
Վերյեր քաղաքի քաղաքապետ պարոն դը Ռենալը հայտնում է կնոջը, որ
մտադիր է տան ուսուցիչ վարձել: Ուսուցչի
կարիք առանձնապես չկա, պարզապես
Ռենալին անվերջ ձեռնոց է նետում տեղի հարուստներից մեկը: Այս
անգամ նա գնել է նորմանդական ընտիր նժույգներ: Հարկ է արժանի պատասխան տալ: Ռենալը
պայմանավորվում
է հայրիկ Սորելի հետ, որ
նրա կրտսեր որդին կապրի իր մոտ: Հոգևորական
Շելանն է խորհուրդ տվել վերցնել այդ տղային, որն
արդեն երեք տարի է՝ ուսումնասիրում է աստվածաբանություն և գիտի լատիներեն: Նրա անունն է Ժուլյեն Սորել, և
նա տասնութ տարեկան է: Այդ
ամենը նա սովորել է նապոլեոնյան բանակի մի բժիշկից, որը նրան է ժառանգել Նապոլեոնի հանդեպ սերը և մի տասնյակ գիրք: Նապոլեոնի
ժամանակ հնարավոր էր հասարակության ստորին հատվածից վերև բարձրանալ: Սակայն ժամանակը փոխվել է: Սորելը
հասկանում է, որ
կարիերա անել և բարձրանալ հնարավոր է միայն հոգևորական դառնալու դեպքում:
Տիկին Ռենալին դուր չի գալիս ամուսնու մտահղացումը: Նա սիրում է իր երեք որդիներին և չի հանդուրժում միտքն այն մասին, որ
իր և այդ տղաների միջև կարող է կանգնած լինել մի երրորդ մարդ: Բայց
նա տեղի է տալիս՝ տեսնելով գեղեցիկ և համեստ տղային: Սորելը
թվում է նրան շատ դժբախտ: Սակայն
կարճ ժամանակ անց բոլորը սկսում են հարգանքով վերաբերվել նրան, անգամ
պարոն Ռենալը:
Սորելին է սիրահարվում աղախին Էլիզը: Աբբա
Շելանին նա հայտնում է, որ
ստացել է համեստ ժառանգություն և կուզեր ամուսնանալ Սորելի հետ: Ժուլյենը, սակայն, հրաժարվում
է: Նա տածում է Փարիզը նվաճելու երազանքներ. իհարկե թաքցնում է իր մտքերը:
Ամռանը ընտանիքը տեղափոխվում է Վերժի գյուղակը, որտեղ գտնվում է Ռենալների դղյակը: Տիկին
Ռենալը շատ ժամանակ է անցկացնում Սորելի հետ: Նա
թվում է իրեն ավելի խելացի, ավելի
նրբանկատ, ավելի բարի, քան
մյուս իրեն շրջապատող տղամարդիկ: Տիկինը աստիճանաբար սիրահարվում է տղային: Ինչ
վերաբերում է Սորելին, ապա նա գեղեցիկ ու մյուսներից տարբերվող է համարում տիկին Ռենալին, սակայն նա չի սիրում այդ կնոջը: Ցանկանում
է նվաճել նրա սերը ինքնահաստատվելու համար և վրեժ լուծելու ինքնահավան պարոն Ռենալից:
Երբ Սորելն ասում է, որ
գիշերը կգա տիկին Ռենալի ննջարան, սա վրդովվում է: Գիշերը
մոտենալով տիկնոջ ննջարանին՝ նա ողջ մարմնով դողում է: Սակայն
երբ տեսնում է տիկին Ռենալին, նա այնքան գեղեցիկ է թվում իրեն, որ
բոլոր ամբարտավան մտքերը չքանում են: Ժուլյենի
արցունքներն ու հուսահատությունը գրավում են տիկին Ռենալին: Սիրեկանները երջանիկ են: Բայց
մի օր ծանր հիվանդանում է տիկին Ռենալի կրտսեր որդին: Խեղճ
կնոջը սկսում է թվալ, որ
ինքն է սպանում երեխային իր մեղսավոր սիրով: Սկսում
է վանել Սորելին: Բարեբախտաբար երեխան ապաքինվում է:
Պարոն դը Ռենալը ոչինչ չի կասկածում, սակայն ծառաները շատ բան գիտեն: Էլիզան, փողոցում հանդիպելով պարոն դը Վալնոյին, պատմում է, որ
իր տիրուհին սիրավեպ ունի Սորելի հետ: Նույն
երեկո պարոն Ռենալը անանուն նամակ է ստանում այն մասին, թե
ինչ է կատարվում իր տանը: Տիկին
դը Ռենալը կարողանում է համոզել ամուսնուն, որ ամենի պատճառը նախանձն ու ասեկոսեներն են: Բայց
ողջ քաղաքը խոսում է նրա և տան ուսուցչի սիրավեպի մասին:
Աբբա Շելանը կարգադրում է Սորելին հեռանալ իր ընկերոջ՝ պարոն Ֆուկեի մոտ կամ էլ Բեզանսոնի ճեմարան: Մեկնելուց առաջ Ժուլյենը մի անգամ էլ այցելում է տիկին Ռենալին իր սենյակում: Նրանց թվում է, որ
բաժանվում են առհավետ:
Ժուլյենը ժամանում է Բեզանսոն և ներկայանում է ռեկտոր Պիրարին: Քննելով Ժուլյենին և զարմանալով լատիներենի նրա իմացության վրա՝ Պիրարն ընդունում է նրան և անգամ թոշակ է նշանակում: Սորելն ապրում է առանձին սենյակում: Ճեմականներն ատում են նրան, քանի
որ թողնում է մտածող մարդու տպավորություն: Սորելն իրեն խոստովանահայր է ընտրում աբբա Պիրարին՝ չկասկածելով անգամ, որ
դա ճակատագրական կլինի իր համար: Աբբայի
դիրքերը ճեմարանում ամուր չեն: Ճիզվիտներն
ամեն բան անում են, որ
նա հրաժարական տա: Բարեբախտաբար
նա ունի հովանավոր: Դա մարկիզ դը Լա Մոլն է: Սա
էլ իմանալով ճնշումների մասին՝ տեղափոխում է աբբային Փարիզ: Սորելի
համար սկսվում են դժվար ժամանակներ: Նա իր բոլոր խնայողությունները տալիս է աբբա Պիրարին, քանի որ վերջինս դրամի մեծ կարիք ուներ: Պիրարը
չի մոռանա սա:
Մարկիզ դը Լա Մոլը երկար ժամանակ է ինչ գրագիր է փնտրում: Պիրարը խորհուրդ է տալիս վերցնել Սորելին:
Փարիզ մեկնելուց առաջ Սորելը կարողանում է կարճ ժամանակով հանդիպել տիկին Ռենալին: Գիշերով թափանցում է նրա ննջարանը: Սակայն շուտով ստիպված է փախչել, քանի
որ պարոն Ռենալն ինչ-որ
բան է կասկածում:
Փարիզում ուսումնասիրում է նապոլեոնյան վայրերը: Հետո միայն գնում է Պիրարի մոտ: Արդեն
երեկոյան նա սեղան է նստում մարկիզի տանը: Մարկիզի
դուստրը՝ Մաթիլդը, ճերմակահեր, բայց սառը աչքերով, անչափ դուր է գալիս նրան:
Նոր քարտուղարը արագ է հարմարվում իր տեղին: Հետևողական
է, աշխատասեր, լուռ: Դառնում
է իսկական դենդի և տիրապետում է Փարիզում ապրելու արվեստին: Դը Լա Մոլը նրան շքանշան է հանձնում, և Սորելը զգում է իրեն ավելի հանգիստ և ստորացուցիչ չի համարում իր կարգավիճակը: Մադմուազել Մաթիլդի հետ նա պահում է իրեն սառը: Աղջիկը
ձանձրանում է իր ազնվական հասակակակիցների և երկրպագուների միջավայրում: Սակայն ամեն տեսակ լեգենդների և գեղեցիկ պատմությունների հանդեպ Մաթիլդի հակումը շարժում է Սորելի հետաքրքրությունը, և նա սկսում է շփվել աղջկա հետ: Նա
մտածում է, որ
շատ հետաքրքիր կլիներ, եթե
Մաթիլդը սիրահարվեր իրեն:
Մաթիլդը վաղուց է հասկացել, որ սիրում է Սորելին: Ձանձրույթն անցնում է: Սորելը, իհարկե, նրան
չի սիրում: Ավելի
շուտ աղջիկը գրգռում է նրա երևակայությունը: Սակայն, երբ
ստանում է Մաթիլդից սիրային նամակ, զգում
է իրեն հաղթանակած: Մաթիլդը սպասում է նրան գիշերը իր ննջասենյակում: Սորելը, մտածելով, որ այս ամենը կարող է լինել թակարդ և որ Մաթիլդի սենյակում նրան կարող են սպասել աղջկա ընկերները և ծաղրի առարկա սարքել նրան, զինվում
է ատրճանակներով և դաշույնով: Մաթիլդն ընդունում է նրան հեզ ու խոնարհ: Սակայն
հաջորդ օրը աղջիկը սարսափ է ապրում այն մտքից, որ
դարձել է Ժուլյենի սիրուհին: Շատ ջղաձիգ է և անգամ կոպիտ է խոսում Սորելի հետ: Երկուսն
էլ վճռում են, որ
իրենց միջև ամեն բան ավարտված է: Ժուլյենը, այդուհանդերձ, զգում է, որ
Մաթիլդը չի դուրս գալիս նրա մտքերից և շարունակում է մնալ նրա երևակայության կենտրոնում:
Ժուլյենի ծանոթ ռուս իշխան Կորազովը հուշում է նրան, որ
պետք է խանդ արթնացնել աղջկա սրտում՝ ուշադրության նշաններ ցույց տալով մեկ ուրիշ կնոջ: «Ռուսական» ծրագիրը գործում է: Գիշերով
Ժուլյենը փորձում է աղջկա սենյակ թափանցել պատուհանից: Տեսնելով նրան՝ Մաթիլդն ընկնում է նրա գիրկը:
Շուտով աղջիկը հղիանում է և հայտնում է Սորելին, որ ուզում է լինել նրա կինը: Մարկիզն
իմանալով դա՝ ընկնում է ցասման մեջ: Սակայն
Մաթիլդը պնդում է, և
հայրը տեղի է տալիս: Սպայի
կոչում է ապահովում Սորելի համար, և
Ժուլյենը մեկնում է իր գունդը: Նա
երջանիկ է և մտածում է զինվորական կարիերայի և ծնվելիք որդու մասին:
Անսպասելիորեն լուր է ստանում Փարիզից: Մաթիլդը խնդրում է նրան անհապաղ վերադառնալ: Սորելին է ցույց տալիս տիկին դը Ռենալի նամակը: Պարզվում
է Մաթիլդի հայրը խնդրել է տիկին Ռենալին բնութագրել Սորելին՝ իր նախկին ծառայողին: Նամակում Սորելը բնութագրված է որպես ստոր պատեհապաշտ, որը պատրաստ է ամեն քայլի հանուն կարիերայի: Պարզ է, որ
դը Լա Մոլը չի ամուսնացնի դստերն այդպիսի մարդու հետ:
Սորելը ոչինչ չասելով Մաթիլդին մեկնում է Վերյեր, գնում
է ատրճանակ և եկեղեցում, ուր պատարագ է, երկու
անգամ կրակում է տիկին Ռենալի վրա:
Արդեն բանտում նա իմանում է, որ
տիկին Ռենալը ողջ է: Տղան
երջանիկ է և հիմա, երբ
գիտի դա, կարող
է հանգիստ մեռնել: Վերյեր
է գալիս Մաթիլդը: Ոչ դրամ, ոչ
ծանոթություններ չի խնայում դատավճիռը մեղմելու համար:
Դատի օրը ողջ գավառի բնակչությունը գալիս է Բեզանսոն: Ժուլյենը նկատում է, որ շարժում է բոլոր այդ մարդկանց խղճահարությունը: Ուզում է հրաժարվել վերջին խոսքի իրավուքից, բայց ինչ-որ
բան ստիպում է նրան ոտքի բարձրանալ: Նա չի խնդրում ողորմություն, որովհետև հասկանում է, որ
ինքը՝ հասարակ տարատոհմիկ, հանդգնել է ընդվզել իր խղճուկ բախտի դեմ:
Սահմանվում է մահապատիժ: Բանտում Սորելին այցելում է տիկին Ռենալը: Պատմում
է, որ նամակը հորինել է իր խոստովանահայրը: Ժուլյենը երջանիկ է: Նա
հասկանում է, որ
միայն այս կնոջը կարող է իսկապես սիրել:
Մահապատժի օրը զգում է իրեն զվարթ: Մաթիլդն
իր ձեռքերով է թաղում սիրելիի գլուխը: Սորելի
մահից երեք օր անց մեռնում է նաև տիկին Ռենալը:
Տես նաև Պարմի մենաստան և Վանինա Վանինի
Ստենդալ | Կարմիրն ու սևը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 18, 2015
Rating:
