Հրանտ Մաթևոսյան | Օգոստոս

Հրանտ Մաթևոսյան
Անդրոն սայլ է սարքում. սռնին տաշի՝ լուծը պիտի խանձի. լծի ծակերն անելը րոպեի գործ է, բայց դեռ մի քանի ճաղ պակաս է: Տնաշեններն էնպես են բանեցնում, կարծես ամեն անգամ երկնքից է ընկնում: Ճիշտն ասած, լավ էլ անում են. աշխօրն աշխօր է, իսկ ահա ուրիշները չարչարվում են բաց արևի տակ: Իրիկունը պիտի գյուղամեջ իջնել, եզ խնդրել Սանասարից. փայտը սարում պիտի որ վերջացած լինի: Կգնա, կովերը կտեսնի, Աշխենը լավ մածուն կունենա, մածուն կուտի...
Այդ այդպես, շատ լավ, բայց սայլի առեղը Անդրոյին դուր չեկավ. դեռ ծառը կտրելիս էլ դուր չէր եկել. գլուխը, ոչինչ, հավաք ու կլոր էր, մինչև սռնին նույնիսկ գեղեցիկ էր, բայց սռնուց հետո Անդրոն ինչպես էլ տաշեց, մնաց դրսի վրա ծուռ: Պիտի շղթա գցել, լարել ու լարանի մեջ թողնել մի երկու օր:

Աշխենը ժամանակ-ժամանակ մեկ էլ ուրիշի կին է թվում: Ջահել աղջիկ ասես, ուրիշի կին ասես, ժամանակից ժամանակ Աշխենը քաղցրանում է. չես հասկանում ուր է պահում երկար լեզուն ու նայում է մարմանդ կրակի պես: Այ հա՜, լեզվիդ հախից էդպես կգանք: Աշխենը սարից իջավ, ինքը գյուղից բարձրացավ Մորու բացատ՝ խոտ կար, հավաքելու: Աշխենը շուտ էր իջել, առավոտ շուտ կովերը կթել էր, կաթը զտել ու իջել էր. ինքը գնաց տեսավ խոտը մի քիչ հավաքած է. տեսավ ծառի տակ մի կին է պառկած կողքի վրա: Ինքը հեռվից մեկ կարծեց էն լույս դառած Համոյի Սիրուշն է, մեկ էլ ինքն իր վրա ծիծաղեց. Սիրուշն այստեղ ի՞նչ էր անելու: Բայց որ... բայց որ Սիրուշը լիներ, ավելի լավ կլիներ: Բայց Աշխենն էր ուրեմն. կովերը առավոտ շուտ կթել էր, կաթը զտել ու իջել: Բացատը շոգ էր, Աշխենը մի թեթև քրտնած էր: Ինքը նայեց նրա կարմրած երեսին, հետո ուրեմն աչքերին, Աշխենը քնած էր ու, ազնվությամբ, քնած՝ իրեն բոլորովին նման չէր, կարծես ուրիշ լիներ: Կոնքը որ՝ շատ բարձր էր, կարծես էն լույս դառած Համոյի Սիրուշի կոնքը լիներ: Ինքը խոտի ծեղով նրա վզի հետ խաղաց ու ծիծաղեց: Իսկ նա չզարթնեց. կոպերը դողացին, ասաց «անբան դանդալոշ», բայց չարթնացավ, ու քնած-քնած էլ բռնեց իր վզից: Ախար և իբր քնած էր, և ժպտում էր ու այդպես էլ մինչև վերջ չզարթնեց: Հետո էլ աչքերը բաց պառկել էր ու մինչև ճաշ երկնքին էր նայում: Իսկ տեղից որ անշշուկ ելավ, էլի էն անքամակ Աշխենն էր, էլի էն հին կռվարարն էր.
- Ուրիշն իրենը հավաքել, տարել, դիզել է դռանը, հիմի էլ ուրիշից է գողանում, կոլխոզից է գողանում, իսկ սա իշի ականջում քնա՜ծ... Հիմա էլ գործի է եկել... Անձրև չկա, արև չկա, առջևում ձմեռ չկա սրա համար, դանդա՜ղ, կիսա՜տ, ալարելո՜վ... Տաշած քարի է ման գալիս՝ մտնի տակը...
Ինքը մեկ ուզեց եղանի կոթը վրա բերել նրա թիկունքով մեկ, մեկ էլ չխփեց: Ախար էն խեղճը և աշխատում էր, և անդադար խոսում: Չար չի, սովորույթ է՝ խոսում է: Իսկ եթե չար էլ է՝ տեղին է չար. ախար աշխարհը դժվար է, իսկ ինքը իրոք շատ է քնած: Գիքորն օրինակ. նախագահ եղել է, բրիգադավար եղել է, պահեստապետ, գործակատար, ֆերմայի վարիչ: Մի բանից պոկում են, ուրիշ բանի է կպչում: Ասում ես՝ ահա, ժամանակավոր բան է, հիմա սխալ է տեղի ունեցել՝ վաղը կուղղվի, ասում ես՝ ահա, նշանակեցին վարիչ՝ վաղը կհանեն և իրոք էլ հանում են, իսկ նա կպչում է խանութին. ասում ես այդ էլ չի մնա, և չի մնում, բայց չի մնա, չի մնա, չի մնա՝ մեկ էլ Գիքորս վաթսուն տարեկան է, թոշակ են նշանակել գործունեության համար, կյանքը արդեն գցել է ետևը ու, այդպես ժամանակավոր-ժամանակավոր, սխալ-սխալ, քիչ-քիչ՝ դմակոտ գործի է եղել անընդհատ: Իսկ դու տաշիր ու տաշիր քո սռնին և ասա ժամանակավոր է: Որ ամուսնացան ու մի ամսի վրա Աշխենն իր հետ կռվեց՝ ինքը տեսավ, որ, չէ՛, նրա հետ ապրել չի լինի: Ու մինչև հիմա էլ դուրս է անում: Ձմեռս, ինքը շատ էր ջղայնացած, մի թեթև խփեց ու ասաց՝ գնա հորանցդ տուն: Աշխենը շալը գցեց ուսերին ու փեշերը շարժելով գնաց: Գնաց՝ իրիկունը եկավ փեսայի ու մեծ աղջկա հետ, ու դեռ թոռներն էլ գրկներին: Պա՜պի... Իսկ իր ողնաշարով մեկ մինչև ծոծրակը ալիքվում էր գոհությունն ամենաառաջին ամսվա պինդ Աշխենից, թերի կիսագոհությունը մյուս բոլոր անգամներից ու համոզված հույսը, թե կյանքը երկար է և կանայք՝ շատ: Պա՜-պի՜... Զահրումարի՜: Երևան, 400-ի գնդում ծառայում էին, տարել էին համերգի: Անսամբլը երգում էր. «Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս...»: Իրենց առջևի շարքում, այսպես մի քիչ մի կողմի վրա, արևահար երեսներով աղջիկներ էին նստել, երևի Արարատյան դաշտի մոտիկ գյուղերից. կարմիր ժապավեն կապած մազները թափահարում էին ու րոպե-րոպե ետ նայում: Մարտինը... իջևանցի տղա էր, այսպես լայն երեսներով, Կերչի մոտ խփվեց, խեղճ Մարտին. սերժանտ էր, ազգանունը Սահակյան... խե՜ղճ Սահակյան Մարտին... Ասաց՝ Անդրե, կպչենք, պեպենոտն ինձ, էն մյուսը քեզ... Ինքը նայեց մյուսին ու և ուզեց, և ամաչեց: Այսպես բարձր կրծքեր ուներ: Ինքը նայեց Մարտինին ու տեսավ, որ բանակային հագուստը նրա վրա մազը-մազին ճիշտ է նստած: Տոնական գոտին պինդ հավաքել էր նրա փորը: Իսկ իր գոտին բրեզենտ էր, հետո էլ սապոգներն էին ոտքերին մեծ, ոտքը նրանց մեջ գնում-գալիս էր, գնում-գալիս էր: Ինքն ասաց՝ չէ՛, Մարտին, ես գործ ունեմ: Եվ ճանապարհը թեքեց ու որոշեց, որ կռվելու է ավագի հետ սապոգների համար և սպայական գոտի էլ է ճարելու: Մարտինն իրիկունը հոգնած եկավ ու անընդհատ ժպտում էր: Աչքերը քա՜ղցր քաղցրացել էին: Ու անդադար մրմնջում էր. «Մարալ, մարալ, մարալի պես ման կուգաս...»: Ասաց՝ իշո՛ւկ, ինչո՞ւ չեկար: Ինքը խռոված պատասխանեց. որ դու գնացիր, ի՞նչ արիր: Իսկ նա դարձյալ երգում էր փորի պառկած, հետո նայեց խոնավ աչքերով.- Իշո՛ւկ...
Խե՜ղճ Սահակյան Մարտին... Լայն երեսներով, ունքերը խիտ, էսպես ծիծաղը լացի պես տղա էր... Պատգարակին պառկել էր ոտքը ոտքի վրա, արձակ-համարձակ ու ծանր, ու կարծես դարձյալ մի թեթև լաց էր լինում:
Փոքր եղբոր դռանը ծեր Բասարը հաչեց, և տեղնուտեղը թաղում, լոբու մարգերի վրա, գոմաղբի հին կույտերի ու ծեր խնձորենիների վրա կախվեց նանի տագնապը.
- Ո՜ւրուրուրուրուր, հո՜ւյ...
Սպիտակ երկինքը պառավի համար կիսախավար է, և այդ երկնքով մեկ պտտվում են ուրուրները, սպիտակ լույս ժամանակ տեսած բոլորը միասին:
- Հույ հո՜ւյ...
Նրա մտքում, ամեն րոպե անձրև կգա և կփչացնի չորացած խոտը, սագերը կուտեն լոբին, շունը ծերացել է՝ գլուխը կառնի, կգնա կսատկի հանդերում, ուրուրը հավ կթռցնի, հարսները կկռվեն որդիների հետ, և ժամանակ առ ժամանակ ասում է.
- Սագ, սագ, սագ, սա՜գ, այ անտեր մնաք դուք, անտեր:- Ա՛յ ախչի, էդ խոտերը հավաքեք: Ա՛յ ախչի, էդ խոտերը հավաքեցի՞ք:- Այ ձեր լեզուն չորանա, ձեր լեզուն, որ իմ երեխեքին էդպես ուտում եք:- Բասա՜ր...
Ծեր գամփռը ալարելով մոտ է գալիս և նայում է պառավին:
- Էստեղ ե՞ս, Բասար...
Չորանում էին չրերը, ծեր գամփռը դեռ սպասում էր, թե պառավն ինչ է ասելու. փեթակները կատաղած աշխատում էին, և մեղվանոցի վրա ծանր ու տաք կանգնած էր նրանց գվվոցը, մեծ որդու դռանը կացինը չէր թխկում, մոտիկ մի տեղ մի աղջիկ զրնգալով ծիծաղեց:
- Ցա՛վ, ամոթը երեսդ բռնի: Մանիշա՜կ...- կանչեց պառավը:- Ախչի, Մանուշ, սարից եկել ե՞ս...
Բայց պատասխան չեղավ, այլ հեռվում մեկը դարձյալ զրնգալեն ծիծաղեց: Եվ աղջիկ-երեխայի ծիծաղ չէր, կնոջ ծիծաղ էր:
- Անդրանի՜կ,- կանչեց պառավը:- Անդրանիկ...
- Հե՜յ, ի՞նչ է, այ մեր...
- Ջա՜ն, էդ ինչի՞ ես լռել...
Նորից ծիծաղեցին, և այս անգամ դա պառավին իսկի դուր չեկավ:
- Անդրանի՜կ... Էդ ո՞վ է ծիծաղում:
- Բա եսի՞մ ով է ծիծաղում, այ մեր:
- Հա ջա՞ն...
- Չգիտե՜մ:
- Անդրանի՜կ:
- Հեյ:
- Ձին տեղփոխ ես արե՞լ:
- Հա՜:
Մեղվանոցի վրա կախված էր փեթակների թանձր գվվոցը, ապա ձորի ճանապարհով դեպի գետն իջան Սահակի հովեկները և նրանց խմբում մի կին տաք ու խուլ ծիծաղեց: Չորս հոգով էին, երկու աղջիկ, համարյա խակ երեխա, մի վիթխարի ջահել կնիկ՝ ուղտի քայլվածքով... այ թե հա... չորրորդը աղջիկների մայրն էր:
Ասում են մի թագուհի, Պարսկաստան թե որտեղ, զինվորներին շարքի էր կանգնեցնում ու միջներով գնում. որը դուրն էր գալիս՝ գիշերը տանում էր մոտը: Հետո էլ գլուխը կտրել էր տալիս, որ լուրը չտարածվի: Այ անխիղճ, անխիղճ... Մի ճարպիկը լիներ՝ գիշերը մոտը գնար, հետո էլ մի կերպ արանքը ճղեր: Պատուհանից թռչեր: Բա իհարկե, պատուհան կար, չէ՞...
- Անդրանի՜կ...
- Ի՞նչ է, այ մեր...
- Մեղուն վայ թե ձագ է տալիս:
Անդրոն լսեց, տեսավ որ իր փեթակների գվվոցն էլ է ուժեղացել, նայեց երկնքին ու ասաց.
- Շոգից է, շոգից, արևը կծում է:
Անհարմար չէր լինի, եթե իջներ գետափ, ձիու տեղը փոխեր: Մի օր է նույն տեղն է կապած խեղճ Ալխոն ու կարող է պարանն էլ խճճած լինի: Ասում են՝ վիթխարին մարդաթող է, ասում են դպրոցի վարիչը խոսք է գցել՝ նա կարծես թե դեմ չի այստեղ մի տարով աշխատելուն: Ասա՝ Ռուբե՛ն, քիթդ քո ճաշի վրա պահիր. ուրիշը հրեն քո կնոջն է տեսնում, դու աչքդ գցել ես ուրիշի...
Անդրոն կացինը շպրտեց ստվեր, ծնկները թափ տվեց և, գլխարկն աչքերին, իջավ ձորով: Ձին, պարանի շառավղով, մինչև սև գետինը պլոկելով արածել էր, ուղղակի տաշել էր գետինը և, շրջանի կենտրոնում, արևի տակ կանգնած, թմբկահարում էր փորը:
- Էդ ի՞նչ ես անում,- ժպտաց Անդրոն: «Սխալ բան է, եթե բեռնաձի ես դարձրել՝ պիտի կռտես, եթե չես կռտել՝ մե՛ղք է, պիտի թողնես երամակի մեջ»:- Էգուց քեզ կտանեմ սարը:
Անդրոն ձին քաշեց գետն ի վեր, անցնելիս ջուրն ընկավ ու ժպտաց ու, երբ գետը նորից պիտի անցներ, ջրի թույլ վշշոցի միջից կրկին լսեց հին ծիծաղը: Անդրոն բարկացավ ձիու վրա և, գլուխը կախ, գլխարկն աչքերին, անցավ նրանց մոտով ու բարի օր տվեց: Մայրը, ոտքերը ջրի մեջ ափին նստած, պատասխանեց բարյացակամ, աղջիկները՝ թուխ-թուխ, բարակ-բարակ, ժապավենի պես նեղ կարմիր տրուսիկներով կանգնել էին սոթլիկ հղկված որձաքարին ու ծիծաղում էին: Այնպես տաք ու խուլ ծիծաղում էր աղջիկներից մեկը: Իսկ թե վիթխարին ինչ էր անում, Անդրոն չհասցրեց նկատել: Եվ մի տեսակ նեղսրտեց այն բանի համար, որ վիթխարիին չէր տեսել:
- Հա՜, անտեր...- Անդրոն շուռ եկավ ձիուն խփելու՝ մերկ վիթխարին թեք էր ընկել ձեռքերը գլխի տակ, մի ոտքը ծալած, ակնոցն աչքերին... Անդրոն հավաքած պարանով ձիու գլխին հո չխփե՛ց: Ձին ետ-ետ գնաց ու կքեց գավակի վրա, ապա միանգամից վեր թռավ ու նորից գայթեց: Եվ անընդհատ գլուխը վեր-վեր էր նետում: Հետո կանգնեց հանգիստ ու թառանչ քաշեց: Եվ այդ ժամանակ Անդրոն տեսավ, որ խեղճը մի րոպեում քրտնել է, և ասաց խղճալով ու հենց այնպես.
- Խե՜ղճ հալիվոր, խե՜ղճ անասուն...
Աղջիկներն այնտեղ նորից քրքջացին, իսկ մյուսը հղկված որձաքարին ծանրացել էր փափուկ, մանրամասն ու անշարժ: Ցիցը գետին մղելիս Անդրոն նորից տեսավ. վիթխարին կարմիր, նեղ տրուսիկով, կրծկալով էր, շուռ էր եկել կողքի, ու ոտքը հա՜ստ հաստ էր: Անդրոն ծիծաղելով ասաց.
- Իբր թե էդքա՞նն ինչու ես հագել:
Եվ ձորի գլխից մի անգամ էլ թեթևակի ներքև նայելով, Անդրոն հանկարծ հիշեց հորը, որ ահա նույն քարի տակ նստած տրեխի փոկ էր քաշում, և մորը, որ ջրում բուրդ էր լվանում՝ ոտքերը սպիտակ ու նիհար, և իրեն, որ նստել էր այդ որձաքարին ու ջրի հետ երգում էր: Եվ մի րոպե շատ ծիծաղելի թվաց, որ ահա հայրը գլուխը բարձրացնում է՝ կաշվի ու դանակի վրայից և քարին տեսնում է այդ կնոջը՝ կարմիր նեղ տրուսիկով: Վուե՛յ... Մի րոպե Անդրոն ուզեց ծիծաղել, բայց տխրեց նրա համար, որ ահա իր հորը տեսավ փոկ քաշելիս, ու հայրը սպիտակ մազ-մորուքով էր, և հոր մունջ գերեզմանի ու գերեզմանոցի լուռ կանաչի համար, և որ այդ թուխ աղջիկները այդպես բարակ ծլել էին հղկված որձաքարին:
Կացնի կոթը հայրը տաշեց: Անկոթ կացինը ձեռքին ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում, և ինքը հանկարծ ասաց.
- Այ հեր, կացինս կոթ չունի, է...
- Հա ջա՞ն...- Եվ հայրը սպիտակ մազ-մորուքի միջից բերանը բաց նայեց իրեն:
Ինքը ծանր-ծանր մոտ գնաց և, արմունկները մեղվանոցի պատին, ժպտաց հորը:
- Բա ես ի՞նչ անեմ, կացինս կոթ չունի:
- Սա՜րքեմ, քեզ մատաղ:
Մանր-մանր, գուրգուրանքով, թույլ-թույլ՝ հղկեց, հղկեց, հղկեց ապակիով, կոշտ շորով, ափով, հետո բերանը բաց նայեց որդուն: Ու պարծեցավ էլ.- Սարքե՛ցի:
- Հի՜ն հացի էր, ասաց, քո տարիքին էի կտրել:- Եվ նայեց, թե Անդրանիկն ինչ կասի, իսկ ինքը դրա մեջ հաստա՛տ մտմտում էր մեծ իմաստ, որը կարծես թե կար, կարծես թե չկար: Ընդամենը հացենի կոթ էր, բայց դե շատ վաղուց էր կտրած:- Ես նայել եմ, ասաց, որից որ կտրել եմ, էն ծառը չկա...- Եվ դարձյալ բերանբաց նայեց որդուն:
Հետո վեր կացավ ու գնաց պետքարանի կողմերը: Նեղ արահետը կորցրեց, դեմ ընկավ մարագին ու կուզիկ-մուզիկ փնտրել սկսեց տաբատի կոճակները:
- Վա՜խ, հեր ջան, վախ...- մեջքը շտկելով տնքաց Անդրոն:
Էն խեղճ դարբնի խոսքն էր՝ վա՜խ մարե ջան, վախ: Էն խեղճ դարբինը կացնի բերանը պիտի ծեծեր, մի թեթև նայեց ու հասկացավ, որ կոթը հոր սարքածն է: «Խնամքը մեծերիս սովորույթն է, Անդրանիկ: Որովհետև շատ ենք կորցրել: Է՜, վաղը ես չեմ լինի, կիմանաս, որ ես էլ հորդ պես լավն էի, Անդրանիկ: Է՜,- ասաց տխուր ժպտալով,- լավ ըլլալը մեծերիս սովորույթն է»: Լո՛ւյս դառնաս. «Ըսե Սեբաստիա: Չե՞ս հասկնար: Ըսե Սվաս, մեր տուն: Չե՞ս հասկնար: Աս ի՜նչ մարդ է, տղա, աս տրակտո՞ր է թե մարդ»:
- Անդրանիկ...
- Հե՜յ:
- Ինչի՞ չես աշխատում:
- Այ մեր, դու նախագահս ե՞ս:
- Հա ջա՞ն:
- Աշխատում եմ, աշխա՜տում:
- Հա՜, քեզ մատաղ:
Արևածաղիկները լուռ անում էին իրենց պտույտը, պոմիդորի մարգում հողը ծծում էր ջուրը, տանձենին տանձ կաթեց, մեղրագող բոռի թավ բզզոցը խազեց փեթակների միալար համերգը, արահետի ոլորանից դույլերը ձեռքին դուրս եկավ վարիչի Մարգոն և դանդաղ շորորաց դեպի աղբյուր: Թանձր խալաթի փեշը ծածկում-բացում էր ծունկը, ծածկում-բացում էր ծունկը: Խալաթի մեջ երկփեղկվեց ու ջուր առավ ջրհորից: Ձեռքերը կոնքերին կանգնեց, փչեց, խալաթի վրայից ձգեց ու բաց թողեց տակի ռեզինը, մի քիչ մնաց ու դարձյալ լայնացա՜վ, երկփեղկվեց խալաթի մեջ ու կրկին հավաքվեց: Եվ երբ դույլը ձեռքին շուռ եկավ՝ տեսավ լորու տակ կանգնած Անդրոյին:
- Բարև ձեզ, ընկեր Մարգո,- ասաց Անդրոն:
- Բարև, Անդրո:
- Ինչպե՞ս եք, ընկեր Մարգո:
- Շնորհակալություն, Անդրո:
- Ընկեր Ռուբե՞նն ինչպես է:
- Ընկեր Ռուբենը, դե, լավ է,- հերակալը շրթունքների մեջ, մազերը ծոծրակին հավաքելով, ասաց վարիչի կինը:
- Հապա՜...- մտահոգ ասաց Անդրոն,- հապա ինչո՞ւ եք ջրի դուք գալիս:
- Ինչո՞ւ, ի՞նչ կլինի:
- Դե շոգ է, ասում են ձեր սիրտն էլ լավ չի աշխատում:
- Ուրուրուրուրուրուր, հո՜ւյ...
- Այ մարդ,- ծիծաղեց Անդրոն,- էդ պառավը գործարան է, Կիրովականի քիմգործարանն է: Ընկեր Մարգո, ասացի գործարան, հիշեցի. էդ լակոտներին ի՞նչ եք անելու:
Վարիչի կինը չհասկացավ:
- Սաքոյի տղին ու ձեր Մարտիրոսի տղին:
- Ինչի՞ համար:
- Չգիտե՞ք,- ծիծաղեց Անդրոն:- Այ մարդ,- ծիծաղեց Անդրոն,- էդ փչացածները... Ճի՞շտ չգիտեք, ընկեր Մարգո:
Կինը խալաթի կոճակն անցկացրեց ծակսը, բութ-բութ նայեց Անդրոյին, և սա տեսավ, որ նրա բերանում ծամոն կա, ծամում է: Դանդաղ, անաղմուկ, փափուկ շրթունքներն իրարից բաժան ծամում է ու մեղրագույն աչքերով նայում Անդրոյին:
- Սարի ճամփին էդ անչափահաս գետինը մտածները,- մռայլ պատմեց Անդրոն,- բռնել են դարբնի թոռանը, ուզեցել են անվայել բաներ անել: Մեկ ուզեցել են խնձորով խաբել, խնձոր են խոստացել, մեկ էլ զոռով շորը պատռել են էդ փչացածները:
- Տես, տես,- ասաց վարիչի կինը:
- Ո՞ր դասարան են,- տխուր հարցրեց Անդրոն:
Կինը դույլերը վերցրեց ու գնաց:- Ութերորդ:
- Հիմա դրանց ի՞նչ կանեք, ընկեր Մարգո:
- Անդրանի՜կ...
- Եսի՞մ,- ասաց կինը,- Ռուբենը չի լսել:
- Անդրանի՜կ:
- Ի՞նչ է, այ մեր:
- Էդ ո՞ւմ հետ ես խոսում:
- Մեր Մարգո՜յի:
- Հա ջա՞ն:
- Է՜,- նեղսրտեց Անդրոն,- ասա՝ թե ինչի՞դ է պետք: Ռուբենի Մարգո՜յի:
- Հա՜, մատաղ:
- Էդ է, արձանագրեցիր,- քրթմնջաց Անդրոն:
Թանձր խալաթը ծփում էր նրա ծնկածալերին և ծնկածալերից վեր մարմինն էլ էր ծփում խալաթի տակ: Նրանց տունը զով է, ծանր, կանաչ վարագույրներից՝ մութ, հատակին գորգեր ու արջի մորթի կա, սառնարան էլ կա, և օգոստոսի աղվես Ռուբենը բազմոցին ամսագրեր է կարդում:
- Թե դու ո՛ր օրվա դասատուն ես,- ասաց Անդրոն՝ պառկելով նստած տեղը:- Թե դուք ի՛նչ դասատու եք,- ասաց վրա նստելով ու ելնելով:- Դիպլոմն առել եք ու ընկել գյուղի վրա:- Եվ տաշում էր ճաղերն ու դառը-դառը մտածում.- Կով եք պահում, ոչխար եք պահում: Աշխատավարձ եք ստանում: Արջ եք սպանում՝ տուգանք չեք տալիս: Գնում եք Եվպատորիա. «սիրտս հիվանդ է, իջել է»: Արի բարձրացնեմ, էնպես բարձրացնեմ, որ էլ տեղից չշարժվի:
- Անդրանի՜կ...
Անդրոն փեթակի ծածկոցը ետ էր քաշում. շորը կպել էր շրջանակներին, պոկվում էր փափուկ դժվարությամբ և ցնցումից մեղուն պարսերով դուրս էր նետվում: Ջղային մեկը ձեռքի երեսով բարձրացավ ու խճճվում էր թևքի մեջ: Անդրոն ծխարարով փչեց, նա պոկվեց թևից ու ճակատին խփվեց:
- Էդ պառավը խելքը թռցրել է, հա՛:
Վերևի նոսր անտառից դուրս եկավ ու արահետի վրա դանդաղ օրորվեց խոտ բարձած ավանակը:
Շրջանակները ծանր էին, լիքը բջիջների մեջ փայլում էր տաք մեղրը, բայց դեռ սերեկած չէին: Երկու օր կսերեկեն, երկու օր հետո պիտի քամել: Պիտի հանել տակի շրջանակներից մի երկուսն էլ, դնել դատարկները: Կլցնեն: Եթե եղանակները խանգարեն՝ տակի շրջանակները ետ իրենց կտա: Քներակը սուր այրվեց, իսկ մեկն էլ խճճվեց մազերի մեջ, հետո բզզաց ականջի տակ ու կորավ:
- Անդրանի՜կ...
- Այ կնիկ, ի՛նչ ես ուզում,- բարկացավ Անդրոն: Քներակը սուր այրվում էր, ցավել սկսեց նաև վիզը:
Խոտի ու ավանակի բլուրը թեքվել էր արահետից, իջնում էր Անդրոյի տան շավղով: Իսկ ավանակի տերը դեռ չէր երևում. ծերունի պիտի լիներ կամ երեխա: «Ստեփանը լավ է գլուխ պահում, տասը տարի է՝ հիվանդ եմ, հիվանդ եմ, իսկ նրա կովը խոտի պակասություն չի քաշում»: Անդրոն շրջանակը տեղը դրեց, կողքի թերատը վերցրեց, հենեց փեթակին, կենտրոնում տեղ բացեց թերատի համար, դրեց, և երբ շորը փռում էր, ձեռքի երեսը կծեցին: Անդրոն ժպտաց. այդ փեթակից կքամվի տասը-տասնհինգ կիլո: Ճիշտը՝ մի փութ: Տարին լավ տարի եղավ: Տանիքը դրեց, ուզեց հանել խայթը ձեռքի երեսից, մատները չէին բռնում: «Մարդն իրոք հիվանդ է, էլի, պիտի մեռնի՞, որ հավատանք: Մի կովի՞ կերն ինչ է. մարդ մի լավ քնի վեր կենա՝ մի օրում կհնձի»:
Խոտն անցավ ցանկապատի ետևից, գոմի ետևից, տանձենու մոտ թեքվեց դեպի Անդրոյի տուն, և այդտեղ Անդրոն տեսավ, որ դա ավանակ չի:
- Անդրանի՜կ...
- Հե՜յ:
- Էդ ո՞վ է խոտ բերում:
- Մարիամը:
- Ասա՝ չե՞ս կարող քիչ շալակել:
- Էդ է դու ասում ես, էլի:
Եկավ, շալակով դեմ ընկավ ծառին ու ճոճվեց, ուզեց գերանին հենվի ու հանգստանա՝ չեղավ: Խոտը գերանին չէր հարմարվում: Շալակի տակ՝ նստեց գետնին ու հանգած-հանգած ժպիտ արավ:
- Էդ ե՞րբ ես վերադարձել, քաղաքացի տիկին:
- Տեսար գալիս եմ՝ մեղր ես հանո՞ւմ:
- Հա, մինիստր է գալիս,- ասաց Անդրոն:- Բարի լինի: «Անդրանիկ եղբայր, վառելիքս վերջացել է, հենց ապրես»:
Նա պարանների տեղը ուսերի վրա փոխեց, նորից փոխեց և ասաց.
- Մինիստրից ինչո՞վ եմ պակաս:
- Ընդհակառակը,- ծիծաղեց Անդրոն,- շալակով դու ավել ես:
- Ես սրա գլուխը հողեմ, թևերս պոկեց:
- Չէիր կարո՞ղ մի քիչ թույլ կապել:
- Հնձվորներն են կապել:
- Ախչի, սարից ես բերո՞ւմ,- զարմացավ Անդրոն:
- Բա հիմա գյուղում խոտը որտեղի՞ց:
- Կեցցես: Քաղաքից ե՞րբ ես եկել:
- Երեկ:
- Պանիրը ծախվում է՞ր:
- Թափած է:
- Քանի՞ օր մնացիր:
- Չորս:
- Երևում է,- ասաց Անդրոն:
- Սիրունացել ե՞մ:
- Շա՜տ:
- Չէ՜, քո կնկա պես:
- Համեմատելու բաներ չեք: Աչքդ սուր է՞: Կծել են:
- Բուղա ես դառնալո՞ւ:
- Նայած: Մեկ-մեկ ուռչում է, մեկ-մեկ՝ չէ:
- Կռացիր, կռացիր: Թաղվել է, չի երևում:
- Փեսայիցդ գոհ ե՞ս:
- Իր համար աշխատավոր տղա է, էլի:
- Փոքրի՞ն երբ ես մարդի տալիս:
Խայթը չէր հանվում. մատները կոշտ էին ու պարաններն էլ խանգարում էին: Իսկ Անդրոն ոսկրուտ ծանրությամբ ընկել էր նրա ոտքին ու հաստ գլուխը դեմ արել: Եվ ոտքի տակ կոշտացել էր փայտի կտոր թե քար:
- Քո տունը շինվի,- նեղացավ Մարիամը,- գոնե էս զահրումար կապերը հանիր վզիցս:
- Դե որ էդքանը հասկանում ես՝ դու հանիր, էլի:
Նա դուրս եկավ շալակի տակից և կանգնեց ուղիղ, չոր ու կոշտ. շոր հագցրած ձող:
- Ուզող ունի, իններորդն էս տարի վերջացրեց՝ տալիս եմ, Անդրո:
- Կմնաս մենակ:
- Մենակ չեմ ի՞նչ եմ:
- Ախչի,- ծիծաղեց Անդրոն,- ախչի, արի քեզ էլ մարդի տուր, վերջանա գնա:
- Դու ծիծաղիր, ծիծաղիր...
Անդրոն վերջին ճաղը խփեց և հիմա, երբ սայլը սայլի տեսքի էր, տեսավ, որ սայլվորները հայհոյելու են իրեն: Ետևի մասը շատ էր լայն: Ինչպես էլ բարձեին՝ հակելու եզներին խեղդելու էր:
- Դե լավ, գնա՝ քանի տաք-տաք ես,- ասաց Անդրոն:
- Համա թե սարքել ես, հա՜:
- Գլուխ մի տար,- ասաց Անդրոն,- մտիր բեռանդ տակ:
Բայց երբ Անդրոն շղթան ձեռքին գոմից դուրս եկավ, նա դեռ կանգնել էր խոնավ շորը մեջքին կպած, անքամակ, տղամարդու կոշիկները ոտքերին մեծ, կրծքերը մաշվա՜ծ, մաշված ու երևի անկրծկալ: Օգնել է ինչով կարողացել է, թաքցրել է Վասիլի մահը, պետք է եղել՝ ձին տվել է, հասցրել է՝ խոտ է հնձել, գերան է քաշել առանց հատուկ խնդրանքի, բայց դե Մարիամն էդ է:
Մարիամը ջուր խմեց ու մնացորդը շպրտեց Անդրոյի երեսին:- Դու ծիծաղիր, ծիծաղիր...- և պտղունցով ուզում էր պոկել թիկունքին կպած շորը: Ապա ետ տարավ ու սրբեց ուսը:- Ալարում եմ, ասաց, արդեն սառել եմ,- ու նստեց սայլին:
- Ջարդում ես, վե՛ր կաց: Ախչի՜...- ծափ տվեց Անդրոն,- որ իմանաս էսօր ինչ եմ տեսել, ինչ եմ տեսել, սպիտակ գոմեշ եմ տեսել ջրում: Դե որ ուզում ես օգնած լինել, լինգը բեր: Կույր չես, ոտիդ տակին է,- լինգն անցըրեց շղթայի մեջ ու ճռռոցով պտտեց, լնգի ծայրը նստեցրեց գետնին:- Պարանը բեր: Ախոռում է: Հա՛ստը, հիմար: Ապրես: Գոմե՜շ, ինչ գոմեշ: Որ մի շնորհքով ձևող լիներ՝ մի երեք հատ Մարիամ դուրս կգար, մնացորդներից էլ մի Աշխեն:
- Մի կարգին նայեցի՞ր:
- Ա՜խչի...
Եվ այդտեղ Մարիամն ասաց.
- Զահրումա՜րի... ձերոնց թողած՝ գոմեշներ տեսեք:
Եվ այդտեղ արդեն Անդրոն շփոթվեց ու տխրեց: Ահա աղջիկ է ամուսնացրել, կարծես թե թոռան տեր է, բայց ընդամենը քառասուն տարեկան է:
- Մարիամ,- ասաց Անդրոն:
- Ի՞նչ է:
- Մարիամ, քանի՞ տարեկան ես:
- Տասնվեց,- ասաց Մարիամը,- ջահել աղջիկ եմ:
- Քառասուն կա՞ս:
- Երեսունվեց: Երեսունվեց տարեկան եմ, Անդրո:
- Պա՛հ, պա՛հ, պա՛հ, պա՛հ, տասնչորս:
- Իշի՛ գլուխ,- տխուր ասաց Մարիամը:- Իշի՛ գլուխ:
- Նորություն չես ասում,- ծիծաղեց Անդրոն:
- Քսան եմ եղել՝ գնացել է, իշի գլուխ:
- Մարիամ:
- Ի՞նչ է:
- Քանի՞ տարվա անմարդ ես:
Մարիամը նայեց տանձենուն, նայեց փեթակներին, հետո նայեց Անդրոյին.
- Ծիծաղում ես:
Անդրոն ոտքով խաղում էր կացնի հետ:
- Մարիամ... Մարիամ, անմարդ շատ է՞ դժվար: Դժվար է՞: Փայտի-խոտի մասին չեմ հարցնում: Փայտը-խոտը գիտեմ, էնպես, առանց տղամարդի, շատ է դժվա՞ր:
Չոր շրթունքները կիսաբաց՝ Մարիամը նայում էր նրան:
- Մարիամ... Մարիամ... էդ արանքներում, չնեղանաս, մարդ ունեցել ե՞ս:
Խանձված ու ցամաք Մարիամը լուռ նայում էր տանձենուն:
- Մարիամ...- ասաց Անդրոն,- Մարիամ, կովն ինչի՞դ է պետք, ինչո՞ւ ես կով պահում, Մարիամ: Ծախիր, գնա մարդի: Գնա աղջկադ հետ փեսիդ տանն ապրիր, ինչո՞ւ ես քեզ չարչարում, Մարիամ: Քանի՞ անգամ ես ապրելու, հիմար: Քո ի՞նչ բանն է կով պահելը, Մարիամ: Մարիամ,- գլուխը կախ ասաց Անդրոն,- էլ շալակով խոտ չբերես, քեզ մի՛ սպանիր, Մարիամ:
Եվ որովհետև նա չոր ճյուղի պես թեթև էր ու թախտի տախտակները նրա տակ չճկվեցին, Անդրոն հիշեց նրա բեռը և կոշտ պարանները: Եվ որովհետև այլևս դժվար էր ետ կանգնելը, Անդրոն մտածեց, որ կյանքը կարճ է: Եվ որովհետև նրա կուրծքը սմքած էր, Անդրոն հայհոյեց ջրի մոտ պառկած վիթխարիին: Եվ որովհետև նրա ուսերը պարաններից սևացել էին, Անդրոն հիշեց ընկեր Մարգոյի ծամոն ծամող բերանը: Եվ որովհետև նա սպանված թռչունի պես թույլ էր և նրա աչքերից արտասուք էր գնում, Անդրոն խղճաց նրան: Անդրոն սիրեց նրան, որովհետև անօգնական էր, դողում էր, տաք էր, վառվում էր: Փռի պես վառվում էր:
Սպիտակ լուսամուտի վրա դուրս գալ էր չարչարվում մեղուն, պատից նայում էին փողկապով Անդրոն ու շրթունքները ներկած Աշխենը, և գորգի եղջերուն, ապա կիսախավարի մեջ փայլփլեց ժամացույցի դեղին ոտքը, դռան տակի կախիչին Աշխենի վանդակավոր հաստ շալն էր, հեռուներում մի տեղ կանչեց աքաղաղը և նրան պատասխանվեց պատուհանի տակից. ծուղ-րու-ղո՜ւ...
- Ուրուրուրուրուր, հո՜ւյ...
- Աշխենն ինձ կսպանի:
Պարանների կտրածը երևում էր, վիզը սև՜, սև էր, իսկ մարմինը՝ սպիտակ և սպիտակի վրա՝ կոշտ շալակի կապտուցքները:
- Ախչի, փափուկ խոտ չկա՞ր,- բարկացավ Անդրոն:
- Ախչի,- նեղացավ Անդրոն,- էս ամառվա շոգին էս հաստ բաները ինչի՞ ես հագնում:
- Նե՜ղ, բարակները կան, կարմիր,- մտածեց Անդրոն,- գնամ Կիրովական՝ քեզ համար կառնեմ:
- Ճիշտն ասա,- ծիծաղեց Անդրոն,- ե՞ս էի լավը, թե Սահակը:
- Ախչի, լրբի՛ մեկը,- բարկացավ Անդրոն,- Սահակն ո՞վ էր, որ Սահակին չէիր մերժում:
- Մյուս անգամ,- հրամայեց Անդրոն,- չլսե՛մ: Քանի ես կամ:
- Ուշ եմ հասկացել,- տխրեց Անդրոն:- Ափսոս որ ուշ եմ հասկացել: Մեղավորը դու ես,- ժպտաց Անդրոն,- գայիր, ասեիր: Խոտի համար ասե՞լ ես: Ձի ուզե՞լ ես: Գայիր, ասեիր: Ռուսաստանում ո՞նց է:
- Ծիծաղում ես,- տխուր ժպտաց Մարիամը:- Բոլորդ էլ մեկ եք: Էնքան գլուխ տարավ՝ էլ երես չունեի, հետո էլ կանգնել ու ռեխը բացել էր, իսկ իր էն ջորին մազերս բռնել էր ու բռունցքը քաշել: Գոնե էն հասած աղջիկներիցս անհարմար զգային: Թո՜ւ, ես հողեմ Վասիլի էն հողած գլուխը, որ ինձ թողեց էս կրակի մեջ, ինքն իր ճարը տեսավ...
- Դե լա՛վ,- ասաց Անդրոն,- գլուխ մի տար:
Անդրոն դուրս եկավ տնից՝ տանձենու տակ նստել էր աղվես Գիքորը և ցույց էր տալիս, թե դեռ չի տեսել Անդրոյին:
«Շուն պիտի պահել» - մտածեց Անդրոն և հիշեց, որ ինքը շուն ունի, սարում է:
- Քնել էի՞ր, Անդրե:
- Հա,- ասաց Անդրոն,- քնած էի, էս մեր Մարիամն եկավ հանեց քնից:- Եվ Անդրոն հորանջեց ու ասաց.- Ի՞նչ կա, ի՞նչ չկա:
- Տանձդ հասել է:
- Հա,- ասաց Անդրոն,- համտես արա:
- Ատամ չի մնացել: Մեղուդ լավ է բանում, Անդրե,- գովեց Գիքորը:- Իմոնց կեսը վերնահարկ չուզեց. մի լավ ընտանիք կար, անցած տարի լավ էր, էս տարի երկու անգամ ձագ է տվել: Գժվել է: Արաղ ե՞ս քաշելու, Անդրե:
- Տեսնենք:
- Բա էսքան միրգն ո՞ւր է գնալու, քաշիր, ափսոս է: Անդրե,- կտրուկ նայեց Գիքորը,- մոտդ խնդրանքով եմ եկել: Ասա՝ ի՞նչ խնդրանք:
«Մեղուս ձագ է տվել, փեթակ չունեմ... կամ սարքածը կունենաս, կամ էսօր-էգուց մի հատ իրաց արա: Տեղը տեղին բսնում եք»:- Ինչո՞ւ,- միանգամից ասաց Անդրոն,- էդ քանի՞ տարեկան եղար, որ ատամ չունես:
- Վաթսունյոթ:
- Այտա՜,- և ծիծաղեց, և նեղացավ Անդրոն,- ի՞նձ ինչու ես խաբում, ես հո թոշակի հանձնաժողո՛վ չեմ:
Տնից անշշուկ դուրս եկավ Մարիամն ու ձեռքերը գոգին բռնած կանգնեց սյան մոտ:
Եվ երկուսին տեսնելով այդպես մի պատշգամբում, և նկատելով Անդրոյի սև մազ-մորուքը, Գիքորը որոշեց, որ նրանք շատ վաղուց կապված են, «մենակ կին է, առանց դրա դժվար կլինի», և որ, ուրեմն, նախանցյալ ձմեռվա նրա դռան գերանը Անդրոն էր տարել: Չոր, լավ գերան էր, սարի ճամփի ցցաչորին: Ինքը պիտի կտրեր, բայց կտրողն արդեն կտրել տարել էր:
- Իննսուն թվի եմ: Տասն էնտեղից, հիսունյոթն էստեղից՝ վաթսունյոթ: Քեզ երեխա՝ էսօրվա պես եմ հիշում:
- Կատակ եմ անում, կատակ,- ծիծաղեց Անդրոն,- մի նեղացիր:
- Թեկուզ կատակ չի, քեզանի՞ց ինչու պիտի նեղանամ:
Մարիամն անշշուկ անցավ Անդրոյի մոտով, Գիքորի մոտով, մի պահ կանգնեց խոտի կողքին, ապա թևերն անցըրեց պարանների մեջ ու միանգամից նստեց ու չորեքթաթվեց: Երբ նա անցնում էր իր մոտով, Անդրոն դարձյալ տեսավ, որ նա անքամակ է: Նա այնտեղ խոտի տակ սսկվել մնացել էր, ուժ էր հավաքում ելնելու:
- Գամ օգնե՞մ, ախչի,- ասաց Գիքորը և քայլ էլ փոխեց:
Նա չէր պատասխանում, հետո մի ձեռքն ու ծունկը կտրեց գետնից, չռվեց ու դանդաղ բարձրացավ: Երբ դեռ մյուս ձեռքը չէր կտրել հողից, Անդրոն տեսավ նրա սև դեմքն ու ուռած վիզը:
- Հուո՜ւ, դեռ պինդ ես,- ասաց Անդրոն նրա ելնելու հետ:
Նա ելավ, թափահարվելով բեռը շտկեց մեջքին և, շուռ գալուց առաջ, Անդրոն դարձյալ տեսավ նրա հանգած ժպիտը: Եվ լսեց նրա խոսքն արահետի վրայից, տանձենու մոտից.
- Հենց էլ՝ պինդ եմ:
Խոտի բեռը դեմ ընկավ տանձենու ճյուղերին, նա թեքվեց, քիչ մնաց ընկներ, ապա ետ-ետ արավ ու առաջ մղվեց: Ճյուղերը դուրս պրծան, ու հասած տանձը թափվեց:
- Կարելի՞ է տանձ վերցնել,- և արդեն շալակի տակ ոչ այն է կքում էր, ոչ այն է կռանում:
- Տո հիմա՜ր,- գոռաց Անդրոն,- հրեդ բերանդ է մտնում, վերևից քաղիր, էլի:
Նա մի հնարքով թափվածներն էլ վերցրեց, վերևից էլ պոկեց ու դեռ ծիծաղեց էլ:
- Շատ լավ կնիկ է,- ասաց աղվես Գիքորը,- ջահել, պինդ կնիկ է, էլի:
Գիքորն, ուրեմն, ձին էր ուզում: Ղազախ մի քանի փութ, մի հինգ փութ, ցորեն ունի. իր ձիով անհնար է, ճանապարհները վատ են, գիշերով է գնալու, իսկ իր ձին հիմար է: Ուժեղն ուժեղ է, բայց հիմար է, խրտնում է, էն օրը պառավին գցել է: Ճանապարհները վատ են, կտա ջարդուփշուր կանի: Եղածն էլ մի բան չի. հի՞նգ փութ է, վե՞ց փութ է: Կգնա գիշերով, որ ձիու համար շոգ չլինի, մի ցերեկ գարին առջևը հանգիստ կտա, կգա գիշերով, որ ձիու համար շոգ չլինի:



Աշխենը կիթը վերջացրեց բոլորից շուտ, կաթը հանձնեց, ամենաշատ կաթն ինքը հանձնեց, կովերին քորեց, փայլեցրեց, սիրեց ու գուրգուրեց կովերին, հորթանոցը մաքրեց, ամենամաքուր հորթանոցն իր հորթանոցը եղավ, հորթերը՝ գեր, կայտառ՝ հանձնեց հորթարածին, կարգավորեց սիրունացրեց իր վրանը, լվացվեց կոշտ օճառով առանձին, հոտավետով՝ առանձին, սանրվեց ու կապեց գլխաշորը (ուրիշները եթե սանրվում են՝ գլխաշոր չեն գցում, եթե գլխաշոր գցում են՝ չեն սանրվում, իսկ ինքն այդպես տակից ու վրայից մաքուր է), ոսկի մատանին անցըրեց մատը,- ինքը այդպես ընտանիքի կին է,- կապեց ոսկի ժամացույցը, ու այդպես մաքրասեր, ու այդպես առաջավոր, ու այդպես ազնիվ, այդպես ճշտապահ, այդպես գեղեցիկ՝ կանգնեց ֆերմայի վարիչ Լևոնի առաջ:

Ու այդպես խոնարհ, համեստ, այդպես հեզ, ու այդպես հայուհի, ու այդքան գյուղի՝ ինքը չխոսեց, այդպես մեծահարգ՝ սպասեց, որ խոսի Լևոն քեռին:
- Ի՞նչ է, Աշխեն:
- Լևոն քեռի...- Ու այդպես ամաչկոտ, այդքան հեռու քաղաքի լրբերից ու գյուղի լեզվանիներից՝ սպասեց, որ Լևոն քեռին ինքը հասկանա, թե ինչ է ուզում առաջավորուհի Աշխենը:
- Տեղ ես գնո՞ւմ, Աշխեն:
Աշխենը գլխով արեց:
- Եթե իրիկվա կթին կհասնես, էլ ինչո՞ւ ես հարցնում: Քո ազատ ժամն է՝ ինչ ուզում ես արա:
Աշխենն այդպես է. թույլտվություն չվերցրած՝ ոտը ոտի առջև չի դնի: Եվ Աշխենը ամեն ինչ հասկացող է. գիտի որ ներքևի հովտում աշխատող հնձվորը մածուն կուզի: Եվ Աշխենը ձեռնբաց է. կտանի իր սեփական կովերի մածունը: Եվ Աշխենը հոգածու է. կտանի իր ձեռքով, ցավից իր թևը ջարդելով: Եվ Աշխենը նրբանկատ է. կտա նրանց ուտելու, իսկ ինքը՝ համեստ, հեզ, խոնարհ՝ աչքերը գետնին կսպասի, խոտի ծեղով կխաղա գետնի հետ: Եվ Մարիամի հետ կգնա աղբյուր ջրի. հին ընկերուհիներ են՝ աղջիկ ժամանակներից, իրար լուռ հասկանում են և հասկանում են, որ հնձվորի ջուրը կանայք են բերելու:
Աշխենը դույլը լավ լվաց, դրեց եղեգնյա ծորակի տակ, ստուգեց՝ որ լցվելուց հետո դույլը շուռ չգա, Մարիամին մի կողմ տարավ՝ որ դույլի մեջ ծեղ ու հող չընկնի, Մարիամի գլխաշորը հանեց՝ որ չպատռվի, բռնեց բոլոր մազերը միանգամից՝ որ փունջը փոքր չլինի ու չպոկոտվի, ու խփեց ուսերին, կրծքերին, փորին, մեջքին, քամակին, հետո նորից ուսերին, կրծքերին, փորին, մեջքին, քամակին: Հետո գլուխը կռացրեց ու խփեց միայն մեջքին, մեջքին, մեջքին՝ որպեսզի և ցա՛վը լինի, և կապտո՛ւցք չլինի: Հետո ջուր խմեցրեց Աշխենը Մարիամին, իր սանրը տվեց մազերը սանրելու, կապեց նրա գլխաշորը և դույլերն ինքը վերցրեց, որովհետև Մարիամը ոտքի վրա դժվար էր մնում:

Հրանտ Մաթևոսյան | Օգոստոս Հրանտ Մաթևոսյան | Օգոստոս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 10, 2020 Rating: 5
Технологии Blogger.