Հերման Հեսսե | Դժվար ճանապարհը

Հերման Հեսսե
Ձորի պռնկին, քարայրի մթին խորշի մոտ անվճռական կանգնեցի ու, հայացքս հետ ուղղելով, շրջվեցի։

Արևը շողում էր այդ կանաչ, գողտրիկ աշխարհում, մարգագետինների վրա օրորվելով՝ ցոլում էին գորշավուն ծաղկագլխիկները։ Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։ Եվ հավանաբար ես խելագար էի, որ ամեն ինչ թողել ու ցանկանում էի լեռները բարձրանալ։
Առաջնորդը կամաց դիպավ թևիս։ Ես հայացքս պոկեցի սիրելի բնապատկերից այնքան դժվարությամբ, ինչպես հարկադրաբար տաքուկ լոգարանից դուրս գալիս։ Այժմ ես տեսա անարև խավարում ընկած կիրճը, ժայռի ճաքից դուրս պրծած մի փոքրիկ, թխաթույր առու, նրա ափեզրերին փոքրիկ փնջերով բուսնած գունատ խոտեր, իսկ հատակին՝ ցած նետված բազմերանգ քարեր՝ անկենդան ու դժգույն, ինչպես երբեմնի կենդանի արարածների ոսկորներ։
– Հանգստանանք,- ասացի առաջնորդին։
Նա համբերատար ժպտաց, ու մենք գետնին նստեցինք։ Ցուրտ էր, ժայռախորշից սաստիկ սառը օդի թույլ հոսանք էր գալիս։
Զզվելի, զզվելի էր այդ ճամփան անցնելը։ Զզվելի էր ինքդ քեզ այդ անհյուրընկալ ժայռախորշում տանջելը, քայլելը այդ սառնորակ առվի վրայով, մթության մեջ վեր մագլցելը այդ նեղ, խորդուբորդ վիհով։
– Անտանելի ճանապարհ է,- հապաղելով՝ ասացի ես։
Մեռնող ճրագի նման իմ մեջ թրթռաց ուժգին, անհավատալի, անհեթեթ հույսը, որ, միգուցե, կարող էինք հետ վերադառնալ, որ առաջնորդը կարող էր միտքը փոխել, որ կարող էինք զուր տեղը այդքան նեղություն չքաշել։ Այո՛, իսկ ինչո՞ւ՝ ոչ։ Այնտեղ, որտեղից մենք եկել էինք, հազար անգամ ավելի գեղեցիկ չէ՞ր։ Այնտեղ կյանքն ավելի լիառատ չէ՞ր հոսում, ավելի ջերմ ու սիրարժան չէ՞ր։ Եվ մի՞թե ես մարդ չէի՝ մի մանկամիտ ու վաղավախճան արարած, որն իրավունք ուներ մի փոքր երջանկության, մի անկյունի չափ արևի և կապույտով ու ծաղիկներով առլեցուն աչքեր ունենալու։
Ո՛չ, ես ուզում էի այնտեղ մնալ։ Ես հերոս ու մարտիրոս խաղալու ցանկություն չունեի։ Ես ողջ կյանքում գոհ կլինեի, եթե դաշտերում՝ արևի տակ մնալ կարողանայի։
Սկսել էի մրսել, այդտեղ երկար մնալը հնարավոր չէր։
– Դու դողում ես,- ասաց առաջնորդը,- ավելի լավ կլինի՝ գնանք։
Նա վեր կացավ, մի պահ ձգվեց ողջ հասակով ու ժպիտով ինձ նայեց։ Դա ոչ ծաղրի, ոչ էլ կարեկցանքի ժպիտ էր, նրա հայացքում ո՛չ խստություն կար, ո՛չ ներողամտություն։ Այնտեղ ըմբռնումից ու միացությունից բացի այլ բան անհնար էր նկատել: Ժպիտն ասում էր. «Ես ճանաչում եմ քեզ, ճանաչում եմ քո վախերը, և թե ինչպես ես քեզ զգում։ Ես ամենևին չեմ մոռացել երեկվա ու երեկ չէ մյուս օրվա քո մեծախոսությունները։ Փոքրոգության քո յուրաքանչյուր հուսահատ նապաստակի ցատկը, որ հոգիդ է կատարում այժմ, արևի շողերի հետ ներդաշնակող յուրաքանչյուր սիրառատ հայացք ծանոթ ու մտերիմ է ինձ նույնիսկ ավելի վաղ, քան կհասցնես արտահայտել»։
Այդ ժպիտով առաջնորդը նայեց ինձ ու առաջին քայլն արեց ժայռերի մեջ ընկած մթին հովտում, իսկ ես ատում էի նրան և սիրում, ինչպես դատապարտյալն իր ծոծրակի վրա կախված տապարն է ատում և սիրում։ Ամենից առավել, սակայն, ես ատում ու արհամարհում էի նրա իմացությունը, իմ հանդեպ նրա գլխավորությունն ու սառնությունը, նրանում հրապուրիչ թուլությունների բացակայությունը և ատում էի այն ամենն իմ մեջ, ինչը նրան իրավացի էր համարում, ինչը նրան արդարացի էր դարձնում, ինչն իմ մեջ նման էր նրան և նրան հետևել էր ցանկանում։
Նա արդեն բավականին հեռու էր գնացել քարերի վրայով, սևակն աղբյուրի միջով, և այժմ միտք ուներ ժայռի ծերպի հետևն անցնելով՝ անհետանալ տեսադաշտիցս։
-Սպասի՛ր,-կանչեցի ես երկյուղած, միաժամանակ ստիպված մտածելով, որ եթե սա երազ լիներ, ապա այս ակնթարթին սարսափից այն ցաքուցրիվ կլիներ ու կարթնանայի։- Սպասի՜ր,-կանչեցի,- ես չեմ կարող, ես դեռ պատրաստ չեմ։
Առաջնորդը կանգնեց և հանդարտ իմ ուղղությամբ նայեց՝ առանց հանդիմանանքի, այլ իր այդ սարսափելի ըմբռնումով, այդ դժվար հանդուրժելի իմացությամբ, նախազգացումով, նախապես ամեն ինչ հասկանալու ընդունակությամբ։
-Ավելի լավ կլինի վերադառնա՞նք,- հարցրեց նա ու դեռ չէր հասցրել վերջին բառն արտասանել, երբ ես տհաճությամբ արդեն գիտեի, որ ոչ եմ ասելու, որ ստիպված էի լինելու ոչ ասել։ Բայց միաժամանակ հուսահատության վերջին ճիչով իմ մեջ գոռում էր ողջ հինը, սովորական դարձածը, սերը, փորձվածը․ «Ասա այո՛, ասա այո՜»,- բայց ողջ աշխարհն ու հայրենիքը ասես գնդի նման կախվեց իմ ոտքերից։
Ես ուզում էի այո գոռալ, թեպետ հաստատ գիտեի, որ չէի կարող անել դա։
Առաջնորդը ձեռքը պարզած վերադարձավ, իսկ ես մեկ անգամ էլ շրջվեցի դեպի սիրելի վայրերը։ Այժմ ես տեսա ամենատանջալին, ինչը երբևէ կարող էր պատահել ինձ հետ․ սպիտակ, ուժասպառ արևի տակ սիրելի դաշտավայրերն ու հարթությունները ես տեսա դժգույն ու մելամաղձոտ, գույների համադրությունները թվում էին կեղծ ու աչք ծակող, ստվերները մրոտ, սև ու անհրապույր, և ամեն-ամենից ասես կտրել-հանել էին սիրտը, հեռացրել գրավչությունն ու բույրը․ ամեն ինչ այնպիսի բաների համ ու հոտ ուներ, ինչն արդեն վաղուց գարշելիության աստիճան հոշոտվել էր։ Օ՜հ, ես այնպես էի ճանաչում, այնպե՜ս էի ատում և սարսափում դրանից՝ առաջնորդի այդ սարսափելի ունակությունից, որով նա արժեզրկում էր ինձ համար սիրելին ու դուրեկանը, թույլ էր տալիս, որպեսզի դրանց միջից կորչի քնքշությունն ու ոգին, կեղծվեն բույրերը, դանդաղ թունավորվեն գույները․․․Ա՜խ, ես ճանաչում էի դա. ինչը դեռ գինի էր երեկ, այսօր արդեն քացախ է։ Իսկ քացախն այլևս երբեք գինի չի դառնա։ Այլևս երբեք։
Ես լռեցի ու տխուր հետևեցի առաջնորդին։ Նա ինչպես միշտ իրավացի էր։ Լավ էր, որ գոնե ինձ մոտ մնաց ու չհեռացավ տեսադաշտիցս, փոխանակ, ինչպես հաճախ էր լինում, հանկարծակի որոշում կայացնելով՝ անհետանալու ու ինձ միայնակ թողնելու, միայնակ՝ իմ սրտում բույն դրած այն օտար ձայնի հետ, որ փոխակերպվում էր այնտեղ՝ ներսում։
Ես լուռ էի, բայց սիրտս խանդավառված աղմկում էր․ «Միայն թե դու ինձ հետ մնա, չէ՞ որ ես հետևում եմ քեզ»։
Առվի քարերն անտանելի լպրծուն էին, հոգնեցուցիչ ու գլխապտույտ առաջացնելու աստիճան նյարդայնացնող էր այդպես առաջ շարժվելը. ամեն քայլափոխի՝ նեղլիկ ու թաց քարեր, որոնք կրնկի տակ փոքրանում ու պլստում էին։ Դրա հետ մեկտեղ առվակի հունը կտրուկ վեր էր ձգվում, ու իրար ավելի էին մոտենում ժայռերի մթին ծերպերը, որոնք մռայլորեն դուրս էին ցցված, իսկ անկյուններից յուրաքանչյուրը չարամիտ դիտավորություն էր ցույց տալիս՝ մեզ տրորելու և հավիտենապես կտրելու վերադարձի ճանապարհից։ Սրածայր, դեղին ժայռերի վերևում թրթռում էին ջրի համառ ու կպչուն մոլեկուլները։ Մեր գլխավերևում այլևս ոչ երկինք կար, ոչ ամպեր կային, և ոչ էլ կապույտը։
Ես առաջնորդի հետևից քայլում էի ու քայլում և երբեմն վախից ու դժկամությունից փակում էի աչքերս։ Ճանապարհին մի գորշավուն ծաղիկ էր բուսնել՝ թավշասև, տխրամած հայացքով։ Նա գեղեցիկ էր ու սկսել էր մտերմաբար խոսել ինձ հետ, բայց այդ ժամանակ առաջնորդն սկսեց ավելի արագ քայլել, ու ես զգացի, որ եթե ընդամենը մի ակնթարթ կանգ առնեի, եթե գեթ մեկ անգամ էլ հայացքս խոնարհեի այդ տխուր թավշաչյայի կողմը, ապա տրտմությունն ու հուսակորույս մելամաղձությունը չափազանց ծանր ու անդիմանալի կդառնային, և իմ հոգին այնուհետև ընդմիշտ անխոհեմության ու ցնորքի այդ ծաղրական օղակում հմայված կմնար։
Թրջված ու կեղտոտված՝ առաջ էի սողում, և երբ խոնավ պատերը մեր գլխավերևում իրար էին սեղմվում, առաջնորդը սկսում էր մի հին, մխիթարական երգ երգել։ Ամեն քայլի հետ բառերին չափում տալով՝ երգում էր իր զվարթ, հասուն, երիտասարդական ձայնով․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ»։ Ես լավ գիտեի, որ նա ցանկանում էր ոգևորել ու առաջ մղել ինձ, ցանկանում էր այդ դժոխային թափառումների անդիմադրելի հոգնատանջությունն ու անմխիթարությունը հեռու քշել ինձնից։ Ես գիտեի՝ նա սպասում էր, որ կձայնակցեմ իր երգին, բայց ես չէի ուզում, այդ հաղթանակը նրան ինքնակամ շնորհել, չէի ցանկանում։ Մի՞թե կարող էի երգելու տրամադրություն ունենալ։ Եվ մի՞թե ես մի մարդ չէի՝ խղճուկ ու հասարակ մի ջահել, որի սիրտն ահա կրկին բզկտվում էր ինչ-որ գործերում ու արարքներում, որոնք անգամ Աստված իրենից չէր կարող պահանջել։ Արդյոք ամեն մեխակ, ամեն անմոռուկ իրավունք չունե՞ր առվի եզրին մնալ, որտեղ այն եղել է ի սկզբանե, և ծաղկել ու թոշնել այնպես, ինչպես իր տեսակին էր հատուկ։
-Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ,- համառորեն երգում էր առաջնորդը։ Ախ, եթե կարողանայի հետ վերադառնալ․․․ Սակայն ես, առաջնորդի հրաշալի օգնությամբ, արդեն վաղուց ժայռերն ու սեպերն ի վեր էի մագլցել, որտեղից ոչ մի, ոչ մի ետդարձի ճանապարհ չկար։ Արցունքները ներսից խեղդում էին ինձ, բայց լաց լինելու իրավունք չունեի, և դա դեռ ամենաքիչը։ Ի վերջո քմահաճորեն ու բարձրաձայն սկսեցի ձայնակցել առաջնորդի երգին՝ նույն չափումով և տոնով, բայց ոչ թե իր բառերով, այլ շարունակ կրկնելով․ «Ես պետք է, ես պետք է, պետք է»։ Միայնակ հեշտ չէր վեր բարձրանալիս երգելը, այնպես որ շուտով շունչս կտրվեց, ու ես ստիպված էի հևալ ու լռել։ Բայց նա առանց հոգնության շարունակում էր երգել․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ», իսկ որոշ ժամանակ անց նաև կարողացավ հնազանդեցնել ինձ, ու շուտով ես էլ էի նրա բառերով երգում։ Բարձրանալն ասես ավելի հեշտ դարձավ․ըստ էության, ես այլևս ոչ թե պետք է բարձրանայի, այլ ուզում էի բարձրանալ, քանի որ երգը մոռացնել էր տալիս հոգնությունը։
Իմ մեջ ամեն ինչ ավելի պայծառացավ, և քանի դեռ ներքին պայծառություն էի զգում, ողորկ ապառաժը տեղի էր տալիս, դառնում էր ավելի չոր, ավելի բարեհաճ, օգնում էր երբեմն սայթաքող ոտքերիս և ավելի ու ավելի էր մեզ մղում դեպի բոսորագույն երկինքը՝ նման քարափների միջև ընկած փոքրիկ առվի, որը աստիճանաբար կապույտ մի լիճ դառնալով՝ տարածվում էր ու լայնանում։
Ես փորձեցի ավելի ուժգին ու խորապես ցանկանալ, և երկնային լիճն էլ ավելի տարածվեց, իսկ արահետն ասես անցանելի դարձավ։ Ժամանակ առ ժամանակ ես առաջնորդին հավասար հեշտությամբ ու անտրտունջ մեծ տարածություններ էի վազքով կտրում-անցնում։ Հանկարծ, բոլորովին անսպասելի, մեր առջև արևից շիկացած մթնոլորտում, նկատեցի գագաթը՝ զառիվեր ու սահուն։
Գագաթին չհասած՝ հաղթահարեցինք նեղ խորշը, արևը թափանցեց իմ կուրացած աչքերով ներս։ Երբ ես կրկին բացեցի աչքերս, ծնկներս դողացին այդ ճնշումից, քանի որ ես ազատորեն ու անդադար նայում էի զառիվեր լեռանը և այն իրենով շրջափակած անվերջանալի երկնային տարածությանն ու կապույտ, երկչոտ խորությանը, և միայն լեռան անձուկ գագաթն էր նեղլիկ սանդուղքի նման դուրս ցցվել մեր առջև։ Բայց արևն ու երկինքը կրկին այստեղ էին, իսկ մենք վերջին ճնշող վերելքն էինք հաղթահարում՝ ամեն քայլափոխի շուրթերն իրար սեղմած ու կնճռոտած ճակատով։ Ահա կանգնած էինք մենք վերևում՝ նեղ, շիկացած քարի վրա, խեղդող, ծաղրաստիճան նոսր օդի մեջ։
Տարօրինակ լեռ էր, տարօրինակ գագաթ։ Անվերջանալի, լերկ ժայռաքարեր մագլցելով նվաճած գագաթին՝ քարերի միջից ձգվում էր փոքրիկ, կարճլիկ, բայց հաստաբուն մի ծառ՝ մի քանի կարճ, ամուր ճյուղերով։ Ահա այսպես՝ ժայռի մեջ կուռ ու անշարժ, աներևակայելի միայնակ ու արտասովոր, վեր էր ձգվում այն՝ սառը երկնակապույտն իր ճյուղերին։ Իսկ ծառի ամենավերևում նստած էր մի սև թռչուն և խժալուր մի երգ էր երգում։
Ողջ աշխարհից վեր՝ կարճատև անդորրի հանգստավետ երազ․ արևն առկայծում էր, ժայռը շիկացել էր, որից համառորեն կառչել էր ծառը, իսկ թռչունը շարունակ իր լեռնական երգն էր երգում։ Նրա երգը կոչվում էր «Հավերժություն, հավերժությո՜ւն»։
Մեզ նայող նրա պսպղուն աչքերը նման էին սև բյուրեղապակու։ Անտանելի էր նրա հայացքը, անտանելի էր նրա դայլայլը և ամենից շատ՝ այս վայրի մենավորությունն ու ամայությունը, միապաղաղ երկնակամարի գլխապտույտ առաջացնող հեռուները։ Մահը աներևակայելի բերկրանք էր, այստեղ մնալը՝ անանուն տառապանք։ Պետք է ինչ-որ բան պատահեր, իսկույն, ակնթարթորեն, այլապես մենք ու ողջ աշխարը սարսափից կքարանայինք։ Եղածը ես զգում էի այնքան ճնշող ու կիզիչ ներշնչումով, ինչպես քամու ուժգին հարվածը ամպրոպից առաջ։ Ես դա զգում էի որպես մարմնիս ու հոգուս վրայով թրթռացող սաստիկ մի ջերմություն։ Այն սպառնում էր, այն եկել էր, այն այստեղ էր։
Հանկարծ թռչունը ճոճվեց ճյուղի վրա և նետվեց անդունդը։
Ապա առաջնորդս ցատկեց դեպի կապույտը ու, վայր ընկնելով վառվռուն երկնքում, թռավ-հեռացավ․․․
Այժմ բարձունքում ճակատագրի ալիքն էր, այժմ այն հոշոտում էր իմ սիրտը, անձայն պատառ-պատառ անում։
Վերջապես ես նույնպես ցատկեցի, վայր ընկա, կրկին վեր թռա ու․․․ ես սավառնեցի։ Օդի սառը հորձանքով կապկպված՝ երանությամբ սլացա ու, բերկրանքի ցավից ճառագելով, երկնասլաց մխրճվեցի Անհունի մեջ, ես հանգիստ առա իմ Մոր կրծքին։

Թարգմանությունը գերմաներենից՝  Մարիամ Տոնոյան

Աղբյուրը՝ granish.org

Տես նաև Հերման Հեսսե Հեքիաթներ

Հերման Հեսսե | Դժվար ճանապարհը Հերման Հեսսե | Դժվար ճանապարհը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 23, 2021 Rating: 5
Технологии Blogger.