Պլատոն | Ֆեդոն | համառոտ



Պյութագորյան փիլիսոփա Էքեկրատեսը հանդիպում է Սոկրատեսի աշակերտ Ֆեդոնին, որը ներկա է եղել իր ուսուցչի մահվանը, և խնդրում է նրան պատմել Սոկրատեսի վերջին ժամերի մասին: Ֆեդոնը ներկայացնում է մահապատժի օրը Սոկրատեսին այցելած աշակերտների ու բարեկամների ընկճված տրամադրությունըՇղթաներից ազատված Սոկրատեսը խոսում է հաճույքի և ցավի միասնության մասին, այնուհետև բացատրություն է տալիս, թե ինչու է վերջին օրերին սկսել բանաստեղծաբար փոխադրել Եզոպոսի առակները. դրա պատճառը նրա երազներն են: Ապացուցում է ինքնասպանության անթույլատրելիությունը. մարդու կյանքը ոչ թե իր, այլ աստվածների ձեռքին է, որոնք նրա մահից հետո, եթե նա առաքինի ու խոհեմ է եղել, լավագույն կյանք են պարգևում: Ճշմարիտ փիլիսոփաները տենչում են մեկ բան` մահացում և մահ: Հետագա խորհրդածությունների նպատակը այդ դրույթը ապացուցելն է:
Նախ` մարմնի կյանքը և նրա պահանջները խոչընդոտում են զուտ մտածողությանը, մինչդեռ միայն սրան է հասանելի իսկական և ինքնին գոյը: Հետևաբար ինչ-որ բան ինքն ըստ ինքյան ճանաչելու համար մարդը պիտի ազատվի մարմնից և հայի իրերը հոգով: Սոկրատեսը պնդում է, որ բանականությանը կարելի է հասու դառնալ միայն այդկերպ, ահա ինչու փիլիսոփաները տենչում են մահանալ և հաղորդակից դառնալ նրան անդրաշխարհում` այն բանից հետո, երբ հոգին կազատվի մարմնից: Խարհուրդներ սահմանողները դա են նկատի ունեցել` ուսուցանելով, թե անդրաշխարհում փրկությունը տրվում է միայն նրանց, ովքեր կյանքի ընթացքում մաքրագործվել են այսրաշխարհում: Սոկրատեսը հնարավորինս փորձել է հետևել այդ ուսմունքին և հույս ունի, որ մահից հետո ճակատագիրը նրա հանդեպ բարեհաճ կգտնվի: Ներկաներից մեկը`Կեբեսը, կասկած է հայտնում կարծիքի դեմ, թե հոգին մահից հետո էլ կարող է մտածել: Դա առիթ է տալիս Սոկրատեսին ներկայացնելու հոգու անմահության իր նշանավոր չորս ապացույցները:
 I ապացույցՆախ Սոկրատեսը պատմում է հոգիների վերաբնակության մյութոսը, այնուհետև անդրադառնում գոյացման հասկացությանը, որն իմաստավորվում է հակադիր վիճակների փոփոխության հասկացությամբ: Այսպես, եթե կա փոքրը, ապա կա նաև մեծը, որի հարաբերությամբ փոքրը կարող է գոյանալ: Նույնն է նաև տաքի ու պաղի, քնի ու արթունության, կյանքի ու մահվան դեպքում և հետևաբար նաև հոգու ծնունդի և մահվան, մարմնի կյանքի ընթացքում և մարմնի մահվանից հետո: Եթե հակադիր վիճակների փոխհաջորդումը բացառվեր, ամեն բան կավարտվեր մեկ վիճակով, այսինքն` մահով: Այստեղից Սոկրատեսը հետևություն է անում, որ հոգին մահից հետո անցնում է գոյության այլ վիճակի` առանց մարմնի, ինչը հնարավորություն է տալիս նրան հետագայում դարձյալ վերադառնալ երկրային գոյության:
II ապացույցՄի բանի միջոցով մենք միշտ հիշում ենք մեկ ուրիշ բան: Բոլոր կողմնակի հիշողություններից մեզ համար տվյալ դեպքում կարևոր է վերհուշն այն էականի, որին հանգում ենք վերացարկվելով առանձին իրերի հայեցողությունից, օրինակ` ինքնին հավասարին: Իրերի հիման վրա այդ հավասարն անճանաչելի է, քանի որ հավասար իրերը բուն հավասարությունից բացի կարող են բազում տարբերություններ ունենալ, և այդ տարբերությունների մեջ հավասարն ըմբռնելու համար մենք պիտի իմանայինք հավասարը նախքան իրերին ծանոթանալը: Հետևաբար մենք դեռ նախքան ծնվելը պիտի ունենայինք ոչ միայն ինքն ըստ ինքյան հավասարի, այլև մյուս գաղափարների իմացությունը, այսպես օրինակ` ինքն ըստ ինքյան արդարի, առաքինիի և սրբազանի և այն ամենի, ինչը ինքն ըստ ինքյան կեցություն է: Ինչ վերաբերում է իրերին, ապա դրանք հարահոս վիճակում են և կարող են առաջ բերել ոչ թե իսկական կեցության իմացություն, այլ վերհուշն այն իմացության, որ հոգին ունեցել է նախքան մարմնի մեջ ծնվելը: Ասվածին հակադիր վիճակների փոխհաջորդման փաստարկը հավելելու դեպքում կարելի է պնդել, որ հոգին գոյություն կունենա նաև մահից հետո:
III ապացույց. Առանձին իրերը միշտ փոփոխության մեջ են, միշտ իրենք իրենց հետ հակասության մեջ են, միշտ մի բանից վերածվում են մեկ այն բանի: Սակայն գոյացումը ենթադրում է միշտ հենց այն, ինչը պիտի գոյանա, բաղադրյալը ենթադրում է պարզը, ընդ որում գոյացողը հասանելի է դառնում զգայարաններով, իսկ պարզ ու ինքնանույնական էությունը` միայն մտածողությամբ: Հոգին ավելի մոտ է անտեսանելի էություններին, իսկ մարմինը` տեսանելի իրերին: Հոգին և մարմինը մեկ միասնություն են, սակայն հոգին, այդուհանդերձ, ավելի մոտ է նույնականին, աստվածայինին, մնայունին և իշխողին, իսկ մարմինը` փոփոխականին, երկրայինին և իշխվողին: Հետևաբար հոգին ավելի նման է աստվածայինին, մտահասուին, անմահին, միակերպին, մինչդեռ մարմինը բոլոր այս հատկություններին հակադիր է: Եթե անգամ մարմինը մահից հետո զմռսման միջոցով կարող է պահպանվել որոշ ժամանակ, ապա հոգին առավել ևս կարող է և պահպանվում է: Եթե այն միտված է եղել փիլիսոփայությանը և չի ստրկացել մարմնին, մահից հետո արժանանում է պարգևների, իսկ եթե ստրկացել է մարմնին և հոգ չի տարել մարմնից մաքրագործվելու մասին, ապա հետագայում ծնվում է կենդանիների մարմնի մեջ: Սիմմիասն առարկում է. Սոկրատեսի նկարագրած հոգին նման է քնարի արձակած ձայների ներդաշնակությանը, բայց այդ դեպքում հոգին կարող է վերանալ մարմնի կործանումից հետո այնպես, ինչպես վերանում է ներդաշնակությունը քնարի կործանումից հետո: Կեբեսի կասկածները վերաբերում են հոգու գոյությանը մարմնի մահից հետո, քանի որ եթե ապացուցված է հոգու գոյությունը նախքան մարմնի մեջ ծնվելը, ապա մարմնից բաժանվելուց հետո նրա գոյությունը դեռ ապացուցված չէ: Հնարավոր է, որ փոխելով (մաշելով)մի քանի մարմիններ` հոգին, այնուամենայնիվ, մահանա, ինչպես ջուլհակը, որը մի քանի թիկնոց է գործել և մաշելով դրանք` այդուհանդերձ մի օր մահացել է: Սոկրատեսի հակափաստարկը հիմնվում է պնդման վրա, ըստ որի հոգին ներդաշնակություն չէ, այն էություն է: Նախքան մարմին կազմավորելն ու ներդաշնակելը հոգին պիտի իր մեջ ունենա ներդաշնակման սկզբունքը, որը կախված չէ մարմնավոր պահերից: Այս հակափաստարկը ուղղված էր Սիմմիասի կասկածին: Կեբեսի առարկությունը պահանջում է առանձին ապացույց:
IV ապացույց. Սոկրատեսը պատմում է իր նախկին բնափիլիսոփայական հետազոտությունների մասին, որոնց արդյունքում հասկացել է կեցության նախապատճառները ֆիզիկորեն սահմանելու անհնարությունը: Անաքսագորասը թեև ասել է, որ ամեն ինչի պատճառը խելքն է, սակայն ցույց չի տվել, թե ինչպես է այն պատճառ դառնում և գործում որպես պատճառ: Հենց իր` Սոկրատեսի այժմ բանտում գտնվելը որպես պատճառ ունի ոչ թե նրա մարմնի կառուցվածքը, այլ աթենացիների վճիռը և բանտից չփախչելու իր կամքը: Իրերի իսկական պատճատ կարող է լինել լոկ այն, ինչը գոյում է նրանց մեջ ինքն ըստ ինքյան: Մի գլուխ մյուսից բարձրահասակ մարդը այդպիսին է շնորհիվ այն բանի, որ հաղորդակից է բարձրի գաղափարին: Վերջինս գոյի ճշմարտությունն է` այն, ինչից ամեն բան ստանում է իր անունը: Ֆեդոնի, Սիմմիասի և Սոկրատեսի հասակների միջև եղած տարբերությունները խոսում են այն մասին, որ նրանք երեքը տարբեր չափով են հաղորդակից հիշյալ գաղափարին: Իրենք գաղափարները չեն համեմատվում, համեմատվում է սոսկ այն, ինչը ենթարկված է իրենց: Եվ այսպես կրակը և ձյունը, երկուսը և երեքը, որոնք հակադիր չեն իրար, բայց հաղորդակից են հակադիր գաղափարների, չեն հանդուրժում իրենց մեջ երկու հակադիր գաղափարների միաժամանակյա գոյակցությունը: Կրակը, դառնալով ձյուն, կորցնում է ձյան գաղափարը, իսկ երկուսը դառնում է երեք` կորցնելով կենտության գաղափարը: Այստեղից Սոկրատեսը եզրակացնում է, որ ինչպես կենտությունը համատեղելի չէ զույգի գաղափարին, այնպես էլ հոգին, լինելով հոգու կյանքի գաղափար, չի կարող մահանալ, այլ` միայն հեռանալ մարմնից: Դա վերաբերում է բոլոր առաջին պատճառներին, այսինքն` գաղփարներին:
Ապացույցներին հետևում են մի շարք բարոյագիտական և տիեզերաբանական դիտարկումներ: Եթե մարմնի մահը նշանակեր նաև հոգու մահ, ապա հոռի մարդիկ անհանգստանալու առիթ չէին ունենա: Մինչդեռ կյանքի ընթացքում գործած մեղքերը անջնջելի կնիք են թողնում նրանց հոգիներում: Արդարները արժանի բնակություն են հաստատում Հադեսում, իսկ հոռիները, որոնց անձնական դեմոնը բռնի տանում է Հադես, հատուցում են երկրային մեղսագործությունների համար: Երկիրը մեծ գունդ է, և մենք ճանաչում ենք նրա մի մասը միայն` այն, որ ձգվում է Փասիսից մինչև Հերակլյան սյուները: Մենք բնակվում ենք Երկրի բազմաթիվ ակոսներից մեկում` չունենալով այդ ակոսից դուրս եկած տարածքները տեսնելու հնարավորություն: Իսկական Երկիրը գտնվում է երկնքի տակ, զուտ եթերի մեջ և կազմում է բազմագույն տասներկուանկյուն: Այն ունի հարուստ բուսականություն, քարեր ու լեռներ, որ նման են մեր Երկրի թանկարժեք քարերին: Մարդիկ այդտեղ երբեք չեն հիվանդանում, իսկ տաճարներում բնակվում են աստվածները: Այնուհետև Սոկրատեսի շուրթերով Պլատոնը դիցաբանորեն նկարագրում է նաև ստորերկրյա աշխարհը` իր գետերովլճերով, ինչպես նաև պատժի, մաքրագործման և հատուցման վայրերով:
Տրամախոսությունն ավարտվում է Սոկրատեսի մահվան տեսարանով

Պլատոն | Ֆեդոն | համառոտ Պլատոն | Ֆեդոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:21:00 Rating: 5
Технологии Blogger.