Գրիմ եղբայրներ | Խելոք Էլզան


Ժամանակով մի մարդ է լինում, ունենում է մի աղջիկ, անունը՝ Խելոք Էլզա: Աղջիկը մեծանում, հասակ է առնում, հայրն ասում է.
-Մարդու տալու ժամանակն է:
-Միայն թե ուզող ճարվի,- ասում է մայրը:
Մի օր էլ վերջապես մի մարդ է գալիս հեռուներից, անունը՝ Հանս: Գալիս է Էլզային ուզելու, բայց մի պայման է դնում, որ Էլզան պետք է շատ խոհեմ լինի:
-Օ˜,- ասում է հայրը,- գլուխը լիքն է խելքով:
Իսկ մայրը թե.
-Խոհեմության մասին խոսք չի կարող լինել: Նա ամեն ինչ գիտի, նույնիսկ տեսնում է, թե քամին, ինչպես է փչում, և լսում է, թե ճանճերն ինչպես են հազում:
-Տեսե՛ք, հա˜, եթե պարզվի, որ շատ խելոք չէ, չեմ ամուսնանա հետը,- ասում է Հանսը:
Երբ նստում են ճաշելու, մայրն ասում է.
-Էլզա՛, գնա՛ նկուղ, գարեջո՛ւր բեր:
Խելոք Էլզան սափորն առնում է ու կափարիչը շխկշխկացնելով իջնում նկուղ, որպեսզի ժամանակն արագ անցնի: Իջնում է նկուղ, աթոռը բերում դնում գարեջրի տակառի առաջ, որ չկռանա, մեջքը չցավի: Սափորը դնում է իր առաջ, ծորակը բացում է և աչքը գցում պատերին ու, որպեսզի պարապ չմնա մինչև սափորի լցվելը, սկսում նայել: Նայում է, նայում, հանկարծ գլխավերևում մի քլունգ է նկատում, որ քարտաշները սխալմամբ մոռացած թողած են լինում պատի մեջ ցցված:
Խելոք Էլզան սկսում է ողբալ.
-Բա որ ամուսնանամ Հանսի հետ, տղա ունենամ, տղաս մեծանա, մի օր էլ ուղարկենք նկուղ՝ գարեջուր բերելու, հանկարծ էս քլունգն ընկնի գլխին, սպանի˜:
Լաց է լինում Խելոք Էլզան, ողբում գալիք դժբախտության համար: Իսկ տանը՝ սեղանի մոտ, նստած սպասում են, թե Էլզան գարեջուր է բերելու: Տեսնում են՝ շատ է ուշանում, մայրը սպասուհուն ուղարկում է նրա ետևից.
-Մի գնա՛ նկուղ, տես, թե ինչ է պատահել Էլզային:
Սպասուհին իջնում է նկուղ, տեսնում՝ Էլզան լացուկոծի մեջ:
-Ինչո՞ւ ես լաց լինում, Էլզա՛,-հարցնում է սպասուհին:
-Օ˜հ,-պատմում է նա,- ո՞նց լաց չլինեմ, բա որ ամուսնանամ Հանսի հետ, տղա ունենամ, տղաս մեծանա, գա նկուղից գարեջուր տանելու, էն քլունգը հանկարծ ընկնի գլխին, սպանի˜…
Սպասուհին ապշում է.
-Էս ինչքա˜ն է խելոք մեր Էլզան: Ասում է, նստում է կողքին ու սկսում նրա հետ ողբալ:
Իսկ տանը՝ սեղանի մոտ, նստած սպասում են, թե երբ պիտի բերեն գարեջուրը: Սպասուհին չկա ու չկա: Այդ ժամանակ հայրը սպասավորին ասում է.
-Մի իջի՛ր նկուղ, տես՝ ինչ են անում էլզան ու սպասուհին:
Սպասավորը իջնում է նկուղ, տեսնում՝ Էլզան ու սպասուհին նստած ողբում են: Հարցնում է.
-Ինչո՞ւ եք լաց լինում:
-Օ˜հ,- պատասխանում է Էլզան,- ո՞նց լաց չլինենք: Բա որ ամուսնանամ Հանսի հետ, տղա ունենամ, տղաս մեծանա, ուղարկենք նկուղ՝ գարեջուր բերելու, էն քլունգը հանկարծ ընկնի գլխին ու տեղնուտեղը սպանի˜…
Սպասավորն ասում է.
-Էս ի˜նչ խելոք է մեր Էլզան: -Ինքն էլ է նստում նրանց կողքին ու սկսում լալ:
Իսկ տանը՝ սեղանի շուրջ, նստած սպասում են սպասավորին, բայց նա չկա ու չկա:
Էդ ժամանակ հայրն ասում է մորը.
-Ի՛նքդ իջիր նկուղ, տես՝ ինչ է պատահել Էլզային:
Մայրն իջնում է նկուղ, տեսնում՝ երեքով նստած լաց են լինում: Հարցնում է, թե ինչու են լալիս, Էլզան պատմում է, թե իր ապագա զավակը հանկարծ կարող է զոհ դառնալ քլունգին: Տղան գարեջուր կլցնի, իսկ քլունգը հանկարծ կընկնի նրա գլխին:
-Վա˜յ, էս ի˜նչ խելոք է մեր Էլզան,- ասում է մայրն ու նստում նրանց կողքին, ինքն էլ սկսում լաց լինել:
Հայրը սպասում է, սպասում, տեսնում է՝ կինն էլ չի վերադառնում, սիրտն էլ շատ է գարեջուր ուզում, ասում է.
-Ես իջնեմ նկուղ, տեսնեմ՝ ինչ եղավ Էլզան:
Իջնում է նկուղ, տեսնում՝ իրար կողքի շարված բոլորը դառը-դառը լաց են լինում: Իմանում է՝ պատճառը Էլզայի երեխան է, որ օրերից մի օր նա ունենալու է, և որ հնարավոր է՝ քլունգը ընկնի նրա գլխին, սպանի, եթե նա գարեջուր բերելու համար գա ու նստի քլունգի տակ: Նա էլ է զարմանում.
-Վա˜հ, էս ինչքա˜ն խելոք է մեր Էլզան,- ինքն էլ է նստում ու նրանց հետ լաց լինում:
Փեսացուն շատ է սպասում, բայց որ տեսնում է՝ ոչ մեկը չի վերադառնում, մտածում է. «Երևի ներքևում ինձ են սպասում: Գնամ տեսնեմ՝ ինչ են անում»: Իջնում է, տեսնում՝ հինգն էլ նստած լաց են լինում, այնպես սրտակոտոր, մեկը մյուսից աղեկտուր:
-Էդ ի՞նչ է, դժբախտությո՞ւն է պատահել,- հարցնում է նա:
-Ա˜խ, սիրելի՛ Հանս,- պատասխանում է Էլզան: -Բա որ ամուսնանանք ու մի տղա ունենանք, նա էլ մեծանա, ուղարկենք նկուղից գարեջուր բերելու, նա էլ գա նստի քլունգի տակ, քլունգն էլ հանկարծ ընկնի, սպանի երեխայի˜ն: Բա ի՞նչ անենք, որ լաց չլինենք:
-Դե՛, իմ տնտեսությունը վարելու համար սրանից ավելի մեծ խելք պետք չէ: Էլզա՛, դու էնքան խելոք ես, որ ես ամուսնանում եմ քեզ հետ,- ասում է նա, բռնում աղջկա ձեռքը, տանում վերև, հարսանիք են անում:
Էդպես ապրում են Հանսն ու էլզան միասին, մի օր էլ Հանսն ասում է.
-Կնի՛կ, ես գնում եմ փող վաստակելու, մեզ հարկավոր է մի քիչ փող ետ գցել, իսկ դու գնա՛ դաշտ, արտը հնձի՛ր, որպեսզի հաց էլ ունենանք:
-Լա՛վ, սիրելի՛ս, կանեմ:
Հանսը գնում է, իսկ Էլզան համով շիլա է եփում ու իր հետ տանում դաշտ: Հասնում է դաշտ, ու ինքն իրեն հարցնում.
-Առաջ ի՞նչ անեմ, հնձե՞մ, թե՞ ուտեմ: Լավ կլինի նախ ուտեմ:
Ամբողջ շիլան կուշտ ուտում է ու էլի հարց տալիս իրեն.
-Հիմա՞ ինչ անեմ, հնձե՞մ, թե՞ քնեմ: Լավ կլինի նախ քնեմ,- ասում է ու պառկում, արտի մեջ քնում:
Հանսը տուն է գալիս, սպասում, իսկ Էլզան չկա ու չկա: Նա մտածում է. «Էս ի˜նչ խելոք է Էլզան, ի˜նչ աշխատասեր, ո՛չ տուն է գալիս, ո՛չ մի բան է ուտում»:
Իրիկնադեմին Հանսը գնում է դաշտ՝ տեսնի, թե ինչքան է հնձել կինը. տեսնում է՝ արտը բոլորովին հնձած չէ, իսկ կինը արտի մեջ պառկած քնած է: Վազում է տուն, թռչուն որսալու բոժոժավոր ցանցը բերում գցում է Էլզայի վրա, իսկ նա չի զգում: Հետո գնում է տուն, դուռը փակում, նստում, սկսում աշխատել: Երբ արդեն թունդ մթնում է, Խելոք Էլզան արթնանում է ու, հենց որ տեղից վեր է կենում, բոժոժներն սկսում են զնգզնգալ, ամեն մի քայլի հետ բոժոժները զնգզնգում են: Վախենում է, սկսում մտածել, թե ինքն իսկապե՞ս Խելոք Էլզան է: Սկսում է ինքն իրեն հարցնել. «էս ե՞ս եմ, թե՞ ես չեմ»: Ու չի իմանում՝ ինչ պատասխան տա, բավական ժամանակ մնում է շիվար կանգնած. վերջապես մտածում է. «Գնամ տուն, հարցնեմ՝ էս ե՞ս եմ, թե՞ ես չեմ, տնեցիք անպայման ճիշտը կիմանան»:
Վազում է տուն, տեսնում՝ դուռը փակ է: Պատուհանը ծեծում է ու հարցնում.
-Հա՛նս, Էլզան տա՞նն է:
-Հա՛,- պատասխանում է Հանսը,- տանն է:
Էլզան վախենում է ու ասում.
-Ա˜խ, տե՛ր Աստված, ուրեմն էս ես չեմ,- վազում է, ուրիշ դռներ ծեծում:
Մարդիկ լսում են բոժոժների զնգզնգոցն ու չեն ուզում դուռը բացել, ու էդպես էլ նա ոչ մի տեղ ապաստան չի գտնում:
Էլզան թողնում, փախչում է գյուղից: Էդ օրվանից էլ ոչ ոք նրան չի տեսնում:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ամալյա Ղուկասյան

Գրիմ եղբայրներ | Խելոք Էլզան Գրիմ եղբայրներ | Խելոք Էլզան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 12, 2020 Rating: 5
Технологии Blogger.