասաց, թե դրանք «շատ լավն են»։ Շատ հետաքրքիր կլիներ, որ գնայիր տուն և պարզվեր, որ դա քո տունը չէ։ Ու սխալմամբ ճաշեիր քեզ անծանոթ մարդկանց հետ, քնեիր ոչ քո մահճակալին և առավոտյան հրաժեշտ տայիր բոլորին, կարծելով, թե դա քո ընտանիքն է։ Նա ասաց, թե ինքը կուզեր նույնիսկ, որ աշխարհում բոլոր մարդիկ իրար նման լինեին։ Այն ժամանակ ամեն մեկը կկարծեր, թե եկողը իր կինն է, իր մայրն է, իր հայրն է, ու մարդիկ միշտ կփարվեին իրար, կհամբուրվեին անվերջ, ու դա շատ լավ կլիներ»։
«Ամբողջ երեկոյան անտանելի երջանիկ էի։ Երբ նստել էինք հյուրասենյակում, ես հիանում էի Մյուրիելի և մոր պարզ ու սովորական փոխհարաբերությամբ։ Դա այնպես գեղեցի՜կ էր։ Նրանք գիտեն մեկմեկու թուլությունները, առանձնապես բարձրաշխարհիկ զրույցի հարցերում, ու հայացքով նշաններ էին անում իրար։ Միսիս Ֆեդերը հայացքով նախազգուշացնում էր Մյուրիելին, եթե նա զրույցի ընթացքում հարկ եղած «գրական» ճաշակը չէր հանդես բերում, իսկ Մյուրիելն իր հերթին հետևում էր, որ մայրը շատ չտարվի պերճախոսությամբ ու երկարաբանությամբ։ Վեճերը հղի չեն մշտական երկպառակության վտանգով, որովհետև նրանք Մայր ու Աղջիկ են։ Դա այնպիսի ցնցող, այնպիսի սքանչելի երևույթ է։ Բայց լինում են պահեր, որ ես նստում եմ հմայվածի պես ու սկսում եմ երազել, որ միսիս Ֆեդերն էլ մասնակցի զրույցին։ Երբեմն դա ինձ անհրաժեշտ է։ Թե չէ, երբ գնում եմ նրանց տուն, ինձ երբեմն թվում է, թե ընկել եմ երկուհոգիանոց մի բարձրաշխարհիկ վանք, որտեղ մշտական անկարգություն է տիրում։ Երբեմն դուրս գալուց առաջ այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես Մ֊ն ու նրա մայրը գրպաններս հազար ու մի տեսակ օծանելիքների սրվակներ, շրթնաներկ ու դիմաներկ են լցրել, մազերի ցանցեր, կրեմներ քրտինքի և այլնի դեմ։ Ես ինձ անսահման պարտավորված եմ զգում, բայց չգիտեմ ինչ անեմ այդ երևակայական շնորհները»։
«Այսօր մեզ միանգամից ազատ չարձակեցին երեկոյան ստուգումից հետո, որովհետև մեկը ձեռքից գցեց հրացանը, երբ մեզ հրահանգում էր եկվոր բրիտանացի գեներալը։ Ես չհասցրի նստել 5,52-ի գնացքը և մի ժամ ուշացա Մյուրիելի հետ հանդիպումից։ Ճաշ՝ չինական ռեստորանում, 58֊րդ փողոցի վրա։ Մյուրիելը գրգռված է, գրեթե ամբողջ ճաշի ընթացքում լաց է լինում, երևում է իսկապես վախեցել է և հուզվել։ Նրա մայրը գտնում է, որ ես մտագար տիպ եմ։ Հավանաբար, նա իմ մասին խոսել է իր հոգեվերլուծուղի հետ, և նա սրա հետ լիովին համաձայն է։ Միսիս Ֆեդերը խնդրել է Մյուրիելին նրբորեն տեղեկանալ՝ մեր ընտանիքում հոգեկան հիվանդներ չկա՞ն արդյոք։ Կարծում եմ, Մյուրիելն այնքան միամիտ է գտնվել, որ պատմել է, թե իմ ձեռքի վրա ինչ սպիներ են։ Իմ խե՜ղճ, հրաշալի փոքրիկ։ Սակայն Մյուրիելի խոսքերից իմացա, որ ոչ թե դա է նրան անհանգստացնում, այլ բոլորովին ուրիշ բան։ Հատկապես երեք բան։ Մեկը ես չեմ էլ հիշատակի․ դա նույնիսկ պատմել հնարավոր չէ։ Մյուսն այն է, որ իմ մեջ անպայման ինչ֊որ աննորմալություն կա, եթե ես մինչև հիմա չեմ գայթակղել Մյուրիելին։ Եվ, վերջապես, երրորդը․ արդեն մի քանի օր է միսիս Ֆեդերը հետևում է իմ խոսքերին․ ես ասել եմ, թե կուզեի լինել սատկած կատու։ Անցյալ շաբաթ նա հարցրեց ինձ, թե ինչ եմ մտադիր անել զինվորական ծառայությունից հետո։ Մտադի՞ր եմ դասավանդել դարձյալ նույն քոլեջում։ Ընդհանրապես վերադառնալո՞ւ եմ մանկավարժական աշխատանքին։ Պատասխանեցի, որ հիմա ինձ թվում է, թե պատերազմը առհասարակ վերջ չի ունենալու և որ միայն մի բան գիտեմ․ եթե խաղաղություն լինի, ես կուզեմ սատկած կատու լինել։ Միսիս Ֆեդերը ենթադրում է, թե ես սրամտեցի։ Նրբորեն սրամտեցի։ Մյուրիելի կարծիքով, նա ինձ նրբաճաշակ բան է համարում։ Նա իմ լուրջ խոսքերը այն կատակներից մեկն է համարել, որին պետք է պատասխանել թեթևակի երաժշտական ծիծաղով։ Իսկ ինձ այդ ծիծաղը մի քիչ շփոթեցրեց։ Ես մոռացա նրան բացատրել, թե ինչ եմ ուզում ասել։ Միայն այսօր երեկոյան բացատրեցի Մյուրիելին, որ Ձեն աղանդի բուդդայական լեգենդում պատմվում է, թե ինչպես մի ուսուցչի հարցրել են՝ ի՞նչն է աշխարհում ամենաարժեքավոր բանը, և նա պատասխանել է՝ սատկած կատուն, որովհետև այն գին չունի։ Մյուրիելը հանգստացավ, բայց ես տեսա, որ նա շտապում է վազել տուն ու հավաստիացնել մորը իմ խոսքերի լիովին անվտանգությունը։ Նա ինձ տաքսիով տարավ կայարան։ Այնքա՜ն սիրալիր էր, տրամադրությունը նկատելիորեն բարձրացավ։ Փորձում էր ինձ ժպտալ սովորեցնել և մատներով ձգում էր շրթունքներս։ Ի՜նչ հրաշալի ծիծաղ ունի նա։ Օ՜, տեր աստված, որքան երջանիկ եմ նրա հետ։ Միայն թե նա էլ ինձ հետ այդպես երջանիկ լիներ։ Ես ամբողջ ժամանակ աշխատում եմ զվարճացնել նրան, կարծեմ, նրան դուր է գալիս իմ դեմքը, ձեռքերը, ծոծրակը, և նա հպարտությամբ է պատմում ընկերուհիներին, որ նշանված է Բիլլի Բլեքի հետ, այն նույն Բլեքի, որ երկար տարիներ ելույթ էր ունենում «Խելացի երեխաներ» ծրագրով։ Իմ կարծիքով, նրան ինձ հետ կապում է մայրական և զուտ կանացի զգացումը։ Բայց ընդհանրապես ես նրան երջանկացնել չեմ կարող։ Տեր աստվա՜ծ, տեր աստվա՜ծ, օգնիր ինձ։ Միակ և բավական տխուր սփափանքս այն է, որ իմ սիրելին անվերապահորեն և հավիտենապես սիրահարված է ամուսնության ինստիտուտին։ Նրա մեջ ապրում է մշտապես սեփական ընտանիք ստեղծելու պարզունակ բնազդը։ Այն, ինչ որ սպասում է նա ամուսնությունից, և՛ անհեթեթ է, և՛ հուզիչ։ Նա կցանկանար, արևառված, գեղեցիկ մոտենալ որևէ հյուրանոցի կլերկին և հարցնել՝ իր Ամուսինը վերցրե՞լ է փոստը։ Նա ուզում է վարագույրներ գնել։ Նա ուզում է զգեստներ գնել «պատճառավոր տիկնոջ համար»։ Նա ուզում է, գիտակցո՞ւմ է այդ բանը, թե ոչ, դուրս գալ հայրական տնից, չնայած մոր հետ կապված լինելուն։ Նա ուզում է շատ երեխաներ ունենալ, գեղեցիկ երեխաներ, նման իրեն և ոչ թե ինձ։ Ինչպես նաև, զգում եմ, որ նա ուզում է ամեն տարի բացել տանածառի զարդարանքների իր տուփը և ոչ թե մոր։


«Այսօր զարմանալիորեն ծիծաղելի նամակ եմ ստացել Բադիից․ նա նոր է ավարտել վերակարգը կամբուզում։ Գրում եմ Մյուրիելի մասին և միշտ մտածում եմ Բադիի մասին։ Բադին կատեր Մյուրիելին այն բանի համար, ինչի համար սա ուզում է ամուսնանալ, ես այդ մասին արդեն գրել եմ։ Բայց մի՞թե, դրա համար կարելի է ատել։ Ինչ֊որ տեսանկյունից, հավանաբար այո, բայց ինձ այդ ամենը այնքան մարդկային, այնքան գեղեցիկ է թվում, որ նույնիսկ հիմա էլ չեմ կարող գրել առանց խորապես, խորապես հուզվելու։ Բադին չէր հավանի նաև Մյուրիելի մայրիկին։ Նա սոսկալի զայրացնում է իր անառարկելիությամբ, իսկ Բադին այդպիսի կանանց տանել չի կարող։ Չգիտեմ, Բադին կհասկանա՞ր, թե նա ինչպիսին է իրականում։ Նա մի մարդ է, որ ընդմիշտ զրկված է ամեն տիպի ըմբռնումից, պոեզիան զգալու ճաշակից։ Հայտնի չէ, նման տիպերն ինչո՞ւ են ապրում աշխարհում։ Իսկ նա ապրում է, վազում է գաստրոնոմները, գնում է իր հոգեվերլուծողի մոտ, ամեն երեկո մի վեպ է կարդում, կորսետ է հագնում, հոգ է տանում Մյուրիելի առողջությանը, նրա բարօրությանը։ Ես սիրում եմ Մյուրիելին։ Ես նրան անսահման քաջարի եմ համարում։


«Ամբողջ վաշտն այսօր արձակուրդ չունի։ Մի ամբողջ ժամ հեռախոսի հերթի եմ կանգնել գրասենյակում, որպեսզի զանգահարեմ Մյուրիելին։ Նա կարծես թե ուրախացավ, որ այդ երեկո չեմ գնալու։ Դա ուրախություն ու հիացմունք է պատճառում ինձ։ Ամեն մի աղջիկ, եթե նույնիսկ իսկապես չցանկանա տվյալ երեկոն իր փեսացուի հետ անցկացնել, հեռախոսով անպայման ափսոսանք կհայտնի։ Իսկ երբ ես Մյուրիելին ասացի, թե չեմ կարող գնալ, նա ուրախությունից միայն բացականչեց՝ «Աա՜։ Ինչպե՜ս եմ պաշտում այդ պարզությունը, նրա անհավատալի ազնվությունը։ Ինչպիսի՜ հույսեր եմ կապում նրա հետ։


«Առավոտյան 3,30 է։ Նստած եմ օրապահությունում։ Շինելը ուսերիս գցեցի պիժամայիս վրայից ու եկա այստեղ։ Հերթապահում է Էլը։ Ասպեզին։ Նա քնել է հատակին։ Կարող եմ նստել այստեղ, եթե նրա փոխարեն ես մոտենամ հեռախոսին։ Ա՜յ թե երեկո էր։ Ճաշին հայտնվեց միսիս Ֆեդերի հոգեվերլուծողը, ընդմիջումներով մինչև տասնմեկն անց կես հարցաքննության ենթարկեց ինձ։ Երբեմն շատ խորամանկորեն, ոչ հիմար ձևով։ Երկու անգամ ես նույնիսկ ենթարկվեցի նրան։ Երևում է նա իմ ու Բադիի հին երկրպագուներից է։ Կարծեմ, նա անձամբ և մասնագիտորեն հետաքրքրվում էր, թե ինչու են ինձ տասնվեց տարեկանում հանել ծրագրից։ Նա ինքը լսել էր Լինքոլնի մասին հաղորդումը, բայց այնպիսի տպավորություն է ստացել, իբր ես հայտարարեմ եմ եթերում, որ Լինքոլնի հետիսբուրգյան ճառը «վնասակար է երեխաների համար»։ Դա ճիշտ չէ։ Ես նրան բացատրեցի, որ ասել եմ, թե երեխաների համար վնասակար է այդ ճառն անգիր անել դպրոցներում։ Նա այնպիսի տպավորություն էր ստացել, իբր ես ասել եմ դա ողորմելի ճառ էր։ Ես նրան բացատրեցի, որ Հետիսբուրգի մոտ սպանվել և վիրավորվել են 51, 112 մարդ, ու եթե որևէ մեկին վիճակված էր ելույթ ունենալ այդ իրադարձության տարելիցի կապակցությամբ, ապա նա պետք է դուրս գար, թափահարեր բռունցքները հավաքվածների վրա ու հեռանար, եթե, իհարկե, հռետորը մինչև վերջ ազնիվ մարդ էր։ Նա ինձ չէր առարկում, բայց կարծես թե որոշեց, որ ես կատարելության ձգտելու կոմպլեքս ունեմ։ Նա երկար և բավական խելացիորեն խոսեց պարզ, անհրապույր կյանքի մասին, այն մասին, թե ինչպես պետք է ընդունել և՛ սեփական, և՛ ուրիշի թուլությունները։ Ես նրա հետ համաձայն եմ, միայն տեսականորեն։ Ես ինքս ամեն տիպի հանդուրժողականություն եմ ցուցաբերելու մինչև կյանքիս վերջը, հիմնվելով այն բանի վրա, որ դա առողջության գրավականն է, որ դա ինչ֊որ խիստ ռեալ, նախանձելի երջանկության գրավականն է։ Իրականում հենց դա Դաոյի ուղին, անշուշտ, ամենաբարձր ուղին։ Բայց խստապահանջ մարդը այդպիսի բարձրունքների հասնելու համար պետք է կտրվի պոեզիայից, քայլի պոեզիայի ետևից։ Որովհետև նա ոչ մի կերպ չի կարող սովորել կամ ստիպել իրեն վերացականորեն սիրել վատ պոեզիան, էլ չեմ ասում այն հավասարեցնել լավին։ Նա հարկադրված կլինի լիովին հրաժարվել պոեզիայից։ Եվ ես ասացի, որ դա անելը շատ դժվար բան է։ Դոկտոր Սիմսը ասաց, թե ես շատ կտրուկ եմ դնում հարցը, այդպես, նրա խոսքերով, կարող է անել նա, ով կատարելության է ձգտում բոլոր հարցերում։ Իսկ մի՞թե ես ժխտում եմ դա»։
«Երևում է միսիս Ֆեդերը տագնապահար պատմել է նրան Շարլոտայի ինը կարերի ծագման մասին։ Հավանաբար, ես չմտածված կերպով այդ վաղուց անցած գնացած դեպքը պատմել եմ Մյուրիելին։ Նա անմիջապես ամեն ինչ տաք֊տաք պատմել է մորը։ Անշուշտ, ես պետք է բողոքեի, բայց չեմ կարող։ Խեղճ Մյուրիելը ինձ լսում է այն դեպքում, երբ ամեն ինչ լսում է և նրա մայրիկը։ Բայց ես մտադիր չէի միստր Սիմսի հետ ծամծմել Շարլոտայի կարերի պատմությունը։ Համենայն դեպս, ոչ վիսկու սեղանի շուրջ»։


«Այսօր կայարանում ես շատ թե քիչ ավելի հաստատուն խոսք տվի Մյուրիելին, որ օրերս կդիմեմ հոգեվերլուծողի։ Սիմսը ասում էր, որ մեր բազայում հրաշալի բժիշկ կա։ Հավանաբար, նա ու միսիս Ֆեդերը հաճախ են այդ թեմայով կոնֆերանսներ ունենում։ Եվ ինչո՞ւ դա ինձ չի զայրացնում։ Չի զայրացնում, ինչ կարող ես անել։ Շատ տարօրինակ է։ Ընդհակառակը, դա մի տեսակ տաքացնում է ինձ, չգիտեմ ինչու։ Նույնիսկ հումորիստական ամսագրերի ավանդական զոքանչների հանդեպ ես աղոտ համակրանք եմ զգում։ Համենայն դեպս, ես ոչնչով չեմ տուժի հոգեվերլուծողի մոտ գնալով։ Մանավանդ, այստեղ, բանակում, դա ձրի է։ Մ֊ն սիրում է ինձ, բայց երբեք իսկական մտերմություն չի զգա, երբեք ինձ հետ յուրայինի նման չի լինի, տնավարի, թեթևամիտ, մինչև որ «թեթևակիորեն ինձ չմաքրեն»։
«Բայց եթե ես երբևէ դիմեմ հոգեվերլուծողի, ապա տա աստված, որ նա նախապես կոնսուլտացիայի հրավիրած լինի մաշկագետի։ Ձեռքերի հիվանդությունների մասնագետի։ Իմ ձեռքերի վրա որոշ մարդկանց շփումից հետքեր են մնում։ Մի անգամ զբոսայգում, երբ Ֆրանիին դեռ սայլակով էինք ման ածում, ես ձեռքս դրեցի նրա մազապատ գլխին, ու երևում է, բավական երկար պահեցի։ Մի ուրիշ անգամ էլ Զուիի հետ կինո էի գնացել Յոթանասուներկուերորդ փողոցի վրա, սարսափելի ֆիլմ էր ցուցադրվում։ Զուին յոթ տարեկան էր և թաքնվել էր աթոռի տակ, որպեսզի չտեսնի սոսկալի տեսարանը։ Ես ձեռքս դրել էի նրա գլխին։ Որոշ գլուխներից, որոշակի գույնի և որոշակի ֆակտուրայի մազերից իմ ձեռքի վրա ընդմիշտ հետքեր են մնում։ Եվ ոչ միայն մազերից։ Մի անգամ Շարլոտան փախչում էր ինձնից, ― դա ստուդիայի մոտերքում էր, ― ու ես բռնեցի նրա զգեստից, որպեսզի նա չփախչի, չհեռանա ինձնից։ Զգեստը բաց դեղնագույն էր, չթե, ինձ այն դուր էր գալիս, որովհետև կարված էր նրա վրայով։ Ու մինչև հիմա իմ աջ ափի մեջ բաց դեղնավուն բիծ է մնացել։ Տեր աստվա՜ծ, եթե ես իսկապես ինչ֊որ կլինիկական տիպ եմ, ապա, հավանաբար, խելացնոր եմ հակառակ իմաստով։ Ես ենթադրում եմ, որ մարդիկ խոսքները մեկ են արել, որպեսզի ես երջանիկ լինեմ։


Հիշում եմ, ինչպես ծածկեցի օրագիրը, նույնիսկ շրխկացրի «երջանիկ» բառի վրա։ Որոշ ժամանակ նստել էի, օրագիրը թևիս տակ դրած, մինչև որ բավական անհարմարություն զգացի վաննայի եզրին երկար նստելուց։ Ելա տեղիցս այնպես տաքացած, ասես վաննայից էի դուրս գալիս, ոչ թե պարզապես եզրին նստած էի եղել։ Մոտեցա կեղտոտ սպիտակեղենով լեցուն կողովին, բարձրացրի կափարիչը և գրեթե կատաղությամբ տառացիորեն այնտեղ նետեցի Սիմորի օրագիրը, կեղտոտ սավանների ու բարձի երեսների մեջ։ Հետո առավել գործնական մտքերի բացակայության հետևանքով նորից նստեցի վաննայի եզրին։ Մի պահ նայեցի դեղարկղիկի հայելուն, կարդալով Բու֊Բուի ուղերձը, հետո վեր կացա ու դուրս գալով լոգարանից, այնպես շրխկացրի դուռը, ասես հնարավոր էր ընդմիշտ փակել այդ շինությունը։
Հաջորդ էտապը խոհանոցն էր։ Բարեբախտաբար խոհանոցի դուռը բացվում էր միջանցքի վրա, և ես կարող էի մտնել այնտեղ առանց հյուրերի երեսը տեսնելու։ Մտնելով խոհանոց և ծածկելով դուռը՝ հանեցի բաճկոնս, այսինքն՝ գիմնաստյորկաս, ու նետեցի ողորկ սեղանի վրա։ Կարծես ամողջ եռանդս գնաց գիմնաստյորկաս հանելու վրա, և ես միայն շապիկով կանգնեցի կոկտեյլ պատրաստելու հերկուլեսյան սխրանքի առջև։ Հետո կտրուկ շարժումով, ասես մեկը հետևում էր ինձ պատի մեջ փորված անտեսանելի անցքից, բացեցի պահարանն ու սառնարանը՝ «Թոմ Կոլինզ» կոկտեյլի անհրաժեշտ բաղադրամասերը որոնելու։ Պարզվեց ամեն ինչ կա ձեռքի տակ, լիմոնի փոխարեն նարինջ գտա, և շուտով պատրաստ էր մի ամբողջ սափոր բավական թունդ խմիչք։ Ես պահարանից հինգ բաժակ հանեցի ու սկսեցի որոնել մատուցարանը։ Իսկ մատուցարան որոնելը բարդ գործ է, ու ես այնքան փնտրեցի, որ վերջում արդեն հազիվ լսելի տնքոցով էի բացում և փակում զանազան պահարաններն ու պահարանիկները։ Բայց այն պահին, երբ, բաճկոնը արդեն հագիս, սափորն ու բաժակները մատուցարանի վրա՝ դուրս էի գալիս խոհանոցից, ասես գլխիս վերևում երևակայական էլեկտրական լամպ վառվեց, ծաղրանկարներում այդպես են պատկերում, որ իբր հերոսի գլխում փայլուն միտք ծագեց։ Մատուցարանը դրի հատակին։ Վերադարձա խմիչքներով լի պահարանիկի մոտ ու ձեռքս առա վիսկու կիսատ շիշը։ Վերցրի բաժակն ու վիսկի լցրի ինձ համար, թերևս, անզգուշաբար, չորս մատ բարձրությամբ։ Մի ակնթարթային, թեկուզև կշտամբալից հայացք գցելով բաժակի վրա, ես, որպես կովբոյական ֆիլմերի թրծված հերոս, միանգամից գլխիս քաշեցի։ Ճիշտն ասեմ, որ մինչև հիմա էլ առանց ցնցվելու չեմ կարողանում հիշել այդ բանը։ Իհարկե, ես ընդամենը քսաներեք տարեկան էի, և վարվեցի այնպես, ինչպես իմ փոխարեն կվարվեր ուզածդ քսաներեք տարեկան վիթխարահասակ տխմարը։ Բայց կարևորը բոլորովին էլ դա չէ։ Կարևորն այն է, որ ես, ինչպես ասում են, խմող չեմ։ Մի ունցիա վիսկուց կամ սիրտս տակնուվրա է լինում, կամ սկսում եմ ներկաների մեջ հերետիկներ որոնել։ Պատահել է, որ երկու ունցիայից ես մեռածի պես ընկել եմ։
Բայց այս օրը, մեղմ ասած, սովորական օր չէր, ու հիշում եմ, երբ մատուցարանը վերցրի ու դուրս եկա խոհանոցից, իմ մեջ ոչ մի նշանակալից ձևափոխություն չնկատեցի։ Թվում էր միայն, որ տվյալ սուբյեկտի ստամոքսում գերբնական ջերմություն էր արտադրվում ու վերջ։
Երբ մատուցարանը տարա սենյակ, ոչ մի արտակարգ փոփոխություն չնկատեցի նաև հյուրերի վարմունքի մեջ, բացի մի ոգևորիչ փաստից, որ հարսի հոր հորեղբայրը միացել էր նրանց։ Նա սուզվել էր խոր բազկաթոռի մեջ, որ մի ժամանակ իմ հանգուցյալ բուլդոգի սիրված տեղն էր։ Նրա փոքրիկ ոտքերը խաչաձևված էին, մազերը կոկած, դարձածալի վրայի յուղոտ բիծը նույն ձևով երևում էր և, ― ով հրաշքների հրաշք, ― նրա սիգարը ծխում էր։ Մենք միմյանց ողջունեցինք է՛լ ավելի ջերմորեն, քան սովորաբար, ասես մեր պարբերաբար բաժանումները խիստ երկարատև լինեին և դրանց դիմանալն անիմաստ։
Լեյտենանտը դեռևս կանգնած էր գրադարակների մոտ։ Նա ինչ֊որ գիրք էր թերթում և, երևում է, լիովին կլանված էր դրանով (ես այդպես էլ չիմացա, թե ինչ գիրք էր)։ Միսիս Սիլսբերնը արդեն որոշակիորեն գտել էր իրեն, նրա տեսքը թարմ էր, իսկ գրիմի հաստ շերտը նորից էր քսված։ Նա նստել էր թախտին, հարսի հորեղբորից հեռու քաշված։ Ամսագիր էր թերթում։
― Օ՜, ինչ սքանչելի բան, ― ասաց նա «հյուրի» ձայնով, տեսնելով մատուցարանը, որ ես հենց նոր դրել էի սեղանին։ Նա ժպտաց ինձ բարձրաշխարհիկ սիրալիրությամբ։
― Շատ քիչ եմ լցրել ջինը, ― ասացի ես՝ խառնելով սափորի միջի խմիչքը։
― Այստեղ այնպես զովացել է, այնպես հաճելի է դարձել, ― ասաց միսիս Սիլսբերնը։ ― Ի դեպ, կարելի՞ է ձեզ մի հարց տալ։
Եվ նա մի կողմ դրեց ամսագիրը, վեր կացավ և, շրջանցելով թախտը, մոտեցավ գրասեղանին։ Բարձրացնելով ձեռքը՝ նա մատի ծայրը դրեց մի լուսանկարի վրա։ ― Ո՞վ է այս հիասքանչ երեխան, ― հարցրեց նա։
Որակավորված օդի համաչափ ու անընդմեջ ազդեցության տակ թարմ շպարված գրիմով նա այլևս չէր նմանվում մոլորված երեխայի, ինչպիսին թվում էր բարկ արևի տակ, սրճարանի դռանը, Յոթանասուներորդ փողոցում։ Այժմ նա ինձ հետ խոսում էր զուսպ հրաշագեղությամբ, որը բնորոշ էր նրան, երբ մեքենա էինք նստում հարսի տատի տան մոտ, այն ժամանակ էր, որ նա հարցրեց, թե ես արդյոք Դիքի Բրիգանզան չե՞մ։
Ես դադարեցի կոկտեյլը խառնելուց և մոտեցա նրան։ Նա իր լաքած եղունգը սեղմել էր մի լուսանկարի, ավելի ճիշտ 1929 թվականին ռադիոյով ելույթ ունեցող խմբից մի աղջկա վրա։ Մենք յոթով նստած էինք կլոր սեղանի շուրջը, յուրաքանչյուրիս առջև մի միկրոֆոն կար դրված։
― Կյանքումս այսպիսի հմայիչ երեխա չեմ տեսել, ― ասաց միսիս Սիլսբերնը։ ― Գիտե՞ք մի քիչ ում է նման։ Հատկապես աչուկներն ու բերանիկը։
Հենց այդ պահին վիսկին, ոչ ամբողջը, այլ մի մասը միայն, սկսեց ազդել ինձ վրա, և ես քիչ էր մնում պատասխանեի․ «Դիքի Բրիգանզային», ― սակայն բնազդական զգուշությունս հաղթեց։ Ես գլխով արեցի և տվի այն կինոդերասանուհու ազգանունը, որի մասին հարսի ընկերուհին շատ էր հիշատակել, վիրաբուժական ինը կարերի կապակցությամբ։
Միսիս Սիլսբերնը զարմանքով նայեց ինձ․ ― Մի՞թե նա էլ էր մասնակցում «Խելացի երեխաներ» հաղորդմանը։
― Դե, իհարկե։ Երկու տարի շարունակ։ Տեր իմ աստված, իհարկե, մասնակցում էր։ Միայն թե իր իսկական ազգանունով՝ Շարլոտա Մեյհյու։
Այժմ լեյտենանտն էլ կանգնեց իմ ետևում ու սկսեց նայել լուսանկարին։ Լսելով Շարլոտայի թատերական ծածկանունը՝ նա հեռացավ գրադարակից, որպեսզի նայի լուսանկարը։
― Բայց ես չգիտեի, որ նա մանկության տարիներին՝ հանդես է եկել ռադիոյով, ― ասաց միսիս Սիլսբերնը։ ― Բոլորովին չգիտեի։ ― Մի՞թե նա երեխա ժամանակ էլ այդպես շնորհալի էր։
― Չէ, նա ավելի շատ չարաճճիություններ էր անում, բայց հիմիկվանից վատ չէր երգում։ Եվ հետո զարմանալիորեն կարողանում էր ոգեշնչել բոլորին։ Սովորաբար նստում էր իմ եղբայր Սիմորի կողքին, միկրոֆոնով սեղանի մոտ, ու հենց որ նրան դուր էր գալիս եղբորս տված որևէ ռեպլիկը, սեղմում էր եղբորս ոտքը։ Ինչպես ասենք ձեռքն են սեղմում, միայն թե նա ոտքն էր սեղմում։
Այդ համառոտ զեկույցի ընթացքում ես հենվել էի գրասեղանի մոտ դրված աթոռի թիկնակին։ Բայց հանկարծ ձեռքերս սահեցին, ինչպես երբեմն արմունկդ է սահում սեղանին կամ բարի վաճառասեղանին հենված ժամանակ։ Քիչ էր մնում հավասարակշռությունս կորցնեի, բայց անմիջապես ուղղվեցի, և ո՛չ միսիս Սիլսբերնը, ո՛չ լեյտենանտը ոչինչ չնկատեցին։ Ես ձեռքերս խաչեցի կրծքիս։
Պատահել է, որ երեկոները, երբ Սիմորը առանձնապես ոգեշնչված էր լինում, նույնիսկ կաղալով էր տուն գալիս։ Ազնիվ խոսք։ Շարլոտան ոչ թե հենց այնպես սեղմում էր ոտքը, երբեմն նա ամբողջ ուժով տրորում էր նրա ոտքի մատները։ Սիմորը սիրում էր, որ տրորում են իր ոտքը, նա սիրում էր չարաճճի երեխաներին։
― Ախ, որքա՜ն հետաքրքիր է, ― ասաց միսիս Սիլսբերնը։ ― Բայց ես գաղափար անգամ չեմ ունեցել, որ նա էլ է մասնակցել ռադիոհաղորդումներին։
― Սիմորը նրան ընդգրկեց, ― ասացի ես։ ― Նա ոսկրաբանի աղջիկ էր, ապրում էին մեր շենքում, Ռիվերսայդ֊Դրայվում։ ― Ես կրկին հենվեցի աթոռի թիկնակին և ամբողջ ծանրությամբ ընկա նրա վրա մասամբ հավասարակշռությունս պահպանելու համար, մասամբ էլ, որպեսզի այգու ցանկապատի մոտ կանգնած հին երազողի կեցվածք ընդունեմ։ Ձայնս զարմանալիորեն դուր էր գալիս ինձ։
― Մի անգամ մենք գնդակ էինք խաղում․․․ Ձեզ հետաքրքրո՞ւմ է։
― Այո, ― ասաց միսիս Սիլսբերնը։
― Մի անգամ դասերից հետո ես ու Սիմոնը գնդակը տշում էինք տան պատին, և մեկ էլ ինչ֊որ մեկը (հետո պարզվեց, որ դա Շարլոտան է) սկսեց մարմարե գնդիկներ նետել մեզ վրա տասներկուերորդ հարկից։ Այսպես էլ ծանոթացանք։ Հենց այդ շաբաթ էլ բերինք նրան ռադիո։ Նույնիսկ չգիտեինք, որ նա երգում է։ Մեզ պարզապես դուր էր գալիս նրա հրաշալի նյույորքյան խոսվածքը։ Նա խոսում էր Լիկման սթրիտի բնակիչների առոգանությամբ։
Միսիս Սիլսբերնը ծիծաղեց այն երաժշտական ծիծաղով, որը տեղնուտեղը սպանում է ուզածդ զգայուն պատմողին, և՛ ապակու պես սթափ մարդուն, և՛ ոչ սթափին։ Հավանաբար, նա սպասում էր, որ ես ավարտեմ խոսքս․ շտապում էր լեյտենանտին հարցնել իրեն տանջող մի բան։
― Ասացեք, ո՞ւմ է նման նա, ― հարցրեց համառորեն։ ― հատկապես բերանն ու աչքերը։ Ո՞ւմ է հիշեցնում։
Լեյտենանտը նայեց նրան, ապա լուսանկարին․ ― Դուք ուզում եք ասել ա՞յս լուսանկարում, երեխա ժամանա՞կ, թե հիմա, կինոյում։ Ինչի՞ մասին է խոսքը։
Թերևս և՛ հիմա, և՛ այն ժամանակ։ Բայց հատկապես այս լուսանկարում։
Լեյտենանտը լուսանկարին նայեց բավական խստությամբ, ինչպես ինձ թվաց, ասես ոչ մի կերպ չէր հաշտվում, որ միսիս Սիլսբերնը, կին, այն էլ ոչ զինվորական, ստիպում էր իրեն ուսումնասիրել մի լուսանկար։
― Մյուրիելին, ― ասաց նա հատ֊հատ, ― այստեղ նման է Մյուրիելին։ Ե՛վ մազերը, և՛ ամեն ինչը։
― Այ ճիշտ է, ― ասաց միսիս Սիլսբերնը։ Նա դարձավ իմ կողմը։ ― Այո, ճիշտ և ճիշտ նրան, ― կրկնեց նա։ ― Դուք ծանո՞թ եք Մյուրիելին։ Ուզում եմ ասել, նրան տեսե՞լ եք այսպիսի սանրվածքով, գիտե՞ք, մազերը ամրացված այսպիսի շքեղ․․․
― Առաջին անգամ միայն այսօր տեսա Մյուրիելին, ― ասացի ես։
― Այդ դեպքում պարզապես հավատացեք ինձ, ― և միսիս Սիլսբերնը ցուցամատով բազմանշանակորեն տկտկացրեց լուսանակարին։ ― Այդ աղջիկը կարող էր լինել Մյուրիելի կրկնօրինակը այն տարիներին։ Ինչպես ջրի երկու կաթիլ։
Վիսկին համառորեն հաղթում էր ինձ, և ես ոչ մի կերպ չէի կարողանում լիովին ըմբռնել այդ ինֆորմացիան և, իհարկե, չէի կարող նախագուշակել դրանից արվող բոլոր հնարավոր եզրակացությունները։ Վերջապես սեղանի մոտ, խիստ ջանք թափելով, որպեսզի ուղիղ քայլեմ, ես նորից սկսեցի խառնել կոկտեյլը։ Երբ հայտնվեցի հարսի հոր հորեղբոր կողքին, նա, ջանալով գրավել իմ ուշադրությունը, ողջունեց իմ մոտենալը, բայց ես այնքան զբաղված էի Մյուրիելի ու Շարլոտայի նմանության մասին արված ենթադրությամբ, որ չպատասխանեցի նրան։ Բացի այդ, գլուխս թեթևակի պտտվում էր։ Կոկտեյլը խառնելու անզուսպ ցանկություն էր արթնացել իմ մեջ։
Երկու րոպե անց, երբ սկսեցի լցնել խմիչքը, միսիս Սիլսբերնը նորից դիմեց ինձ հարցով։ Նա ուղղակի երգեց, այնքան որ երաժշտական հնչեց նրա ձայնը։
― Ասացեք, իսկ շատ֊շա՞տ վատ կլինի իմ կողմից, եթե հարցնեմ այն դեպքի մասին, որ հիշատակեց միսիս Բերվիկը։ Ես այն ինը կարերի մասին եմ ասում, հիշո՞ւմ եք, նա պատմում էր։ Ձեր եղբայրը, հավանաբար, պատահմամբ է հրել նրան։
Ես ցած դրի սափորը, որը ինձ շատ ծանր ու անհարմար թվաց, ու նայեցի միսիս Սիլսբերնին։ Որքան էլ տարօրինակ լինի, չնայած թեթևակի գլխապտույտին, ես զգացի, որ նույնիսկ հեռավոր իրերը բոլորովին չեն մշուշվում աչքիս։ Ընդհակառակը, միսիս Սիլսբերնը, որ կանգնած էր սենյակի կենտրոնում, աներեսաբար, ասես ֆոկուսի մեջ առնված, առանձնանում էր շրջապատող ամեն ինչից։
― Ո՞վ է միսիս Բերվիկը, ― հարցրի ես։
― Իմ կինը, ― պատասխանեց լեյտենանտը մի քիչ կցկտուր․ նա ինձ նայում էր ինչպես մի հոգուց բաղկացած հանձնաժողով, որ կոչված է ստուգելու, թե ինչո՞ւմ եմ այդպես դանդաղ լցնում կոկտեյլը։
― Այո, այո, իհարկե, ― ասացի ես։
― Ի՞նչ բան էր դա, դժբախտ դե՞պք, ― պնդեց միսիս Սիլսբերնը։ ― Չէ՞ որ նա դիտմամբ չի խփել։ Թ՞ե դիտմամբ է․․․
― Ինչպիսի՜ հիմարություն, միսիս Սիլսբերն։
― Ի՞նչ ասացիք, ― սառը նետեց նա։
― Ներեցեք։ Ուշադրություն մի՛ դարձրեք։ Ես մի քիչ հարբել եմ։ Խոհանոցում մի քիչ խմեցի, հինգ րոպե առաջ։
Հանկարծ ընդհատեցի խոսքս ու կտրուկ շուռ եկա։ Միջանցքում ծանոթ վճռական քայլերից ճռճռաց գորգածածկ հատակը։ Քայլերը նպատակասլացորեն գալիս, մոտենում էին մեզ, ու մի րոպե անց հարսի ընկերուհին ներս ընկավ սենյակ։
Նա չնայեց ոչ մեկին․ ― Վերջապես հաջողվեց զանգել, ― ասաց նա զարմանալիորեն միապաղաղ ձայնով, առանց որևէ ճնշումի, ― գրեթե մի ժամ փորձում էի։ ― Նրա դեմքը լարվել էր, կարմրատակել, ասես ուր որ է պայթելու էր։ ― Սա՞ռն է, ― հարցրեց նա և առանց կանգ առնելու, չապասելով պատասխանի, մոտեցավ սեղանին։ Վերցրեց այն միակ բաժակը, որ հասցրել էի լցնել, և ագահաբար, միանգամից խմեց։ ― Կյանքումս այդպիսի շոգ սենյակում չեմ եղել, ― ասաց նա, առանց որևէ մեկին դիմելու և դատարկ բաժակը դնելով սեղանին։ Նա անմիջապես էլ վերցրեց սափորը և նորից կիսով չափ լցրեց՝ ուժգին զնգզնգացնելով սառույցի կտորները։
Միսիս Սիլսբերնը անմիջապես հայտնվեց սեղանի մոտ։ ― Ի՞նչ ասացին, ― անհամբեր հարցրեց նա։ ― Դուք Ռեայի հե՞տ խոսեցիք։
Հարսի ընկերուհին նախ խմեց, բաժակը ցած դրեց, հետո ասաց․ ― Բոլորի հետ էլ խոսեցի։ ― Եվ «Բոլորի հետ» բառերն ընդգծեց, թեև առանց իրեն հատուկ թատերայնության։ Նայելով նախ՝ միսիս Սիլսբերնին, ապա՝ ինձ, և հետո՝ լեյտենանտին, նա ավելացրեց․
― Կարող եք հանգստանալ, ամեն ինչ լավ է և բարեհաջող։
― Ի՞նչ է նշանակում դա։ Ի՞նչ է պատահել, ― խստորեն հարցրեց միսիս Սիլսբերին։
― Նշանակում է, որ փեսան այլևս չի տառապում երջանկությունից։
Հարսի ընկերուհու ձայնի մեջ կրկին սովորական շեշտեր հայտնվեցին։
― Այդ ինչպե՞ս։ Այդ ո՞ւմ հետ խոսեցիր, ― հարցրեց լեյտենանտը։ ― Դու միսիս Ֆեդերի հե՞տ ես խոսել։
― Ասացի, չէ՞, որ բոլորի հետ էլ խոսել եմ։ Բոլորի հետ, բացի հիասքանչ հարսից։ Նա փախել է փեսայի հետ։
Հարսի ընկերուհին նայեց ինձ․ ― Այս ինչքա՜ն շաքար եք լցրել մեջը, ― զայրույթով հարցրեց նա։ ― Այնպիսի համ ունի, ասես․․․
― Փախե՜լ է, ― հառաչեց մսիս Սիլսբերնը՝ ձեռքերը սեղմելով կրծքին։
Հարսի ընկերուհին միայն նայեց նրան։ ― Իսկ ձե՞զ ինչ։ Մի՛ հուզվեք, ավելի երկար կապրեք։
Միսիս Սիլսբերնը ակամա ետ գնաց դեպի թախտը։ Ես էլ ի դեպ ետ քաշվեցի։ Հայացքս չէի կտրում հարսի ընկերուհուց, միսիս Սիլսբերնը նույնպես ակնդետ նրան էր նայում։
― Երևում է, այդ փեսան նստած է եղել նրանց տանը, երբ սրանք գնացել են տուն։ Մյուրիելը հանկարծ վերցրել է ճամպրուկը, և նրանք անմիջապես մեկնել են, ահա և բոլորը։ ― Հարսի ընկերուհին պերճախոս թոթվեց ուսերը։ Վերցնելով բաժակը՝ նա խմեց մինչև վերջ։ ― Համենայն դեպս, բոլորիս հրավիրում են հարսանիքի, կամ ինչպես է կոչվում դա, երբ հարսն ու փեսան փախչում են։ Որքան որ հասկացա, հիմա այնտեղ մեծ բազմություն կա։ Եվ հեռախոսով բոլորի ձայներն էլ շատ ուրախ էին։
― Ասում ես խոսեցիր միսիս Ֆեդերի՞ հետ։ Նա քեզ ի՞նչ ասաց, ― հարցրեց լեյտենանտը։
Հարսի ընկերուհին բավական խորհրդավոր ձևով տարուբերեց գլուխը։ ― Նա սքանչելի է։ Տեր աստվա՜ծ, ինչպիսի՜ կին է։ Խոսում էր միանգամայն հանգիստ ձայնով։ Որքան հասկացա նրա խոսքերից, այդ Սիմորը խոստացել է խորհրդակցել հոգեվերլուծողի հետ, որպեսզի մի տեսակ ուղղվի։
Նա կրկին թոթվեց ուսերը․ ― Ո՞վ է իմանում։ Գուցեև ամեն ինչ հարթվում է։ Ես ուղղակի շշմել եմ, չեմ կարողանում մտածել։ ― Նա նայեց ամուսնուն․ ― Գնանք այստեղից։ Ո՞ւր է քո գլխարկը։
Դեռ ուշքի չէի եկել, որ հարսի ընկերուհին, լեյտենանտը և միսիս Սիլսբերնը իրար ետևից գնացին դեպի ելքը, իսկ ես, տանտերս, վերջափակում էի երթը։ Ես արդեն շատ էի օրորվում, բայց ոչ մեկը ետ չնայեց, դրա համար էլ չնկատեցին, թե ինչ վիճակում եմ գտնվում։
Լսեցի, թե ինչպես միսիս Սիլսբերնը հարցրեց հարսի ընկերուհուն․ ― Դուք գնալո՞ւ եք այնտեղ։
― Ճիշտն ասած, չգիտեմ, ― լսեցի պատասխանը։ ― Եթե գնանք էլ, ապա մի երկու րոպեով։
Լեյտենանտը կանչեց վերելակը, և երեքն էլ քարե արձանի պես հայացքները հառեցին ցուցանակին։ Թվում էր, թե բառերն ավելորդ են։ Ես կանգնել էի բնակարանի շեմքին, վերելակից մի քանի քայլի վրա, ու անիմաստ ձևով առաջ էի նայում։
Վերելակի դուռը բացվեց, ես բարձր կանչեցի․ «Ցտեսություն», ու երեքն էլ միանգամից շրջեցին գլուխները․ «Ցտեսություն, ցտեսություն», ― ասացին նրանք, իսկ հարսի ընկերուհին կանչեց․ «Շնորհակալություն հյուրասիրության համար», ու դուռը փակվեց։


Անհաստատ քայլերով ես վերադարձա իմ բնակարանը՝ ջանալով քայլելիս արձակել բաճկոնիս կոճակները կամ մի կերպ հանել այն։
Իմ վերադարձը ոգևորությամբ ողջունեց մնացած միակ հյուրս․ ես բոլորովին մոռացել էի նրա մասին։ Երբ ներս մտա, նա ինձ դիմավորեց լիքը բաժակով։ Ավելին, նա թափահարում էր բաժակը, միաժամանակ գլխով իմ կողմը ցույց տալով և քմծիծաղելով, ասես, վրա հասավ այն երկար սպասված երջանիկ վայրկյանը, որին այնպես սպասում էինք մենք։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում նրան պատասխանել նույնպիսի ժպիտով։ Սակայն հիշում եմ, որ թփթփացրի ուսին։ Հետո ծանրորեն նստեցի թախտին, նրա դիմաց, և վերջապես ինձ հաջողվեց արձակել կոճակներս։
― Իսկ դուք տուն ունե՞ք, ― հարցրի ես նրան։ ― Ո՞վ է խնամում ձեզ։ Զբոսայգու աղավնինե՞րը, ինչ է։
Ի պատասխան իմ այդքան պրովոկացիոն հարցի, հյուրս կրկին արտակարգ որևորությամբ բաժակ բարձրացրեց իմ պատվին, բռնելով այնպես, ասես դա գարեջրի գավաթ էր։ Ես փակեցի աչքերս և պառկեցի թախտին՝ ոտքերս ցցելով ու մեկնվելով։ Բայց դրանից սենյակը պտտվեց կարուսելի նման։ Կրկին նստեցի, թափով ոտքերս իջեցրի հատակին և կտրուկ շարժումից քիչ մնաց կորցնեմ հավասարակշռությունս․ հարկ եղավ բռնել սեղանից, որպեսզի չընկնեմ։ Մի պահ ես նստել էի կռացած, աչքերս փակ։ Հետո, առանց վեր կենալու, ձեռքս մեկնեցի սափորին, սառցի խորանարդիկներով լի խմիչքը թափթփելով սեղանին և հատակին։ Ես մի քիչ նստեցի բաժակը ձեռքիս, ապա, առանց մի կում անելու, դրեցի ուղիղ սեղանի կենտրոնում առաջացած լճակի մեջ։
― Պատմե՞մ ձեզ, թե Շարլոտայի ինը կարերն ինչպես են առաջացել, ― հարցրի ես հանկարծ։ Ինձ թվաց, թե ձայնս միանգամայն կանոնավոր է հնչում։ ― Մենք ապրում էինք լճի մոտ։ Սիմորը նամակ գրեց Շարլոտային, հրավիրեց նրան մեզ մոտ հյուր, և, վերջապես, նրա մայրը թույլ տվեց։ Եվ ահա նա մի անգամ նստել էր ճամփի մեջտեղը, շոյում էր մեր Բու֊Բուի կատվիկին, իսկ Սիմորը քար նետեց նրա վրա։ Սիմորը տասներկու տարեկան էր։ Ահա և բոլորը։ Իսկ նա քար նետեց, որովհետև Շարլոտան այդ կատվիկի հետ ճանապարհի վրա շատ լավիկն էր։ Եվ բոլորն էլ հասկացան այդ բանը, գրողը տանի ինձ, և՛ ես, և՛ Շարլոտան ինքը, և՛ Բու֊Բուն, և՛ Ուեյքերը, և՛ Ուոլթը, ամբողջ ընտանիքը։
Ես աչքս գցեցի կապույտ մոխրամանին, որ դրված էր սեղանի վրա։
― Շարլոտան կյանքում ոչ մի անգամ նրան չի հիշեցրել այդ բանը։ Ո՛չ մի անգամ։
Նայեցի հյուսիս, ասես սպասելով, որ նա կսկսի առարկել, ինձ ստախոս կկոչի։ Իհարկե, ստում էի։ Շարլոտան այդպես էլ չհասկացավ, թե Սիմորն ինչու քարով խփեց իրեն։ Բայց իմ հյուրը ոչինչ չէր վիճարկում։ Ընդհակառակը։ Նա ժպիտով հավանություն էր տալիս ինձ, կարծես թե ասածս ամեն մի խոսքը նրա համար անառարկելի ճշմարտություն էր։ Այնուամենայնիվ, ես ելա ու դուրս եկա սենյակից։ Հիշում եմ, որ գնալիս, քիչ էր մնում վերադառնամ և հատակից վերցնեմ սառույցի երկու խորանարդիկները, բայց դա այնքան դժվար թվաց, որ շարունակեցի ճանապարհս և դուրս եկա միջանցք։ Անցնելով խոհանոցի մոտից, ես հանեցի, ավելի ճիշտ վրայիցս պոկեցի բաճկոնս ու նետեցի հատակին։ Այդ պահին ինձ թվում էր, թե ճիշտ այդտեղ եմ դրել հագուստներս ամբողջ կյանքիս ընթացքում։
Լոգարանում մի քիչ կանգնեցի սպիտակեղենի զամբյուղի մոտ․ վերցնե՞մ, թե չվերցնեմ Սիմորի օրագիրը, շարունակե՞մ կարդալ, թե չէ։ Չեմ հիշում, ինչպիսի փաստարկներ էի բերում «հօգուտ» ընթերցման և ինչպիսի՝ դեմ, բայց ի վերջո բացեցի զամբյուղը և օրագիրը հանեցի։ Նորից ձեռքս առած նստեցի վաննայի եզրին ու սկսեցի թերթել մինչև հասա Սիմորի վերջին գրառմանը։
«Զինվորներից մեկը հենց նոր կրկին զանգահարեց օդանավակայանի տեղեկատուին։ Եթե եղանակը շարունակի պարզել, լուսադեմին մենք կարող ենք թռչել։ Օպենհեյմն ասաց․ հարկ չկա նստել, ինչպես ասեղների վրա։ Զանգահարեցի Մյուրիելին, ամեն ինչ բացատրեցի։ Շատ տարօրինակ էր։ Նա մոտեցել էր հեռախոսին և անընդհատ մի բան էր ասում․ «Ալլո՛, ալլո՛»։ Իսկ իմ ձայնը կտրվել էր։ Քիչ էր մնում նա կախի լսափողը։ Գոնե մի քիչ հանգստանայի։ Օպենհեյմը որոշեց մի քիչ քնել, մինչև որ հայտարարեն մեր երթուղին։ Ինձ էլ է անհրաժեշտ քնել, բայց ես շատ եմ լարված։ Ես հիմնականում զանգահարեցի Մյուրիելին, որպեսզի խնդրեմ, աղերսեմ նրան պարզապես երկուսով գնանք մի որևէ տեղ և պսակվենք։ Ես շատ եմ լարվել ու հոգնել, այնպես որ չեմ կարող մարդկանց մեջ երևալ։ Ինձ թվում է, թե հիմա իմ երկրորդ ծնունդն է։ Սուրբ, սրբազան օր։ Այնքան վատ էր լսվում, ես էլ հազվադեպ էի կարողանում խոսել, երբ մեզ միացրին։ Ի՜նչ սարսափելի է, երբ ասում ես՝ ես քեզ սիրում եմ, իսկ մյուս ծայրից ի պատասխան գոռում են՝ «ի՞նչ, ի՞նչ»։ Ամբողջ օրը հատվածներ եմ կարդացել Վեդանտից։ «Ամուսնացողները պետք է ծառայեն մեկմեկու։ Բարձրացնեն, աջակցեն, սովորեցնեն, ամրապնդեն մեկը մյուսին, բայց ամենից շատ ծառայեն մեկը մյուսին։ Երեխաներին դաստիարակեն ազնվորեն, սիրով ու խնամքով։ Երեխան հյուր է տանը, նրան պետք է սիրել և հարգել, բայց չիշխել վրան, որովհետև նա պատկանում է աստծուն»։ Ի՜նչ հոյակապ է, ի՜նչ խելացի, ի՜նչ դժվար ու գեղեցիկ է, և դրա համար էլ արդարացի։ Կյանքումս առաջին անգամ զգում եմ պատասխանատվության հրճվանքը։ Օպենհեյմն արդեն խռմփացնում է։ Ինձ էլ է անհրաժեշտ քնել։ Չեմ կարողանում, որևէ մեկը պետք է որ արթուն մնա երջանիկ մարդու հետ»։


Ես միայն մեկ անգամ կարդացի այս գրառումը, փակեցի օրագիրը, տարա ննջարան և գցեցի Սիմորի պայուսակի մեջ, որ դրված էր պատուհանի մոտ, բազմոցի վրա։ Եվ հետո ընկա, ավելի ճիշտ ինքս փռվեցի մոտակա մահճակալին։ Ինձ թվաց, որ քնեցի կամ կորցրի գիտակցությունս ավելի շուտ, քան հպվեցի անկողնուն։
Երբ մեկուկես ժամ հետո արթնացա, գլուխս պայթում էր ցավից, բերանս ցամաքել էր։ Ննջարանում գրեթե մութն էր։ Հիշում եմ, որ բավական երկար նստեցի մահճակալի եզրին։ Հետո ծարավից տանջված վեր կացա և դանդաղ գնացի դեպի մյուս սենյակը, հույս ունենալով, որ այնտեղ, սափորի մեջ որոշ սառը բան մնացած կլինի։
Իմ վերջին հյուրը, հավանաբար, ինքն էր դուրս եկել տնից։ Միայն դատարկ բաժակն ու կապարե մոխրամանի մեջ սիգարի մնացորդն էին հիշեցնում նրա գոյության մասին։ Ես մինչև այսօր էլ մտածում եմ, որ այդ սիգարի մնացորդը հարկավոր էր հենց այն ժամանակ ուղարկել Սիմորին․ հարսանեկան բոլոր նվերներն էլ սովորաբար անիմաստ են լինում։ Պարզապես սիգարի քնթուկ՝ մի ոչ մեծ, գեղեցիկ տուփի մեջ։ Կարելի էր նաև մի չգրված թղթի կտոր դնել բացատրության փոխարեն։

Թարգմանությունը՝ Ամալյա Ղուկասյան

Տես նաև Ջերոմ Սելինջեր Պատմվածքներ
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր | Ծպեղները բարձր, ատաղձագործներ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր | Ծպեղները բարձր, ատաղձագործներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:25:00 Rating: 5
Технологии Blogger.