Հոմերոս | Ոդիսական | համառոտ


«Ոդիսականի» թեմատիկ առանցքը «խարամանկ» Ոդիսևսի թափառումներն ու արկածներն են: Իթակեի արքա Ոդիսևսը վերադառնում է Տրոյական պատերազմից տուն սիրելի կնոջ՝ Պենելոպեի և որդու՝ Տելեմաքոսի մոտ: Այս սյուժեն պատկանում է «հերոսական այրի վերադարձի» պատմությունների տիպին, երբ այրը վերադառնում է պատերազմից երկար ու փորձություններով լեցուն թափառումներից հետո հենց այն ժամանակ, երբ նրա կինն արդեն պատրաստ է ամուսնանալ ուրիշի հետ:
«Ոդիսականը» հայտնի չափով «Իլիականի» շարունակությունն է: Գործողությունները տեղի են ունենում Տրոյական պատերազմի տասներորդ տարում, սակայն գործող անձանց պատմություններում հիշատակվում են դրվագներ, որոնք տեղի են ունեցել «Իլիականի» և  «Ոդիսականի» հիշատակած դեպքերի միջև: Պոեմը սկսվում է պատերազմի ավարտի արդյունքների նկարագրությամբ: Տրոյական արշավանքի մասնակից բոլոր հերոսները վերադարձել են տուն, միայն Ոդիսևսն է տառապում օտարության մեջ՝ բռնի պահվելով Կալիպսո հավերժահարսի կղզում: Հետագա մանրամասները պատմվում են աստվածների կողմից, ովքեր հավաքի ժամանակ քննարկում են Ոդիսևսի ճակատագրի հարցը: Առաջին գրքում Ոդիսևսը Օգիգիա կղզում է, աստվածները չեն օգնում նրան, որովհետև նա ծանր վիրավորանք է հասցրել ծովի աստված Պոսեյդոնին՝ կուրացնելով նրա որդուն՝ կիկլոպ Պոլիֆեմոսին: Ոդիսևսին հովանավորող Աթենան առաջարկում է Կալիպսոյի մոտ ուղարկել աստվածների բանբեր Հերմեսին՝ հրամայելով բաց թողնել Ոդիսևսին, իսկ ինքը հեռանում է Իթակե Ոդիսևսի որդու՝ Տելեմաքոսի մոտ: Այդ ժամանակ Իթակեում փեսացուները հարսնախոսության են եկել Պենելոպեի մոտ, ամեն օր խնջույք են անում նրա պալատում և մսխում են նրա ունեցվածքը: Աթենան հորդորում է Տելեմաքոսին գնալ Տրոյայից վերադարձած Նեստորի և Մենելայոսի մոտ և հարցուփորձ անել հոր մասին: Երկրորդ գրքում նկարագրվում է իթակեցիների ժողովը: Տելեմաքոսը գանգատվում է փեսացուներից, սակայն ժողովուրդն անզոր է ազդեցիկ ու երիտասարդ իշխանների դեմ, որոնք պահանջում են, որպեսզի Պենելոպեն ընտրի նրանցից որևէ մեկին: Պենելոպեն պատկերված է որպես խոհեմ կին, որը խորամանկությունների դիմելով հետաձգում է իր ամուսնությունը: Աթենայի օգնությամբ Տելեմաքոսը նավով թաքուն հեռանում է Պիլոս՝ Նեստորի մոտ: Վերջինս հաղորդում է Տելեմաքոսին Տրոյայից աքայացիների վերադարձի և Ագամեմնոնի կործանման մասին, սակայն մնացյալը իմանալու համար ուղարկում է նրան Մենելայոսի մոտ, որը աքայական առաջնորդներից վերջինն էր վերադարձել տուն: Մենելայոսից Տելեմաքոսն իմանում է, որ Ոդիսևսը գերի է Կալիպսոյի մոտ: Այդ ընթացքում փեսացուները, որոնց վախեցրել է Տելեմաքոսի հեռանալը, դարան են կազմակերպում նրան ետդարձի ճանապարհին սպանելու համար: Ամբողջ չորրորդ գիրքը լեցուն է կենցաղային պատկերներով՝ խնջույքներ, տոնակատարություններ, երգեցողություն, սեղանային զրույցներ: Հինգերորդ գրքից սկսվում է պատմության նոր գիծը: Պոեմի հաջորդ մասը գործ ունի հեքիաթայինի և հրաշալիի հետ: Աստվածները Կալիպսոյի մոտ են ուղարկում Հերմեսին: Կալիպսոն իր կամքին հակառակ բաց է թողնում Ոդիսևսին, և նա իր կառուցած լաստով դուրս է գալիս բաց ծով: Լևկոթեա դիցուհու օգնությամբ փրկվելով փոթորկից, որը բարձրացրել էր Պոսեյդոնը, Ոդիսևսը հայտնվում է Սքերիա կղզում, որտեղ ապրում է փեակների երջանիկ ցեղը: Ափին Ոդիսևսը հանդիպում է փեակների արքա Ալկինոոսի դուստր Նավսիկեին: Ալկինոոսը և նրա կինը՝ Արետեն, ընդունում են օտարականին իրենց հարուստ պալատում և կազմակերպում խնջույք, որի ընթացքում կույր երգիչ Դեմոդոկոսը երգում է Ոդիսևսի սխրանքների մասին և դրանով ստիպում է հյուրին արտասվել (գիրք ութերորդ): Ոդիսևսը հայտնում է փեակներին իրեն պատուհասած փորձանքների մասին (Գիրք իննից տասներկուերորդ): Եվ այսպես, նախ նա իր ընկերների հետ կողոպտում է կիկոնների քաղաքը Թրակիայում: Այնուհետև փոթորիկը այս ու այն կողմ է նետում նրա նավը, և նա հայտնվում է հեքիաթային երկրներում: Նախ լոտոֆագոսների՝ լոտոս ուտողների երկրում, որտեղ համտեսելով լոտոս, մարդը մոռանում է հայրենի երկրի մասին: Այնուհետև Ոդիսևսն իր իթակեցիների հետ հայտնվում է կիկլոպների երկրում, որտեղ հսկա մարդակեր կիկլոպ Պոլիֆեմոսը խժռում է Ոդիսևսի ընկերներից մի քանիսին: Ոդիսևսը փրկվում է՝ գինով հարբեցնելով և կուրացնելով Պոլիֆեմոսին և այնուհետև դուրս է գալիս քարանձավից մյուս ընկերների հետ՝ թաքնվելով ոչխարների փորի տակ: Ոդիսևսը խուսափում է մյուս կիկլոպների վրեժից՝ խորամանկորեն կոչելով իրեն Ոչ ոք. կիկլոպները հարցնում են Պոլիֆեմոսին, թե ով է իրեն նեղացրել, սակայն լսելով, որ դա արել է «Ոչ ոքը», հրաժարվում են օգնել: Պոլիֆեմոսի կուրացումը պատճառ է դառնում բազում չարիքների, քանի որ այսուհետ Պոլիֆեմոսի համար վրեժ է լուծում նրա հայր Պոսեյդոնը: Ոդիսևսը ընկերների հետ հայտնվում է մարդակեր հսկաների՝ լեստրիգոնների երկրում: Նրանք ոչնչացնում են Ոդիսևսի նավերը, բացի մեկից, որը հասնում է կախարդուհի Կիրկեի կղզի: Սա ապրում է մութ անտառում և օգտվում է կախարդության իր շնորհից: Ոդիսևսի ուղեկիցներին վերածում է խոզերի, սակայն Ոդիսևսը Հերմեսի հուշումով դիմում է հրաշալի բույսի օգնությանը, հաղթահարում է Կիրկեի դյութանքները և մեկ տարի ապրում է նրա մոտ որպես սիրեկան: Կիրկեի ցուցումով նա իջնում է մեռյալների աշխարհ՝ հարց տալու թեբեացի հայտնի գուշակ Տիրեսիասին: Ստանալով վերջինիս գուշակությունը՝ Ոդիսևսը զրուցում է իր մոր ստվերի հետ, ինչպես նաև մահացած ընկերների՝ Ագամեմնոնի, Աքիլլեսի և ուրիշների հետ: Իր նավով Ոդիսևսը հեռանում է Կիրկեից և անցնում է մահաբեր սիրենների կողքով, անցնում է Սկյուլլեի և Քարիբդեի մոտով: Տրինակիա կղզում, որտեղ արածում էին Հելիոսի հոտերը, Ոդիսևսը իր ընկերների հետ որոշ ժամանակ հանգրվանում է և սպանում սրբազան կենդանիներից: Անսալով Հելիոսի բողոքին՝ Զևսը ուղարկում է փոթորիկ, որը կործանում է իթակեցիների նավը: Փրկվում է միայն Ոդիսևսը, որին ալիքները դուրս են բերել Կալիպսոյի կղզի:
Փեակները, հարուստ ընծաներ տալով Ոդիսևսին, տանում են նրան Իթակե, ինչի համար զայրացած Պոսեյդոնը կործանում է նրանց: Աթենայի օգնությամբ ծերունու կերպարանք առած Ոդիսևսը գալիս է իրեն հավատարիմ Էվմեոսի մոտ: Էվմեոսը զբաղվում է խոզարածությամբ: Հենց Էվմեոսի մոտ նա հանդիպում է որդուն՝ Տելեմաքոսին, որը փրկվել էր փեսացուներից: Ոդիսևսը հայտնում է որդուն իր ով լինելը (Գիրք տասնհինգից տասնվեցերորդ): Ոդիսևսը տուն է մտնում թշվառ թափառականի տեսքով և փեսացուների ծաղրուծանակին չպատասխանելով՝    պատրաստվում է վրեժի: Նրան ճանաչում է միայն ծեր դայակ Էվրիկլեան, սակայն Ոդիսևսը ստիպում է նրան լռել: Քսանմեկերորդ գրքում սկսվում է հանգուցալուծումը: Պենելոպեն խոստանում է ամուսնանալ նրա հետ, ով կարողանալով ճկել Ոդիսևսի աղեղը, բաց կթողնի նետը տասներկու օղերի միջով: Փեսացուներն անզոր են կատարել առաջադրանքը, սակայն թշվառ ծերունին հաջողությամբ կատարում է այն: Այդժամ նա բացահայտում է իրեն և Տելեմաքոսի ու Աթենայի օգնությամբ սպանում է փեսացուներին: Միայն դրանից հետո Պենելոպեն ճանաչում է իր Ոդիսևսին: Վերջին գրքում նկարագրվում է փեսացուների հոգիների ժամանումը Հադես, Ոդիսևսի հանդիպումը իր հոր՝ Լաերտի հետ և Ոդիսևսի ու սպանված փեսացուների բարեկամների հաշտությունը

Տես նաև Իլիական
Հոմերոս | Ոդիսական | համառոտ Հոմերոս | Ոդիսական | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.