Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ վեցերրորդ

Ալեքսանդր Միլն
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

      Որտեղ Իա֊Իան նշում է իր ծննդյան օրը, իսկ Դնչիկը քիչ է մնում Լուսին թռչի


Իա֊Իան՝ մոխրագույն ծեր իշուկը, կանգնել էր գետակի ափին և ամենավհատ տեսքով ջրի մեջ իր արտացոլումն էր դիտում։

― Սրտամաշ տեսարան է, ― վերջապես ասաց նա, ― սրտամա՛շ տեսարան։

Նա շրջվեց և գետի հոսանքով դանդաղ դեպի ցած գնաց։ Մի քսան մետր գնալուց հետո նա ծանծաղուտով անցավ գետը և առաջվա նման դանդաղ քարշ տալով ոտքերը, մյուս ափով հետ գնաց։ Ճիշտ այն տեղի դիմաց, ուր կանգնած էր քիչ առաջ, Իան կանգ առավ և նորից ջրի մեջ նայեց։

― Այսպես էլ գիտեի, ― հառաչեց նա։ ― Այս կողմից էլ մի բան չի։ Բայց ո՞ւմ պետքն է։ Ոչ ոք չի հետաքրքրվում։ Սրտամաշ տեսարան է։

Այդ պահին նրա ետևում մի ճյուղ կոտրվեց, և թփերի միջից երևաց Վինի֊Թուխը։

― Բարի լո՛ւյս, Իա, ― ասաց Թուխը։

― Լույս բարի, արջուկ Թուխ, ― վհատ պատասխանեց Իան։ ― Եթե միայն սա բարի առավոտ է։ Անձամբ ես խիստ կասկածում եմ։

― Ինչո՞ւ։ Բա՞ն է պատահել։

― Ոչինչ, արջուկ Թուխ, առանձնապես ոչինչ։ Բոլորը չէ, որ կարող են։ Ոմանց էլ չի վիճակվում։ Այստեղ ոչնչով չես օգնի։

― Ի՞նչը բոլորը չէ, որ կարող են, ― հարցրեց Թուխը, քիթը տրորելով։

― Ուրախանալ։ Երգել, պարել և ուրիշ նման բաներ։ Ընկուզենու թփուտների տակ։

― Աաա՜, հասկանում եմ․․․ ― ասաց Թուխը։ Եվ խոր մտածելուց հետո հարցրեց․ ― Ո՞ր ընկուզենու թփուտների տակ։

― Որի տակ ընկույզները ջրդեղած են, ― ընկճված պատասխանեց Իան։ ― Խմբապար, ուրախություն և նման բաներ։ Ես չեմ տրտնջում, բայց այդպես է։

― Թուխը նստեց մի մեծ քարի և փորձեց որևէ բան հասկանալ։ Հանելուկի նման էր ստացվում, իսկ դա Թուխի թույլ կողմն էր, որովհետեւ նրա գլխում թեփից բացի ուրիշ բան չկար։ Եվ համենայնդեպս նա երգեց այս հանելուկային երգը․


               

               ԿԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ


            ― Հարցս կարճ է ու հասարակ, ―

            Ռնգեղջյուրը ասաց, ―

            Ո՞ր ծայրից անեմ կատակ,

            Որ լինի դիպուկ, արագ։ ―

            Այս հարցին ոչ ոք, ավա՜ղ,

            Չպատասխանեց ոչ ուշ, ոչ վաղ։


— Այ, ինչ եմ ասել, — ասաց Իա֊Իան։ — Երգի՛ր, երգի՛ր։ Փիսիկը նստել մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում։ Ուրախացիր ու զվարճացիր։

— Ես ուրախանում եմ, — ասաց Թուխը։

— Ոմանց դա հաջողվում է, — ասաց Իա֊Իան։

— Վերջապես ի՞նչ է պատահել, — հարցրեց Թուխը։

— Իսկ մի՞թե ինչ֊որ բան է պատահել։

— Ոչ, բայց դու այնքնի տխուր տեսք ունես։

— Տխո՞ւր։ Այդ ինչո՞ւ ես պիտի տխուր լինեմ։ Չէ՞ որ այսօր ծննդյանս օրն է։ Տարվա ամենալավ օրը։

— Քո ծննդյան օ՞րը, — ապշած հարցրեց Թուխը։

— Իհարկե։ Մի՞ թե չի զգացվում։ Հապա մի նվերներիս նայիր։ — Իա֊Իան առջեւի սմբակով չորս կողմը ցույց տվեց։ — Նայիր այս ծննդյան կարկանդակին։

Թուխը նայեց․ սկզբում դեպի աջ, հետո՝ ձախ։

— Մի՞թե չես տեսնում։

— Չէ, — ասաց Թուխը։

— Ես նույնպես, — ասաց Իա֊Իան։ — Սա կատակ էր, — բացատրեց նա։ — Հա֊հա՛։

Թուխը բոլորովին շփոտված քորեց ծոծրակը։

— Այսօր իսկապե՞ս քո ծննդյան օրն է, — հարցրեց նա։

— Իհարկե։

— Այ քեզ բա՛ն։ Դե, Իա, շնորհավորում եմ եւ քեզ շատ֊շատ երջանկություն եմ ցանկանում այսօր։

— Ես էլ եմ քեզ շնորհավորում եւ շատ֊շատ երջանկություն եմ ցանկանում քեզ այսօր, արջուկ Թուխ։

— Բայց այսօր իմ ծննդյան օրը չի։

— Ոչ, քոնը չի, այլ իմը։

— Բայց դու ասում ես՝ «շատ֊շատ երջանկություն եմ քեզ ցանկանում այսօր»։

— Հետո ի՛նչ։ Դու ուզում ես իմ ծննդյան օրը դժբախտ լինե՞լ։

— Ա՜, հասկանում եմ, — ասաց Թուխը։

— Բավական չէ, — հազիվ լացը զսպած ասաց Իա֊Իան, բավական չէ, որ ես այսքան դժբախտ եմ՝ առանց նվերների, առանց ծննդյան կարկանդակի, բոլորի կողմից մոռացված ու լքված, եթե մյուսները նույնպես դժբախտ լինեն…

Վինի Թուխն այլեւս չդիմացավ։

— Սպասիր ինձ այստեղ, — գոռաց նա եւ ինչքան որ ոտքերում ուժ կար, սլացավ տուն։ Նա զգաց, որ պարտավոր է անմիջապես խեղճ իշուկին որեւէ նվեր տալ, իսկ հետո միշտ էլ ժամանակ կունենաս մտածելու Իսկական Նվերի մասին։

Իր տան շեմքում նա քիչ մնաց դիպչեր Դնչիկին, որ ցատկում էր դռան մոտ, փորձելով հասնել զանգի կոճակին։

— Ողջո՛ւն, Դնչի՛կ, — ասաց Վինի֊Թուխը։

— Ողջո՛ւյն, Թուխ, — ասաց Դնչիկը։

— Ինչո՞վ ես զբաղված։

— Փորձում եմ զանգահարել, — բացատրեց Դնչիկը։ — Անցնում էի այստեղով…

— Թող օգնեմ քեզ, — իր ծառայությունն առաջարկեց Թուխը։ Նա մոտեցավ դռանն ու սեղմեց կոճակը։ — Ես քիչ առաջ տեսա Իային, — ասաց նա։ — Խեղճ Իշուկը սոսկալի հուզված է, որովհետեւ այսօր նրա ծննդյան օրն է, իսկ նրան բոլորը մոռացել են, եւ նա քիթը կախել է, եւ ես… Այս ինչ բան է, ոչ ոք չի բացում, քնել են, ի՞նչ է։ — Եվ Թուխը նորից զանգահարեց։

— Թո՛ւխ, — ասաց Դնչիկը։ — Ախր սա քո՛ տունն է։

— Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, — ասաց Թուխը։ — Իսկապե՛ս որ։ Դե, ներս գնանք։

Թուխը առաջին հերթին մոտեցավ պահարանին, որպեսզի համոզվի, որ ունի ոչ շատ մեծ, միանգամայն համապատասխան կճուճով մեղր։ Կճուճն իր տեղում էր, եւ Թուխը կճուճը իջեցրեց թարեքից։

— Ես սա Իային եմ նվիրելու, — բացատրեց նա։ — Իսկ դու ինչ ես մտածում նվիրել։

— Գուցե ե՞ս էլ կճուճը նվիրեմ, — հարցրեց Դնչիկը, — Թող լինի մեր երկուսի կողմից։

— Ո՛չ, — ասաց Թուխը, — լավ բան մտածիր։

— Դե լավ, որ այդպես է, ես Իային փուչիկ կնվիրեմ։ Տոներից դեռ մի հատ մնացել է։ Հենց հիմա կգնամ կբերեմ։

— Ա՛յ, լավ մտածեցիր։ Ախր Իային ուրախացնել է պետք։ Իսկ փուչիկը ում ասես կուրախացնի։ Ոչ ոք չի կարող տխրել, եթե փուչիկ ունի։

Եվ այսպես, Դնչիկը տուն վազեց, իսկ Թուխը վերցրեց կճուճն ու քայլեց դեպի գետակը։

Շոգ օր էր, ճանապարհը՝ երկար, եւ Թուխը դեռ ճանապարհի կեսն չէր անցել, երբ ինչ֊որ բան սկսեց տարօրինակ կերպով խուտուտ տալ սկզբում քթի մեջ, ապա կոկորդում, հետո կրծքի տակ եւ այդպես աստիճանաբար մինչեւ կրունկները հասավ։ Թվում էր ինչ֊որ մեկը ներսից ասում է․ «Գիտե՞ս, Թուխ, հիմա ճիշտ ժամանակն է, որ դու մի փոքր…»

— Ա՛յ, ա՛յ, ա՛յ, — ասաց Թուխը, — իսկ ես չգիտեի, որ արդեն այսքան ուշ է։

Նա նստեց գետնին ու բացեց կճուճի կափարիչը։

— Ի՛նչ լավ եղավ, որ վերցրի հետս, — ասաց նա։ — Այսպիսի շոգ օր շատ քիչ արջեր գլխի կընկնեին իրենց հետ կազդուրվելու համար որեւէ բան վերցնել…

— Իսկ հիմա հիշենք, — վերջին անգամ լիզելով կճուճի հատակը, ասաց նա, — հիշենք, թե ուր էի ես պատրաստվում գնալ։ Ախ հա՜, Իայի մոտ։

Եվ Թուխն առանց շտապելու ոտքի ելավ։ Հազիվ եր ոտքի ելել, երբ հանկարծ ամեն ինչ հիշեց․ կերել էր Նվե՛րը։

— Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, — ասաց Թուխը։ — Հիմա ի՞նչ պիտի անեմ։ Չէ՞ որ պետք է Իային որեւէ բան նվիրեմ։

Սկզբում նա պարզապես չգիտեր ինչպես վարվի։ Հետո մտածեց։

«Այնուամենայնիվ սա շատ լավ կճուճ է, թեեւ մեջը մեղր չկա։ Եթե այս կճուճը ոնց որ պետք է լվանամ եւ որեւէ մեկին խնդրեմ վրան գրի․ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ», Իան կարող է սրա մեջ պահել այն ամենը, ինչ ցանկանա։ Սա օգտակար իր կլինի»։

Եվ քանի որ այդ ժամանակ նա հեռու չէր Բուի տնից, իսկ Անտառում ամենքն էլ համոզված էին, որ Բուն հիանալի գրել գիտե, նա որոշեց Բուին հյուր գնալ։

— Բարի լույս, Բու, — ասաց Թուխը։

— Լույս բարի, Թուխ, — ասաց Բուն։

— Շնորհավորում եմ քեզ Իա֊Իայի ծննդյան էրվա առթիվ, — ասաց Թուխը։

— Ահա թե ի՛նչ, — զարմացավ Բուն։

— Դե իհարկե՛։ Իսկ դու ի՞նչ ես նրան նվիրելու։

— Իսկ դո՞ւ։

— Ես նրան օգտակար Կճուճ նվեր կտամ։ Սրա մեջ ինչ ուզենաս կարելի է պահել, — ասաց Թուխը։ — Ես ուզում եմ քեզ խնդրել…

— Սա՞, — հարցրեց Բուն, Թուխի թաթերից վերցնելով կճուճը։

— Այո, եւ ուում եմ խնդրել քեզ…

— Այստեղ մի ժամանակ մեղր է եղել, — ասաց Բուն։

— Դրա մեջ ինչ ասես կարելի է պահել, — լրջորեն ասաց Թուխը։ — Սա շա՜տ, շատ օգտակար իր է։ Եվ ես ուզում էի խնդրել քեզ…

— Դու լավ կանեիր գրեիր վրան․ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ»։

— Ես հենց դա եմ ուզում խնդրել, — վերջապես կարողացավ բացատրել Թուխը։ — Որովհետեւ ուղղագրությունից ես մի փոքր կաղում եմ։ Ընդհանուր առմամբ լավ ուղղագրություն է, միայն չգիտես ինչու կաղում է, եւ տառերը չեն հասցնում ժամանակին իրենց տեղերը շարվել։ Դու կգրես՝ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ»։ Շատ եմ խնդում։

— Փառավոր կճուճ է, — ասաց Բուն, բոլոր կողմերից զննելով այն։ — Գուցե ես նույնպես քո կճուճը նվիրեմ։ Թող լինի մեր երկուսի կողմից։

— Ոչ, ասաց Թուխը, — այդ մեկը դու վատ ես մտածել։ Ավելի լավ է տուր լվանամ, իսկ դու հետո գրես վրան։

Մինչեւ Թուխը կլվար ու կչորացներ կճուճը, Բուս թքոտում էր մատիտի ծայրն ու մտածում էր ինչպես է գրվում «Շնորհավորում եմ» բառը։

— Թուխ, դու կարողանո՞ւմ ես կարդալ, — անհանգստացած հարցրեց նա։ — Օրինակ, իմ դռան վրա հայտարարություն կա փակցված, թե ինչպես զանգահարել․ դա Քրիստոֆեր Ռոբինն է գրել։ Դու կարո՞ղ ես կարդալ։

— Քրիստոֆեր Ռոբինն ինձ ասաց թե ինչ է գրել եւ դրանից հետո ես կարողացա կարդալ։

— Հիանալի՛ է։ Ես էլ կասեմ, թե ինչ եմ գրել կճուճի վրա, եւ դու կկարողանաս կարդալ։

Եվ Բուն սկսեց գրել… Ահա թե ինչ նա գրեց․

«Շնո հրո վրո նծա դնա օրեվա ռթիվ ըթիվ»։

Թուխը հիացմունքով նայում էր այդ մակագրությանը։

— Ես այստեղ գրել եմ․ Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ», — անփույթորեն նկատեց Բուն։

— Այ դա մակագրությո՜ւն է, — հարգանքով նկատեց Թուխը։

— Իսկ եթե լրիվ ես ուզում իմանալ, ապա այստեղ ես գրել եմ․ «Շնորհարորում եմ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում եմ շատ֊շատ երջանկություն։ Քո Թուխ։» Գրաֆիտի ծախսումը բոլորովին հաշվի չեմ առել։

— Ի՞նչ, — հարցրեց Թուխը։

— Գիտե՞ս ինչքան մատիտ ծախսվեց, — բացատրեց Բուն։

— Դե, իհա՛րկե, — ասաց Թուխը։


Իսկ Դնչիկը վաղուց տուն էր հասել եւ հիմա Իա֊Իայի փուչիկը կրծքին սեղմած, որպեսզի հանկարծ քամին չտանի, սլանում էր ինչքան որ ուժ կար ոտքերում։ Դնչիկը շատ էր շտապում, որպեսզի Թուխից շուտ տեղ հասնի․ նա ուզում էր առաջինը նվերը տանել իշուկին, որպեսզի Իան կարծեր, թե Դնչիկը ինքնուրույն եւ ոչ թե ուրիշի օգնությամբ է հիշել իր ծննդյան տարեդարձը։ Նա այնքան էր շտապում եւ այնքան էր տարված Իա֊Իային ուրախացնելու մտքով, որ ամենեւին չէր նայում ոտքերի տակ… Եվ հանկարծ նրա ոտքն ընկավ մկան բնի մեջ, եւ Դնչիկն ամբողջ թափով քթի վրա գետնին փռվեց․


Բ Ո՛ Ւ Մ


Դնչիկը փռվեց գետնին եւ երկար ժամանակ չէր հասկանում, թե ինչ է կատարվել։ Սկզբում նա մտածեց, որ ամբողջ աշխարհը հօդս է ցնդել։ Հետո մտածեց, որ, միգուցե, միայն իրենց սիրելի Անտառը։ Էլ ավելի հետո՝ որ, միգուցե, միայն ինքը՝ Դնչիկը, եւ հիմա մեն֊մենակ պառկած է ինչ֊որ տեղ Լուսնի վրա եւ այլեւս երբեք֊երբեք չի տեսնելու ոչ Թուխին, ոչ Քրիստոֆեր Ռոբինին, ոչ Իային… Եվ միայն այստեղ նրա մտքով անցավ, որ նույնիսկ Լուսնի վրա էլ պարտադիր չէ ամբողջ ժամանակ քթի վրա պառկել։ Եվ զգուշորեն վեր կացավ ու շուրջը նայեց։

Նա դեռեւս Անտառո՛ւմ էր։

«Շատ հետաքրքիր է, — մտածեց նա։ — Հետաքրքիր է, ինչ պայթյո՞ւն էր։ Ես չէի կարող ընկնելիս այսքան աղմուկ բարձրացնել։ Եվ որտե՞ղ է, հետաքրքիր է, իմ փուչիկը։ Եւ որտեղի՞ց, հետաքրքիր է, լույս ընկավ այս փալասը»։

Այս փալասը հենց նրա փուչիկն էր։

— Վա՜յ, մայրի․կ, — ճղճղաց Դնչիկը։ — Վա՜յ, մայրիկ, մայրիկ ջա՛ն, մայրիկ ջան։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Հո հետ չե՞մ գնալու։ Ուրիշ փուչիկ էլ չունեմ… Հը՞, գուցե Իան փուչիկ այնքան էլ շատ չի՞ սիրում։

Եվ նա շարունակեց ճանապարհը։ Անկեղծ ասած, նա այլեւս նախկին թեթեւությամբ չէր վազում, բայց էլի շատ շուտով հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Իան եւ դարձյալ ջրի մեր իր արտացոլումն էր դիտում։

— Բարի լո՛ւյս, Իա, — դեռեւս հեռվից գոռաց Դնչիկը։

— Բարի լույս, փոքրի՛կ Դնչիկ, — ասաց Իա֊Իան։ — Եթե, իհարկե, սա բարի առավոտ է, — ավելացրեց նա, — ինչում ես խիսկ կասկածում եմ։ Բայց դա կարեւոր չէ։

— Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ, — մոտ գալով ասաց Դնչիկը։

Իան թողեց իր զբաղմունքն ու աչքերը չռեց Դնչիկի վրա։

— Հապա, հապա կրկնի՛ր, — ասաց նա։

— Շնորհավորում եմ…

— Մի րոպե…

Դժվարությամբ կանգնելով երեք ոտքերի վրա՝ Իան չորրորդ ոտքը մոտեցրեց ականջին։

— Սա ես երեկ սովորեցի, — բացատրեց նա, երրորդ անգամ ցած ընկնելով։ — Շատ հեշտ է եւ, որ գլխավորն է, այսպես ավելի լավ եմ լսում։ Դե ահա ամեն ինչ կարգին է։ Ուրեմն, ի՞նչ էիր ասում, կրկնիր, — ասաց նա, սմբակի օգնությամբ ականջն առաջ հրելով։

— Շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ, — կրկնեց Դնչիկը։

— Ի՞նձ։

— Իհարկե, քեզ։

— Իմ ծննդյան օրվա առթի՞վ։

— Այո։

— Ուրեմն, սա իսկական ծննդյան օր է դառնո՛ւմ։

— Իհարկե, Իա, եւ ես քեզ նվեր եմ բերել։

Իա֊Իան մեծ դժվարությամբ աջ ոտքը ցած դրեց եւ ոչ պակաս դժվարությամբ բարձրացրեց ձախը։

— Ես ուզում եմ մյուս ականջով էլ լսել, — բացատրեց նա։ — Հիմա ասա։

— Նը֊վեր, — շատ բարձր կրկնեց Դնչիկը։

— Ի՞նձ։

— Քեզ։

— Ծննդյանս օրվա առթի՞վ։

— Իհարկե։ Ես քեզ փուչիկ եմ բերել։

— Փուչի՞կ, — հարցրեց Իա֊Իան։ — Դու ասացիր՝ փուչի՞կ։ Դրանք այն մեծ, գեղեցիկ ու վառվռուն բանե՞րն են, որ փչում, օդով են լցնում։ Երգ ու պար, թռի֊վռի ու տրամ֊պամ֊պա՞։

— Այո։ Միայն թե… հասկանում ես… ես շատ եմ ցավում… հասկանում ես… երբ վազում էի, որ շուտ քեզ նվեր բերեմ, ընկա։

— Դու, հավանաբար շատ արագ ես վազել։ Հույս ունեմ, ոչ մի տեղդ չի ցավում, փոքրիկ Դնչիկ։

— Ոչ, շնորհակալություն, բայց նա… նա… փուչիկը, Իա, պայթեց։

Տիրեց երկարատեւ լռություն։

— Ի՞մ փուչիկը, — վերջապես հարցրեց Իա֊Իան։

— Դնչիկը գլխով արեց։

— Իմ ծննդյան տոնի նվե՞րը։

— Այո, Իա, — ֆսֆսացնելով քիթը, ասաց Դնչիկը։ — Ահա այն։ Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ։

Եվ նա Իային տվեց ռետինե փալասը։

— Սա՞ է, — հարցրեց Իան խիստ զարմացած։

Դնչիկը գլխով արեց։

— Իմ նվե՞րը։

— Դնչիկը նորից գլխով արեց։

— Փուչի՞կը։

— Այո։

— Շնորհակալություն, Դնչիկ, — ասաց Իան։ — Ներիր, խնդրում եմ, շարունակեց նա, — բայց ես կուզենայի իմանալ, թե ի՞նչ գույնի էր, երբ… երբ դեռ փուչիկ էր։

— Կարմիր։

«Մի տես, է՛, կարմիր… Իմ սիրած գույնը», — մտքում ասած Իան։

— Իսկ ի՞նչ մեծության էր։

— Համարյա իմ չափ։

— Այո՞։ Մի տես, է՜, համարյա քո չափ… Իմ սիրած չափը, — քթի տակ տխուր ասաց Իան։ — Այդպե՛ս, այդպե՛ս։

Դնչիկն իրեն շատ վատ էր զգում եւ պարզապես չէր իմանում, թե ինչ ասի։ Նա մի գլուխ բացում էր բերանը, պատրաստվելով ինչ֊որ բան ասել, բայց տեղնուտեղը որոշում էր, որ հենց այդ մեկը չարժի ասել։ Եվ հանկարծ, նրա բախտից, ինչ֊որ մեկը գետակի մյուս ափից ձայն տվեց։ Դա Թուխն էր։

— Շատ֊շատ երջանկություն եմ ցանկանում, — գոռում էր Թուխը, հավանաբար մոռացած, որ դա արդեն ասել է։

— Շնորհակալություն, Թո՛ւխ, ես արդեն երջանկացել եմ, — ընկճված պատասխանեց Իան։

— Ես քեզ նվեր եմ բերել, — ուրախ շարունակեց Թուխը։

— Ես նվեր ունեմ, — պատասխանեց Իան։

Մինչ այդ Թուխն անցավ գետակը ու մոտեցավ Իային։ Դնչիկը քիչ հեռու նստած, քիթն էր ֆսֆսացնում։

— Ահա, — հայտարարեց Թուխը։ — Սա Շատ Օգտակար Կճուճ է։ Իսկ վրան գիտես ի՞նչ է գրված․ «Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում եմ շատ֊շատ երջանկություն։ Քո Թուխ»։ Ահա ինչքան բան է գրված։ Սրա մեջ ինչ ասես կարելի է պահել։ Վերցրո՛ւ։

Կճուճը տեսնելով, Իան աշխուժացավ։

— Այ թե ի՛նչ եմ ասել, — գոռաց նա, — իմ փուչիկը կմտնի այս կճուճի մեջ։

— Ի՛նչ ես ասում, ի՛նչ ես ասում, Իա, — ասաց Թուխը։ — Փուչիկները կճուճի մեջ չեն մտնում։ Նրանք շատ մեծ են։ Դու չգիտես նրանց հետ վարվել։ Այսպես պետք է անել․ բռնիր թելից եւ…

— Այդ ուրիշների փուչիկները չեն մտնում, իսկ իմը մտնում է, — հպարտությամբ ասաց Իա֊Իան։ — Նայիր, Դնչի՛կ։

Դնչիկը տխուր շրջվեց, իսկ Իա֊Իան ատամներով բռնեց իր նախկին փուչիկն ու զգուշորեն դրեց կճուճի մեջ, ապա հանեց այնտեղից ու դրեց գետնին, իսկ հետո կրկին վերցրեց եւ զգուշորեն դրեց կճուճի մեջ։

— Դուրս է գալի՜ս, — գոռաց Թուխը։ — Ուզում եմ ասել՝ մտնեո՜ւմ է։

— Մտնո՜ւմ է, — գոռաց Դնչիկը։ — Եվ դո՜ւրս է գալիս։

— Ա՜յ թե մտնում է, — գոռաց Իա֊Իան։ — Մտնում եւ դուրս է գալիս։ Սքանչելի՛ է։

— Շատ ուրախ եմ, — ասաց Թուխը, — որ գլխի ընկա քեզ այնպիսի Իր նվիրել, որը կարելի է դնել Օգտակար Կճուճի մեջ։

Բայց Իա֊Իան ոչինչ չէր լսում։ Պարզապես ժամանակ չուներ։ Նա իր փուչիկը մերթ դնում էր կճուճի մեջ, մերթ հանում էր այնտեղից, եւ ամեն ինչից զգացվում էր, որ նա միանգամայն երջանիկ է։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ վեցերրորդ Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ վեցերրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 26, 2021 Rating: 5
Технологии Blogger.