
Ֆաբրիցոն՝ մարկիզ Վալսերա դել Դոնգոյի կրտսեր որդին, մանկությունն
անցկացնում է Գրիանտի տոհմական դղյակում, Կոմո լճի ափին: Ունի երկու քույր և ավագ եղբայր,
որն ամեն ինչում նման է հորը: Մարկիզը հարուստ է, սակայն ժլատ: Նրա կինն ու դստրերը
ապրում են գրեթե չքավոր կյանք: Մարկիզի քույրը՝ Իտալիայի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝
Ջինան, հակառակ եղբոր կամքի ամուսնանում է սնանկացած կոմս Պետրաներայի հետ: Կոմսի մահից հետո Ջինան տեղափոխվում է եղբոր մոտ: ֆաբրիցոն մեծանում է նրա աչքի առաջ:
Տասնյոթ տարեկան բարետես տղան, Նապոլեոնի փառքով ոգևորված, գաղտնի փախչում է Ժուան ֆրանսիացիների բանակում կռվելու համար:
Առաջին իսկ ֆրանսիական քաղաքում Ֆաբրիցոյի արտաքինը և խոսվածքը
կասկած են հարուցում և նրան ձերբակալում են: Վաթերլոոյի նախօրյակին բանտապանի կինը
օգնում է նրան փախչել: Նա հասնում է մարտի դաշտ, սակայն ընդհանուր իրարանցման մեջ չի
ճանաչում ոչ մարշալ Նեյին, ոչ էլ կայսրին: Առևտրական մի կին նրան բացատրում է, որ Նապոլեոնը
պարտվել է և խորհուրդ է տալիս տուն վերադառնալ: Այդպես էլ անում է: Ժնևում նրան սպասում
է Ջինայի ծառան: Իմանում է, որ ավագ եղբայրը մատնել է նրան ոստիկանությանը և հիմա իրեն
փնտրում են որպես ապստամբի: Մայրը և կոմսուհի Պետրաներան տանում են Ֆաբրիցոյին Միլան:
Նրա գործը, սակայն, հասել է արդեն Վիենա և նրան սպառնում է բանտարկություն Շպիլբերգ
ամրոցում: Ստիպված է դիմել ինքնակամ աքսորի:
Ջինան մնում է Միլանում, որտեղ ծանոթանում է ռազմական նախարար
Մոսկա դելա Ռովերե Սորեդզանայի հետ: Մոսկան սիրահարվում է Ջինային և պատրաստ է թողնել
ծառայությունը, թեպետ ամուսնացած է և ապրել որտեղ սա կկամենա: Կա նաև ուրիշ նախագիծ: Ջինան ֆիկտիվորեն ամուսնանում
է դուքսի հետ, որին Մոսկան խոստացել է շքանշան, ինչը թույլ է տալիս նրան մնալ Պարմում:
Այդպես էլ անում են: Շուտով դքսուհի Ջինա Սանսեվերինան փայլում
է Պարմի բարձրաշխարհիկ հասարակության մեջ:
Պարմի արքունիքում կան երկու թշնամի կուսակցություններ: Իշխանության
գլուխ կանգնած ռոյալիստներին առաջնորդում է Մոսկան, իսկ լիբերալներին՝ հարուստ արկածախնդիր
մի կին՝ մարկիզուհի Ռավերսին: Ինքը իշխանը միապետ դառնալուց հետո մշտապես վախի մեջ
է: Գլխավոր ֆիսկալ Ռասսիի խորհրդով երկու լիբերալների մահապատժի ենթարկելուց հետո նա
լրիվ կորցրել է խելքը: Կոմս Մոսկայի մեծ իշխանությունը թագավորի վրա բացատրվում է նրանով,
որ իր դիվանագիտական ճարպկության շնորհիվ իշխանը ստիպված չէ կարմրել իր վախկոտության
համար: Ֆիսկալ Ռասսին ֆավորիտների թվում է լոկ այն պատճառով, որ անվերջ արքայազնին
սպառնացող կեղծ բացահայտումներ է անում: Հենց որ նկատում է, որ արքայազնի վախերը թուլանում
են, բացահայտում է հերթական սուտ խռովությունը, որի մեղավորները հայտնվում են Պարմի
աշտարակում:
Դքսուհուն դուր է գալիս իր նոր կյանքը: Սակայն Ֆաբրիցոյի
ճակատագիրը նրան հանգիստ չի տալիս: Կոմսը խոստանում է Ֆաբրիցոյի ցանկության դեպքում
օգնել նրան դառնալ Պարմի արքիեպիսկոպոս: Դքսուհին ուղարկում է Ֆաբրիցոյին Նեապոլի հոգևոր
ակադեմիա:
Նեապոլում Ֆաբրիցոն վարում է անկարգ կյանք: Շատ են նրա երկրպագուհիները,
սակայն նրանցից ոչ մեկը լուրջ դեր չի խաղում նրա կյանքում: Երեք տարի անց նա հանձնում
է քննությունները, ստանում է «մոնսինյոր» կոչվելու իրավունքը և վերադառնում է Պարմ:
Դքսուհին երջանիկ է, քանի որ Ֆաբրիցոն ապրում է Սանսեվերինի դղյակում: Սակայն շուտով
Ֆրաբրիցոն անհանգստություն է զգում: Նա զգում է դքսուհու անսովոր հակումն իր նկատմամբ:
Բայց նա համոզված է, որ չի կարող սիրել դքսուհուն, քանի որ երբեք ոչ մի կին նրան հաճելի
չէ առավել, քան լավ զբոսանքը ձիով: Ասելով դքսուհուն, որ սիրում է նրան, նա կստի:
Թատրոնում Ֆաբրիցոն տեսնում է մի գեղեցիկ դերասանուհու, որն
իր ազգանվանակիցն է: Մարիետ Վալսերան սիրահարվում է Ֆաբրիցոյին, բայց նա ունի թատրոնում
հովանավոր: Դա դերասան Ջիլետտին է: Սա քաջ է, ուժեղ, եղել է նապոլեոնյան բանակի զիվոր
և սպառնում է սպանել մոնսինյորին: Պաշտպանվելով քաղաքից դուրս հանկարծակի հարձակումից
Ֆաբրիցոն սպանում է Ջիլետտիին: Ստիպված է լքել Պարմը: Կանգ է առնում Բոլոնիայում: Այստեղ հանդիպում է Մարիետին
և մոռանում է իր խնդիրները:
Այդ ընթացքում Պարմում քննարկվում է, թե որքանով կազդի դերասան
Ջիլետտիի սպանությունը Մոսկայի կաբինետի վրա: Իշխանը, ցանկանալով ստորացնել դքսուհուն,
հրամայում է Ռասսիին քրեական գործ սկսել Ֆաբրիցոյի
նկատմամբ: Եթե Ֆաբրիցոյին դատապարտեն, նրան սպասում է մահապատիժ կամ էլ կալանավայր:
Դքսուհին դիմում է ծայրահեղ քայլի:
Մեկնում է իշխանի մոտ: Իշխանը կասկածում է, որ դքսուհին կգա:
Կուզեր, որ այդ հպարտ գեղեցկուհին խնդրեր և պաղատեր իրեն: Բայց նա սխալվում է: Դեռ
երբեք չէր տեսել դքսուհուն այդքան կենսասեր, թեթև և ուրախ: Եկել է հրաժեշտ տալու և
շնորհակալ լինելու իշխանի այսքան տարիների բարեհաճ վերաբերմունքի համար: Իշխանը զարմացած
և ստորացած է: Վախենում է, որ մեկնելով այս կինը ամենուր կպատմի իր տիրակալի գիշերային
վախերի մասին: Նա պիտի կանգնեցնի դքսուհուն: Թուղթ է ստորագրում, որտեղ խոստանում է
չհաստատել Ֆաբրիցոյի գործով վճիռը: Սակայն իրեն անչափ ստորացված է զգում և հաջորդ առավոտյան
հրաման է արձակում բանտարկել դել Դոնգոյին, հենց որ սա հայտնվի իր տիրույթում:
Մարկիզուհի Ռավերսին թակարդ է սարքում Ֆաբրիցոյի համար՝ դքսուհու
անունից հանդիպում նշանակելով նրան Պարմի մոտակայքում: Ֆաբրիցոյին շղթայակապ ուղեկցում
են Պարմի աշտարակ:
Աշտարակի պարետ Ֆաբիո Կոնտին է ընդունում նրան: Կոնտիի դուստրը՝
Կլելիան, որին Ֆաբրիցիոն տեսնում է բանտի ճանապարհին, այսուհետ դուրս չի գալիս նրա
գլխից:
Նրա բանտախցի լուսամուտը նայում է բակին, որտեղ Կլելիան կերակրում
է իր թռչուններին: Սակայն բանտարկյալի լուսամուտը փակում են այնպես, որ նա կարողանա
տեսնել միայն երկինքը: Ֆաբրիցոն կարողանում է փայտի մեջ փոքրիկ բացվածք փորել և Կլելիայի
հետ դրա միջով փոխանակված հայացքները դառնում են նրա կյանքի հիմնական ուրախությունը:
Նրանք շփվում են այբուբենի միջոցով: Ֆաբրիցոն ածխով տառեր է գրում իր ափերին: Գրում
է նաև երկար նամակներ իր սիրո մասին, որոնք մութն ընկնելուն պես պարանով իջեցնում է
աղջկան:
Իշխանն ասում է Ռասսիին, որ քանի դեռ կենդանի է Ֆաբրիցոն,
նա իրեն լիարժեք տիրակալ չի զգում:
Դքսուհին անսահմանորեն ատում է իշխանին, սակայն կարող է վրեժ
լուծել միայն միջնորդավորված եղանակով: Նրան պատրաստ է օգնել աքսորյալ բանաստեղծ, իշխանի
թշնամի Ֆերանտե Պալլան: Իմանալով, թե ինչ ճակատագիր է սպասում Ֆաբրիցոյին, դքսուհին
փորձում է կազմակերպել նրա փախուստը: Փոխանցում է ամրոցի հատակագիծը և պարան: Դքսուհին
չգիտի, որ բանտարկյալը այնքան էլ չի տենչում ազատություն, քանի որ չի պատկերացնում
իր կյանքն առանց Կլելիայի:
Ֆաբրիցոն և Կլելիան հանդիպում են ամրոցի աղոթարանում, սակայն
աղջիկը հակված չէ սիրո բացատրություն լսել: Աղաչում է Ֆաբրիցոյին փախչել: Կա պայմանավորվածություն,
որ նա կարող է փախչել հենց աղոթարանից: Ամեն վայրկյանը թանկ է: Աղջիկը երդվում է Տիրամորը,
որ եթե Ֆաբրիցոյին հաջողվի փախչել, նա պատրաստ է այլևս երբեք չտեսնել երիտասարդին:
Փախուստը հաջողվում է: Ֆաբրիցոն իջնում է աշտարակի գլխապտույտ բարձրությունից և միայն
ներքևում կորցնում է գիտակցությունը: Դքսուհին տանում է նրան Լուգանո:
Նրանք երջանիկ չեն: Դքսուհին չի ճանաչում ի դեմս լռակյաց
Ֆաբրիցոյի իր երբեմնի կենսուրախ սիրուն: Նա այլևս այդքան չի սիրում տղային, սակայն
տանջվում է այն մտքից, որ Ֆաբրիցոն տարված է ուրիշ կնոջով:
Լուրեր են գալիս Պարմից, որ իշխանը մահացել է, իսկ ծագած
ապսատմությունը գլխավորում է Ֆերանտե Պալլան: Կոմսը ճնշում է ապստամբությունը, իսկ
գահին է նստում հանգուցյալ իշխանի որդին: Հիմա դքսուհին և Ֆաբրիցոն կարող են վերադառնալ
Պարմ:
Բայց քանի որ գործը շարունակում է քննության մեջ գտնվել,
Ֆաբրիցոն պիտի դարձյալ բանտարկվի և սպասի վճռի: Նա կամավոր վերադառնում է բանտ և Կլելիան
մի օր սարսափով տեսնում է նրա դեմքը բանտախցի լուսամուտից:
Կլելիայի հայրը թունավոր ճաշ է հրամայում տալ ֆաբրիցոյին:
Կլելիան իմանալով այդ մասին ներխուժում է բանտախուց և շրջում է կերակուրով սեղանը:
Ֆաբրիցոյին արդարացնում են և ազատում: Նա նույնիսկ եկեղեցական
պաշտոն է ստանում և քարոզներ է կարդում: Սակայն նա դժբախտ է, քանի որ Կլելիան հավատարիմ
է Տիրամորը տված խոստմանը և հրաժարվում է տեսնել իրեն: Հոր կամքին հնազանդ ամուսնանում
է մարկիզ Կրեշենցայի հետ:
Ֆաբրիցոն հուսահատության մեջ է: Կլելիան, հասկանալով, թե
ինչ տառապանքների է ենթարկում Ֆաբրիցոյին, թույլ է տալիս նրան տեսնել իրեն, բայց միայն
մութ ժամանակ: Այդպես շարունակվում է 3 տարի: Կլելիան որդի է ունենում: Ֆաբրիցոն
սիրում է տղային և ուզում է, որ սա ապրի իր հետ: Սակայն պաշտոնապես երեխայի հայր է
համարվում Կրեշենցան: Հարկավոր է փախցնել երեխային, իսկ հետո լուրեր տարածել նրա մահվան
մասին: Երեխային գողանալ հաջողվում է: Սակայն նա մահանում է: Չդիմանալով վշտին մահանում
է նաև Կլելիան: Ֆաբրիցոն հեռանում է Պարմի մենաստան:
Դքսուհի Սանսեվերինան ամուսնանում է կոմս Մոսկայի հետ և ընդմիշտ
հեռանում է Պարմից: Ամեն բան նրա կյանքում, թվում է, թե լավ է ընթանում: Սակայն իմանալով,
որ իր սիրելի Ֆաբրիցոն անցկացնելով Պարմի մենաստանում
ընդամենը մեկ տարի մահացել է, դքսուհին շուտով հետևում է նրա օրինակին:
Տես նաև Կարմիրն ու սևը և Վանինա Վանինի
Ստենդալ | Պարմի մենաստան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 13, 2015
Rating:
