.jpg)
Բիբլիական անունով երիտասարդ ամերիկացին՝ Իսմայելը, միջոցների
սղությամբ և արկածախնդրությամբ դրդված որոշում է կետորսական նավով դուրս գալ ծով: Որոշում
է անդամագրվել Նանթաքեթում՝ կետորսության երբեմնի նավահանգիստ-կենտրոնում:
Հյուրանոցում ծանոթանում է կետորս-վայրենու՝ Քվիկեգի հետ:
Նրանք ընկերանում են և որոշում են միասին գրանցվել նավի մատյանում: Նավը «Փեկոդն» է:
Այստեղ Իսմայելն իմանում է, որ նավի նավապետն է փորձառու Աքաաբը (այսպես է բիբլիական
անօրեն թագավորի անունը), որը նախորդ նավարկության ժամանակ կռվելով կետի հետ կորցրել
է ոտքը: Լուրեր են պտտվում, որ այդ ճամփորդությունից նա վերադարձել է խելահեղ: Նավապետը
տախտակամածի վրա հայտնվում է միայն ծով դուրս գալուց մի քանի օր հետո: Իսմայելը ցնցված
է նրա մռայլ տեսքից, որը պայմանավորված է ներքին անհայտ մի ցավով: Կայմերին նստած դիտորդներին
հրամայված է հորիզոնում փնտրել սպիտակ կետին: Նա հիվանդագին կերպով ինքնամփոփ է և իր
հրամաններն ու արարքները հրաժարվում է բացատրել նույնիսկ իր մոտ օգնականներին:
Իսմայելը ծանոթանում է նավաստիների նավային կենցաղին: Փոքր
գլուխներում, որոնցից բաղկացած է ողջ վեպը, նկարագրվում են կետորսության գործիքները,
կանոնները, հմտությունները, ինքը կետը, նրա մարմնի մասերը:
Մի օր Աքաաբը հավաքում է ողջ անձնակազմը: Կայմին է մեխում
էկվադորյան ոսկե դուբլոնը, որը բաժին կհասնի սպիտակ կետին առաջինը տեսնողին: Այդ կետին
նավաստիները կոչել են Մոբի Դիկ: Սա խորամանկ և արյունարբու ծովային հսկա է, որն իր
մարմնի վրա կրում է կետորսական նիզակների բազմաթիվ սպիներ: Հենց Մոբի Դիկն է ոտքից
զրկել Աքաաբին: Հիմա Աքաաբի հերթն է վրեժխնդիր լինել, ահա ինչու նա պատրաստ է փնտրել
գազանին մոլորակի բոլոր ջրերում: Զուր է առաջին օգնական Սթարբեկը կոչ անում նրան թողնել
հանգիստ անբան էակին, որը ենթարկվում է լոկ իր բնազդներին: Աքաաբն ասում է, որ ամեն
դիմակի տակ թաքնված է բանական սկզբունքը և եթե վիճակված է հարվածել, ապա հարկ է հարվածել
առաջինը: Երեք տեգավորները իրենց տեգերի մեջ ներկառուցված թասերից խմում են Մոբի Դիկի
կործանման համար:
Երբ «Պեկոդը» հանդիպում է առաջին կետերին, հայտնվում են հինգ
թխամորթ ուրվականակերպ տեգավորներ: Սրանց բերել է իր հետ Աքաաբը Հարավային Ասիայից:
Մինչ այս պահը թաքցնում էր նրանց իր խցում: Նրանց առաջնորդն է Ֆեդալլան:
Չնայած որ Աքաաբի նպատակը Մոբի Դիկին գտնելն է, նա չի կարող
արգելել անձնակազմին որսալ մյուս հանդիպող կետերի և լցնել տակառները սպերմացետով:
Հանդիպում են անգլիական նավի, որի նավապետը փորձել է որսալ
Մոբի Դիկին, բայց անհաջող: Այդ որսի ընթացքում նա կորցրել է ձեռքը: Աքաաբը բարձրանում
է նավի վրա իր բախտակցի հետ զրուցելու համար: Աքաաբն իմանում է ուղղությունը, որով
պետք է գնա, եթե ուզում է գտնել Մոբի Դիկին: Դարձյալ Սթարբեկը զուր փորձում է համոզել
նրան հրաժարվել այդ խելահեղ գաղափարից:
Խոնավ նավամբարում հիվանդացած Քվիգեկը խնդրում է նավի դարբնին
իրեն դագաղ պատրաստել: Հետագայում, երբ Քվիգեկը լավանում է, այդ դագաղ-մակույկը կապում
են նավախելից և այն զարմացնում է հանդիպող նավերի նավաստիներին:
Սթարբեկը, որը համոզված է, որ Աքաաբը կործանման է տանում
նավը, փորձում է սպանել նավապետին, սակայն հետո մտափոխվում է և ենթարկվում է ճակատագրին:
«Փեկոդը» հանդիպում է «Ռաքելին», որը նախորդ օրն է հետապնդել
Մոբի Դիկին: «Ռաքելի» նավապետը խնդրում է Աքաաբին իրենց հետ որոնել որսի ժամանակ կորած մակույկը, որի մեջ իր տասներկուամյա որդին է, սակայն մերժում է ստանում: Հանդիպում է
ևս մի նավ: Նրա վրա էլ թաղում են Մոբի Դիկի զոհերին:
Ի վերջո Աքաաբը մի օր ինքն է տեսնում սպիտակ կետի ջրից դուրս
ցցված սապատը: Երեք օր նավը հետապնդում է կետին: Վերջապես, երբ վելբոտները մոտենում
են կետին, սա ժանիքներով ջարդուփշուր է անում Աքաաբի վելբոտը և սկսում է պտտվել Աքաաբի
շուրջ, որպեսզի նավը չկարողանա փրկության հասնել: Երբ նավին հաջողվում է հեռացնել Մոբի
Դիկին և ջրից հանել Աքաաբին, սա տեգ է պահանջում: Սակայն մթնում է և մարտն այսպիսով
դադարում է:
Առավոտյան դարձյալ հանդիպում են կետին: Սա փշրում է երկու
վելբոտներ և գրոհում է Աքաաբի վեբոտը՝ ջարդելով այն տակից: Երբ մարտն ավարտվում է,
և փրկվածներին նավ են դուրս բերում, Աքաաբը նկատում է, որ Ֆեդալլան չկա:
Երրորդ օրը կետը, որը կատաղել է ստացած վերքերից, ինքն է
նետվում «Փեկոդի» վրա: Վելբոտները նորից ջուր են իջնում: Նրանցից մեկի վրա է Իսմայելը:
Նավաստիները տեսնում են տեգերի պարաններով գազանի իրանին փաթաթված Ֆեդալլայի մարմինը:
Մոբի Դիկը չի փնտրում հանդիպում Աքաաբի հետ, սակայն նավապետի նավը հետապնդում է նրան:
Կետը գրոհում է նավը և ճեղքում այն: «Փեկոդը» սկսում է սուզվել ջրապտույտի մեջ քաշելով
նաև նավապետի վելբոտը: Աքաաբը հասկանում է, որ սա վերջն է և տեգով վերջին հարվածն է
հասցնում կետին: Տեգին կապված թոկը քաշում- տանում է Աքաաբին: Վելբոտից դուրս ընկած
Իսմայելը նույնպես քշվում է դեպի ջրասույզ եղած նավի ջրապտույտը: Բայց նա չի խորտակվում,
քանի որ ջրապտույտը դադարում է, իսկ ջրի մակերեսին է հայտնվում Քվիկեգի համար պատրաստված
դագաղը: Մեկ օր Իսմայելը մնում է այդ դագաղ-մակույկի մեջ, մինչև որ անցնող նավը փրկում
է նրան: Դա «Ռաքելն» է, որը փնտրելով իր նավապետի որդուն գտնում է ուրիշին:
Տես նաև Ջեք Լոնդոն Ծովագայլը, Ուիլյամ Ֆոլկներ Շառաչ և ցասում և Ռիչարդ Բախ Լիվինգսթոն անունով ճայը
Մելվիլ | Մոբի Դիկ կամ սպիտակ կետաձուկ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 14, 2015
Rating:
.jpg)