Ալբերտո Մորավիա | Կոկորդիլոսը

Ալբերտո Մորավիա
Մոտ ժամը հինգին տիկին Կուրտոն դուրս ելավ տնից, որպեսզի այցելության գնար տիկին Լոնգոյին:

Տիկին Լոնգոն` բանկի կառավարչի կինը, բնակվում էր հին, բայց բարձր խավին պատկանող շենքերից մեկում: Տիկին Կուրտոյի համար, որի ամուսինը տիկին Լոնգոյի ենթականերից էր, այդ այցելությունը հատուկ նշանակություն էր ձեռք բերում: Նախ, նրա պայմաններն ավելի համեստ էին, քան տիկին Լոնգոյինը, քանզի բնակվում էր ծայրամասային բնակելիներից մեկի ժամանակակից, բայց փոքր սենյակների մեջ: Երկրորդ, չնայած մեկ տարի կլիներ, ինչ իրար ճանաչում էին, սա առաջին անգամն էր, որ տիկին Լոնգոն նրան իր տուն էր հրավիրում:
Տիկին Կուրտոն շատ նման էր հավի` խուճապահար ու ունայնամիտ, որ գետինն է փորում` նախքան ձու դնելը: Տիկին Լոնգոն բարձրահասակ էր, շիկահեր, շլդիկ, տիրական ու թատերական կեցվածքով, քաղցրալեզու, ուսյալ, ուշադիր ու արժանապատիվ: Տիկին Կուրտոն հինգ փոքրիկ երեխաներ ուներ և ուրիշ բանի մասին խոսել չգիտեր: Տիկին Լոնգոն երեխաներ չուներ, բայց փոխարենը` թատերական ներկայացումների էր գնում, հովանավորում էր երաժիշտների, ջրանկարներ էր նկարում և ասմունքում էր: Տիկին Կուրտոն նախընտորւմ էր սև շորեր հագնել` ոտքերին կրելով մեծ, հողաթափերի նման կոշիկներ, իսկ գլխի անձև, խառնիխուռն մազերը զարդարված էին կեղծ գոհարեղենով: Տիկին Լոնգոն մշտապես երեկոյան հագուստ էր կրում` մանուշակագույն ու կանաչ երանգների: Այս բոլոր տարբերություններն էին պատճառը, որ տիկին Կուրտոյին, որ վերջերս էր գավառից եկել, տիկին Լոնգոն թվում էր քաղաքային բոլոր նրբաճաշակությունների խորհրդանիշ ու մարմնացում, իսկ նրա հյուրասրահը` տաճարից էլ ավելի սրբազան ու գուշակի քարանձավից էլ ավելի խորհրդավոր մի վայր:
Այդ երկչոտ ու հիացական խոնարհամտությունը սակայն, չէր խանգարում տիկին Կուրտոյին իր ծարագիրն ունենալ այդ այցելության վերաբերյալ, որ ինքը պատրաստվում էր իրագործել: Դա` այն ամենը, ինչ տիկին Լոնգոն կասեր կամ կաներ, լավ ուսումնասիրելու, զննելու և լավ մտապահելու իր հաստատ որոշումն էր, նաև` բոլոր իրերը, որ նրա տան մեջ արժանի կլինեին ուշադրության:
Արդեն ասացինք, որ տիկին Կուրտոն գավառից էր. ավելացնենք նաև, որ նրա աշխարհ գալն անշուք էր եղել, իսկ կրթությունը` մակերեսային: Այդտեղից էլ` իր ցավագին ու մշտական անտեղյակությունը բարձրաշխարհիկ կյանքի նիստ ու կացի վերաբերյալ, որի մասին իմացությունը բանկի շարքային ծառայողի կնոջ համար այդքան անհարժեշտություն էր ստանում, ծառայող, ով հաստատ որոշել էր կարիերա անել:
Բարևելիս ձեռքդ պիտի մեկնե՞ս, թե՞ սպասես, որ դիմացինդ դա անի: Քիթդ պիտի մաքրես ուղիղ կանգնա՞ծ, թե՞ մի կողմ թեքվելով: Ծխե՞լ, թե՞ չծխել: Նստելիս պե՞տք է ոտքերրդ իրար վրա դնես: Պե՞տք է տեղիցդ վեր ելնես ամեն անգամ, երբ նոր այցելու է գալիս: Բլիթը թաթախե՞լ թեյի մեջ, թե՞ ուտել չոր-չոր: Իսկ, ըստ նրբագեղության ու վայելչագեղության կանոնների` թեյն ինչպե՞ս են մատուցում, մուրաբայի՞, թե՞ չորաբլիթի հետ: Տեսնես ինչպե՞ս է կահավորում սենյակը, ի՞նչ վարագույրներ է կախում հյուրասրահի լուսամուտներին: Իսկ ճաշասենյակի՞: Սպասուհին ինչպե՞ս պիտի հագնված լինի: Տեսնես ի՞նչ զգեստ է կրում երեկոյան ժամը հինգին, երբ այցելուներ է ընդունում, և այլն, և այլն: Տիկին Կուրտոն հուսով էր, որ իր այցելության ընթացքում, տանտիրուհին` լոկ իր ներկայությամբ, լուռ պատասխաններ պիտի տար բոլոր այդ հարցերին, ու իր անտեղյակություններն ընդմիշտ պիտի ցրվեին:
Կուրտոն, ում հոգում բոլո փառասեր տենչերը սառած վիճակում էին ու այդ այցելության ընթացքում պիտի հալչեին ու հորդեին հեղեղի պես, մեկ ուրիշ հույս էլ էր տածում. որ այդ օրը տիկին Լոնգոն հրավիրած լիներ իր ընկերուհիներին` նրանից ոչ պակաս ազնավազարմ ու նրբակիրթ: Ճիշտ է, այդ օրը Լոնգոյի ընդունելության օրը չէր, բայց միևնույն է, տիկին Կուրտոյի պատվին, կարող էր չէ՞, նրանցից մի քանիսին հրավիրել, որոնք հայտնի էին բանկային հասարակայնության մեջ. տիկին Սգրոյիին, օրինակ, տիկին Պեդուլլոյին, տիկին Բոֆեին: Եթե այդ տիկնայք, որոնցից ամեն մեկն ուներ իր ընդունելության օրը, ներկա լինեին, Կուրտոն գրեթե վստահ էր, որ ինքը, ամենաքիչը` մի երկու հրավեր նրանց կողմից կստանար: Ու այդպես, հրավերքից- հրավերք….
Բայց նրա այդ հույսն ի դերև ելավ: Տիկին Լոնգոն նրան ընդունեց մի կիսամութ սենյակում` պատին կախված զենքերով ու գորգերով, և ծակոտկեն կահուքով, որը Կուրտոյին թվաց արևելյան ոճի: Մինչդեռ այն սրահը, ուր տեղի էին ունենում հայտնի ընդունելությունները, երկու ապակեպատ դռների միջից թվում էր փակ ու մութ:
Տանտիրուհին, արհեստական վարդը` լայն լանջապանակին, Կուրտոյին թվաց սիրալիր ու հոգատար, բայց` սառը: Նստեցին իրար դիմաց` բազմոցի եզրին, դարձյալ արևելյան ոճի մի լամպարի լույսի տակ ու սկսեցին զրուցել:
Եթե չհաշվենք Լոնգոյի ընկերուհիների չկայացած ներկայությունը, տիկին Լոնգոն այցելուհուն հուսախաբ չարեց: Թեյի կումեր անելով ու պատասխանելով Լոնգոյի հանդիսավոր ու նույնքան էլ անտարբեր հարցերին` տան, երեխաների, ամուսնու, արձակուրդների ու նման այլ` ձևական բաների մասին, Կուրտոյին հաջողվեց իր համար շատ օգտակար բացահայտումներ կատարել. տիկին Լոնգոն իր մկանուտ ոտքերն իրար վրա էր դնում` բալագույն շրջազգեստի տակ. բլիթը թեյի մեջ չէր թաթախում, այլ, շուրթերն հեռացնելով` կծում էր դրանից. քիթը չէր մաքրում (ճիշտ է, այդ օրը նա մրսած չէր երևում): Ժամանակ առ ժամանակ, հազիվ կիսաբաց ափով շտկում էր խարտյաշ, փարթամ մազերը, որ սանրված էին հին նորաձևությամբ. հարցնելով, թե Կուրտոն թեյը թույլ, թե թունդ էր խմում, ձեռքը դնում էր նրա ծնկին` մտերմիկ ու փաղաքուշ ժեստով: Խոսում էր կիսաձայն` շեշտելով վանկերն ու սեղմելով ատամները, գավաթը շուրթերին տանելով` մի փոքր տնկում էր ճկույթը, որը զարդարված էր մի խոշոր, կանաչ թանկարժեք քարով: Շոկոլադի միջի բալի կորիզը թքելիս` բերանը փակում էր ձեռքով, թեյի հետ քաղցր ու աղի բլիթներ էր մատուցում, բայց ոչ` մուրաբա. թեյից կումեր էր անում իր կարմիր ներկած շուրթերով ու սիգարետի ծուխը հանում էր քթից. մոխրաման ասելու համար` գործածում էր ակնհայտորեն օտարալեզու մի բառ` sandriռ :
Ինչ վերբերում է տանը, բացի վերն հիշատակված ծակոտկեն կահույքից, որն այցելուհուն շատ տարաշխարհիկ թվաց ու սազական` Լոնգոյի նման մի քիչ արտասովոր կնոջը, տիկին Կուրտոն նկատեց, որ լուսամուտների վարագույրները կարմիր գույնի էին, ու բոլորն էլ` ծալքավոր, և կիսով չափ էին ծածկում լուսամուտները, որ երկու պղնձե փականներ ունեին, մեկը` վերևուն, մյուսը` ներքևում, որ միջնապատերի ծաղկավոր պաստառերը նույնպես կարմիր էին, որ բազկաթոռների հենատեղերին մոխրամաններ էին ամրացված, որ թրքուհու շորերով մի տիկնիկ էր նստած թախտի մի անկյունում` խայտաբղետ մութաքաների վրա, որ թեյի սեղանի ոտքերն անիվներ ունեին, այնպես որ, կարելի էր այն հրել ուր ուզենայիր, ու էլի շատ մանրամասներ:
Բայց տիկին Կուրտոյի համար ամենամեծ ու միաժամանակ` ամենաանսպասելի նորությունն այդ այցելության ընթացքում, կոկորդիլոսն էր: Նոր էին նստել, երբ մռութով բոթելով միջանցքի դուռը` գազանը ներս մտավ: Սկզբում տիկին Կուրտոն ուզեց զգուշացնել տանտիրուհուն կենդանու մասին, բայց Լոնգոն նստած էր հենց դռան դիմացն ու չէր կարող սողունին չնկատել: Առավել ևս, որ գազանը, շորորացող քայլքով մոտեցավ ու իր վեր տնկած մռութը քսեց Լոնգոյի ոտքին: Ու քանի որ Կուրտոյին անքաղաքավարի բան էր թվում մատնանշել մի բան, որն ինքը` տանտիրուհին աչքաթող էր անում, լռեց ու շարունակեց խմել իր թեյը, ասես` ոչինչ էլ չէր պատահել:
Մինչ այդ, կոկորդիլոսը իր ծանր քայլերով պտտվեց Լոնգոյի չորս բոլորն ու հենվելով պոչի ու ետևի թաթերի վրա` ելավ նրա մեջքին:
Կուրտոն, զրույցը շարունակելով` անփույթ ու անտարբեր շարժումով երկու ձեռքերը ետ տարավ, որպեսզի կոկորդիլոսին օգներ տեղավորվել իր թիկունքին` թողնելով, որ սողունն իր չորս թաթերով ճանկեր իր ուսերն ու կողերը: Այդ ամենը կատարվեց ձեռքերի ու մարմնի ինքնաբերական ու ճարպիկ շարժումով, որ սովորաբար անում են մի տաք զգեստ ուսերին գցելիս: Ու երբ արդեն համոզված էր, որ այդպես կառչելով` կոկորդիլոսը չէր սահի ընկնի իր վրայից, տիկին Լոնգոն, դարձյալ նրբակիրթ տոնով հարցերեց, թե Կուրտոն էլի թեյ ուզու՞մ է: Վերջինս այդ ոչ սովորական կնոջից, անշուշտ, ակնկալում էր որևէ արտառոց բան, բայց կոկորդիլոսի այդ դեպքն ուղղակի գերազանցում էր իր բոլոր սպասումները: Մի պահ, նա, այսպես ասած` ներքնապես շշմեց: Բայց Լոնգոյի հարցը նրան արթնացրեց իր շշմածությունից ու ստիպեց ամաչել իր ողորմելի գավառամտության համար: Եթե Լոնգոն, լրիվ բնականոն բան անելու տեսքով, ողջ-ողջ կոկորդիլոսին առնում էր մեջքին, ինքն ինչու՞ պիտի զարմանար այդ բանի վրա` չտես գեղջկուհու նման: Լրիվ կարմրատակած` նա առաջ թեքվեց ու արագորեն վրա բերեց, որ իհարկե, ևս մի գավաթ կուզենար այդ ընտիր թեյից: Ու ապշանքը թաքցնելու համար, դարձյալ մի քանի հաճոյախոսություններ ավելացրեց ըմպելիքի մասին` Լոնգոյին հարցնելով, թե որտեղի՞ց էր գնել այն, և թե հնարավոր չէ՞ր, որ մի տուփ էլ իր համար ձեռք բերեր:
Ամբողջ այցելության ընթացքում կոկորդիլոսը չշարժվեց, ուղիղ դիրքով պոչի վրա հենված, չորս թաթերով ճանկելով տիկին Լոնգոյի ուսերն ու կողերը, եռանկույնաձև գլուխը պահելով նրա գլխավերևում: Լոնգոն` կոկորդիլոսը մեջքին, մի երկու անգամ տեղից վեր ելավ` թեյ մատուցելու: Արտասովոր տեսարան էր դա, քանզի կոկորդիլոսը խոշոր տեսակներից էր, ու քթի ծայրից մինչև պոչի ծայրը` երեք մետրից պակաս չէր լինի, այնպես որ, իր գլուխը գրեթե կպչում էր առաստաղին, իսկ պոչը` Լոնգոյի կրունկների ետևում, մի լայն կիսաշրջանով` ավլում էր հատակը: Իսկ Լոնգոն, նույն անխռով ու տիրական տեսքով պտտվում էր սենյակում կենդանու հետ, որը կառչել էր նրա կիսամերկ մեջքից և բնավ իրեն նեղված չէր զգում:
Կուրտոն ավելի ու ավելի էր համոզվում, որ կոկորդիլոսը պետք է վերջին նորաձևությունը լիներ, ինչքան էլ իր խուլ արվարձանում այդ մասին ինքը չէր լսել: Ու դրա վրա խորհելով` իրեն թվում էր, որ այդ նորաձևության մեջ շատ դրական բաներ կային. չնայած իր ծանր քաշին, այդպես կառչելով նրա թիկունքից` կոկորդիլոսը շատ էր սազում Լոնգոյի պես բարձրահասակ ու խոշորամարմին կնոջը. բացի այդ, նրա մեջքը պաշտպանում էր քամուց, որ արդեն քիչ առավելություն չէր: Եվ հետո, կոկորդիլոսի կաշվից չէ՞, որ կոշիկներ են արտադրում. կոշիկներից մինչև գազանը մեկ քայլ է միայն: Բայց այդ գազանը Լոնգոյի վրա պիտի որ քիչ գումար արժեցած չլիներ: Եվ հետո, պետք էր մտածել գազանին պահելու մասին, այն էլ` այդ աստիճան անկուշտ: Կուրտոն հառաչեց` մտածելով, որ իր ամուսնու չնչին աշխատավարձով ինքը երբևէ, ոչ թե կոկորդիլոս, այլ մի մեծ մողես անգամ իրեն չէր կարող թույլ տալ:
Նկատելով, որ կիտրոնը վերջացել է, Լոնգոն հնչեցրեց զանգը` սպասուհուն կանչելու համար: Հյուրը կասկածամտության մի վերջին մղումով սպասեց, ոչ առանց անհամբերության, որ սպասուհին երևար դռների մեջ. ուզում էր տեսնել, թե ի՞նչ տպավորություն էր գործելու նրա վրա կոկորդիլոսի ներկայությունը: Բայց, սպասուհին ևս, որ մի ամրակազմ ֆրիուլանուհի էր, և որի սև, նեղ զգեստը խիստ ընդգծում էր նրան ջլապինդ ու մկանուտ անդամները, իր մեջքին կառչած մի կոկորդիլոս ուներ, այնպես որ, Կուրտոն պիտի հաշտվեր ակնհայտ բաների հետ. այլևս ոչ մի կասկած չկար. դա ամենավերջին նորաձևությունն էր: Բայց նա չկարողացավ չմտածել, որ Լոնգոն ընկել էր ծայրահեղության մեջ. նրա կողմից` դա իսկական վատ ճաշակի արտահայտություն էր, որ թույլ էր տալիս իր սպասուհուն նույն պերճանքի առարկաները կրել: Ֆրիուլանուհու կոկորդիլոսը շատ ավելի փոքր էր իր տիրուհու կոկորդիլոսից, այնպես որ, դիմացից կնոջը նայելիս` ոչինչ չէր երևում, և միայն այն ժամանակ, երբ նա մեջքով շրջվում էր, տեսնում էիր կենդանուն: Դա ձագ էր` կարելի է ասել, որ մի տեսակ քնքշանքով էր կառչել աղջկա ճկուն մեջքից` թեփուկավոր պոչը մտցնելով նրա ազդրերի արանքը, իսկ սրածայր մռութը դրել նրա ծոծրակին, մազերի տակ:
Երևի դա բանեցրած կենդանի էր, -մտածեց Կուրտոն, -և տիրուհին, առժամանակ նրան իր վրա կրելուց հետո, ձանձրացել էր նրանից ու նվիրել իր սպասուհուն: Բայց կոկորդիլոսը, որի չափերը համընկնում էին սպասուհու կարճ ու սեթևեթ ոճի բլուզին, գրկել էր նրա կլորավուն իրանը, ինչն ավելի շուտ, ստիպում էր մտածել, թե Լոնգոն այն գնել էր հատուկ` սպասուհու համար: “Հարուստ կնոջ քմահաճ մսխումներ”, -մտածեց Կուրտոն` ոչ առանց նախանձի:
Նա փորձեց հասկացնել, թե ինքը հավանություն չէր տալիս ծառաների հանդեպ ծայրահեղ ու վնասակար այդ հանդուրժողականությանը, ինչպես կոկորդիլոսի այս դեպքում էր, ու ավելացրերց, թե պետք չէ չափից դուրս երես տալ նրանց, հակառակ դեպքում` գլխիդ կնստեն, և որ ամենավատն է` այլևս չեն ենթարկվի: “Մանավանդ նվերների հարցում,- շարունակիեց Կուրտոն, -պետք է շատ զգույշ լինել, շա՜տ”: Լոնգոն պատասխանեց, թե ինքն` անձամբ, ծառաների հետ նախընտրում էր վարվել, ինչպես իր ընտանիքի անդամների:
Կուրտոն, իհարկե, հույս չուներ, որ ինքն ի վիճակի էր մի հատ կոկորդիլոս գնելու իր համար, մանավանդ` այդ չափերի: Բայց և այնպես, ցանկացավ մի լավ ուսումնասիրել կենդանուն, որպեսզի հետո` խոսեր իր ամուսնու ու ընկերուհիների հետ այդ մասին:
Կոկորդիլոսն անշարժ էր, եռանկյունաձև գլուխը պարզել էր առաստաղին, ասես` իր լնդային բերանով մի զգայացունց երգ էր ուզում մռնչալ:
Նրա սպիտակ, թեթևակիորեն տրոփող կոկորդը ներդաշնակում էր Լոնգոյի շիկահեր, գրեթե մոխրագույն մազերի հետ, ու չէր կարելի ժխտել, որ դա հաճելի տպավորություն էր թողնում: Սակայն նրա չորս թաթերի այդ սեղմումը պիտի որ նեղություն պատճառեր: Շատ լավ երևում էր, թե ինչպես էին այդ թաթերի եղջյուրե եղունգները խրվել տիկնոջ փափուկ ու փարթամ մարմնի մեջ: Մուգ կարմիր շրջազգեստը դրանից փոթեր էր տվել, կնոջ մսերը տեղ-տեղ գնդվել էին` ոչ այնքան գորովալի այդ գրկախառնումից: “Ի՜նչ կործանարար բան հագուստի համար”,-մտածեց Կուրտոն: Հետո հիշեց, որ տասնյակ տարիների ընթացքում, կանայք շատ նեղ ու անառողջ սեղմիրաններ են կրել, և որ, ի վերջո, հանուն նորաձևության` արժեր որոշ անհարմարությունների դիմանալ;
Շատ ազդեցիկ էր նաև պոչը, որը պատված էր սրածայր, կանաչ ու սև պուտերով թեփուկներով և օձային գալարումներով քարշ էր գալիս հատակին:
Սակայն, վերջին այդ նորաձևության հմայքն ակներև էր դառնում, երբ Լոնգոն շարժվում էր սենյակում: Կոկորդիլոսն իր խորդուբորդ ու զրահապատ մեջքով, ավելի քան կրկնապատկում էր տիկնոջ մարմնի հաստությունը, ինչի շնորհիվ տիկին Լոնգոն նմանվում էր վիշապի: Ու այդպես, շատ հասարակ ձևով, նա ստանում էր նորաձև, անկանխատեսելի ու քմահաճ երևակայությանը հարիր կազմվածք:
Կուրտոն հարցրեց, թե չլինի՞ Լոնգոն վերջերս էր եկել Փարիզից, ու ստանալով դրական պատասխան, թե հենց նոր էր այնտեղից վերադարձել, համոզվեց, որ հենց Փարիզից էր գալիս այդ տարօրինակ ու բավական համարձակ այդ նորարարությունը: Ուստի, չկարողացավ չմտածել, իհարկե, ոչ առանց նախանձի, որ Փարիզում ամեն օր մի նոր բան են հնարում, և իսկապես, մեծ արագություն է պետք ` նորաձևությունից ետ չմնալու համար, եթե իհարկե, հնարավորություն ունես հաճախակի այցելելու ֆրանսիական մայրաքաղաք:
Մի ուրիշ բան էլ չափազանց հետաքրքրում էր Կուրտոյին. ինչպե՞ս էր վարվում Լոնգոն, երբ տանից դուրս էր գալիս: Շատ բարձր գլխարկների պես, կոկորդիլոսն էլ պիտի որ շատ գլխացավանք պատճառեր ավտոբուսների, տրամվայների մեջ, և ընդհանրապես` բոլոր այն վայրերում, ուր նեղվածք է ու մարդաշատ: Ճիշտ է, Լոնգոն մեքենա ուներ ու բոլորին է հայտնի, որ եթե մեքենա ունես, կարող ես քեզ թույլ տալ այնպիսի բաներ, որոնք հետիոտներին հասանելի չեն: Այնուամենայնիվ, նույնիսկ մեքենայի մեջ, կոկորդիլոսը պիտի որ շատ նեղություն պատճառեր:
Այս ամենը Կուրտոն որոճում էր իր մտքում` չհաղորդակցվելով սակայն, Լոնգոյի հետ, ով դեռևս նրան շատ մտերիմ չէր համարում, որպեսզի ուզենար նրա հետ խոսել այդ բաներից: Բայց Կուրտոն իր առաջ նպատակ դրեց, որ եթե իրենք մոտ ընկերուհիներ դառնային, ինքն աշխատելու էր ամբողջովին հագուրդ տալ իր հետաքրքրություններին: Եվ, ո՞վ գիտե, Լոնգոն, որ կամեցող կին էր երևում, գուցե իր մատակարարից մի բանեցրած կոկորդիլոս էլ Կուրտոյի համար ձեռք բերեր: Նորաձևության իսկապես միակ անհարմար կողմը Կուրտոյին թվաց այն, որ ամեն անգամ, կոկորդիլոսը շարունակելով կառչած մնալ տիկնոջ մեջքից, հանկարծ, լայն բացելով սրածայր ատամներով լի հսկա երախը` հորանջում էր, իսկ հետո, բավական տհաճ ու չոր շրխկոցով փակում այն: Դեռ չհաշված, որ կենդանու այդ հորանջի ժամանակ, Լոնգոյի ամբողջ մարմինը ցնցվում էր, ասես` երկարաշարժ էր տեղի ունենում: Երևի կոկորդիլոսը քաղցած էր, -մտածեց Կուրտոն,- կամ, պարզապես ձանձրանում էր: Այդ անհարմարությունը կարելի էր հաղթահարել. բավական էր գազանին դնչակալ հագցնել, ինչպես շներին են հագցնում: Ճիշտ է, դրանից կոկորդիլոսի գրավչությունը որոշակիորեն պիտի նվազեր:
Արդեն գրեթե մի ժամ անցել էր. Կուրտոն, ով շատ էր ուզում սովորել քաղաքակրթության բոլոր կանոնները, տեղից ելավ` հրաժեշտ տալու: Նա, իհարկե, շատ կուզենար Լոնգոյից տեղեություններ իմանալ կոկորդիլոսի մասին, բայց քաջություն չունեցավ հարցնելու: Լոնգոն` տիրական կեցվածքոբվ, շարունակելով իր մեջքին պահել հսկա սողունը, գնաց առջևից, մտավ միջանցք, ուր ելքի դուռն էր: Այդ ընթացքում Կուրտոն չկարողացավ դիմանալ շատ ներելի մի գայթակղության ու առաջ ձգվելով`շոշափեց կենդանու մեջքը: Հույս ուներ դա անել աննկատ, բայց ոտքը դիպավ կենդանու անիծյալ պոչին, ու բերանքսիվայր ընկավ նրա թեփուկների վրա: “Զգո՜ւյշ, -ասաց Լոնգոն` անգամ չշրջվելով,- այս միջանցքում մութ է”:
Հրաժեշտ տվեցին նախասրահում: Սպասուհին, կոկորդիլոսը մեջքին պահած` բացեց դուռը: Լոնգոն Կուրտոյին չասաց, որ նորից այցելի իրեն: Ու Կուրրտոն, հեռանալով, չկարողացավ չմտածել, որ այդ սառնության պատճառն, անշուշտ, իր ոչ նորաձև հագ ու կապն էր:
“Ոչի՜նչ, եթե ամուսնուս առաջ քաշեն իր գործի մեջ, -մտածում էր նա` ուղղվելով դեպի ավտոբուսի կանգառ, — ես էլ իմ կոկորդիլոսը կունենամ, ու այն ժամանակ կտեսնե՜նք, հարգարժան տիկին Լոնգո”:

Թարգմանությունը իտալերենից՝ Գառնիկ Մելքոյան

Աղբյուրը՝ lit-bridge.com

Ալբերտո Մորավիա | Կոկորդիլոսը Ալբերտո Մորավիա | Կոկորդիլոսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 20, 2022 Rating: 5
Технологии Blogger.