![]() |
Գրիմ եղբայրներ |
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, մի տղա է ունենում:
Մարդն էնքան աղքատ է լինում, որ չի կարողանում իր մինուճար որդուն պահել: Մի օր որդին ասում է.
Մարդն էնքան աղքատ է լինում, որ չի կարողանում իր մինուճար որդուն պահել: Մի օր որդին ասում է.
-Սիրելի՛ հայր, հազիվ քո գլուխն ես կարողանում պահել, ես էլ ավելորդ բեռ եմ
քեզ վրա, լավ կլինի՝ գնամ, իմ մի կտոր հացը վաստակեմ:
Հայրը օրհնում է որդուն ու տխուր հրաժեշտ տալիս: Էդ ժամանակ մի հզոր տերության
թագավոր պատերազմի մեջ է լինում: Տղան ծառայության է մտնում էդ թագավորի մոտ ու նրա
զորքի հետ էլ գնում պատերազմ: Մոտենում են թշնամուն, կատաղի ճակատամարտ է սկսվում:
Կռվի թեժ պահին, երբ գնդակները տեղում են կարկտի պես, ու շուրջը հնձած հասկերի նման
թափվում են մարդիկ, զորավարը սպանվում է: Կենդանի մնացածները փախուստի են դիմում, բայց
տղան առաջ է նետվում և, դիմելով բոլորին, ասում.
-Մենք թույլ չենք տա, որ մեր հայրենիքը կործանվի:
Փախչողները ետ են դառնում, նորից մտնում կռվի մեջ, թշնամուն հաղթում:
Լուրը հասնում է թագավորին, որ իր հաղթանակի համար տղային է պարտական: Թագավորը
բարձրացնում է նրա պաշտոնը, մեծ հարստություն տալիս նրան ու դարձնում իր առաջին խորհրդականը:
Թագավորը մի մինուճար աղջիկ է ունենում, մի աննման գեղեցկուհի, բայց տարօրինակ
բնավորության տեր: Նա երդվել էր, թե կամուսնանա էն տղայի հետ, ով համաձայնի կենդանի-կենդանի
թաղվել իր հետ, երբ ինքը մեռնի:
-Եթե ինձ անկեղծորեն սիրի,- ասում է աղջիկը,- իմ մահից հետո ինչո՞ւ պիտի ապրել
ցանկանա:
Նա մտադիր է նույն կերպ վարվել, եթե ամուսինը շուտ մեռնի. պատրաստ է կենդանի-կենդանի
թաղվել նրա հետ: Էդ տարօրինակ երդումից շատ երիտասարդներ էին վախեցել ու ետ կանգնել,
բայց մեր տղան էնպես է տարվում թագավորի աղջկա գեղեցկությամբ, որ խնդրում է նրա ձեռքը:
-Իսկ դու գիտե՞ս՝ ինչ խոստում ես տալու,- հարցնում է թագավորը:
-Եթե նա ինձնից շուտ մեռնի, ես կենդանի-կենդանի գերեզման պիտի մտնեմ նրա հետ,-
պատասխանում է տղան: -Իմ սերն էնքան մեծ է, որ ես չեմ էլ մտածում էդ վտանգի մասին:
Էդ ժամանակ թագավորը իր համաձայնությունն է տալիս, և մեծ հարսանիք են անում:
Էդպես ուրախ ու երջանիկ ապրում են իրենց համար, բայց մի անգամ երիտասարդ թագուհին
ծանր հիվանդանում է, ու ոչ մի բժիշկ չի կարողանում ճար անել: Իսկ երբ մահանում է, երիտասարդ
թագավորը հիշում է իր տված խոստումը և սարսափում կենդանի թաղվելու մտքից, բայց ուրիշ
ճար չի ունենում. հայր թագավորը հրամայում է պահապաններ դնել բոլոր դռների մոտ:
Երբ ժամանակը գալիս է, թագուհու աճյունը տեղափոխում են թագավորական դամբարան,
ամուսնուն էլ են տանում էնտեղ, դռները ամուր փակում սողնակներով, պահապաններ կարգում:
Դագաղի կողքին մի սեղան է լինում, վրան՝ չորս մոմ, չորս հաց և չորս շիշ գինի:
Բայց էդ պաշարը օր օրի սպառվում է, երիտասարդ թագավորին դանդաղ մահ է սպառնում: Տխուր
ու վշտաբեկ՝ նա նստում է դագաղի մոտ, օրական մի փոքրիկ կտոր հաց է ուտում, մի քանի
կում գինի խմում և զգում, որ մահը դանդաղ մոտենում է:
Տխուր նստած՝ նա հայացքը գցում է մի անկյունի, մեկ էլ տեսնում է, որ հենց էդ
անկյունից մի օձ դուրս եկավ ու սողաց դեպի հանգուցյալը: Տղան կարծում է, թե օձն ուզում
է կրծել դիակը, վերցնում է իր սուրն ու ասում.
-Քանի դեռ կենդանի եմ, ես թույլ չեմ տա՝ կպչես նրան,- խփում է, երեք կտոր անում
օձին:
Շուտով երկրորդ օձն է դուրս գալիս անցքից, տեսնելով առաջինին կտրտված ընկած՝
ետ է գնում, բայց քիչ հետո նորից է հայտնվում՝ երեք կանաչ տերևիկ բերանում: Վերցնում
է օձի կտորները, միացնում իրար ու կանաչ տերևիկները դնում վերքի վրա: Մասերը կպչում
են, օձը շարժվում է, կենդանանում, ու սողալով երկուսն էլ հեռանում են: Տերևիկները մնում
են ընկած: Թագավորը վերցնում է դրանք, մեկը դնում հանգուցյալի բերանին, երկուսն էլ՝
աչքերին: Հենց որ դնում է, հանգուցյալի արյունը շարժվում է երակներում, հոսում դեպի
երեսը, թշերը վարդագունում են: Հետո աղջիկը խոր շունչ է քաշում, բաց անում աչքերն ու
հարցնում.
-Տե՛ր աստված, էս որտե՞ղ եմ ես:
-Ինձ մոտ ես, սիրելի՛ տիկինս,- պատասխանում է երիտասարդ թագավորն ու պատմում,
թե ինչ է տեղի ունեցել: Նա մի քիչ հաց ու գինի է տալիս կնոջը: Թագուհին ոտքի է ելնում:
Նրանք միասին մոտենում են դռանը, ծեծում ու սկսում էնպես գոռգոռալ, որ պահապանները
լսում են, գնում հայտնում հայր թագավորին:
Թագավորն ինքն իջնում է դամբարան, դուռը բաց անում, տեսնում՝ երկուսն էլ ողջ
ու առողջ կանգնած են, ուրախանում, աշխարհով մեկ է լինում: Իսկ օձի երեք տերևիկները
երիտասարդ թագավորը պահ է տալիս իր հավատարիմ ծառային, ասում.
-Սրանք լա՛վ պահիր, ի՞նչ իմանաս՝ էլ ինչպիսի դժբախտությունից կարող են մեզ փրկել:
Բայց թագուհին մահից փրկվելուց հետո փոխվում է. ամուսնու հանդեպ ունեցած սերն
ասես հանում են նրա սրտից: Օրերից մի օր երիտասարդ թագավորը որոշում է գնալ իր ծեր
հորը տեսության: Կնոջ հետ նավ է նստում ու ճամփա ընկնում: Կինը, մոռանալով ամուսնու
մեծ սերն ու հավատարմությունը, անամոթաբար տարվում է նավապետով:
Մի օր էլ՝ երիտասարդ թագավորի քնած ժամանակ, կինը կանչում է նավապետին, բռնում
ամուսնու գլխից, նավապետին էլ պատվիրում՝ ոտքերից բռնի, ու միասին ծովն են նետում քնած
մարդուն: Երբ չարագործությունը կատարում են, պրծնում, թագուհին նավապետին ասում է.
-Հիմա ետ գնանք տուն, հորս կասենք՝ նա ճամփին մեռավ: Իսկ քեզ էնպես կներկայացնեմ
ես իմ հորը, էնպես կգովեմ, որ կպսակի ինձ հետ ու կնշանակի իր գահի ժառանգորդ:
Երիտասարդ թագավորի հավատարիմ ծառան ամեն բան տեսնում է. նա ծածուկ նավակ է
վերցնում, ազատում խեղդված թագավորին: Հետո հանում է օձի երեք տերևիկները, որ միշտ
իր մոտ էր պահում, դնում բերանին ու աչքերի վրա, տեղնուտեղը կենդանացնում նրան:
Թագավորն ու հավատարիմ ծառան գիշեր-ցերեկ երկուսով թիավարելով էնքան արագ են
գնում, որ մեծ նավից էլ շուտ են տուն հասնում: Թագավորը, որ նրանց մենակ է տեսնում,
շատ է զարմանում, հարցնում է, թե ինչ է պատահել, և իմանալով դստեր կատարած չարագործությունը՝
ասում է.
-Չեմ հավատում, որ նա էդպիսի վատ բան անի, բայց ճշմարտությունը շուտով կբացվի,-
և պատվիրում է, որ երկուսն էլ թաքնվեն իր գաղտնի սենյակում, ոչ ոք չտեսնի նրանց:
Շուտով գալիս է նաև մեծ նավը, և չարագործ թագուհին վշտահար տեսքով ներկայանում
է հորը: Թագավորը հարցնում է.
-Ինչո՞ւ ես մենակ վերադարձել: Ամուսինդ ո՞ւր է:
-Ա˜խ, սիրելի՛ հայր,- պատասխանում է թագուհին,- ես մեծ վիշտ ունեմ: Ճանապարհին
ամուսինս հանկարծ հիվանդացավ, մահացավ, ու եթե էս բարի նավապետը չօգներ ինձ, վատ կլիներ
իմ բանը. նա ներկա է եղել ամուսնուս մահվանը և ամեն ինչ կարող է պատմել:
Թագավորն ասում է.
-Ես հարություն կտամ մեռածին:
Բացում է գաղտնի սենյակի դուռը, հրամայում, որ երիտասարդ թագավորն ու հավատարիմ
ծառան դուրս գան էնտեղից:
Ամուսնուն տեսնելուն պես թագուհին ասես կայծակնահար է լինում, ծունկի է գալիս
ու ներում խնդրում: Բայց թագավորն ասում է.
-Ի՞նչ խոսք կարող է լինել ներման մասին. նա պատրաստ էր քեզ հետ միասին մեռնել
և կյանք պարգևեց քեզ, իսկ դու քնած ժամանակ սպանեցիր նրան: Դրա համար պետք է ստանաս
քեզ արժանի պատիժը:
Թագուհուն իր գործակից նավապետի հետ ծակ մակույկով ծով են իջեցնում, ու նրանք
կուլ են գնում ալիքներին:
Թարգմանությունը ռուսերենից՝
Ամալյա Ղուկասյան
Տես նաև
Գրիմ եղբայրներ Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ | Օձի երեք տերևիկներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 10, 2020
Rating:
