Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձկան կուլ տված նավերը


Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։
Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։ Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։
Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։ Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։
Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։
Առաջարկությունս անցավ միաձայն։
Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։
Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։
Կայմերն, իհարկե թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
Գերությունից ազատվելով, մենք, բնականաբար, ուզեցինք իմանալ, թե որտեղ ենք գտնվում։
Պարզվեց, որ Կասպից ծովում ենք։
Այս բանը մեզ բոլորիս շատ զարմացրեց, որովհետև Կասպից ծովը փակ է, ոչ մի ծովի հետ չի միանում։
Բայց երեքոտանի գիտնականը, որին ես հետս էի վերցրել Պանրի կղզուց, բացատրեց, որ ձուկը Կասպից ծովն է ընկել որևէ ստորգետնյա ջրանցքով։
Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։
Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

 Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ 
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձկան կուլ տված նավերը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձկան կուլ տված նավերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 31, 2020 Rating: 5
Технологии Blogger.