Անաքսագորաս | Կյանքը և գործը


Կլազոմենցի Անաքսագորասը (Ք. ա. 500 - 428) փորձում է լուծել էլեաթների փիլիսոփայության խրթին ապորիաները: Հայտնի են նրա «Բնության մասին» տրակտատի դրվագները:
Անաքսագորասը համաձայն է, որ չգոյությունը չկա և որ ոչինչ չի ծնվում և չի մահանում, այլ ամեն բան միացման և անջատման արդյունք է: Սակայն ամեն բանի սկիզբը և վերջը չի կարելի համարել Էմպեդոկլեսի չորս արմատները, քանզի դրանք չեն կարող բացատրել իրերի անհամար որակների բազմազանությունը: Ամեն բանի հիմքում իրականում սերմերն են (spermata), տարրեր, որոնք հենց այնքան են, որքան որակները: Սերմերը որակաների աղբյուրներ են, չունեն հստակ մեծություն և կարող են անվերջ բաժանվել: Արիստոտելը պահպանել է այդ սերմերի հոմեոմորիաներ (նման մասեր) անվանումը, որից հավանաբար օգտվել է նաև Անաքսագորասը:
Սկզբնապես եղել է հոմեոմորիաների անորոշ զանգվածը, որի մեջ ոչինչ չի առանձնանում: Ավելի ուշ բարձրագույն Խելքը (Նուս), կատարում է շարժում, որի արդյուքում անկարգ զանգվածը դուրս է բերում իր միջից իրերը: «Ամեն ինչ ամեն ինչում է»,-ասում է Անաքսագորասը, որովհետև յորաքանչյուր իր նաև մյուսի մասն է՝ ունենալով իր մեջ բոլոր սերմերից: Իրերի տարբերությունը սերմերի այս կամ այն տեսակի գերակշռումը կամ սակավությունն է: Մի իրից մյուսի առաջ գալը անհնար կլիներ, եթե առաջինի մեջ սակավորեն գոյություն չունենային այն սերմերը, որոնք գերակշռում են երկրորդ իրի մեջ: Պարմենիդեսն իրավացի է՝ բացառելով գոյությունը ոչնչից: Անաքսագորասը փորձում է փրկել ինչպես որակական, այնպես էլ քանակական անշարժությունը:
Քաոսային բնույթ ունեցող խառնուրդից ամեն բան ծնվում է աստվածային Խելքի միջամտության շնորհիվ: «Բոլոր մյուս իրերը ունեն ուրիշ իրերի մասեր, միայն Խելքն է անսահման, անկախ և խառնված չէ ուրիշների հետ… Քանի որ բոլոր իրերն ունեն կյանք, բոլորի մեջ իշխում է Խելքը… Չի կազմավորվում միայն ոչինչը, քանզի բանականությունն այն  ամենն է, ինչը նման է, իսկ ոչնչին նման է միայն ոչինչը»:
Այս դրվագը կռահում է որոշակի իրականության գոյությունը, որը անջատված է համայն գոյից, առավել բարձր և նուրբ է, հավասար է ինքն իրեն, հասկացող և իմաստուն է:
Պլատոնը և Արիստոտելը գնահատելով այս բացահայտումը քննադատում էին Անաքսագորասին այն բանի համար, որ սա չի համակարգում Խելքը և, բախվելով  դժվարությունների, տալիս է իր նախորդների ոճով արված բացատրություններ: Եվ այդուհանդերձ հենց Անաքսագորասն է նշանավորում այն շրջադարձը, որը սկիզբ կտա պլատոնյան մետաֆիզիկային: Պլատոնի «Ֆեդոնում» Սոկրատեսն ասում է, որ հենց Անաքսագորասի գրքի ընթերցումը դուրս բերեց նրան նոր ուղի:

Անաքսագորաս | Կյանքը և գործը Անաքսագորաս | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.