Ակսել Բակունց | Մինա բիբին

Ակսել Բակունց
Մինա բիբուն ասել էին, որ երեկոյան հարսն ու որդին գյուղ պիտի հասնեն։ Եվ դեռ երեկո չեղած, նա կտրից տուն չէր ուզում գա։
Կանգնել էր կտուրի վրա, մի ձեռքը ճակատին՝ մայր մտնող արևի շողերից աչքերը ծածկելով, նայում էր հեռուն, կածանի կեռումեռ պտույտին և սպասում էր, թե երբ են երևալու։
Որդին օտար քաղաքից էր գալիս։ Տասը տարուց ավելի էր, որ գյուղ չէր եկել, մայրը նրան չէր տեսել։ Քաղաք էր գնացել դեռ պատանի, մախմուրի պես աղվամազով, իսկ այժմ վերադառնում էր կնոջ ու աղջկա հետ։
- Ա՛յ պառավ, բա օքմին չի երևո՞ւմ,—ներքևից կանչեց Ավան ամին։ Նա էլ սենյակում էր անհամբեր և շուտ-շուտ ձայն էր տալիս պառավին, լսողությունը սրած, ոտնաձայնի պատրաստ։
− Զինգիլա քարի մոտ հրեն երկու ձի յա երևում, մին ոտավոր էլ կա,—պատասխանեց Մինա բիբին կտուրից և լարեց առավել տեսողությունն իր։ Նրա աչքերն ավելի փոքրացան, ձգվեց, ասես երկարացավ, որ ավելի լավ տեսնի, կանգնեց ոտքի թաթերի վրա։
Մի պահ հառեց կկոցած աչքերը Զինգիլա քարին, փորձեց որոշել, թե ովքեր են գալիս։ Մի քիչ էլ, և հանկարծ Մինա բիբին ծնկներում թեթև դող զգաց, ափ ընկած ձկան պես սիրտը թրթռաց, ներսում հրճվանքը ալիքի պես բարձրացավ, կոկորդին դեմ առավ։
Եվ շնչասպառ կտուրից իջավ, տուն վազեց։
— Գալիս են, ա՛յ մարդ, հրեն է...
* * *
Մյուս առավոտ Մինա բիբին սովորականից կանուխ զարթնեց։ Գիշերը քունը չէր տարել։
Գիշերը երբեմն զարթնում էր, նստում տեղաշորի մեջ և ականջը սրում՝ տեսնելու, թե ով է զարթուն, ինչպես են քնել։ Մի անգամ էլ վեր կացավ, ճրագը վառեց, նայեց մեկ էլ, ասես տեսածին չէր հավատում։ Մոտեցավ և վերմակի կախ ընկած տուտը կամացուկ շտկեց։
Նա մի ուզեց ալևորին զարթեցնի, մտքինն ասի, բայց հանգ չարավ։ Ճրագը հանգցնելուց առաջ մեկ էլ նայեց, ինչ-որ բան ասաց գորովով և շուլալվեց վերմակի տակ։
Առավոտ կանուխ ջրի գնալը, կովեր կթելը Մինա բիբուն ավելի հեշտ թվաց։ Ուրախությունից ջահելացել էր, երբեմն սենյակ էր մտնում, մտքինը մոռանում, նորից դուրս գալիս։ Կամ օջախի կրակին փչելիս, երբ աչքին էր ընկնում հովանոցը կամ մի ուրիշ իր, որ բերել էր որդին,– տնտղում էր ուշադիր, էլի իր տեղը դնում։
Երբ օջախի առաջ ամաններն էր լվանում, թեյամանը կպավ ափսեին և զնգաց։ Ավան ամին նեղացավ, թե կամաց, կզարթնեն, իսկ Մինա բիբին՝
— Ձեռքս չորանա։
Ասեց և շփոթմունքից չնկատեց, որ կաթը եռաց ու սպիտակ փրփուրը թափեց մխացող աթարի վրա։
Ավան ամին սրահի առաջ կանգնել էր և ուրախ ժպիտն երեսին բարի լույս էր ասում փողոցով անցնող հարևաններին, որոնք մոտենում և աչքալույս էին տայիս։
— Փոխն էլ ձեզ լինի, ձեր ղարիբն էլ տուն գա։
Եկողին Ավան ամին մի թաս օղի էր առաջարկում ու մազա՝ չոր միրգ կամ պանիր-հաց։
Դեռ անցյալ տարի նա իր մտքում դրել էր մի եզ մորթել որդու գալու առթիվ։ Եվ երբ այդ մասին խոսք բացեց պառավի հետ ու ավելացրեց, թե չի՞ լինի, որ եզան տեղ մի չաղ ոչխար մորթի, Մինա բիբին բողոքեց։ Խոստացած մատաղը պիտի անել, հազարից մի անգամ է այդ հարկի տակ այդպիսի ուրախություն։
Հետո Ավան ամին գոմ գնաց։ Նա մոռացել էր տավարին կանուխ ապուռ տալ։ Այդ առավոտ նա իր բազուկների մեջ մի առանձին ուժ զգաց, ավելի արագ գոմն ավլեց. խոտ ու դարմանը ավելի շատ տվավ։
Նրան թվաց, թե տավարն էլ է զգում, որ տանը ազիզ մարդիկ կան։ Կովերը տաք գոմում ախորժով խոտ էին ուտում, իսկ Ավան ամին կոշտացած ձեռքերով, որոնց ուռած երակներն ասես պարաններ լինեին, շոյում էր կովերի մեջքը, փաղաքշական խոսքեր ասում։
— Ապե՛ր, հո շատ չես չարչարվել...
Որդին էր՝ Տիգրանը, որ զարթնել էր ու հոր հետևից գոմ եկել։
— Մի գա, գնա, գնա տուն․ սապոգներդ թրքոտ կանես, բալաս։ Մեր փեշակն ա, բա, պտի չարչարվենք, առանց էդ չի։
Գոմ գալուց առաջ Տիգրանը իրենց բակից նայեց գյուղին, խոտի սևացած դեզերին, աթարի բուրգերին, շնչեց գյուղի օդը՝ բակերում, փողոցներում կիտած աղբի, վառած աթարի ու կծծած խոտի, գոմերից դուրս եկած ու մեզի անդուրեկան, ծանր հոտով լցված գյուղի օդը։
Եվ այնպես խեղճ թվաց հայրենի գյուղը, այնքան հետամնաց։
Աոաջին տպավորությունը գրավիչ չէր։ Քաղաքում երկար տարիներ ապրելուց հետո նրա հիշողության մեջ վառ էր մնացել միայն գյուղի գրավիչ կողմը՝ սարերը ծաղկաշատ, աղբյուրները պաղջուր, արոտները կանաչ, ուր խոտը տեղ-տեղ մինչև գոտկատեղն է հասնում։
Նա մոռացել էր, որ գյուղում կեղտ շատ կա, սապոնով երես չեն լվանում, մի ձեռք շոր ունեն, հագնում են այնքան, մինչև հնանա, սևանա․ հետո կարկատում են հազար տեղից ու նորից հագնում։
Տիգրանը կանգնել էր գոմի դռան մոտ ու նայում էր, թե ինչպես հայրը աղբով լի քթոցը շալակին, ոտները կվաջրի մեջ ճլմփացնելով ներս ու դուրս է անում, գոմը մաքրում։
Նրա աչքին ընկավ հոր վզի ամուր ջիլերը, որոնք լարերի պես ձգվում էին, երբ հայրը ծանր քթոցի տակ վիզն էր երկարում։
— Գնա՛, գնա՛ տուն... նանին հիմա չայը գցած կլինի...
Տարիներ հետո, երբ քաղաքում Տիգրանը մտաբերում էր գյուղը հայրենի և հորն ալևոր, նրա աչքի առաջ կանգնում էր հայրը՝ վիզը ձգած, ջղերն ուռած՝ պինդ լարերի պես, աչքերն ավելի դուրս ընկած...
* * *
Առաջին օրերը հա գալիս-գնում էին հարևան ու բարեկամ։ Նրանք բոլորն էլ նույն ձևով էին արտահայտում իրենց հրճվանքը, համբուրում գյուղացու պինդ պաչով այտ ու աչք, ունք ու ճակատ։
Երբ մի անգամ էլ Անժիկին պաչեցին, նա թաշկինակով թշերը սրբեց, նոթերը կիտեց այնպես, ասես տհաճ էր գյուղացու պաչը։ Մինա բիբին նկատեց։ Նրան դուր չեկավ, որ Անժիկը սպիտակ, մաքուր թաշկինակ ունի։ Փոքրիկ աղջկան թաշկինակ չի սազում, լավ չի սովորի։
Միտք արեց Մինա բիբին, տխրեց։ Նրա մտքովն անցավ, որ որդին, հարսն ու թոռը գյուղում չեն ապրելու, քաղաքին են վարժ և էլի պիտի գյուղը թողնեն, հեռանան։ Իսկ ինքը կապված է գյուղին, Ավան ամուն, խնոցուն ու հին ճախարակին, որ շատ ձմեռներ լացել էր իր հետ, տաք քուրսու մոտ, սև նավթի ճրագի տակ։
Մի անգամ էլ Անժիկը թաշկինակով իր գդալը սրբեց։ Այդ նկատեց և Շարմաղ հորքուրը, որ ժպտալով նայեց Անժիկին․
— Մինա, տեսնո՞ւմ ես. թոռդ քեզ հավան չի։
Տիգրանն ուզեց տպավորությունը կոծկել և ասաց, թե նա քաղաքում էլ էր այդպես անում։ Բայց Մինա բիբին էլի տխրեց, կոտրվեց, ինչպես այն ժամանակ, երբ Անժիկը թաշկինակով երեսը սրբեց։
Անժիկի համար գյուղում շատ բան նոր էր։ Նա բազմաթիվ հարցեր էր տալիս հորը, թե ինչո՞ւ գյուղում պատառաքաղ չկա, ինչո՞ւ տատը շաքարը շորի մեջ է փաթաթում ու սանդուղի մեջ պահում։ Գյուղին անվարժ մանուկի հետաքրքրությամբ դիտում էր գյուղական ամեն մի աշխատանք ու հարցնում, թե ինչու են այդպես անում։
Մի օր էլ հարևանի մեկը ներս մտավ ու Տիգրանին խնդրեց մի բան գրել։ Ստորագրելու ժամանակ մարդը ծիծաղեց։ Անժիկի աչքին ընկավ նրա սպիտակ ատամները և այն, որ այդ մարդը գրիչը բռնել էր այնպես, ինչպես Անժիկը կբռներ գոմի թին։
— Հայրիկ, մեր առաջին խմբակում դրանից լավ են գրում։
* * *
Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, և ամեն ինչ մտավ իր հունի մեջ։ Գյուղն իր մեջ առավ նորեկներին, այլևս դադարեցին նրանց մասին խոսելուց, աչքալուս տալուց։
Միայն երբեմն գյուղի հարս ու աղջիկ հետաքրքիր նայում էին Էլյայի զգեստին, կոշիկներին, գլխարկին։ Ոմանք ծիծաղում էին, գլխարկը համեմատում ծտի բնի հետ, ոմանք էլ ասում էին, թե այդպես ավելի լավ է, ավելի ազատ և աչքի էլ դուրեկան։
Տիգրանը գյուղի ժողովներին էր մասնակցում, ասում-խոսում ահել-ջահելի հետ, պատմում նրանց քաղաքի մասին, հեռավոր երկրների անցուդարձի մասին։ Գյուղացիք հետաքրքրվում էին, հարցեր տալիս նրան, իրենց ցավ ու կրակից պատմում։
Եվ շատ հաճախ հուսահատությունը թանձր քողի պես պատում էր Տիգրանին. այնքան շատ էր թերին, գյուղում աշխատանքն այնպես դժվար։ Բայց մեկ էլ նրա ներսում ուժգին գրոհով զարկում էր մակընթաց մի ալիք, բնազդորեն սեղմում էր բռունցքը, աչքերը կկոցում, ասես հեռվում տեսնում էր գյուղը գալիք։
Էլյան տան աշխատանքն էր անում, օգնում Մինա բիբուն։ Միասին աշխատանքի ժամանակ Էլյան սրտի դողով և ուշադիր լսում էր Մինա բիբու պատմածը գյուղի ներքինի մասին, թե ինչ է ապրում աղջիկը մանկամարդ, երբ նրան զոռով ամուսնացնում են տարիքով մեկի ունեցվածքի հետ, թե ինչպես են բուժում գյուղում, ինչ ծանր ցավով է վիժում ջահել հարսը՝ ծծկեր մանուկը գրկին։
Մինա բիբին միասին աշխատանքի ժամանակ՝ խնոցի հարելիս կամ բուրդ գզելիս, Էլյայի աչքի առաջ բացում էր գյուղի հազարամյա գիրքը, որի յուրաքանչյուր էջը տգիտության մի զոհի մարտիրոսագիր էր, սկեսրոջ ահի տակ, բռնակալ ամուսնու կրնկի տակ կնոջ տանջանքի նկարագիր կամ ծածուկ խեղդամահ արած մանուկների պատմություն։ Մինա բիբին մեկ-մեկ դեպքեր էր պատմում ու թեթև գլուխը շարժում։
Սոսկում էր պատում Էլյային, ու թվում էր, թե գյուղում, կիսամութ խրճիթների անկյուններում, դեռ մնում են դարերի թանձր խավարն ու ոգին չար։
Անժիկը պապի հետ էր լինում, երբեմն էլ հարևան երեխաների հետ։ Հասակակից մանուկներ հավաքվում էին նրա շուրջը և զարմացած նայում սիրուն սանրած մազերին, փոքրիկ սանրին՝ մազերի մեջ, կոճակավոր կոշիկներին։ Նայում էին գյուղի երեխաները, և ամեն մեկի սրտիկի մեջ ծնվում էր մի շատ մեծ ցանկություն՝ ունենալ այն, ինչ Անժիկն ուներ, նրա պես կաշվե սև գոտի կապել։ Մանուկներից յուրաքանչյուրն աշխատում էր Անժիկի ընկերությունը ձեռք բերել, նրա հետ ավելի մոտ լինել։
Համարյա ամեն իրիկուն քնելուց առաջ Մինա բիբին Անժիկին խնդրում էր իր հետ պառկել։ Պառավն ուզում էր գրկել թոռան և իր սմքած մարմնի թույլ ջերմությամբ նրա մատղաշ մարմինը տաքացնել, հուսադրել ինքն իրեն, թե վերջին շառավիղը չէ, միջուկը փտած արմատը դեռ շատ ծիլեր է տալու։
Բայց Անժիկը միշտ էլ մերժում էր.
− Քեզ մոտ լավ չի, իմ տեղաշորից չեմ հեռանա։
Անժիկն ավելին էր ուզում ասել։ Նա ուզում էր տատին ասել, որ նրա շապկից ծանր հոտ է գալիս, որ տատը ցերեկով բոբիկ է քայլում, գիշերն էլ առանց ոտքերը լվալու պառկում։
Քաղաքից բերած իր կապույտ վերմակի տակ Անժիկը քնելուց առաջ մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, շարքերը պիոներական, կինոն, տրամվայն ու էլի հազար ու մի պես-պես բաներ։ Կապույտ վերմակի տակ Անժիկն իրեն քաղաքում էր զգում, և այդ նրան դուր էր գալիս։
* * *
Գարնան արևն իրեն արդեն զգալ էր տալիս։ Գյուղի եռուզեռը շատացել էր։
Գյուղը հեռվից մի մեծ մրջնոցի էր նման, որ գարնան սկզբին սկսում է շարժվել։ Գարնան արևն ավելի արագ էր քայքայում բակերում կիտած աղբը, և կծծահոտն ավելի թանձր էր թվում, գրգռում քթի լորձունքոտ մաշկը և աչքերից արցունք հանում։
Գոմերում տավարը նեղվում էր, օդաներում գյուղացիք խոսում էին սարի մասին, ուր մատաղ կանաչն արդեն ծլում էր։
Մյուսների պես Մինա բիբին էլ էր պատրաստվում սար գնալու։ Նա մտքում դրել էր սար գնալուց առաջ Անժիկի հետ մատուռ գնալ։ Նրա կրծքի տակ որպես մի թույլ կանթեղ վառվում էր Անժիկին աղոթել սովորեցնելու ցանկությունը։
Ինչո՞ւ ծնվեց նրա մեջ այդ ցանկությունը. ինքն էլ չգիտեր։ Պառավն ուզում էր կապել նրանց գյուղի հետ, Անժիկին դարձնել գյուղի մի խոնարհ աղջիկ և տարիների ընթացքում արմատախիլ անել այն ամենը, ինչ քաղաքն է տվել։
Ինչ լավ կլիներ, եթե նրանք գյուղում մնային։ Իսկ Տիգրանը միշտ ասում էր, թե շուտով պիտի վերադառնան քաղաք, արձակուրդը լրանում է։ Արդյոք մեկ էլ կգա՞ն գյուղ, ինքը ողջ կմնա՞ մինչ այդ։
* * *
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, երբ մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին և իրեն ավելի մոտ զգում բնության, գարնան այդպիսի մի առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ։ Տանը Մինա բիբին չէր ասել, թե մատուռ են գնում։ Նա վախենում էր, որ Տիգրանն արգելի Անժիկին։ Երբ դուրս եկան գյուղից, Մինա բիբին սկսեց Անժիկին պատմել, որ ինքը պառավ է, շուտով կարող է մեռնի։ Տատի տարօրինակ այդ պատմությունը, որ նպատակ ուներ երկյուղած տրամադրություն ստեղծել թոռան սրտում, վատ ազդեց երեխայի վրա։ Նա չգիտեր ինչ ասի և վարանքով նայում էր մոռի թփերին, որ մուգ կանաչին էին տալիս ճամփի երկու կողքին։
Հասան մատուռին։ Կիսախարխուլ մի շենք էր, ավելի քարակույտի նման։ Մատուռի մոտ, կածանից ոչ հեռու, հողի մեջ խրված էր ծխից սևացած մի խաչքար, որի մոտ գյուղի շները ճամփով գնալ-գալիս շատ անգամ կանգնում էին, հետևի մի ոտը բարձրացնում և միզում հենց խաչքարի վրա։
Մինա բիբին մոտեցավ, չոքեց, երկյուղած խաչքարը համբուրեց մի անգամ։ Անժիկը զարմացած նայում էր նրան ու չէր հասկանում, թե ինչու է տատը համբուրում այդ սևացած քարը։ Մինա բիբին ոտքի կանգնեց, մոտեցավ Անժիկին և խնդրեց, որ նա էլ համբուրի։
— Չեմ ուզում, կեղտոտ է... Ես քարը չեմ համբուրի, էնտեղ ի՞նչ կա որ...
Մինա բիբին մնաց սառած։ Անժիկի պատասխանը նրա համար անսպասելի էր։ Եվ մի պահ նա անշարժ կանգնեց խաչքարի մոտ, ինչպես մի երկրորդ խաչքար։
Հետո սթափվեց ու քայլերն ուղղեց դեպի մատուռը, կռացավ և կուզեկուզ ներս մտավ, որովհետև մատուռի դուռը ցածլիկ էր։ Անժիկը հետևեց տատին։ Նա ուզում էր իմանա, թե ինչ կա մատուռում, ինչ է անելու Մինա բիբին այնտեղ։ Ներս մտնելիս Անժիկի գլուխը կպավ դռան քարին։
— Թո՛ւհ, էս ի՞նչ դուռ են շինել...
— Թու չեն անիլ, բալաս, աստված կչանչի քեզ,—երկյուղած ասաց տատը, կարծես սրբազան մի գաղտնիք էր հայտնում։
— Աստված չկա, տատիկ,—բարձր և հատու պատասխանեց Անժիկը։
Մինա բիբուն թվաց, թե փուլ եկան մատուռի պատերը, և պատից մի քար ընկավ գլխին։ Սարսուռով նայեց Անժիկին, և հինավուրց մատուռի մեջ տատիկին անհարազատ թվացին թոռան աչքերը ժիր։
Մտաբերեց որդուն, հիշեց, որ շուտով հեռանալու են, և անզոր գլուխը խոնարհեց մատուռի խոնավ հատակին։ Մատուռի մամռապսսո քարերը լսեցին Մինա բիբու զսպված հեկեկանքը։

Իսկ Անժիկը ձեռքը մեկնել էր մոռի կանաչ տերևներին, որոնք փարթամորեն փռվել էին մատուռի կտուրի վրա։

Ակսել Բակունց | Մինա բիբին Ակսել Բակունց | Մինա բիբին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 27, 2020 Rating: 5
Технологии Blogger.