Եզոպոս | Առակներ


Եզոպոսը անտիկ աշխարհի առաջին առակագիրն է և ժանրի սկզբնավորողը։ Եզոպոսի մասին հիշատակում է Հերոդոտոսն իր «Պատմության» մեջ, որի հիման վրա ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է Ք. ա. 6-դ. դարում, Սամոս քաղաքում, եղել է ոմն Յադմոնի թրակացի կամ փռյուգիացի ստրուկը և սպանվել է Դելփիքում։ Եզոպոսին հիշատակում է նաև հույն կատակերգու Արիստոփանեսը: Ինչպես նշում է Պլատոնը իր «Ֆեդոն» տրամախոսության մեջ, Սոկրատեսը, սպասելով մահավճռին, չափածո է փոխադրել Եզոպոսի առակները: Ուշ անտիկականության շրջանում լայն տարածում է ստանում «Եզոպոսի կենսագրությունը» վեպը: Այստեղ Եզոպոսը հանդես է գալիս որպես տգեղ և կուզիկ իմաստուն ստրուկ (նախատիպը Հոմերոսի «Իլիականի» Թերսիտեսն է), որը ծաղրում է իր փիլիսոփա տիրոջը: Այսպես, Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցել աշխարհի ամենալավ ուտեստը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ նրան հարցնում են, թե ինչու է լեզու մատուցել, Եզոպոսը պատասխանում է, որ լեզուն է ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը, քանզի լեզուն է պահում ողջ մարդկային իմաստնությունը, գիտությունը և գեղեցիկ մտքերը: Հաջորդ օրը տերը դարձյալ պատվիրում է ուտեստ պատրաստել, բայց այս անգամ՝ աշխարհի ամենավատ բանը: Եզոպոսը դարձյալ լեզու է մատուցում: «Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհում,- բացատրում է  նա,- լեզուն է բոլոր վեճերի, գժտությունների և պատերազմների պատճառը»:
Հին աշխարհը չի կասկածել Եզոպոսի գոյությանը: Առակագրի անձի պատմականությունը առաջին անգամ կասկածի տակ է դրել Մարտին Լյութերը: 18-րդ դարի բանասիրությունը հիմնավորել է այդ կասկածը: Եզոպոսի անունով պահպանվել է 427 առակ: Հենց այս առակներն են հետագայում մշակել ու թարգմանել նշանավոր առակագիրներ Լաֆոնտենը և Կռիլովը: Ակնհայտ է, որ հայ առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին ևս գործ են ունեցել եզոպոսյան նյութի հետ:

Ձկնորսն ու ձկնիկը
Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով”:

Պոչատ աղվեսը
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. “Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”:

Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

Աղվեսն ու կոկորդիլոսը
Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. “Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում”:

Տռզած աղվեսը
Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:

Աղվեսն ու դիմակը
Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած-չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:

Ժլատը
Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրրք, Մխիթար Գոշ Առակներ և Լաֆոնտեն Առակներ


Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Եզոպոս | Առակներ Եզոպոս | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:47:00 Rating: 5
Технологии Blogger.