Սոփոկլես | Անտիգոնե | համառոտ



Թեբե քաղաքը: Արքայական ապարանքի առաջ Էդիպուսի երկու դուստրերն են՝ Անտիգոնեն և Իսմենեն: Մտահոգված  Անտիգոնեն քրոջը հայտնում է վերջին նորությունը. նոր թագավոր Կրեոնը մահվան սպառնալիքով արգելել է հողին հանձնել իրենց եղբոր՝ Պոլինիկեսի դին: Բայց սիրող քույրն այդ հրամանին չի կարող ենթարկվել, Անտիգոնեն իր ձեռքով թաղելու է Պոլինիկեսին: Արդյո՞ք Իսմենեն կօգնի իրեն: Ահաբեկված Իսմենեն չի հանդգնում ընկերակցել քրոջը, և Անտիգոնեն միայնակ հեռանում է իր ծրագիրն իրագործելու
Գալիս է Թեբեի ծերունիների երգչախումբը, որը պատմում է նախորդ օրվա ճակատամարտի մասին: Պոլինիկեսն արգոսյան բանակով արշավել էր հայրենի Թեբեի վրա՝ արքայական իշխանությունն իր եղբորից՝ Էտեոկլեսից խլելու: Արգոսյան զորքը պարտվեց, իսկ եղբայրները մենամարտում սպանեցին միմյանց:
Թիկնապահներով ծերունիներին է մոտենում Կրեոնը և հրապարակավ կրկնում է իր հրամանը. հակառակ հայրենի քաղաքի համար նահատակված Էտեոկլեսի, որ թաղվել է բոլոր պատիվներով, Պոլինիկեսն անթաղ պիտի մնա, նրա մարմինը գիշատիչների կեր պիտի դառնա: Ծերունիներն այդ հրամանն ընդունում են որոշ տարակուսանքով. մեռածին չթաղելը մեծ սրբապղծություն էր համարվում
Հանկարծ երկչոտ քայլերով հայտնվում է Պոլինիկեսի դիակին նշանակված պահակներից մեկը: Նա ասում է Կրեոնին, որ անհայտ մեկը կատարել է թաղման ծեսը: Կրեոնը մոլեգնում է և, կասկածելով պահակին, նրան սպառնում է մահապատժով, եթե մեղավորն իսկույն չգտնվի
Շուտով դաշտ գնացած պահակը նորից վերադառնում է, բայց այս անգամ նա մենակ չէ: Նրա հետ է Կրեոնի հրամանը խախտած Անտիգոնեն: Սա չի ժխտում իր արարքը. նա ասում է, որ խախտել է արքայի հրամանը հանուն բարձրագույն, չգրված օրենքի: Կրեոնը կարգադրում է Անտիգոնեին հսկողության տակ պահել՝ շուտով նրան մահապատժի ենթարկելու համար:
Գալիս է Կրեոնի որդի Հեմոնը, որ պատրաստվում էր ամուսնանալ Անտիգոնեի հետ: Նա աղերսում է հորը խնայել իր հարսնացուին, սակայն կտրուկ մերժում ստանալով՝ հուսահատ հեռանում է: Կրեոնը արձակում է Անտիգոնեի մահապատժի հրամանը: Ծառաներն Էդիպուսի դստերը տանում են ստորգետնյա դամբարանում փակելու
Հանկարծ հայտնվում է Թեբեի կույր գուշակ Տիրեսիասը, որ Կրեոնին խորհուրդ է տալիս Պոլինիկեսի մարմինն անմիջապես հողին հանձնել և Անտիգոնեին ազատել: Արքան նորից փորձում է անսասան մնալ, նույնիսկ ծերունուն մեղադրում կաշառության մեջ՝ խիստ զայրացնելով նրան: Կույր ծերունին գուշակում է Կրեոնի  ամենասիրելի մարդկանց մոտալուտ մահն ու հեռանում:
Տիրեսիասի չարագուշակ խոսքերն ազդում են Կրեոնի վրա. երգչախումբը նույնպես համոզում է նրան ենթարկվել գուշակին: Վատ նախազգացումով՝ արքան ծառաներով նետվում է դեպի Անտիգոնեի դամբարանը, բայց արդեն ուշ է
Վերջին տեսարանը. գալիս է Կրեոնի սուրհանդակը՝ բերելով Անտիգոնեի և Հեմոնի մահվան գույժը: Անտիգոնեն դամբարանում կախվել է, և սիրելի հարսնացուի դիակի մոտ ինքնասպան է եղել նաև Հեմոնը… Հեմոնի դիակը ձեռքերին՝ ծառաների հետ գալիս է Կրեոնը: Նրան նոր հարված է սպասում. իմանալով որդու մահը՝ ինքնասպան է եղել նաև նրա կինը՝ Եվրիդիկեն: Վշտից խենթացած Կրեոնը ողբում է իր ճակատագիրը, և երգչախումբը մարդկանց խոհեմություն խրատող վերջին խոսքերով՝ լքում է օրքեստրան:

Տես նաև Էդիպուս արքա
Սոփոկլես | Անտիգոնե | համառոտ Սոփոկլես | Անտիգոնե | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.