Հրանտ Մաթևոսյան | Կայարան

Հրանտ Մաթևոսյան
Իններորդ դասարանի աշնանը ահա թե ինչ եղավ. մենք մի շոգ, քաղցր ու կոպիտ ամառով էլ էինք տղամարդացել, իսկ վարիչ և աշխարհագրության դասատու Դավթյանը, երկար աշխատանքի և ապահով կյանքի փափկության միջից, կիսաքնած, անհաղորդ մեր լավ սովորելուն, վատ սովորելուն, ուսուցիչների թաքուն ծիծաղին, նիրհի միջից մեզ ասաց.
- Ձեններդ կտրեցեք, մայմուններ:
Խոտհավաքին, գիշերը, դեզի տակից գուլպաներով հեռացավ կաղ ու անամոթ Սպանդարը, ապա, լուսնի մեջ, ելավ, մի պահ տագնապած սպասեց բարձր Լենան, և քայլ դրեց, իր երկար ու պինդ ոտքի քայլը, և այդ ոտնափոխի հետ վրա նստեց քնաթաթախ այրի Գինոն,- Հը՛, ո՞վ է, ի՞նչ կա:- Այդպես: Ամռանն այդ էր եղել, ես կարդացել էի Դեկամերոնը, անցյալ տարվա շորերն աղջիկների վրա նեղ էին գալիս, Իգնատիոսի Ջեման դպրոցի ճանապարհին պայուսակը շպրտեց ինձ,- Մեր տուն կտաս,- ու կիրովականցի վարորդի հետ գնաց՝ դառնալու նրա կինը. շամուտեցի նիհարիկ Գարուշը փռած տեսել էր նոր ուսուցչուհու կրծկալը, մոխրականաչ աչքերով Անահիտը գլուխը դնում էր ափերին և նայում ու նայում էր ինձ,- իսկ ահա այդ Դավթյանն ասաց տարիքի ու փափուկ կյանքի ալարկոտությամբ.
- Ձեններդ կտրեցեք, անբան մայմուններ:
Ասի՝ տեսնեմ լրի՞վ է քնած, թե՞ մի քիչ քնած է, մի քիչ արթուն. ասացի.
- Մայմունը մենք չենք:
Պարզվեց, որ քնած չէր. ասաց.
- Ո՞վ էր:
Անցյալ տարվա շրջազգեստներն աղջիկների վրա նեղ էին գալիս, մենք փռած տեսել էինք նոր ուսուցչուհու կրծկալը, ամռանը Գինոն խանգարեց հոյակապ Լենային ու կաղ Սպանդարին, այդ Անահիտի բրդե շորն ու մաշկը պատռտվում էին կրծքերի պրկվածությունից,- ես ծալմլվելով ելա, կանգնեցի ու, գլուխս հեգնորեն թեքած, սպասեցի: Նա ասաց.
- Մայմունը դուք չեք, իսկ ո՞վ է մայմունը:
Առջևի նստարանից վախեցած ետ էր թեքվել Գարուշի նիհարիկ քույրը, թիկունքս սարսուռով էր լցնում Անահիտի մոխրականաչ հայացքը,- ես զույգ ձեռքով հենվեցի նստարանին, ուսերս բարձրացան, և ասացի.
- Ոմանք:- Եվ անքթիթ նայեցի իրեն:
- Ի՞նչ ոմանք:
- Նայած,- ասացի ես:
Նա ինձ վռնդեց դասարանից.
- Գնա դարձիր խոզարած:
Այդ ամռանն արած իմ աշխատանքով առել էի ինձ համար կոշիկ, տաբատ, վերնաշապիկ, բաճկոն, ժամացույց, լողի տրուսիկ, ինքնահոս գրիչ, մորս համար՝ ուսաշալ, երեխաների համար՝ կոնֆետ. այդ սեպտեմբերին ջերմությամբ ու գաղտնիքներով թրթռացին ֆրանսերենի ուսուցչուհին, ջոկատավարուհին, ութերորդ, իններորդ, տասներորդ դասարանի բոլոր աղջիկները, այդ աղջիկներն իրենք իրենց մեջ չէին տեղավորվում,- և ես ասացի.
- Կարծիր:
Որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները իրեն հարգեն ոչ միայն իր հետ խոսելիս, այլ նաև ճաշելիս, կարդալիս, քայլելիս՝ նա ինձ դպրոցից հեռացրեց:- Մայմուն,- վերջացրեց նա, ես նրան չասացի «մայմունը ինքդ ես» և այդքանով էլ հույս կար, թե մի լավ խնդրելու դեպքում նա ինձ ետ կընդունի՝ հայրս ուղարկեց արհեստագործական ուսումնարան: Տանն աղմկում ու հաց ու կարտոլ էր ոչնչացնում յոթ երեխա,- Քարտաշ կդառնաս, տանը կօգնես:
- Բո՛քս...
- Ստոպ: Ձախո՛վ: Միայն ձախով: Աջ ձեռք չունես: Ձախով: Բո՛քս: Ձախդ, ձախդ, ձախդ, ձախդ: Ապրե՛ս:
Առաջին ռաունդում ես տրորեցի Կարապետ Կարապետյանի քիթը. նա ուսումնարան էր իջել Ապարանից, ցուլի զանգված ուներ և վրա էր քշում հարու տալու պես: Այդ տարվա մեր տասնհինգ հանդիպումներից տասնչորսում ես տրորեցի նրա լայն դեմքը. ես արդեն ձանձրանում էի նրանից, նա ինձ հոգնեցնում էր անընդմեջ ծեծվելով, նրա ներկայությունն արդեն ինձ չէր անհանգստացնում ու չէր լարում, և հենց այդ ժամանակ էլ, տասնհինգերորդ հանդիպմանը, տեղահանող ուժով նա իջավ ծնոտիս. նա ինձ լիզել տվեց հատակի փոշին՝ իմ արյան անալի համով խառը:
- Ձա՛խդ, ձա՛խդ, ձա՜խդ,- մեր շուրջը ցատկոտում էր մարզիչը:- Ո՞րտեղ էիր մոռացել ձախդ, քնա՛ծ:
Այդ տարվա աշնանը մեզ Մոսկվա մրցումների տարան: Այն, ինչը կոչում են հակառակորդ՝ հակառակորդ չէր, որովհետև չկար: Պարանների վանդակում հարթակին մի հաղթանակ կար, մի պարտություն. հաղթանակը տվեցին բաշկիր Մականինին, պարտությունը՝ ինձ, ուրեմն բռնցքամարտել էինք ինքն ու ես: Բայց ես նրան իմ դեմ չտեսա, իմ ձեռքը նրան չգտավ: Ըստ երևույթին նա մոտերքում մի տեղ էր, որովհետև նրան ծափահարում էին, բայց չկա՛ր, չկար: Ես կռվեցի օդի դեմ, պարանների դեմ, դատավորին շփոթեցի Մականինի հետ,- Ձա՛խդ, ձա՛խդ, ձա՛խդ,- շշնջում էր մարզիչս, ձեռնոցների ետևում մի երկու անգամ տեսա Մականինի կատվի աչքերը, հետո նա դարձյալ չկա՛ր, չկար:- Ձա՛խդ, ձա՛խդ, ձա՛խդ,- շշնջում էր մարզիչը, ես անսպասելի շուռ եկա՝ այդ Մականինին խփելու աջով, ձախով, ծնկով և գլխով, փշուր-փշուր անելու նրա ճարպկությունը, նրան դարձնելու մարզիկ, հակառակորդ, դնելու իմ դեմ,- իսկ նա դարձյալ չկար, ես իմ թափից ընկա պարաններին: Եվ ամոթ էր գլուխ բարձրացնել, տեսնել տաք խոնավության ու կիսախավարի մեջ ծիծաղող բերանները:
- Դե զզվեցրիր, էլի, քո ձախով, ձախով, ձախով,- ձեռքերս վար բերած՝ գոռացի ես մարզիչին:
Եվ հացը չէր ուտվում, և անկողնու փափկությունն ափսոս էր, և աղջիկներն իմ մեջ խլրտալ չէին տալիս տղամարդուն:
Այդ տարի ինձանից մի մեծ ակնարկ տպագրվեց թերթում: Բռնցքամարտիկների մասին պատմվածքը չտպագրվեց: Ասացին՝ ահա սա հարթակն է, սրանք պարաններն են, սրանք հակառակորդները, սա՝ դատավորը. բոլորը կան, որևէ մեկը բացակայո՞ւմ է,- ոչ: Ասացին՝ ահա մարզիկները իրենց ուժով անհայտությունից դուրս են քշում իրենց հաղթանակը. ինչպե՞ս թե «պարանների վանդակում մի հաղթանակ կար ու մի պարտություն»: Շինարարների մասին ակնարկը շահեց առաջին մրցանակ: Տասնութերորդ տարվա գարնանը ես կին տեսա. գյուղի դպրոցն ու Դավթյանին հիշեցի այդ օրը, հյուրանոցի վաննայում. և քմծիծաղեցի, որովհետև ահա այսպես էր. Դավթյանն ինձ համար գուշակեց խոզարածություն, ես ետ դարձա ասելու՝ «կարծիր», իսկ շամուտեցի Մերուժանը ձեռք էր բարձրացրել և շատ էր ուզում դասը պատմել, որովհետև այդ օրվա դասը հասկացել էր: Նա այնտեղ, իմ մտքում, դեռ աղաչում էր դաս հարցնել իրեն, իսկ ես ահա եղել եմ Մոսկվայում, հաղթել եմ, պարտվել եմ, հիմա արդեն հյուրանոցում եմ, լողանում եմ: Միջնակարգը ես վերջացրի երեկոյան դպրոցում. երբ շամուտեցիներն ու ծմակուտեցիները եկան օձիքները կոճկած, շոգելով, անքուն ու վախեցած անհայտ ապագայից ու քննողների հրեշավոր խստությունից, համալսարանի դռներին բոլորը խոսում էին մի շարադրության մասին, որ ուներ դիպլոմային աշխատանքի արժեք և դասական պատմվածքի փայլ: Այդ իմ գրավոր աշխատանքն էր: Ես շամուտեցիներին և ծմակուտեցիներին ասացի՝ Դավթյանն ինչպե՞ս է: Եվ ավելացրի բարեհոգաբար՝ հոգնած մարդ է, էլի, իր համար: Եվ ասացի ծմակուտեցիներին՝ հերս ի՞նչ կարծիքի է քարտաշության մասին:
- Ապերո, դասդ սվորե՞լ ե՜ս,- մեր բարբառով ասացի Մերուժանին,- էկել ես ինըստուտ ընդունվե՞՜ս...
Այդ տարի նորից մի փորձ եղավ ինձ բռնցքամարտ ներքաշելու և չստացվեց, բայց իմ հաջողությունները բավական շատ էին, որպեսզի կարողանայի փշրվել. իրար ետևից տպագրվեցին երեք ակնարկ ու մի պատմվածք, ես բացեցի մի բանաստեղծի հետ հանդիպման մեծ երեկոն, բոլորը սրտի թրթիռով կգնային Թբիլիսի՝ մասնակցելու նրանց ուսանողների գիտական նստաշրջանին, իսկ ես մերժեցի. աշխարհահռչակ Սարյանի հետ հարցազրույցն անցընելիս անուշադրության մի պահի նա մի բանում վրիպեց, ես ասացի՝ գուցե այդպես չէ՞, և նա իսկույն համաձայնեց և ուղղեց սխալը իմ կարծիքին համապատասխան. քաղաքատնտեսության դասախոսությանը ես գրում էի մեծ ակնարկ թերթի համար, երբեմն առարկում էի դասախոսին, նա ափերից դուրս էր գալիս, իսկ ես գրում էի ակնարկը, աչքով էի անում Վերգինեին, փչում էի Բերսաբեի հարթ ծոծրակին և ուսիս վրայով ասում էի Սուրենին, որ րոպեն մեկ բզում էր իմ մեջքը.- Շան տղա, միասին ենք խմելու, թող վերջացնեմ:
Այն ժամանակ, երբ Ալխո ձին աղվես Գիքորի և իր բեռը Ղազախից թիզեթիզ մոտեցնում էր Ծմակուտ գյուղին, ես այդ ժամանակ Երևան-Մոսկվա ճեպընթաց գնացքում, փափուկ վագոնում, ինձ երևակայում էի երեսառած հաջողակ, գեղեցիկ, սիրված և աստծու պատիժ՝ կանանց գլխին. «Ախ, այդ Քառյան Հրանտը...»: Դյումա հայրը վայելում էր փառք ու կանայք՝ այդ ես էի, ճակատամարտի ժամին Կուտուզովը քնել էր՝ այդ ես էի, մեր Արտավազդ արքան Կլեոպատրայի առջևով կառափվելու անցավ թագակիր գլուխը բարձր՝ այդ ես էի: Նոբելյան մրցանակ, Toro-toreador, Garson, երրորդ սեղանին երկու շիշ կոնյակ, Էգ կատվիկ Բրիջիդ Բարդո, «Աղջիկը գնդի վրա»:- Ես Ձեզ ասում եմ: «Կայսրը Ձեզ սպասում է»:- «Ասացեք կայսրին, որ մի ժամով ես կուշանամ»:
«- Վերգինե՞... Վերգինե՛...
- Ուշ է, արդեն ուշ է:
- Վերգինե՛...
- Չո՜րս տարի... առաջին օրից... Տանը, տրամվայում, դասախոսությանը, ճամբարում, պեղումներին... Չո՜րս տարի... որտե՞ղ էիր...
- Վերգինե...
- Ուշ է:
- Դե ի՞նչ, Վերգինե... քեզ երջանի՜կ տանտիկնություն»:
Այս այսպես էլ եղել էր: Վերգինեն ամուսնացավ ինժեների հետ, պետական քննության էր գալիս վազելով, քթի տակը քրտնած, քննությունից դուրս էր թռչում երեխային կուրծք տալու, իսկ երբևէ Երևան պիտի գար ֆրանսական կինոյի նորագույն աստղը կամ Հրանտը պիտի գնար Փարիզ: Ինձ պատվանդան էին մորս ծղրտան հիացմունքն ինձանով, մեր տասը երեխայի զարմացած հայացքն ինձ, հորս թաքուն հպարտությունը, դոցենտ Ախվերդյանի առաջարկությունը միջանցքում՝ «Մնա ասպիրանտուրա»: Եվ այն, որ դա Երևան-Մոսկվա գնացքն էր, ճեպընթաց էր և իմն էր. ես կարող էի վագոնի միջանցքում, իմ արդուկած տաբատն զգալով, դանդաղ քայլել ետ, առաջ. բացել լուսամուտը՝ շոգ է. ծխել՝ մոխրամաններ կան, որոնց տեղը ես գիտեմ. պառկել ոտքս ոտքիս՝ դա իմ տեղն է: Աղվես Գիքորը և մի երկու կթվոր հազար ինն հարյուր երեսունիննին, ճիշտ է, գնացել են Մոսկվա, երևի ճեպընթացով, բայց նրանք չեն զգացել նրա հարմարավետությունը. խմբով, մի տեսակ՝ տուփով, նրանց տարել են,- Սա Կրեմլն է, սա Մոսկվա գետն է, սա դամբարանն է,- ու ետ ուղարկել: Իսկ ահա վագոնի միջանցքում տաբատավոր վրացուհին ձվի չափ խոշոր աչքերը գցել էր ինձ վրա ու նայում ու նայում էր, իսկ ես նկատեցի կամ չնկատեցի խեղճ աղջկան: Եվ՝ կուպեի երրորդ ուղևորը կարճատես ու կիսաճաղատ է, իսկ ես այսպես հաջողակ, գեղեցիկ, մոխրագույն շերտավոր տաբատս արդուկած, սև կոշիկներս մաքուր, մուգ փողկապս սպիտակ վերնաշապկիս վրա թուլացրած, ահա այսպես հոգնա՜ծ ծալվել եմ մեծ վեճում հաղթելուց հետո, խեղճ վրացուհին էլ այնտեղ աչքը կուպեիս դռանն է մնացել, և կուպեի երկրորդը՝ ակնոցավորի երևի կինը, մատները խրել է ոսկի մազերի մեջ և ուզում է ինձ չնայել ու չի կարողանում. իսկ Բայրոնը անցողակի տեսավ նրա տրտում աչքերը, հոյակապ ճակատը և երկար մատները ոսկի մազերի մեջ և երկար ոտքերը սեղանիկի տակ, և բերանը ծեծելով Բայրոնը հորանջեց: «Կմնա՞ս ասպիրանտուրա: Մնա ասպիրանտուրա»։ Եվ այդ կիսագրագետ դասախոսները, և այդ կիսագրագետ դոցենտն էլ. բայի ծագումը, Մեյեն ասում է, Աճառյանն ասում է, Վվեդենսկին ասում է, Աղայանն ասում է: Եվ իմ կտրուկ ռեպլիկը՝ իսկ դո՞ւք, և աղջիկների վախեցած հայացքն ինձ:
Հուլիսյան սպիտակ օրը, Վերգինեն այգում, ամուսնով ծածկված, երեխային կուրծք է տալիս, իսկ վերևն արդեն իր հերթն է, իր հերթն անցած կլինի, իսկ ինքը լավ չի պարապել, «Փողի ծագումը, փողը որպես...», դե զզվեցրիր, կեր, է... Իսկ ահա, կապույտ ստվերներից դենը, հուլիսյան արևի մեջ, դանդաղ անցավ Հրանտ Քառյանը՝ բարձրահասակ, ուղիղ, մաքուր... Շան որդին, քայլելն ի՜նչ է, քայլում է՝ գեղեցիկ է, դասախոսության քնատ է եկել՝ գեղեցիկ է, նոյեմբերյան շքերթին, փողոցում, պոլիտեխնիկի Կարինեի հետ պարեց ռոկ-ըն-ռոլ՝ գեղեցիկ էր, էքսկուրսիային թեթև ժպիտով պարեց քրդական քոչարի՝ դարձյալ գեղեցիկ էր... Պոլիտեխնիկի Կարինեին ապտակել էր և համալսարան եկավ ծեծված՝ աչքի տակը կապույտ և շրթունքներն ուռած,- Ոչինչ, թխկացրին... Ոչինչ, երեքով էին, պատին դեմ արին՝ ծըլթ...- և շան որդին դարձյալ գեղեցիկ էր:
- Կիրովական, կայարան Կիրովական...
Եվ այդ Կիրովականը... Խալաթավոր հաստլիկ տնտեսուհիները, կարմրի ու քրտնքի մեջ, եփում են քսաներեքերորդ տեսակի մուրաբան, «- Տեսա՞ր:- Ի՞նչը:- Չտեսա՞ր:- Ի՞նչը:- Քաղխորհրդի Հրաչի սև մեքենան:- Էդ ե՞րբ է փոխել:- Ամսի տասնյոթին, հինգ օր է:- Տղա՛ է:- Ըհը՛», և քիմգործարանի անսամբլի սյուիտը՝ «Կիրովակա՜ն, իմ գովակա՜ն, Կախարդում ես քո հյուրերին տեսքով դյութական, Երգի քաղաք, հևքի քաղաք, իմ Կիրովակա՜ն»: Եվ հայրս՝ «Արի Կիրովական դասատու, տուն սարքենք, ապրենք Կիրովական»: Ըհը՛, գնանք գյուղերը՝ ոչխար ուտենք, մեր գործով Երևան գնալիս գործուղում վերցնենք... Գնանք կայարան՝ Թբիլիսի-Երևան գնացքից իջնող հովեկների մեջ կա՞ն էնպես ձեռնտու հարմարները, որ և թարմ լինեն, և ամուսին չունենան... « - Հաջողեցրի՞ր:- Տեսնե՛նք, չեմուչում է անում: - Դրանց սովորությունն է, բանիդ կաց: - Գիտեմ»:
Լուսամուտից մի վայրկյան, հազիվ մի վայրկյան նայեց ու ետ մնաց Փամբակ փոքրիկ կայարանը: Խե՜ղճ Փամբակ փոքրիկ կայարան՝ մի կարմիր գլխարկ էր, մի կանաչ լապտերիկ ու մի զանգ: Քանի՜ մեծամիտ ճեպընթացներ են անցել, իսկ դու ահա մնացել ես այս ձորում մի կանաչ լապտեր, մի կարմիր գլխարկ ու մի զանգ: Եվ այդ երրորդ ուղևորը. ահա մի անգամ է ապրում, այն էլ՝ կարճատես ու ճաղատ: Եվ այդ ուղևորուհին. կին է և տխրություն է, ճիշտ է, բայց ահա կուպեի դուռն անաղմուկ ետ է գնում՝ ու դռների մեջ կանգնած է Բրիջիդ Բարդոն,- խեղճը կամաչեր, որ մատները արտասահմանյան ոճով խրել է մազերի մեջ և որ ոտքերը մերկ են ու մինչև հիմա մտածել է, թե գեղեցիկ է:
- Երիտասարդը Մոսկվա քննությա՞ն է գնում:
- Երիտասարդը վերջացրել է համալսարանը,- ծալված, փողկապս թույլ՝ ասացի ես, և ինձ ասացի, որ մեր խոսակցությունն ընթանում է փարիզյան մակարդակով:
- Հապա՞:
- Լուսանում է, դուք չքնեցիք:
- Իսկ ո՞ւր է գնում երիտասարդը:
- Ծմակուտ: Դա Չեխոսլովակիա է,- ասացի ես և ոտքի ելա: Եկավ քնատ ուղեկցորդը՝ ասելու, որ գնացքը հիմա մեկ րոպե կկանգնի Քոլագերան:
- Ծմակուտ,- ասացի ես՝ ճամպրուկներն ու կողովները միջանցք հանելով: Եվ զգացի, որ Ծմակուտ գյուղը դառնում է նշանավոր: Իսկ նրանք մտածեցին, որ անարդարություն է կատարվում. երիտասարդն ահա արժանի էր Փարիզին, բայց ահա իջնում է ինչ-որ Քոլագերան, ինչ-որ Ծմակուտի համար: Գնացքը դանդաղ սահեց, իսկ Հրանտ Քառյանը ձեռքերը գրպաններում, ոտքերը լայն դրած, անտարբեր դիտում էր նրա դանդաղ առաջացումը: Իսկ ճամպրուկների և կողովների կույտը մայթին տեր չուներ, որովհետև Հրանտը կապ չուներ նրանց հետ: Քոլագերանը դառնում էր նշանավոր. Հրանտ Քառյանը, փողկապը սպիտակ վերնաշապկին թույլ, կանգնել էր Քոլագերանի միակ մայթին: Կանգնեց մինչև անցավ վերջին վագոնը, լռություն եղավ և, լռության մեջ, իր մութ բնից ծուղրուղուեց աքաղաղը: Հրանտ Քառյանը ժպտաց՝ թեթևակի քամահրանքով սիրեց աքաղաղին, ինչպես խառը փողոցում, ուրիշի երեխայի գլուխն են շոյում, հետո հորանջեց ու, բարձրահասակ-բարձրահասակ, հատ-հատ, գնաց հեռախոսային հանգույց, որ ներծծված էր ննջարանի առավոտյան տաք անմաքրությամբ: Քնատ ու ճմրթված հեռախոսավար կինը, դեռ քնի մեջ, մռայլ ասաց՝ ի՞նչ ես ուզում, և Հրանտ Քառյանը հասկացավ, որ նա տանը երեխաներ ունի և մտածեց. խե՜ղճ մայրեր, խեղճ կանայք:
- Ժամը քանի՞սն է:
- Հինգը: Միացրու Ծմակուտ:
- Ի՞նչ Ծմակուտ:
- Ծմակուտ գյուղ: Դա իմ ծննդավայրն է:
Նա քնի թմբիրը մի րոպե ընդմիջեց ու ժպտաց.
- Դու շիլ Եղըշի Հրանտը չե՞ս:
- Դե, այո,- շփոթվեցի ես:
Գլուխը ափերի վրա ծանր, աչքերը կուլգնացած, նա քնատի կցկտուր փնթփնթոցով ասաց.
- Արա... դու հո գի՞ժ չես... Ծմակո՜ւտ... Արա, ձեր գյուղի ժողովուրդը մի քիչ շաշավուն է, հա...
Կիսախավարի մեջ, կից աթոռներին, վրա նստեց հերթապահ միլիցիոները:
- Ինչո՞ւ,- ասացի ես հեռախոսավարուհուն, իսկ ինձ ասացի, որ սիրում եմ մեր ժողովրդի անչար ժպիտը:
- Արա, ժամը հինգին էդ ո՞վ էր քեզ սպասելու:
Հերթապահ միլիցիոները աչքերը կարմրած նայեց, քնատի ֆսսոցով նայեց, ապա ասաց շատ հանկարծակի.
- Էդ մեր շիլ Եղըշի տղեն է՞:
- Պահակը,- ասացի ես հեռախոսավարուհուն, և ամաչեցի, որովհետև այդ օգոստոսին դժվար թե պահակ լիներ գրասենյակում:
Գլուխը սեղանին նա նեղսրտեց.
- Հա, ձեր նախագահի միլիոնները կթալանեն, պահակ են դրել, գնդացիրն էլ ձեռին:
- Ծմակուտ էիր գնալո՞ւ,- հարցրեց միլիցիոները:
- Ծմակուտ:
- Էդ կողմերի վրա իրիկունը մեքենա գնաց, իրիկունը գայիր՝ կգնայիր:- Ձեռքերն աթոռին իր տակ, նա մի քիչ նայեց ու հարցրեց.- Ժամը քանի՞սն է:
- Հինգը:
- Հա,- ասաց նա ու հորանջեց:- Իրիկունը գնաց: Ժամը էսպես տասներկուսին էր: Քանի՞ կիլոմետր է:
- Քսանհինգ:
- Հա,- ասաց նա ու պառկեց աթոռներին.- Իրիկունը գնաց: Ծմակուտ չէր գնում, բայց դե Շամուտ էր գնում: Իրարից ինչքա՞ն են հեռու:
- Յոթ կիլոմետր:
- Հա,- ասաց նա:- Ձեր ֆերմայի վարիչն էլ մեջն էր: Լևոնը ձեր ֆերմայի վարիչն է՞:
- Կարծեմ:
- Անունը Լևոն է՞:
- Չգիտեմ,- ասացի ես:
Կայարանը նեղ է: Ծայրահեղ անհրաժեշտությունն ստիպել էր ռուս ինժեներներին կայարան կանգնեցնել անհնար տեղը. երկու գծի լայնությամբ ժայռերը ետ էին գնացել: Կառամատույցը մի նեղ մայթ է, իսկ շենքն արդեն տեղավորվել էր գետի հաշվին: Այստեղ ծնվում են երեխաներ, դպրոց են գնում մինչև յոթերորդ դասարան, ապա գնացք են նստում ու դուրս գալիս կիրճից՝ այլևս ետ չդառնալու համար: Հետո արդեն իրենց ծնողների տունը տեսնում են Ալավերդի-Լենինական բանվորական գնացքի, Թբիլիսի-Երևան խառը գնացքի և Մոսկվա-Երևան կարևոր ճեպընթացի լուսամուտներից: Երևի մի պահ տխրում են՝ տեսնելով խճուղու և գծերի մեջ օրորվող մանկության սագերը և կիրճի պռնկից ներքև սահող արևի դեղին շերտը, որ մի պահ շոյում է հատակի դարչնագույն գետը, գծամիջերի նավթայուղը և դանդաղ մագլցում մյուս լանջն ի վեր, դեպի սարահարթ՝ լայնություն և արոտներ, անտառներ և լռություն: Հրանտ Քառյանը միակ նեղ մայթով գնաց, աղբյուր-հուշարձանից ջուր խմեց, եկավ և մտածեց. իմ խե՛ղճ կայարան: Հետո ներս մտավ դահլիճ, որ ավլած էր և բուրում էր փոշի ու ջուր, և դատարկ դահլիճում հորանջելով ասաց.
- Իմ խե՛ղճ Քոլագերան:
Հրանտ Քառյանը նստեց, պառկեց, և իր ձիգ հասակն իրեն դուր եկավ, և որ սպիտակ վերնաշապիկը մի թեթև կեղտոտվելու էր՝ իրեն դուր եկավ և մտածեց. ահա մենք Քոլագերան կայարանում ենք:
Մատով թխկթխկացրին նրա գլխին և ոտքը նստարանից քաշեցին ներքև: Հրանտ Քառյանն արթնացավ՝ միլիցիոները կարծես ժպտում էր, կարծես զայրացած էր.
- Զարգացած էլ մարդ ես երևում, չի կարելի պառկել:
Հրանտ Քառյանը՝ սափրված, ուսերը լայն՝ ներքևից վերև ասաց միլիցիոներին.
- Հը՞:- Եվ ձեռքերը գրպանում նորից պառկեց:
- Քեզ բա՛ն եմ ասում:- Եվ Հրանտ Քառյանը միանգամից վրա նստեց, ինչպես համալսարանից առաջ, նույն նստարանին:- Էս՝ գնում երևաններում խելքները թողնում գալիս ե՞ն: Ասացին չի՛ կարելի՝ չի կարելի:
- Դե լավ, դե լավ, մի բարկացիր,- ասաց Հրանտ Քառյանը և դուրս եկավ դահլիճից: Եվ ամաչելով հիշեց, որ պոլիտեխնիկի Կարինեի հետ ոչ մի ռոկ-ըն-ռոլ էլ չի պարել: Եվ տեսավ ճամպրուկների ու կողովների կույտը մայթին ու ասաց. էս ձորից ո՞նց ենք դուրս գալու:
Միլիցիոները կարգ էր հաստատել և հիմա չափում էր կայարանի մայթը: Գնաց, հասավ աղբյուրին, ետ եկավ, նայեց ինձ, նայեց գծերին և ասաց.
- Էստեղ մի կանգնիր, բեռներդ հավաքիր, անցիր խճուղի, եթե ավտո լինի՝ էնտեղ է լինելու, չուշանաս:
- Լինո՞ւմ է ավտո,- ասացի ես:
- Լինում էլ է, չի էլ լինում, գիտես, էլի:
- Շնորհակալություն,- ասացի ես:
Ժամը յոթին պատահեց մեքենան: Երբ ես լսեցի նրա աղմուկը, ասացի՝ Հրանտ Քառյանը միշտ էլ բախտավոր է եղել: Հետո երևաց ինքը, որ բեռնատար չէր,- Շամուտի վիլիսն է,- և իմ հույսը մարեց, ինչպես ութ տարի առաջ, երբ չէի համարձակվում ձեռք բարձրացնել փափուկ ավտոմեքենա կանգնեցնելու: Քաղցր կյանքի աշխարհը մերժում է Հրանտ Քառյանին, Հրանտ Քառյանը մերժում է քաղցր կյանքի աշխարհը: Գլուխն ափերի մեջ՝ նա նստել է կողովներին, որոնց հետ կապված է վերջին թոշակներով և մորն ուրախացնելու հույսով: Դա նրա բեռն է:
- Քա՛ղաքացի:- Նա սուլեց, և այդ սուլոցն սպանեց ինձ:- Ընկե՛ր թղթակից:- Մեքենայի մեջ ժպտում էր Շամուտի բժիշկ Մերուժանը:
Նա սուլեց, և այդ սուլոցն սպանեց ինձ: Ընկերն ընկերոջը այդպես չի սուլում, տերը ծառային այդպես չի սուլում, այդպես սուլում են միանգամից վերև թռածները ներքևիններին: Սկսած դեռ իններորդ դասարանից, երևանցի ամեն հովեկ նրանց աստվածն էր: Հետո արդեն աստվածներ էին միայն բժշկական ինստիտուտի հետ որևէ առնչություն ունեցողները: Նրա մայրը՝ թաքուն՝ նրանց ծառան էր, և՝ արդեն ի ցույց գյուղացիների՝ իր Մերուժով թռչողը: Նրա հովիվ հայրը սարից տոպրակով մածուն էր ուղարկելու նրանց համար,- Անշահ մածուն է, այտա, ուրիշ լավ բան չունենք, հովիվ մարդ ենք,- և ժպտալու էր գյուղացու հեռատեսությամբ: Ծաղրվելով-մածունով, պարտքերով-սողալով գրպանեց դիպլոմը, և ահա թափ է տալիս փորի փոշին:
Եվ ես հիշեցի ծեծը և որ ծեծից հետո ես ամենևին էլ չէի ժպտում: Եվ որ նրանք ամենևին էլ երեքով չէին, այլ մեկն էր և այդ մեկը գոնե բռնցքամարտիկ չէր: Վերգինեի աշխղեկ ամուսինը ցեմենտ տեղափոխող բեռնատարից ցած թռավ ընթացքի ժամանակ, ես գնում էի գրադարան, թևիցս բռնեց,- Ճանաչեցի՞ր,- և դեռ չէի ճանաչել՝ իջավ մի երկու հատ ու գնաց իր ցեմենտի հետ իր շինարարություն:
- Ի՞նչ կա, ընկեր թղթակից, էդ ո՞ւր բարով:
Եվ շանորդուն այնքան շատ էր սազում այդ բարեհոգի քամահրանքը, որ ես ամաչեցի իմ մի երկու հոդվածի և ակնարկանման մի բանի համար: Աշխարհում հազար գործ կա՝ ինձ այդ թուղթ մրոտե՞լն էր տրված:
- Տուն, Մերուժ, Ծմակուտ:
- Հա՜... Կեցցե՛ս, կեցցես: Լավ է մեզ հիշել ես:
- Եկել եմ՝ մեքենա չկա, մեքենայի եմ սպասում:- Հրանտ Քառյանը ելավ, ձեռքերը կոնքերին, գոտու տակ՝ ձգվեց հասակով մեկ ու ժպտաց:
- Հա... Երևաններում ի՞նչ կա:
- Հին Երևանն է, Մերուժ, շոգ է, փոշի:
- Հա՜,- ասաց նա և հորանջեց ու բերանը ծեծեց:- Գիշերը չենք քնել: Թոխյանի աղջկա ծնունդն էր:
«Մածուն չտարա՞ր»:
- Ճամպրուկներդ, ուզում ես, դիր, կողովներիդ հետ դու կգաս:
- Պարտքդ հանձնեցի՞ր,- միանգամից ասաց Հրանտ Քառյանը:
- Ի՞նչ պարտք:- Ընկեր Մերուժանը սփրթնեց:
- Քիմիայից պարտք չէի՞ր մնացել:
- Ոչ:
- Հա՜,- ձգեց Հրանտ Քառյանը,- դե լավ է, լավ է: Կարծեցի պոչ կունենաս ինըստուտում: Դե կեցցես, կեցցես:
Նա մի քիչ մտածեց և ասաց.
- Ուրեմն չե՞ս գալիս:
- Շնորհակալություն, Մերուժ:
- Ճիշտ ես անում, ընկեր թղթակից: Էստեղ ապակի կա, կջարդվի, ճանապարհին էլ մի կես ժամվա գործ ունեմ, կանգնելու ենք, քեզ կուշացնենք,- նա ժպտաց,- դու կարևոր մարդ ես:
- Գնացեք, իհա՛րկե գնացեք: «Մածուն, այնուամենայնիվ, տարած կլինես»:
Նա դարձյալ ժպտաց:- Դե ցտեսություն, մեկ-մեկ անցիր,- ձեռքով էլ արեց:
Եվ ձիգ ոտքերիս վրա խաղալով՝ ես հիշեցի համալսարանի միջանցքը, դոցենտ Ախվերդյանին. «ասպիրանտուրայի միտք չունե՞ս», և հիշեցի, որ դոցենտ Ախվերդյանի հետ այդպես մտահոգ խոսելիս անցավ և ո՛չ անխելք, և շահադե՛տ, և կանացի ու լիքը-լիքը Բերսաբեն՝ կիպ շրջազգեստի մեջ, և ես թշնամանքով նայեցի նրա խաղացկուն մեջքին, մինչև միջանցքի ծայրը, մինչև որ մտավ դեկանատ: «Քե՛զ եմ ասում», դոցենտ Ախվերդյանը հասկացավ, թե ինչու եմ անուշադիր և հոգոցի պես ասաց՝ այո՜-ս:
«- Մտածիր, մտածիր:
- Կմտածեմ»:- Եվ ես աստիճանների բազրիքով սղղացի ներքև: Հետո՝ մյուսով: Հետո՝ մյուսով: Հետո՝ մյուսով: Դուրս գալիս ես ասացի դռնապանին, որ ահա քառասուն տարի զինվորական բաճկոնի, սապոգների ու ճակատավոր գլխարկի մեջ էր, ասացի այդ դռնապան Նիկոլին.- Բավակա՛ն է կապիտան լինես, այ Նիկոլ, չե՞ս մտածում դիսերտացիայի մասին, այ Նիկոլ:- Լուրջ Նիկոլը մտածեց, որ այո, հենց ինքն էր դիսերտացիա պաշտպանելու և ոչ թե Հրանտ Քառյանի նման կիսահիմարների տեղն է համալսարանը: Իսկ ես այդ ժամանակ դուրսը, արևի մեջ, ծիծաղում էի:
Այն օրվա թեթևությամբ, հիմա ես իջա խճուղուց, անցա ճոճվող կամրջով, «շան որդի, ես ասպիրանտուրա եմ մերժել, դո՞ւ ով ես», գնացի դեպի հեռախոսային հանգույց:
- Դատարկ մեքենա էր, ինչո՞ւ չտարավ,- հետաքրքրվեց միլիցիոները: Նրա աչքերը լուրջ էին, կարծես թե մտահոգ էր եղածի պատճառով, բայց մտքի մեջ քմծիծաղում էր, որովհետև իմացել էր իմ իսկական արժեքը՝ այսպես տասնհինգ մանեթ, հին էշն է՝ փալանն է փոխել:
- Դատարկ չէր, մածուն էր տանում,- ասացի ես:
Այդ Հրանտ Քառյանի ասածի մեջ կարող է՝ միտք կար, կարող է՝ չկար, կարող է՝ նրան ձեռ էր առնում,- միլիցիոներն զգուշորեն ծիծաղեց:
- Տրամադմփոցդ լավ պահիր,- ասաց Հրանտ Քառյանը և մտավ հանգույց:- Կարծում եմ հիմա կարելի է զանգահարել: Միացրու Ծմակուտ:
- Բարև, Սանասար, Հրանտն է: Կայարանից: Քառյանը:- Նա ծիծաղելով համաձայնեց, որ, այո, շիլ Եղըշի մեծը:- Ինչպե՞ս եք:- Եվ որ գործերն այդքան հաջող էին գնում՝ նա աչքով արեց հեռախոսավարուհուն:- Սանասար, եկել եմ, կայարանում եմ: Մերոնց ասեք, ձիուց-բանից... Չէ, ձեռքով բերելու բան չի: Երկու ճամպրուկ, երկու կողով: Ցտեսություն, սպասում եմ:
Հրանտ Քառյանը գծավոր տաբատի ետևի գրպանից հանեց դրամապանակը, հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր տասնհինգ ռուբլու խրձից հանեց միակ հինգռուբլիանոցը և մեկնեց հեռախոսավարուհուն:
- Մանր տուր:
- Չունեմ:
- Գրպաններդ լավ նայիր:
- Կոպեկ պահելու սովորություն չունեմ:
- Բա ո՞նց ենք անելու:
- Թող մնա քեզ մոտ, հետո մանր կունենաս՝ կտաս:
- Արա, էս շաշ է, հա:
- Ինչո՞ւ է շաշ,- ծիծաղեց Հրանտ Քառյանը:
- Արա, էդ ո՞վ է գալու էստեղից էդքան խոսի, որ հինգանոց մանրեմ, որ տամ քեզ:
Հրանտ Քառյանը նորից ծիծաղեց և ծիծաղելով ասաց.
- Դե լավ, հիմա տոմսարկղում կմանրեմ ու կբերեմ:
- Տոմսարկղը իրիկունն է բացվելու:
- Դե լավ, թող մնա քեզ մոտ,- լուրջ ասաց Հրանտ Քառյանը,- մի անգամ անցնելիս լինեմ՝ կվերցնեմ:
Հեռախոսավարուհին աչքերը ճպճպացրեց, և Հրանտ Քառյանը դարձյալ ծիծաղեց: Իսկ հեռախոսավարուհին աչքերը ճպճպացրեց, ճպճպացրեց և ասաց.
- Արա... Արա, տո շաշահպա՛րտ... Արա, հերդ շաշավուն, դու շաշ՝ ձեր ընտանիքի վիճակն էդ ո՞նց է լինելու:
- Ինչո՞ւ,- ծիծաղեց Հրանտ Քառյանը:
- Դեռ հարցնում էլ է, դեռ հարցնում էլ է:
- Չէ, ինչո՞ւ:
- Արա, բա հիմա որ վերցնեմ, ավտոն էլ գա ու աստծու հաջողությամբ էսօր գնաս, ինչո՞վ ես ծխախոտ առնելու, որ էդպես մեծ-մեծ էլ ծխում ես:
Հրանտ Քառյանը ծիծաղեց մինչև արտասուք, հետո նորից սկսեց և ծիծաղելով մտածեց, որ սիրում է այդ կայարանը, այդ հանգույցը՝ որի դարակներում մի կոպեկ փող չկա, այդ հեռախոսավարուհուն՝ որ տանը մի չորս երեխա ունի, այդ միլիցիոներին և, աստված վկա, այդ Մերուժին ու նրա հոր տոպրակով մածունը՝ դասախոսների պարկետի վրա, և համերկրացիների բացսիրտ ժպիտը և իր շիլ հորը և իր ալարկոտ-թախծոտ մորը և իր շիլ ինը եղբայրներին և իրեն՝ որ կարողացել է այդ արանքներից դուրս պրծնել ուղիղաչք:
Հետո ես նստել էի դահլիճում, միլիցիոները եկավ քայլեց հատ-հատ թակոցով, կանգնեց իմ դեմ և ասաց.
- Նստած կարելի է:
- Հը՞,- աչքերս բացեցի ես,- ի՞նչն է կարելի:
- Քնիր, քնիր, գիշերը երևի չես քնել:
Ժամը ութից հետո կայարանը լցվեց գյուղացիներով, ժամը իննին բանվորական գնացքը եկավ, սրբեց տարավ հավ, ձու, աղմուկ, կանաչի, կարագ, խնձոր, հարցուփորձ, գանգատ, ոչխարի միս, պանիր, մռայլություն: Մնացինք ես, միլիցիոները ու հին զանգով կայարանի շենքը:
- Գնանք հաց ուտենք,- ասաց միլիցիոները:
- Շնորհակալություն,- ասացի ես, և իսկույն հասկացա, որ ինքն իրեն էր ասում. այս կայարան օրը հազար ծանոթ ու անծանոթ է իջնում, իսկ ինքը աշխատավարձի մարդ է:
- Ամաչելու ի՞նչ կա,- հարմարվեց միլիցիոները:
- Քաղցած չեմ:
- Էդ ուրիշ բան:
Ժամը տասին ես զանգահարեցի Ծմակուտ՝ հեռախոսի մոտ մարդ չկար: Տասն անց կեսին նորից զանգահարեցի, և այնտեղ շոգ գյուղամեջն էր, փակ ակումբը, փակ խանութը, որի ապակիների ետևում այդ էլ հինգ օր չարչարվում էր մի մեղու, փակ գյուղխորհուրդը, դպրոցի շենքից գալիս էր սվաղահոտ, ջրհորը լցվում էր ջրով, վերին թաղում կախվում էր իմ պառավ տատի տագնապը՝ ուրուր-ուրուր-ուրուր, հո՜ւյ, և կիսատ էր մնում աքաղաղի կանչը մի չափարի վրայից, ես բոլոր հոտերով և գույներով տեսա գյուղը, լսեցի հեռախոսազանգը անմարդ գյուղամիջով մեկ և մի վայրկյանում տխրեցի ու ալարեցի: Այնտեղ արևի ու թախիծի մեջ դանդաղ պառավում է Բասար շունը. շատանում ու քչանում են հավերը. ցածր, միալար, անվերջ ու քնեցնող՝ երգում են հեռախոսալարերը. ձորում, նկարի ձիու պես անշարժ, քսան տարի կանգնած է նույն կարմիր ձին. է՜, թեքվել է ու չի փլվում լուռ ջրաղացի տանիքը,- էս ո՞ւր եմ գնում: Տղաների հետ խոտ եմ հնձելու: Ձեռ ենք առնելու Վարդանյան Լավրենտին. նա չի հասկացել, որ պաղպաղակը սառն է լինում, կուլ է տվել գյուղավարի: Ձեռ ենք առնելու, իսկ նա ննջելու է գլխարկն աչքերին: Հնձելու ենք, հնձելու ենք, հնձելու ենք, հնձելու ենք ու այդպես էլ չենք վերջացնելու, սկսվելու է արտհունձը: Արտի շոգը, քիստը և քրտնած վիզդ: Եվ չորացած դառը բերանդ: «- Երկու ժամ է ջրի ես գնացել, շա՛ն քած:- Դե, ռեխդ հավաք պահիր, հա՜...»: Եվ համալսարանի միջանցքը և Բերսաբեի պինդ ու փափուկ մեջքը: Ոչ ոք նրա հետ առանց ժպտալու չի խոսում: Եվ անխելք չի ու էժան էլ չի:
Ես ինձ ուտում էի նեղ կայարանի միակ մայթին: Ես կանգնել էի միակ մայթին ու հայհոյում էի.
- Անգրագե՛տ, խմբի բոլոր աղջիկները քեզանից խելոք էին: Կարիերի՛ստ, կազմակերպչական աշխատանքով դու քեզ առաջ գցեցիր... Ինքնագո՛հ, ո՞րն էր կազմակերպչական աշխատանքդ: Գեղեցի՞կ էիր... Էդ ո՞րն էր գեղեցկությունդ: Մսիդ ամեն գրամը հազար ռուբլով ես ծախելու:
Ես հիշում էի գյուղի վատ ճանապարհը. և որ իմ հայրն ու մայրը չեն մտածում, թե ինչպես են ապրելու իրենց այդքան երեխաները, պարզապես ծնում են նրանց ու սիրում հավասար սիրով, իսկ նրանք բոբիկ են. և որ երկու տարի, ցեխին ու անձրևին, ես կիսաբոբիկ դպրոց էի գնում Ծմակուտից Շամուտ. և որ այդ անասուն Մերուժը դպրոցի ամենաբութն ու ամենազգույշն էր. և որ այն ինժեներ-աշխղեկը ծանր ձեռք ուներ. և որ անձրևի ժամանակ հորս ոտքերը ցավում են, իսկ նա խոտ է բերում, փայտ է բերում, գոմից թրիք է դուրս տալիս, գյուղամեջ է գնում զույգ ոտքից կաղալով, փոխանակ նստի և տրորի ոտքերը. և որ այդ կայարանն այդքան նեղ է,- այս ամենի համար ես հայհոյում էի Բերսաբե Միրզախանյանին, իսկ նա դարձյալ ժպտում էր, դարձյալ գեղեցիկ էր, կոտրատվում էր դեկանատում և շատ էր դիպուկ, մի մազի չափ չէր սխալվում. նրա դեմ ժպտում էր դոցենտ Ախվերդյանը, ժպտում էին բոլորը, բոլորն ընդունում էին նրա խելացիությունը: Ուզենա՝ կդառնա նշանավոր, ուզենա՝ կտա ու կառնի Աֆրիկայի կեսը, իսկ եթե չառավ՝ ուրեմն չի ուզել: Նշանավորները նրանից խելոք չեն: Ամերիկայի նախագահ Վիլսոնն ահա իր համար նստել էր իր սպիտակ տանը, աշխարհը փափուկ ու դուրեկան էր, և ուզեց մի որևէ լավ բան անել. և մտածեց ու գտավ մի մեծ Հայաստան ու Մեծ Հայաստանի քարտեզ քաշեց. ու մատիտը թղթի վրա գնում էր հե՜շտ, հեշտ. ու կենսագիրները նայեցին նրա արխիվն ու ասացին. ա՛խ, ինչքան քրիստոնասեր էր: Իսկ այդ Հիտլերն ինչ արեց. իբր թե իրեն կարգի էր բերել, հիմա էլ հավակնում էր կարգի գցել աշխարհը: Եվ թուրքական բանակի այն հայ սպան ինչ արեց. եղած գերությունից ազատեց թուրք մինիստր Էնվերին, որ փախավ եղած գերությունից, ուղիղ գնաց ու կազմակերպեց հայ մեծ եղեռնը, հետո, զինվորական պահեստի բանալիներն իր մոտ էին, վերցրեց ու իրեն նախշեց մարշալի զարդերով: Եվ այդ խաչակիրների այդ արշավանքն ինչ էր. ասացին գնանք ազատենք Տիրոջ աճյունը, գնացին, հասան՝ այնքան պղպեղ ու համեմ կար, այնքան դարչին ու սամիթ կար... Շալակեցին դարչին ու պղպեղ, սամիթ ու ազատքեղ ու գնացին իրենց տները: Նրանց հարցրին. իսկ Տիրոջ աճյո՞ւնը. նրանք հարցրին. ի՞նչ Տիրոջ աճյուն. նրանց ասացին. դե Տեր Հիսուսի...- իսկ նրանք պղպեղով ճաշ էին ուտում, որ չլսված համեղ էր, և ժամանակ չունեին պատասխանելու պարապ հարցերի: Եվ՝ այդ փիլիսոփաների, օրենսդիրների, հռետորների և բանաստեղծների Հռոմը, որ Կարթագենին ուղարկեց այնպիսի հուշագիր, ասես Հռոմում չկային փիլիսոփաներ և օրենսդիրներ, հռետորներ և բանաստեղծներ, այլ կային անգրագետ բարբարոսներ. այսպիսի հուշագիր՝ Կարթագեն քաղաքը ծովից տասներեք վերստ ետ քաշեք: Իսկ այդ չինական պարիսպը, որովհետև երկար է, ամենաերկարն է, էլ ուրիշ այդքան երկար պարիսպ չկա աշխարհում՝ ուզում է տեղ գտնել յոթ հրաշալիքների շարքում: Իսկ այդ, այդ, այդ Մեսրոպը, այդ Ծմակուտի ձիապանը, որ չի ուզեցել լինել սովորական ձիապան և գնացել տեսել է թե՝ ինքը ձիապան ու նացիոնալիստ է միաժամանակ և բանտարկվել է ու իր բանտարկվելն իրեն դուր է եկել: Իսկ նրա քննիչներին երևի դուր է եկել իրենց բութ լրջությունը:
Այս ի՜նչ պատմություն է:
- Ներողություն, Բերսաբե, գլուխդ կախ դու քո դերբայի՛ն կաց,- ասացի ես Բերսաբե Միրզախանյանին:
Եվ երբ եկավ ու ծանր-ծանր կանգնեց Թբիլիսի-Երևան գնացքը, Հրանտ Քառյանը մեջքով հենվել էր նեղ մայթի բազրիքներին և ժպտում էր: Հավանաբար աչքերը նայում էին խելոք և շրթունքների անկյունում ժպիտը գեղեցիկ էր: Եվ ասաց լուսամուտի ետևից բութ-բութ նայող մազմզոտ քեռուն ու նրա հաստ տիկնոջը.
- Շոգ է՜՞: Կերեք, կերեք, ուտելը շոգի դեմ լավ է:
Եվ ասաց մյուս լուսամուտի անպայման առևտրականներին.
- Էդ ո՞ւր եք գնում, պղպեղն ու ազատքեղը խաչակիրները տարել ե՜ն:
Եվ ասաց մյուս լուսամուտի ռուս աղջիկներին.
- Իջեք, Երևան շոգ է:
Նրանք ցույց տվեցին կայարանը և ծամածռվեցին:
- Իսկ ձեր Մոսկվայում ամե՞ն ինչ լավ է:
- Իսկ մենք Կուրսկից ենք,- ասացին նրանք:
- Կեցցեք, կեցցեք:- Եվ Հրանտ Քառյանն ասաց մյուս լուսամուտի տարիքոտ տղամարդուն՝ նրա աղջկահասակ կնոջ մասին.
- Էդ երեխային էդ ո՞ւր ես տանում էն վայրենիների Երևան:
Եվ ասաց մյուս լուսամուտի գյուղացիներին.
- Հիմա շուկան լիքը ձու է, սպասեք հունվարին: Հիսուն կոպե՜կ:
Եվ պատիվ տվեց զինվորական վագոնին.
- Քաջառողջությո՛ւն, ընկեր գեներալ:
Եվ ասաց մյուս վագոնի բեղավոր ժպտացողին.
- Կիրովական ես գնո՜՞ւմ: Հասել ե՜՞ս: Մուրաբա տես ուտի՜՞լ:
Եվ ասաց մյուս վագոնի խառը մազերով երևի բանաստեղծին.
- Նատուրալիզմ, կապիտալիզմ, պանթեիզմ, սոցռեալիզմ:
Եվ ասաց մյուս վագոնի հարբեցողներին.
- Շշշշշշ:
Եվ հաղթականորեն մեխեց վերջին վագոնի սիրահարվածներին.
- Միաու, բաաաա:- Աղջիկը սիրահարված փիսիկի նման էր, տղան նայում էր հորթի պես:
Դրանից հետո կայարանում ամբողջ հինգ ժամ ես մենակ էի և կարծես թե խելագարվում էի: Ժպտալով՝ ես մտքիս մեջ մլավում ու բառաչում էի, բայց տխուր էր: Փորձեցի կռվել կայարանապետի հետ՝ բան դուրս չեկավ:
- Ինչո՞ւ իրերի պահպանման սենյակ չկա:
- Իսկ ո՞վ ասաց չկա:
- Եթե կա՝ ո՞ւր է:
- Էդ ուրիշ հարց է: Փակ է:
- Իսկ ինչո՞ւ է փակ:
- Աշխատողը գնացել է Երևան:
- «Գնացել է Երևան», բա ես ի՞նչ անեմ:
- Էդ էլ ուրիշ հարց է. գլուխդ ձեռքիդ դիր ու բայաթի քաշիր:
Ես նորից զանգահարեցի Ծմակուտ՝ դարձյալ շոգ գյուղամեջն էր ու թախծի մեջ պառավող շունը: Ես քնեցի: Միլիցիոները դարձյալ քաշեց ոտքս և տկտկացրեց գլխիս:
- Հը՞, ավտո կա՞:
- Չէ, ինքնաթիռ: Հատուկ: Չի՛ կարելի պառկել:
- Մարդ եղիր, տո՛:
- Իսկ ո՞վ ասաց, որ մենք մարդ չենք:
Ես չէի ուզում արթնանալ, որովհետև անելիք չունեի: Ես ժամացույցին նայելով նորից պառկեցի:
- Վե՛ր կա՜ց:
Ես վեր թռա: Նա ինձ սուսուփուս հրեց նստարանների արանքով, արմունկս բռնած՝ բացեց մի սենյակի դուռ, ու մինչ ես մտածում էի, որ ցուցանակի մեջ տառասխալ կար և որ սա թատրոն է և որ աշխարհիս ամենատխուր բանը փոքրիկ կայարանի բնակիչ լինելն է, նա անցել էր գրասեղանի ետևը և քմծիծաղ էր տալիս:
- Հետո՞,- ասացի ես:
Հետո՝ գրասեղանին հանգչում էր հեռախոսը, հեռախոսի տակ հաստ ապակին, ապակու տակ գրասեղանը, գրասեղանի տակ նրա տակփոխ սապոգները, սապոգների տակ մաշված հատակը, իսկ հատակը նկուղի վրա էր, նկուղը՝ գետի: Գետը հոսում էր ահա հազար, միլիոն, միլիարդ տարի նույն ափերի մեջ, նույն քարերին զարնվելով, ու սիրտ պատռելու չափ ձանձրալի էր: Բայց միլիցիոները ժպտում էր. ուրախ էր, որ ազատվել է հնձից, կայարանում տուն ունի, շփվում է Մոսկվա-Երևան ճեպընթացի պես մեծ բանի հետ, երկու խոզ ունի, կերի հարցը դժվար չի, որովհետև կայարանում միայն ինքը խոզ ունի, իսկ կայարանապետի երկու խոճկորը ջուրը քշեց՝ բուֆետի մնացորդները թողնելով միայն իր խոզերին: Իսկ օրը, դե, կարելի է մի բանով լցնել. գնացք է գալիս-գնում, ավտո է պատահում, բուֆետում մեկ-մեկ կռվի պես մի բան է լինում, ապրանքատարին բարձված է լինում քար, ածուխ, շինափայտ, կարելի է կանգնել ու նայել, ռադիոն խոսում է՝ կարելի է լսել, ասում են Ամերիկա թե որտեղ մի լակոտ գողացել է կտոր ոսկիներ: Տանելու է ի՞նչ անի: Փող չի՝ հագուստ առնի: Երևի փողի հետ կփոխի, որ տա հագուստ-մագուստի: Կբռնեն: Կարելի է ասել ջրի իջած գեր ուղևորին,- Երևան շո՞գ է,- և համաձայնողաբար թափահարել գլուխը:
- Երեկ գնացել ես քաղաք,- քմծիծաղով ասաց նա,- էսօր գալիս ես ու մենք մարդ չե՞նք: Դիպլոմը դրա համար են տվել ձեռդ, որ գաս մեզ ասես մենք մարդ չե՞նք:
- Հետո՞,- ասացի ես:
- Չէ, դու ինձ ասա, դիպլոմը դրա համա՞ր են տվել:
- Ես դիպլոմ չունեմ:
- Էդ էր պակաս ունենայիր էլ,- քմծիծաղեց նա:
- Իսկ եթե ունե՞մ:
- Վրայիցդ երևում է:
Տաբատս ճմրթվել էր, վերնաշապիկս կեղտոտվել ու ճմրթվել էր, աչքերս ցավում էին, դեմքս երևի ուռած էր:- Գիշերը չեմ քնել,- ասացի ես:
- Իսկ դա իմ աշխատավարձի վրա ազդում է՞:
- Չի ազդում:
Նա ետ ընկավ աթոռին, ձեռքերը գրպաններում ժպտաց.
- Ես մարդ չե՞մ: Հիմա որ դուռը փակեմ ու կոճերդ ջարդեմ՝ ո՞վ է ասելու, որ ես քեզ ծեծել եմ:
- Կարելի է,- ասացի ես,- ոչ ոք էլ չի վկայելու:
- Վկայից ես խոսո՞ւմ,- նա կանգնեց:- Պետական հացը համալսարանում ձրի կերել ես, որ գաս վկայից խոսե՞ս:
Չէ, նա ծեծող չէր: Նա ժամանակ էր անցկացնում:
- Զահլա չունեմ,- ծամածռվեցի ես:
- Կա՛րգի՜ն:
- Օ՜ֆ, զահլա չունեմ:
Նա վերցրեց ընկալուչը, հեռախոսավարուհուն միացնել տվեց Կիրովական. նա զանգահարում էր Կիրովականի միլիցիա,- Զահլա չունի,- խնդրեց օրապահություն, ասաց, որ դա Քոլագերանն է անհանգստացնում:- Տղեն զահլա չունի:- Նա սպասում էր հերթապահ կապիտանին, իսկ այդ ժամանակ ես հեգնանքով ծիծաղում էի, բայց հաստա՛տ լաց էի լինում:- Տղեն դիպլոմն առել է, զահլա չունի:
- Դե վե՛րջ տուր, հիմար,- գոռացի ես:
Նա կապիտանին մանրամասն, չավելացրեց ու չպակասեցրեց, զեկուցեց եղածը: Այդ ճշգրտության համար ես շնորհակալ էի: Կապիտանն այնտեղ լռում էր ու ես մի րոպե խղճացի կապիտանին: Այդ ժամանակ նա կցեց իմ վերջին խոսքը.
- Ընկեր կապիտան, ես իրեն կարգի էի հրավիրում, ինքն ինձ ասաց, «դե վե՛րջ տուր, հիմար»:
Կապիտանը լռում էր, և ես հեռու-հեռվից սիրում էի նրան, կապիտանն ու ես պայքարում էինք բթության դեմ:
- Բերե՞մ քաղաքամաս, ընկեր կապիտան:
- Ոչ,- ասաց կապիտանը:
Սա նեղացավ:- Դե, բա ի՞նչ անեմ, ընկեր կապիտան:
Կապիտանը լուռ էր, հետո ասաց.- Տուգանիր:- Ես էլ լինեի նրա տեղը, կասեի այդպես, կնետեի ընկալուչը և կկտրեի Քոլագերանի հետ կապող գիծը: Բայց ես Հրանտ Քառյանն էի, կայարանում էի, ձիու-ավտոյի էի սպասում՝ չկար: Ծմակուտ հունձ էի անելու, որևէ հնարքով շողոքորթելու էի ընկեր Ռուբենին՝ դպրոցում մի քանի ավելի ժամ պոկելու, և՝ տանն այդ ինը երեխայի աղմուկը և հորս գուլպաների հոտը:
- Մի կոպեկ փող չունեմ, հիմար:
Նա գլուխը թափահարելով ասաց.
- Բա հիմա որ նորից զանգահարե՞մ:
- Լսիր,- ասացի ես,- ուզում ես Կիրովական գնալ, գնա՛, էդ գրասեղանդ ու կայարանապետիդ չեն թռցնի:
- Վուայ, վուայ, վուայ,- սուտ զարմացավ նա,- դիպլոմն առել է՝ ջղայնանում է: Հերդ էլ բա էդքան հանգիստ մարդ, էդ ո՞նց է դու էդքան ջղային ես եղել: Խռովեցի՞ր:
Կատակ էր անում ուրեմն: Կատակով-բանով կարող էր Կիրովական էլ տանել: Կատակով-բանով տուգանում է: Հետո էլ մտքի մեջ պարծենալու է. «դիպլոմն առած գնում էր, կանգնեցրինք, մի քիչ ձեռ առանք»:
- Քսակդ հանիր:
- Քսակը կհանեմ, իսկ որ խմբագրությունում եմ աշխատում, էդ գիտե՞ս,- ասացի ես: Աշխատելիս լինեի խմբագրությունում, մեքենայով գայի, մեքենայով անցնեի, իսկի չնկատեի էլ իրեն, իսկի չիմանայի էլ, որ Քոլագերան կայարան կա:
- Հետո որ խմբագրությունում ես աշխատում՝ ինձ ի՞նչ ես անելու:- Եվ գունատված աչքերը ուրիշ կողմ՝ նա սպիտակ շրթունքներն անձայն շարժեց: Հետո նորից շարժեց, օդը չէր բավականացնում: Եվ մինչև հիմա ես չեմ տեսել կիսագրագետ մարդու նախանձից ավելի զզվելի բան:
- Գրելու ե՜ս, սուտումուտ ես դուրս տալո՜ւ: Հետո որ գրեցիր՝ ինձ ի՞նչ են անելու: Էս կայարանից հանելու են՝ առաջ են քաշելո՞ւ... Գլխիս պետ է եկել՝ խմբագրությունում է աշխատում: Գրելու է՝ միլիցիայից հանելու են: Գրպանում մի կոպեկ փող չկա՝ խմբագրությունում է աշխատում: Ծմակուտեցի չի՝ խմբագրությունից է:
Ես ձեռքս գրպանս տարա, որպեսզի հանեմ հարյուր հազար ռուբլի և խփեմ նրա թուջե գլխին՝ հանեցի վերջին ռուբլիները, որ առավոտյան ինքն էր տվել իմ հինգանոցի դիմաց, և մուծեցի տուգանքը:
Հետո ես կանգնել էի նեղ կառամատույցում և նայում էի Մոսկվայից Երևան գնացող ճեպընթացին, իսկ իմ թիկունքում միլիցիոները գլխով էր անում դեպի ինձ և ասում էր կայարանապետին.- Տղեն դիպլոմ ունի. խմբագրությունում է աշխատում: Գնացքը մի ուշացրու, թե չէ թերթի մեջ կգցի: Գլխարկդ կարգին դիր, թե չէ թերթում կնախշի: Հերն էլ է թղթակից, ինքն էլ, հերուտղա թղթակից են:
Ես լուռ լաց էի լինում և ասում էի ճեպընթացին.- Կարևոր-կարևոր գալիս եք ու գնում եք: Քոլագերան կայարանում կանգնում եք: Շնորհակա՛լ ենք: Գործուղում եք վերցնում ու կնքում եք: Անկողին եք բացում ու քնում եք: Գնում եք վագոն-ռեստորան: Ծիծաղում եք: Հավ եք ուտում, կոնյակ եք խմում: Արթնանում եք ու հորանջում եք:
Ես նորից զանգահարեցի Ծմակուտ՝ իմ խեղճուկրակ գյուղն էր, այստեղից՝ մոտիկ էլեկտրակայանից մոռացել էին միացնել նրա լույսերը, իսկ մեծ լուսինը միայն փայլում էր և չէր ողողում նրա տները, այգիները, արահետները, որովհետև թանձր անտառը չէր անդրադարձնում ոչ մի շող. հնձից եկել էին ու քնել և հարկավոր չէր ոչ լույս, ոչ թերթ, ոչ զրույց:
Մնաց հիսուն կոպեկ,- Էդ էլ,- ասաց հեռախոսավարուհին,- էգուց կզանգահարես ու ֆը՛շթ, ավտոն կգա: Կգա կտանի երևանցուս: Արա, էդ ի՞նչ ես դառել,- մերավարի լուրջ ու ծիծաղով ասաց նա,- գզել ե՞ն: Հա, էլի, գզել են, երեխային գզել են:
«Գրողը տանի, մտածում էի ես, գնացել մտել են ծմակները, ոչ՝ գիտեն աշխարհում ինչեր կան, ոչ՝ ուզում են իմանալ... Խոտ են հնձում, խոտ են դիզում, կով են պահում, մթերում են յուղ, պանիր, միս, կաշի, էլի խոտ են հնձում, խոտ են դիզում... Գոնե գծին մի քիչ մոտիկ, մի քիչ դեսն ապրեին: Գնացել, ծմակում տեղ են գտել»:
Քոլագերանը վաղուց վառել էր իր լույսերը, տաք պատուհաններով նայում էր կայարանի խաղաղությանը: Մի ապրանքատար եկավ գնաց: Նրան մինչև վերևի կայարանը ճանապարհեց ու ետ եկավ հերթապահ շոգեքարշը: Գծի երկու բանվոր արդեն մի հինգ ժամ է գարեջուր էին խմում կրպակի դեմ: Սլաքավարի լոբուտն ավերելուց հետո սագերը խաղաղ զրույցով գիծն ընկած եկան, թեքվեցին, կամուրջն անցան, խճուղին անցան ու գտան իրենց ապահով տեղը: Բարի գիշեր, մինչև էգուց առավոտ:
«Գրողը տանի, ի՞նչ պակաս կայարան է,- մտածում էի ես.- և քաղաք է, և գյուղ. ոչ ոք այստեղ հյուրախաղերի չի գալիս, ճիշտ է, բայց հո ուզած ժամանակ կարող են գնացք նստել ու գնալ Կիրովական, Թբիլիսի, Երևան: Խոզ պահո՞ւմ են՝ պահում են: Գրողը տանի, և քաղաք է, և գյուղ, խոզ պահում են, իսկ գայլի հարց՝ չկա: Հիմա էլ սեղաններին՝ կարմիր տապակած կարտոֆիլ, շերտ-շերտ կտրած երշիկ, թեյը միշտ էլ կա, սպիտակ սփռոցը. ռադիոն ցածր երգ ու զրույց է մանում. սպիտակ թարմ հաց ամեն օր լինում է, էլեկտրակայանի փուռը հրեն: Լույսը միշտ տալիս են, չի լինում որ Ծմակուտի պես մոռանան: Գրողը տանի, հորս տունը այստեղ լիներ. լոբի՝ կլիներ, խոզ՝ կպահեինք, ինքն էլ կաշխատեր սլաքավար, միլիցիոներ կամ հացի փռում, առավոտները տաք բոքոններ կբերեր»:
Պատուհանների դեղին լույսը հուշում էր հեղձուկ ու փայտոջիլ, իսկ Ծմակուտի մութ ցեխը՞: Եվ ոտքիդ տակ փախչող գետինը, և մթնում վարարած հեղեղատը՞, և այն, որ գայլերի ոհմակը դռնից խլում է շունը՞: Եվ՝ որ շրջգործկոմի տեխնիկական քարտուղարը ուզած րոպեին ուզածդ հանդից կարող է քեզ կանչել տալ հեռախոսի մոտ և շան լափը թափել գլխի՞դ, և դու քեզ անպատվված չես զգա, քանի որ այդ շրջգործկոմի՜ ներկայացուցչի հետ էիր խոսում: Նա քեզ բանի տեղ էր դրել, խոսում էր քեզ հետ:
Եվ ես նորից հայհոյեցի Բերսաբե Միրզախանյանին ու հետո տեսա, որ շատ եմ անզոր նրա կլոր ուսերի, հոյակապ ժպիտի և տնտեսավար խելքի դեմ: Ու հետո պա՜րզ, պարզ, ինչպես Ծմակուտ գյուղի հիշողությունը, տեսա, որ բազմոցն ու հեռախոսը և ծիծաղի ու ձայնի նրբագրգիռ ելևէջը Բերսաբեին են սազում, այս կողովները, այս կեղտոտ վերնաշապիկն ու կարմրած աչքերը՝ ինձ: Ամեն մեկս ճիշտ իր տեղում էր: Հին մինիստրներն ու դասախոսները մահանում են, ծերանում են, գնում են թոշակի,- նրանց ո՞վ է փոխարինելու. մենք ահա վերջացրել ենք համալսարանը և կամաց-կամաց կբարձրանանք դեպի դասախոսի ու մինիստրի տարիք: Մեզանից ո՞վ է լինելու դասախոս կամ մինիստր: Միջանցքում կանգնած էինք՝ եկավ ու անցավ անգլերենի դասախոս Համլետ Տարոնյանը: Նրա զսպանակավոր քայլվածքը շատ էր հրապուրիչ, որպեսզի ես կարողանայի իր տնազով չգնալ իր ետևից. և ապա՝ քիչ առաջ անեկդոտ էի պատմել ու ծիծաղել էինք՝ խելքը կորցնելու պահ էր: Համլետ Տարոնյանը ետ նայեց՝ ես քիթս քորելով կախգլուխ շարունակեցի գնալ այնպես, ինչպես ինքն ինձ բռնեցրել էր. իբր՝ այդ է իմ քայլվածքը: Իսկ նա հայացքով ինձ հետևեց՝ մինչև սանդղագլխին թեքվեցի: Թեքվեցի և ծիծաղելով ու քրտնած կարմիր ինձ նետեցի ներքև:- Կամա՛ց, այ տղա:- Բե... Բերսաբե՞... հիմարություն արեցի... Թո՛ւհ:- Դե կեցցես, կեցցես,- ի միջի այլոց ասաց նա ու նազով ու արժանապատվությամբ շարունակեց բարձրանալ ծերուկ Հասրաթյանի հետ: Եվ հետո մի երկու տարի ես Համլետ Տարոնյանի հոգեբանական ճորտն էի, իսկ Բերսաբեն մի կարգին չէր էլ նկատում Տարոնյանին, որովհետև նա դասախոսների մեջ հարգված չէր, իսկ ինքը դասագրքի սահմաններում գիտեր անգլերեն ու ծաղրելն էլ՝ չէր ծաղրել: Ինչու Բերսաբեն լուրջ է և ոչ թե խեղկատա՞կ: Բերսաբեն կդառնա մինիստր, իսկ ես սարի խոտհարքներում հնձվորներին կասեմ, որ նա մեր խմբից էր, «ընկերներ էինք», կասեմ ես. հնձվորները կնայեն Բերսաբեի նկարին, ճաշկերույթին մասնակցած պատվավոր հյուրերի ցուցակին, կնայեն ինձ ու կասեն՝ «հերդ պարծենկոտ, դու պարծենկոտ»:
Քոլագերան նեղ կայարանից, խոր գիշերվա միջից, ես աղաչում էի նրան:
- Այդքան կարիերի՛ստ չեն լինի, Բերսաբե... Խիղճ ունեցիր, այդքան կարիերի՛ստ չեն լինի, Բերսաբե. կարող ես, իհա՛րկե կարող ես, բայց այդքան հզոր գեղեցիկ՝ այդպես կարիերի՜ստ չեն լինի, Բերսաբե:
Երևան-Մոսկվա ճեպընթացը, ժամը հինգին, քսանչորս ժամ հետո, եկավ, անցավ իմ վրայով: Երբ նա եկավ, ես նայեցի ժամացույցիս և ասացի, որ ճիշտ է եկել, երեկ էլ ճիշտ այս ժամին էր այստեղ: Ես մի րոպե ուզում էի գովել մեքենավարի ճշտապահությունը, ապա հանկարծ տեսա, որ քսանչորս ժամ է այստեղ եմ ու ահավոր անհեթեթ էր Երևանում տաքսիով կայարան գալը, ճամպրուկները, լիմոնադը՝ որ վերցրի կայարանում, տաքսի նստելուց առաջ մատը քունքին մի քիչ մտածելը՝ ոչինչ չե՞մ մոռացել: Եվ որ տաքսին քշել տվեցի Վերգինեենց փողոցով՝ «Հրանտը քսանհինգ տարով գնում է Ավստրալիա»:
Ես մտա դահլիճ, որովհետև ամաչում էի ճեպընթացից: Ես աչքերս փակում էի, որովհետև ինձ թվում էր, ահա ներքևի կայարան է հասել, ահագնանալով վերադառնում է Մոսկվայից երեկվա իմ գնացքը: Այդպես չէր իհարկե, դեռ չորս օր կար: Նա հիմա հազիվ Ռոստովի մոտերքում սողում էր: Բայց շարժվում էր: Կհասնի էլ, կդատարկվի էլ, կյուղվի էլ և կբռնի վերադարձի ուղին: Իսկ ես այս կամրջի, այս կրպակի, այս սագերի պես այստեղ եմ, ես այս դահլիճի պես փայտոջլոտում եմ:
- Սանասա՜ր,- գոռացի ես,- ախար այդ ի՞նչ պատահեց, ախար երեսուն ժամ է էստեղ վերընկած եմ:
Նա, այո, մոռացել էր, նա լռեց ու հարցրեց.
- Էդ ո՞վ է խոսում:
- Բա եղա՞վ,- ասացի ես,- բա եղա՞վ, Սանասար:
- Ախար էդ ո՞վ է խոսում, է:
- Ե՜ս, Սանասար, երեսուն ժամ է այստեղ սպասում եմ:
Նա մտածեց, մտածեց ու ծիծաղեց՝ գուշակել չկարողանալով այն անճար-անբանի մռութը, որ երեսուն ժամ ոչինչ չի արել, այլ միայն սպասել է ուրիշների անելուն:
- Դու ո՞վ ես,- ծիծաղեց նա:
- Հրա՜նտը, Սանասար, Քառյան Հրանտը:
- Հա՜,- ուրախացավ նա,- շիլ Եղըշի Հրանտն ե՞ս: Բարև, Հրանտ:
- Բարև, Սանասար:
- Քեզ ասացի ե՜զ չկա, քեզ ասացի էս անձրևին ես քեզ եզ տվո՜ղը չեմ: Սարքած սայլը նայիր, եզ ուզելուն նայիր: Ալո՜:- Ապա նա գոռաց գրասենյակով ու գյուղամիջով մեկ.- Քաղա՜ք, քաղա՜ք. ի՞նչ ես փնթփնթում. գնա՛, բեռներդ հավաքիր ու գնա: Էսօր ևեթ: Բայց քանի դեռ չես գնացել, ինչ որ ասում ենք՝ արա՛,- նա պտտվեց գրասենյակում ու եկավ հեռախոսին նետեց ընկալուչը:
Դե ի՞նչ: Դե ես ի՞նչ էի անելու, որ չէի արել: Շատ բարի, ես պոլիտեխնիկի Կարինեի հետ ռոկ-ըն-ռոլ չեմ պարել, բայց իմ մտքում պարծեցել եմ թե պարել եմ: Շատ բարի, ես աշխարհի առաջին հրեշն եմ, հայ մեծ եղեռնը, հրեական սպանդը ես եմ կազմակերպել, ես ուզում եմ որևէ կերպ սկսած լինել համաշխարհային նոր պատերազմը և ծխի ու աղմուկի մեջ թաքուն-թաքուն չքացնել հայ ու հրեա մնացորդները ու հետո երեսպաշտաբար սգավորվել: Ես գտնում եմ, որ ավելորդ են այս երկաթուղին, հեռախոսը, ռադիոն, ասֆալտը, ցեմենտը, այս քարածուխը, կոճակները, ժամացույցը, այս մուրճը, գրիչը, կնիքը, այս ինքնաեռը, քիմիան, անկողինը, ժպիտը, այս դաշնամուրը, դահլիճը, ծամոնը, տառը ավելորդ են, մարդն անարժան է դրանց, ես ուզում եմ կյանքն սկսել տալ նորեն անտառից, արմտիքից ու ժանտախտից, շա՛տ բարի: Բայց ինչո՞ւ մարդիկ իրենց լավությամբ չեն կանխում հրեշի ծնունդը:
Հրեշ Հրանտ Քառյանը նստել էր կողովներին և ասում էր իրեն. «ջրո՛ւմ թստկացնող, տղամարդ էիր՝ երեսի զոռով գնայիր Մերուժի հետ»: Հրանտ Քառյանը պտտվեց կայարանում, իսկ ապա կանգնել էր հեռախոսավարուհու մոտ.
- Նորից միացրու:
- Բա որ ասում եմ էստեղ դասատո՛ւ աշխատիր, ասում ես չէ:- Նա զանգահարելով շարունակեց.- Ձերոնք որ գալիս էստեղ են հասնում, ասում են էս Երևա՞նն է, թե Մոսկվան:
- Սանասա՜ր,- գոռացի ես,- մա՛րդ ես, տո: Ի՞նչ էի լինելու՝ որ հեռախոսի մոտ մի բուռ դառնայիր, ասա, լինեմ: Չորս ամառ քեզ համար խոտ եմ հնձել:
- Հիմա շքանշան ես ուզո՞ւմ:
- Ո՜չ,- գոռացի ես,- ուզում եմ մարդավարի վերաբերմունք:
- Էդ ի՞նչ էինք անելու, որ մարդավարի լիներ:
- Երեսուն ժամ է կայարանում եմ:
- Հա՜... էդ որտեղի՞ց ես խոսում:
- Կա՛-յա՛-րա՛-նի՛ց:
- Կարծեմ երեկ էլ էիր կա՛յա՛րա՛նում: Դեռ կա՛յա՛րա՛նում ե՞ս: Վա՜յ քո տունը շինվի: Սովորեցիր, սովորեցիր, դեռ Եղըշի ցեղն ես:
- Սանասար,- ասացի ես,- բեռս ծանր է:
- Ես հիմա ձերոնց իմաց կտամ:
- Սանասար, բեռս ծանր է, ձիուց-բանից...
- Չէ, ձի՝ չեղավ, ձերոնց հիմա կասեմ:
- Մերոնք ձի չունեն, իսկ բեռներս ծանր են, Սանասար:
- Չգիտեմ,- ասաց նա:- Ձերոնց հիմա ի՞նչ ասեմ. ասեմ Հրանտը կա՛յա՛րա՛նում է, բեռները ծանր ե՞ն:
- Ընկեր նախագահ,- բացատրեցի ես,- մերոնք մենատնտես չեն: Կոլեկտիվը որ սարքում էին՝ ձիերը հավաքեցին ու ասացին՝ «երբ պետք լինի՝ կվերցնեք»:
- Էդ դիպլոմիդ մեջ է գրա՞ծ,- հանգիստ հեգնեց նա:
- Կարծեմ քոնում էլ է գրած:
- Մենք համեստ մարդ ենք, դիպլոմը մեզ պետք չի:
- Իսկ տարրական տրամաբանության մասի՞ն ինչ կարծիքի ես:
- Մերն աշխատանք է, տրամաբանություն չի:
- Ձի՛:
- Առ,- ասաց նա, ընկալուչը գցեց և, երբ ես էլ էի շպրտում, ինչ-որ բան ասաց:
- Ինչպե՞ս:
- Ոչինչ,- ասաց նա,- ասում եմ մի տուն լիքը ժողովուրդ եք, առանց ձիու էլ յոլա կգնաք:
- Խնդրեմ,- ասացի ես:- Կարող ես իմաց էլ չտալ: Եվ առհասարակ՝ ձիունն է՛լ, քոնն է՛լ... Ցտեսություն:
...Հրանտ Քառյանն ընկալուչը շպրտեց և բարձրահասակ-բարձրահասակ, մի քիչ գործարար անփութությամբ մի քիչ չսափրված և լարված և դանդաղ քայլերով գնաց պոլիտեխնիկ ինստիտուտ, գտավ Կարինեին, հետը պարեց ռոկ-ըն-ռոլ, գնաց համալսարան, ասպիրանտուրա, և դասախոսների մեջ չկար նրա պես երիտասարդը, սրամիտը, խելոքը: Նա Երևանի ամենահայտնին էր, ամեն տեղ ասում էին «Հրանտ Քառյանը, Հրանտ Քառյանը», նրա մասին արդեն խոսում էին Թբիլիսիում, Կիևում, նրա մասին Մոսկվայում ասում էին՝ «զարմանալի է, Երևան՝ և այդքան խե՞լք», և այդ ժամանակ Հրանտ Քառյանը այդպես բարձրահասակ ու գեղեցիկ, քսանութ-երեսուն տարեկան, փողկապը թույլ՝ գրասեղանի ետև նստած, դարակից հանեց ատրճանակը և կրակեց բերանի մեջ: «Ծանր է, ընկերներ, հաղթողի բեռը»: Եվ այդպես էլ ոչ ոք չիմացավ, որ նրա երիտասարդ սիրտն ամեն վայրկյան թպրտում էր Քոլագերան կայարանի հիշողությունից:
Ես ամերիկյան կինոյի հե՛րն անիծեմ: Ծմակուտի գրադարանավարուհու ապուշ հերն անիծեմ, որ մի զիբիլը մինչև պարբերություն առ պարբերություն գլուխս չէր լցնում, ուրիշ զիբիլ չէր տալիս: «Վերցրած գիրքը պետք է կարդալ»:
...- Խնդրեմ,- ասացի ես:- Կարող ես իմաց էլ չտալ: Եվ առհասարակ՝ ձիունն է՛լ, քոնն է՛լ... Ցտեսություն:
- Ոչինչ,- ասաց Սանասարը,- նորություն չի, իմ մերը սովոր է: Ցտեսություն:
- Ցտեսություն,- ասացի ես:- Իմն էլ նորություն չի. տասն անգամ եղավ հասնում եմ էս քանդված կայարան և խրվում, բորբոսնում: Շնորհակալ եմ:
- Նախագահ են դրել ու ամեն կողմից շուլալում են Անդրոն, հրահանգիչը, հորթապահը, Շամուտի նախագահը... հասնողը շուլալում է, մի անգամ էլ քեզ կհասնի, հայհոյիր:
- Ներողություն,- ասացի ես:
- Խնդրեմ, բայց ձիու հաշվով՝ կներես:
- Դե լավ,- ասացի ես,- դու ի՜նչ ես, որ քեզանից նեղանամ:
- Բայց համա մեծառեխն ես հա՜...
- Մինչև մեծառեխ չլինես՝ գործդ առաջ չի գնա:
- Սպասիր:
- Կարծում ես էսքանից հետո կսպասե՞մ:
- Ցտեսություն:
- Մնաս բարով: Տանը մի կիլո ձավար չկա, գալիս եմ ի՞նչ անեմ:
- Իմ տունը լիքը ձավար է, արի մի տոննա վերցրու:
- Ի՞նձ ինչու ես գանգատվում, ես քո պահեստապետը չեմ: Ցտեսություն:
- Իսկ ես քո ծառայո՞ղն եմ, որ ձի ես ուզում:
- Ես քեզանից ձի չեմ ուզում:
- Ուրախ եմ: Ցտեսություն:
- Խեղճ հերս տարին տասներկու ամիս ձեզ համար հունձ է անում: Ցտեսություն:
- Հա, քո խեղճ հոր մեջքը հնձից դեռ ցավում է: Ցտեսություն:
- Էդ քո գործը չի:
- Ի՞նչը չի իմ գործը:
- Ցավում է, թե չի ցավում:
- Բա ինչո՞ւ ես պատմում:
- Հիշելը լավ է: Ցտեսություն:
- Հիշելը լավ է՝ հիշիր: Ցտեսություն:
- Այո, կհիշեմ:
- Հիշիր:
- Հիշում ե՞ս, որ իբր թե շրջկենտրոնից մարդ էր եկել, իբր թե ձեր տներում բան չկար, եկաք մեր մորթած խոզը տարաք:
- Հիշում եմ. որ երկու օր հետո փոխարենը խանձած խոզ տվինք:
- Լա՛վ հիշիր. էն էլ հասկացիր, որ կաշին մեզ պետք էր: Յոթ երեխա կար տանը, բոբիկ: Եթե մենք խանձել ուզենայինք՝ կխանձեինք: Խանձելը մենք գիտենք:
- Խանձում եմ, խանձում ես, կխանձեինք, խանձելը, դիպլոմը, հետո՞:
- Մորս պաշտոնապես նպաստ եք տալիս, ետևից ասում եք ճագար:
- Տարին մի հատ բերում է, բա ի՞նչ ասենք: Հրես ասում են նորից է բերել, եղաք քանի՞սը:
- Տասնմեկը: Տղա՞ է, թե աղջիկ... Սանասար, տղա՞ է, թե աղջիկ...
- Էնքան շատ եք, որ չեն ջոկում աղջիկ է, թե տղա:
- Սանասա՜ր...
- Ասում են ծնվել, խառնվել է մյուսներին, շիլ Եղիշը չի հասկանում, թե նորը որն է:
- Մերս ո՞նց է, մերս...- իմ ալարկոտ մերս, իմ մոր թաքուն ժպիտը. սուտ հոգոցը և թաքուն ժպիտը. սուտ բարկությունը և թաքուն ժպիտը. աչքերդ կհանեմ, անպե՛տք: Օ՜ֆ, հոգիս կերաք. ձվի կեսը քեզ, կեսը քեզ. դուրս գնացեք, Հրանտը կարդում է, քշշշ...
- Սանասա՜ր,- գոռացի ես,- ձիուց-բանից... Մի ամիս հունձ կանեմ:
- Էդ՝ շուլալելո՞ւդ համար:
- Ներողություն:
- Հայհոյում ես, հետո էլ ներողությո՞ւն:
- Ախար երեկվանից էստեղ վերընկած եմ:
- Ե՞ս եմ քեզ էդտեղ վեր գցել, որ ինձնից ես նեղանում:
- Ես քեզանից ձի չտալու համար եմ նեղանում:
- Լավ ես անում, ինչքան կարող ես նեղացիր:
- Դե լավ, չեմ նեղանում, Սանասար:
- Լավ ես անում, մի նեղացիր:
- Սանասար...
- Էս օգոստոսին քեզ ո՞վ ձի կտա: Ցտեսություն:
- Մա՛րդ ես, հո անասո՛ւն չես:
- Համմե՞: Գոռում էր՝ չլսեցի:
- Ո՞վ էր գոռում:
- Չեմ լսում:
- Ուզում ես կրկնե՞մ:
- Չե՜մ լսում:
- Բա ինչո՞ւ եմ ես քեզ լսում:
- Չեմ լսում, կգաս գյուղ՝ կասես:
- Ձի ուղարկիր, որ գամ:
- Հա՜, ձի... Ասացի՝ ձի չեմ տա: Ցտեսություն:
- Ցտեսություն, Սանասար, բայց չմոռանաս:
- Ըստոստյոն, Սոնոսար, բայց մտոհան չանես...
- Իյա՜... արա... դու ծաղրածու ես եղել՝ քեզ գյուղ են վստահե՞լ:
- Իյո... Օրո... դու ծողրոծո ես եղել՝ քեզ գյուղ են վստոհե՞լ:
- Վայ թո՜ւ...
- Որ նախագահ ենք, իրավունք չունե՞նք կատակի:
- Երկու օր կայարանում վերընկած եմ: Դա մարդկություն չի:
- Էստեղ էդ ապրանքից չկա, կայարանից մի քիչ բեր:
- Ախար ձի ուղարկիր, որ բերեմ, է...
Գրողը տանի, ես անընդհատ հուսավորվում և հուսաթափվում էի, նա ինձ համար դառնում էր աստված-անասուն, աստված-անասուն, աստված-անասուն... և ոչ մի կերպ չէի հասկանում, որ ոչ աստված է և ոչ էլ անասուն. մարդ է: Ծմակուտ անձրև է շրխկում, նիրհելով նստել են թղթախաղի, դոմինոյի, կատակելու, թերթ կարդալու և կամ զբաղվելու հեռախոսով: Կայծակը փշրվում է շրջակա սարերում, և նիրհելով հիշում են, որ այն տարի կայծակը չորացրեց Լաչին գոմեշը Սպիտակ աղբյուրի գլխին, անցյալ թե նախանցյալ տարի սպանեց Աշոտի Վարդուհուն և որ Աշոտի նոր կինը երեխաներին հնից լավ է նայում և որպես կին էլ լավ է: Շանթարգելների հարցով պետք է բողոքե՞լ մինիստրություն, թե՞ իմաստ չունի: Ասում են թերթը հոդված է տպագրել - գյուղում մեկը կարդացել էր, ո՞վ էր կարդացել: Դե իհա՛րկե կարելի է բողոքել մինիստրություն և Մոսկվա էլ կարելի է բողոքել, բայց շանթարգելը որտե՞ղ տնկես. ասում են խփում է սարերին. կարելի է համաձայնել, բայց էն անգամ Եսայու տղին ձորում էր սպանել, լորու տակ:
- Հլա նայիր,- ասաց Սանասարը,- տես գետը վարարել է՜՞:
Գետը կարմիր ու լիքն էր, գալիս ու գնում էր խեղդվելով: Սագերը չէին լողում, կամրջի տակ չկային մաշված ավտոդողն ու մազութի տակառը: Գետը գազազում էր, մի քիչ-մի քիչ էլ ուժ տար՝ գետը տանելու էր կայարանապետի, հեռախոսավարուհու, միլիցիոների, պահեստապետի, սլաքավարի, հավաքարարի, դպրոցի վարիչի, ուսուցիչների շարքով շարված արտաքնոցները:
- Վարարել է, Սանասար, հետո՞,- ես աչքով արեցի հեռախոսավարուհուն:
- Ինչի՞ց է վարարել, ընկեր քաղաքացի:
- Ինչի՞ց է վարարել,- կրկնեցի ես և աչքով արեցի հեռախոսավարուհուն:
- Անձրև է, անձրև՜:
- Անձրև չի, Սանասար, արև էլ չի, տոթ է:
- Էստե՛ղ, էստեղ, գյուղում անձրև է: Սարերում կարկուտ է դրել:
- Հետո՞,- ես աչքով արեցի հեռախոսավարուհուն:
- Հետո՝ ընկեր Քառյանի հետ զրույց ենք անում:
- Բա գետի մասին ինչո՞ւ հարցրիր:
- Հա՜,- ծիծաղեց Սանասարը:- Հա, ուրեմն էդ մեր գետն է, ընկեր քաղաքացի, էստեղ կարկուտ է դնում՝ էդտեղ վարարում է: Գետն էստեղից է գալիս, հիշում ե՜՞ս:- Նա դարձյալ ծիծաղեց, և ես շատ էի ուրախ նրա ծիծաղի համար:
- Հա՜, անձրև՞ է... Ես էլ ասում եմ ինչո՞ւ է հարցնում՝ տես գետը վարարե՞լ է: Ուրեմն անձրև է: Գյուղում ուրեմն անձրև է գալիս, դրանից էլ գետն ուրեմն... Սանասա՛ր... խնդրում եմ, հա՞, ձիուց-բանից...- Ես աչքով արեցի միլիցիոներին, իսկ նա կանգնել էր ու քմծիծաղում էր:- Եկել եմ, երկու օր է էստեղ եմ, Սանասար...
- Վա՜յ քո տունը շինվի, դեռ Քոլագերանից ես խոսո՞ւմ: Տո տնաշեն, էդ ջուրն իր ջուր տեղով երկու ժամում, առանց դիպլոմի, հասել է Քոլագերան ու դեռ անց է կացել, դու դիպլոմով-բանով երկու օրում չե՞ս կարողացել Ծմակուտ հասնել:
- Լավ, է, Սանասար, դիպլոմի հերն էլ անիծած, կարևորն էն է, որ հողի աշխատավոր լինես, ձիուց-բանից, Սանասար...
- Չէ, ինչո՞ւ, դիպլոմը կարևոր է:
- Կարևոր է, բայց հիմա ձին ավելի կարևոր է, Սանասար:
- Իհա՛րկե ձին կարևոր է, բայց դիպլոմն էլ կարևոր է: Հրես Ռուբենը դիպլոմ չունի, վարիչությունից հանում են:
- Գլուխները քարին են տալիս, ի՞նչ իրավունք ունեն քո գյուղի գործերին խառնվելու:
- Չէ, ինչո՞ւ, լավ է, կգաս վարիչ կաշխատես:
- Ինձ ո՞վ վարիչություն կտա, Սանասար:
- Ես հետները կխոսեմ:
- Շնորհակալություն, Սանասար:
- Ցտեսություն, սպասում ենք:
- Ախար ձի ուղարկիր, էլի, Սանասար:
- Վարիչ մարդ ես, ձին ինչի՞դ է պետք:
- Ախար բեռնով եմ, է՛, Սանասար:
- Ոչինչ, կմոռանաս: Կդառնաս վարիչ ու բարև էլ չես տա:
- Ե՞ս... Ինձ դեռ լավ չգիտես, Սանասար:
- Էդ միշտ էլ էդպես ասում են:
- Նայած ով է ասում, Սանասար:
- Էդ էլ են միշտ էդպես ասում:
- Դու ինձ փորձիր, հետո կիմանաս:
- Հա-հա-հա-հա... էդ էլ են ասում:
- Երևի տեղները նեղ է լինում՝ ասում են:
- Քո՞ տեղն էդ ինչու է նեղ, պատերա՞զմ է:
- Պատերազմ չի, երկու օր է կայարանում եմ:
- Վեր կաց ու արի:
- Ախար բեռնով եմ, է, Սանասար:
- Բեռնով ես, էդ ի՞նչ բեռնով ես:
- Երկու կողով է, երկու ճամպրուկ:
- «Երկու կողով է, երկու ճամպրուկ», հետո մեջներն ի՞նչ է:
- Դեսից-դենից, էլի, Սանասար:
- Էդ ի՞նչ գաղտնի դեսից-դենից է, օրինակ, որ էդպես ծածկում ես:
- Դե չեմ ծածկում, Սանասար, ուղղակի ասելու բան չկա:
- Երկու կողով ու երկու ճամպրուկ ես լցրել՝ բեռ է, իսկ որ արդեն պիտի ասես՝ բեռ չի, «ասելու բան չկա»:
- Շաքար, Սանասար:
- Հարյուր կիլո շաքա՞ր:
- Հինգ: Լապշա, Սանասար:
- Իննսունհինգ կիլո լապշա՞:
- Տասը, Սանասար:
- Հենց տասը՞:
- Չէ, ութ, Սանասար:
- Բա ութն ու տասը մեկ ե՞ն: Հետո՞:
- Ախար ինչի՞դ է պետք, է, էդ զիբիլը:
- Հա, դե եթե զիբիլ է, ուրեմն ճիշտ եմ անում, որ ձի չեմ տալիս:
- Թխվածք՝ երեխաների համար:
- «Երեխաների համար», կարծես Եղիշը չի կարող ուտել: Հետո՞:
- Ի՞նչ հետո:
- Շաքար է, լապշա ու թխվա՞ծք:
- Չէ, էլի՛ բան կա, Սանասար:
- Ապա, ապա:
- Խաղող, առաջին խաղողը:
- Կեցցես, կեցցես:
- Գրքերս:
- Կեցցես:
- Երեխաների համար կոշիկ:
- Մաքո՛ւր կեցցես:
- Հորս համար բաճկոն, բամբակած:
- Կեցցե՛ Եղիշ, կեցցե՛: Պիտի հագնի՞:
- Հա, երևի հագնի: Մորս համար գլխի շալ, իմ հին կոշիկները: Դասախոսությունների տետրակները, իմ բաճկոնը, տրուսիկը, շապիկը: Հորս համար փոխան, երեխայի տակաշորեր, երեխայի օճառ, կնոջ տրուսիկ՝ հաստ, դանակ-պատառաքաղ, մի հատ տորթ, արդուկ, ջերմաչափ ու յոդ, ձիու փալան, կողպեք, գութան, թրիք, գլխարկ, կարկատան, ես քո հերը մի օր կանիծեմ, ավազա՛կ շանորդի:
Ես դրեցի ընկալուչը, և այնպիսի լռություն էր, կարծես նարկոզի մեջ էի: Հեռու մութ տարածություններից ցածր խշշոցով վերադառնում էր գիտակցությունս:
- Հը՞,- ասացի ես միլիցիոներին թե հեռախոսավարուհուն, հետո խլեցի ընկալուչը.- Մարդասպա՜ն,- և շպրտեցի ընկալուչը:
Մթան միջից խղճահարությամբ ինձ նայում էին հեռախոսավարուհու աչքերը և քմծիծաղով ու խղճահարությամբ՝ միլիցիոների աչքերը, և գիծ առ գիծ տեսքի էին տալիս այնտեղ պատը, այնտեղ՝ դուռը, պատուհանը, խճուղին, խոճկորը:- Անամո՜թ,- ես նետվեցի դեպի հեռախոսը, հետո միլիցիոները գրկել էր ինձ և ականջիս տակ նրա շնչառությունն էր.
- Խելո՛ք... խելո՛ք... խելո՛ք...
- Տավա՜ր... անասո՜ւն... տգե՜տ...- հևում էի ես:
Եվ ապա աշխարհը թվաց գեղեցիկ ու տխուր, և հետո ես զգացի, որ ուղեղս տաքացավ, տաքացավ, տաքացա՛վ ու սկսեց փափկել: Փափկեցին ու հալվեցին բոլոր կապերն ու կապակցությունները ուղեղիս մեջ, և ես ոչ մի հավակնություն չունեի. ոչ ոքի չէի սիրում ու չէի ատում. միայն թե հատակն անդիմադրելի հմայքով ձգում էր ինձ, ես կախվում էի այդ գրկի մեջ դեպի հատակը, իսկ այդ թևերը սեղմում էին ու չէին թողնում:
- Լավ, էլի... Լավ, էլի... Լավ, էլի...- խնդրում էի ես:- Լավ, էլի... Լավ, էլի... թող, էլի... Լավ, էլի...
Նա ինձ թողեց, բայց հիմա իմ տակ աթոռ կար, ես նստեցի մի կես վայրկյան, ապա նետվեցի հատակին, և դա արդեն մի քիչ դերասանություն էր: Նետվեցի և ուզում էի ոռնալ, բայց դա շատ էր զոռով: Ու ես սսկվեցի: Եվ փոշու հոտը մինչև հիմա քթերիս մեջ է: Ես պառկել էի ու ինձ ասում էի, որ լաց եմ լինում իմ կոխկրտված իրավունքների համար, շորերս կեղտոտվեցին՝ դրա համար, հեռախոսավճար չունեմ՝ դրա համար, միլիցիոները այնուամենայնիվ մարդ է՝ միլիցիոների համար, իմ Վերգինեին խլել են ինձանից՝ դրա համար, չկարողացա բարձր-բարձր ոռնալ ու լաց եմ լինում լռիկ ու դա գեղեցիկ է՝ դրա համար,- բայց իրականում ես մտածում էի, թե ինչ առիթով եմ ելնելու ընկած տեղից և որ այսքանից հետո Սանասարը ձի կուղարկի, կամաչի ու կուղարկի:
Խոր լռության միջից աշխարհը կամաց-կամաց վերադառնում էր իր ձայներին. թշշոցը գետինն էր, ստորերկրյա համաչափ թափահարումը՝ գնացք էր գալիս, ահա ծղրտաց, ահա մոտեցել է, ահա եկավ, անցավ ու մարեց. մեկի քայլերը մոտեցան, դուռը բացվեց, քայլերը կանգ առան ականջիս տակ:
- Օհո... խմած է՞:
- Չէ, պառկել է:
- Բա ի՞նչ է եղել:
- Խռովել է:
- Բա երեխային ինչո՞ւ եք խռովեցրել:
Գրկեր, բարձրացներ ու հայրս լիներ. ու փոքր լինեի: Ու դանակս կորցրած լինեի՝ լայի, լայի, լայի... Նրանց փաղաքշանքը բորբոքեր իմ լացը և ես հեկեկայի լացի միջից. նրանց խնձորը վերցնելու իմ գայթակղությունը դավաճանություն թվար իմ կորսված դանակի հանդեպ ու լաց լինեի լացի միջից. հիշեի, թե ինչպես էր ծալվում իմ դանակը ու հիշեի, թե ինչ նկարներ էին նկարված նրա կոթին ու լաց լինեի լացի միջից. նրանք սաստեին ինձ և ես լաց լինեի դանակի համար ու այդ կոպիտ սաստի համար... Անմխիթա՛ր, մաքո՜ւր, առա՜տ, թաց-թաց շա՜տ լաց լինեի... Ու քնեի հորս գրկում, ու արթնանայի կաթի պես անմեղ, ու ժպտայի փափո՛ւկ, փափուկ:
- Վե՛ր կաց, այ տղա... Բա ճամպրուկներդ էլ էնտեղ ասում են տեր ունենք, տերներս հասած մարդ է, համալսարան է վերջացրել: Դու մի ասա տերը երեխա է, էստեղ թավալ է տալիս...
- Հեռախոսն էլ էստեղ փչացրել է:
- Փչացրել է՞:
- Հա, էլի՛, փչացրել է, հրես զանգ են տվել՝ չեն խոսում:
- Որ փչացրել է՝ վատ է:
Հրանտ Քառյանը ծալմլվելով ելավ կանգնեց և օրորվելով, աչքերը կարմիր ու մռայլ՝ ասաց.
- Հետո՞:
Ձայնը խռպոտ էր և դուր եկավ նրան, և նա ուզեց, որ նրան նորից մի բան ասեն և ինքը պատասխանի ու լսի իր տղամարդկային թավ ձայնը:
- Հեռախոսը փչացրել ես ու ձեռքիդ էլ կոպեկ չունես, ի՞նչ է լինելու մեր բանը:
- Չունեմ, հետո՞:
- Չգիտեմ:
- Ես գիտեմ,- ասաց Հրանտ Քառյանը:
- Ի՞նչ գիտես:
- Տարեք կախեք:
- Իիի՜... շաշ ծմակուտեցի... արա, էդպես ջահել-ջահել, դիպլոմդ նոր-նոր, էդպես սիրուն-սիրուն... արա... որ տանենք կախենք, բա քո ափսոսը քեզ չի գա՞...
- Ո՛չ,- դղրդաց Հրանտ Քառյանը:
- Դե որ ոչ հա... Դրան մի բռնեցե՛ք, արա...
Կայարանապետն ու միլիցիոները մտան իմ թևերը, դուրս տարան, կամուրջն անցըրին, տարան միլիցիոների տուն: Տանում էին տապակած կարտոֆիլ ու թեյ տալու: Պառկեցնելու, քնեցնելու: Ինձ իրենց շնորհակալ դարձնելու: Արթնացնելու, ասելու, որ Ալխոն եկել է, ճամպրուկները ձիուն հարմարեցնելու, անել տալու այն, ինչը լինում է առանց անելու էլ: Ցուցելու գծանցման տեղը և գյուղ տանող արահետի բերանը:
- Արայիկ,- ասացի ես եղբորս,- էլ ձի չկա՞ր, որ էս էիր բերում:
- Վուա՜յ,- լացակումեց նա,- հլա մի տես Անդրոն տալիս է՞ր:
- Ի՞նչ էր ասում:
- Ասում էր Ղազախից երկու ժամ է ինչ եկել է:
- Բա ո՞նց տվեց:
- Հայրիկը գնացել էր՝ չէր տվել: Մաման ու հայրիկը կռվեցին: Հետո մաման գնաց բերեց:
- Մաման ո՞նց է:
- Դե ոնց էր լինելու:
- Ճամփին քշել ե՞ս:
- Իբր կարողանում էր գալ, որ քշեի էլ:
Ներքևում անաղմուկ ոլորվում էր Մոսկվա-Երևան ճեպընթացը: Կուպեի բույրը մի րոպե խաղաց իմ ռունգներում, մի րոպե ես հիշեցի կանացի մերկ ոտքերը սեղանիկի տակ և Հրանտ Քառյանին՝ անփութորեն ծալմլված:
- Արայիկ,- ասացի ես,- մոտդ փող չկա՞:
Նա լռեց, լռեց ու նեղսրտեց.- Իյա՜...
- Ի՞նչ է, չկա՞:
- Փողն ինձ որտեղի՞ց:
- Մաման չի տվե՞լ:
- Որ երեխայի նպաստն ստացավ, մի ռուբլի տվեց: Էն էլ գնացի ինքնահոս առնեմ, գնացի տեսա կորցրել եմ: Հիմի չգիտեմ գրպանիցս էր ընկե՞լ, թե տանն էի թողել:
- Ոչինչ, Արա, ես քեզ փող կտամ:
- Փողն իմ ինչի՞ն է պետք:
- Կոնֆետ կառնես:
Սպանիչ կերպով մեծավարի, սպանիչ կերպով հոգսոտ՝ նա մի պահ նայեց ինձ ու թեքեց գլուխը:
- Կոնֆետ չես սիրո՞ւմ:
Նա գրեթե գոռաց.
- Սիրում ե՜մ:
- Ապա՞:
- Տանը մի կտոր շաքար չկա, դու ասում ես կոնֆետ կառնես:
- Արայիկ... Արայիկ, ձին ո՞վ էր տարել Ղազախ:
- Գիքորը,- խռով-խռով ասաց նա:
- Արայիկ, ես քեզ ինքնահոս կտամ:
Նա շատ պարզ հարցրեց.
- Իսկ դու ինչո՞վ կգրես:
- Դե, կգրեմ:
- Մատիտո՞վ:
- Մի բանով կգրեմ, էլի, Արայիկ:
- Դու քո ինքնահոսը կտաս ինձ ու դու մատիտո՞վ կգրես:
- Է, թեկուզ:
- Կեցցես,- ասաց նա:
«Ձա՛խդ, ձա՛խդ, ձա՛խդ, ձա՛խդ... ապրե՜ս... Ձա՛խդ, ձա՛խդ, ձա՛խդ... Աջը չունե՜ս: Ձախո՛վ: Չկա՜: Երկրորդ համաշխարհային պատերազմը տարել է: Տրամվայը կտրել է: Մորից առանց աջի ես ծնվել: Ձախո՛վ, ձախո՛վ: Ապրե՛ս, ապրե՛ս»: Ընկերության մրցումից հետո նա ինձ կնքեց «հոյակապ ձախլիկ», իսկ երբ վերցրին ընտրական մրցումների՝ նա կարծում էր իր տեսությունն ու հմտությունը իր կնքած անվան հետ տանելու եմ Մոսկվա, Բեռլին, Հռոմ, Մելբուռն, կանգնեցնելու եմ հաղթողի պատվանդանին: «Ձա՛խդ, ձա՛խդ, ձա՛խդ...»: Հանձնաժողովը նրա պահանջի հետ համաձայն էր: Ես էլ էի կարծում, որ հոյակապ ձախ ունեմ: Բայց անասնաբուժականի ցուլը՝ Կարապետ Կարապետյանը, հենց առաջին վայրկյանին կտցեց դունչս: Ես ինձ ասացի՝ ոչի՛նչ: Հանձնաժողովն սպասում էր իմ հանկարծակի ձախին: Պարաններին կպած մարզիչը հուշում էր՝ ձա՛խդ, ձա՛խդ, ձա՛խդ: Ես նրա հետ համաձայն էի. ես գիտեի, որ հիմա-հիմա ցատկելու է իմ անսպասելի ձախը: Հագնվել էինք: Հանձնաժողովը ցրվել էր, Կարապետ Կարապետյանը ճանաչվել էր հաղթող, ես՝ պարտված, մարզիչը թքել հեռացել էր, փողոցում էինք, գարուն էր, խաղաղ աղջամուղջ էր, իսկ ես դեռ կարծում էի, որ հիմա-հիմա ցատկելու է իմ անսպասելի ձախը: «- Իբր էդ ի՞նչ կռիվ էր, Ցուլ,- ասացի ես:- Եսի՞մ,- նա ուսերը բարձրացրեց:- Լավ պրծար իմ ձախից, Կարապետ»: Հետո ես Վերգինեին խնդրեցի ամուսնուն ասել, որ Հրանտը բռնցքամարտիկ է, սարսափելի ձախ ունի: Ասել էր չէր ասել, նա մեքենայից ընթացքի ժամանակ ցատկեց, մի երկու հատ շրխկացրեց ու գնաց տանելու իր ցեմենտը իր շինարարություն:
- Սանասարը լա՞վ մարդ է թե վատ, ընկեր Արայիկ:
- Դե մարդ է, էլի, իր համար:
- Անձրև էր գալի՞ս:
- Ասացի՝ գալիս էր:
- Իսկ, Արայիկ, հորեղբայրն ինչո՞ւ չէր ուզում ձին տալ:
- Ասացի Ղազախից նոր էր եկել:
- Բա ձին տալիս է Գիքորին Ղազախ տանելու, մենք ուզում ենք՝ ասում է Ղազախից նո՞ր է եկել:
- Դե որ նոր էր եկել՝ ի՞նչ էր ասելու, ասելու էր վաղո՞ւց է եկել:
- Իսկ գիտե՞ր, որ մի շաբաթ է կայարանում վեր ընկած եմ:
- Ինքն ու հայրիկը մի թեթև խռով են:
- Ինչի՞ համար:
- Հայրիկին ասել էր էդքան երեխան ինչի՞դ է պետք:
- Իր ի՞նչ գործն է:
- Ասել էր՝ էդքան երեխան ո՞նց ես պահելու:
- Ախար իր ի՞նչ գործն է:
- Հայրիկն ասել էր՝ ես եմ պահելու, ինքն ասել էր՝ դե գնա քեզ համար ձի գտիր, Ալխոն Ղազախից նոր է եկել:
- Բա ո՞նց ենք անելու, Արայիկ:
- Ինչի՞ համար:
- Ընդհանրապես, Արայիկ:
- Չգիտեմ: Հայրիկն ասաց հորեղբորը սառը կբարևես:

Հրանտ Մաթևոսյան | Կայարան Հրանտ Մաթևոսյան | Կայարան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 12, 2020 Rating: 5
Технологии Blogger.