.jpg)
Գործողությունը տեղի է ունենում 19-րդ դարի կեսերին: Մի երեկո
միսթր Դոմբիի կյանքում կատարվում է սպասված մեծ իրադարձությունը: Նա որդի է ունենում:
Այժմ նրա ֆիրման, որի կառավարումը նրա կյանքի իմաստն է, իրավամբ կկարողանա կոչվել
«Դոմբի և որդի»: Չէ՞ որ մինչ այդ միսթր Դոմբին ուներ միայն դուստր: Շնորհավորանքներ է ընդունում իր քրոջից՝ միսիս Չիկից
և նրա ընկերուհուց՝ միսս Թոքսից: Սակայն գալիս է նաև դժբախտությունը: Ծննդաբերությունից
հետո մահանում է միսիս Դոմբին: Հրավիրում են ստնտու Փոլլի Թուդլին: Վերջինս կարեկցում
է միսթր Դոմբիին, ընկերանում է աղախին Սյուզեն Նիպերի հետ և համոզում է միսթր Դոմբիին,
որ մանկանը օգտակար է շատ ժամանակ անցկացնել քրոջ հետ: Այդ ժամանակ նավի վարպետ Սոլոմոն
Ջիլսը իր ընկեր՝ նավապետ Քաթլի հետ նշում է իր ազգականի՝ Ուոլթեր Ջիլսի նոր աշխատանքը
«Դոմբի և որդի» ֆիրմայում: Կատակում են, որ կգա ժամանակ, և նա կամուսնանա տիրոջ դստեր
հետ:
Փոլ Դոմբիի կնունքից հետո հայրը որոշում է որպես շնորհակալության
նշան լավ կրթություն տալ Փոլլի Թուդլի ավագ որդուն՝ Ռոբին: Թուդլը այս լուրից հետո
սկսում է կարոտել իր տունը և Սյուզենի ու Դոմբիի դստեր՝ Ֆլորենսի հետ զբոսանքի ժամանակ,
չնայած միսթր Դոմբիի արգելքին, այցելում է իր տունը աղքատ թաղամասում: Ետ վերադառնալիս
մի պառավ խաբեությամբ հանում է հետ մնացած Ֆլորենսի հագուստը: Աղջկան հանդիպում և տուն
է վերադարձնում Ուոլտեր Գեյը: Միսթր Դոմբին հեռացնում է Փոլլի Թուդլին:
Փոլ Դոմբին տկար երեխա է: Նրան ու Ֆլորենսին, առանց որի տղան
չի կարող ապրել, ուղարկում են Բրայտոնի ծովափնյա առողջարանը: Հայրը, միսիս Չիկը և միսս
Թոքսը այցելում են նրանց շաբաթը մեկ անգամ: Միսս Թոքսին նկատում է մայոր Բերգսթոքը,
որը շտապում է ծանոթություն հաստատել միսթր Դոմբիի հետ: Նրանք արագ մտերմանում են:
Դառնալով վեց տարեկան՝ Փոլն ընդունվում է Բրայտոնի դպրոց՝
դոկտոր Բլիմբերի դպրոցը: Ֆլորենսը մնում է առողջարանում, որպեսզի եղբայրը կարողանա
տեսնել քրոջը կիրակի օրերին: Քանի որ Բլիմբերը սովորություն ուներ ծանրաբեռնել աշակերտներին,
Փոլը մեծանում է տարօրինակ և հիվանդոտ: Նա ընկերություն է անում միայն մի աշակերտի
հետ: Դա իրենից տաս տարով ավագ և շատ տարօրինակ պահվածքով Թուտսն է: Սա անգամ որոշ
իմաստով դարձել է տկարամիտ:
Բարբադոսում Դոմբիի ֆիրմայի գործակալը մահանում է, և Դոմբին
Բարբադոս է ուղարկում Ուոլտեր Գեյին: Այդ նորությունը Ուլտերի համար համընկնում է մեկ
ուրիշ նորության հետ: Ուոլտերը միշտ զարմանում էր, թե ինչու բարձր պաշտոն զբաղեցնող
Ջեյմս Քարքերի եղբայր Ջոնը զբաղեցնում է շատ ցածր տեղ: Պարզվում է, սա ժամանակին թալանել
է ֆիրման և հիմա քավում է մեղքը:
Արձակուրից քիչ առաջ Փոլն այնքան է տկարանում, որ նրան
ազատում են դասերից: Նա միայնակ քայլում է տանը և շատ է ուզում, որ իրեն բոլորը սիրեն:
Նրան տանում են տուն, որտեղ նա օրեցօր ավելի ու ավելի է վատանում:
Ֆլորենսը շատ ծանր է տանում նրա մահը: Նա չունի ոչ ոքի, բացի Սյուզենից և Թուտսից, որը երբեմն այցելում է նրան: Հայրն անտարբեր է: Փոլի մահը ճնշել
է նրան: Ֆլորենսը ստիպված է հրաժեշտ տալ մեկնող Ուոլտերին: Պայմանավորվում են իրար
քույր և եղբայր կոչել:
Նավապետ Քատլը գալիս է Ջեյմս Քարքերի մոտ, որպեսզի իմանա
Ուոլտերի հեռանկարների մասին: Քարքերը նավապետից իմանում է Ֆլորենսի և Ուոլտերի մտերմության
մասին և այնքան է հետաքրքրվում դրանով, որ միսթր Ջիլսի տուն է տեղավորում իր լրտեսին:
Դա ճանապարհից շեղված Ռոբ Թուդլն է:
Միսթր Ջիլսին, ինչպես նաև Քատլին և Ֆլորենսին անհանգստացնում
է, որ Ուոլտերի նավի մասին ոչ մի լուր չկա: Վերջապես վարպետը մեկնում է անհայտ ուղղությամբ՝
թողնելով իր խանութի բանալիները նավապետ Քատլին:
Դոմբին ցրվելու համար մեկնում է Դեմմինգթոն իր ծանոթ մայոր
Բերգսթոքի հետ: Այնտեղ մայորը հանդիպում է իր ծանոթ միսիս Սկյութոնի դստեր՝ Էդիթ Գրեյնջերին:
Ջեյմս Քարքերը նույնպես ուղևորվում է Դեմմինգթոն իր տնօրենի
մոտ: Միսթր Դոմբին ներկայացնում է Քարքերին իր նոր ծանոթներին: Շուտով միսթր Դոմբին
առաջարկություն է անում Էդիթին, և սա անտարբեր համաձայնություն է տալիս: Անտարբերությունը
կորչում է, երբ Էդիթը ծանոթանում է Ֆլորենսի հետ: Նրանք ջերմորեն մտերմանում են:
Երբ միսիս Չիկը հայտնում է միսիս Թոքսին եղբոր գալիք ամուսնության
մասին, վերջինս ուշաթափ է լինում: Իմանալով, որ իր ընկերոհին չիրականացած նախագծեր
ուներ Դոմբիի առնչությամբ, միսիս Չիկը խզում է նրա հետ կապը: Իսկ քանի որ մայոր Բերգսթոկը
վաղուց արդեն լարում է Դոմբիին միսս Թոքսի դեմ, վերջինս հեռացվում է Դոմբիների տանից:
Էդիթ Գրեյնջերը դառնում է միսիս Դոմբի:
Մի օր Թուտսի հերթական այցից հետո Սյուզենը խնդրում է նրան
այցելել վարպետի խանութը և միսթր Ջիլսին հարցնել թերթում լույս տեսած հոդվածի մասին,
որն ինքը ողջ օրը թաքցրել է Ֆլորենսից: Հոդվածում հաղորդվում է, որ նավը, որով մեկնել
էր Ուոլտերը, խորտակվել է: Ջիլսի մոտ գտնում են Քատլին, որը չի կասկածում հոդվածի հաղորդմանը
և սգում է Ուոլտերի մահը:
Սգում է նաև Ջոն Քարքերը: Նա շատ աղքատ է, բայց նրա քույր
Հերիեթը նախընտրում է ապրել Ջեյմս Քարքերի հարուստ տանը: Մի օր Հերիեթն օգնում է տան
կողքով անցնող չքավոր մի կնոջ՝ Էլիս Մարվուդին: Այդ կինը եղել է կալանավայրում, իսկ
նրա անկման համար մեղավոր է Ջեյմս Քարքերը: Իմանալով, որ իրեն օգնում է Ջեյմսի քույրը,
կինը նզովում է Հերիեթին:
Միսթր և միսիս Դոմբիները տուն են վերադառնում ճամփորդությունից:
Էդիթը սառն ու անտարբեր է բոլորի հանդեպ, բացի Ֆլորենսից: Միսթր Դոմբին նկատում է դա
և շատ դժգոհ է: Այդ ընթացքում Ջեյմս Քարքերը հանդիպում է պահանջում Էդիթի հետ՝ սպառնալով,
որ կպատմի Դոմբիին Ֆլորենսի և Ուոլտերի ընկերության մասին և Դոմբին ավելի կհեռանա իր
աղջկանից: Այսպես նա իշխանություն է հաստատում Էդիթի վրա: Դոմբին փորձում է ենթարկել
Էդիթին իր կամքին: Սակայն իր ամբարտավանության պատճառով չի տեսնում կնոջն ընդառաջ ինքնուրույն
քայլ անելու ոչ մի հնարավորություն: Ստորացնելու համար վերջինիս՝ ասում է, որ հրաժարվում
է գործ ունենալ Էդիթի հետ առանց միջնորդի՝ Քարքերի:
Էլենի մայրը՝ միսիս Սքյութենը, ծանր հիվանդ է և Էդիթի ու
Ֆլորենսի հետ մեկնում է Բրայթոն, որտեղ շուտով մահանում է: Թուտսը, որը Բրայթոն է գալիս
Գլորենսի ետևից, սեր է խոստովանում նրան, սակայն ֆլորենսը ի դեմս նրա տեսնում է միայն
ընկերոջ: Նրա երկրորդ ընկերը՝ Սյուզենը, ի վիճակի չէ տեսնել տիրոջ անուշադիր վերաբերմունքը
դստեր հանդեպ: Փորձում է բացել նրա աչքերը: Դոմբին հեռացնում է նրան:
Դոմբիի և իր կնոջ միջև վիհն աճում է: Էդիթը
առաջարկում է բաժանություն, սակայն Դոմբին հրաժարվում է: Էդիթը
փախչում է Քարքերի հետ: Ֆլորենսը
փորձում է մխիթարել հորը, բայց
սա կասկածում է, որ
աղջիկն ամեն բան գիտեր և հարվածում է նրան: Ֆլորենսը
փախչում է վարպետի և նավապետ Քատլի մոտ:
Շուտով այդտեղ է վերադառնում Ուոլտերը: Չի խորտակվել: Նրան հաջողվել է փրկվել և վերադառնալ: Երիտասարդները պատրաստվում են ամուսնանալ: Սոլոմոն Ջիլսը նույնպես վերադառնում է: Եվ
ճիշտ ժամանակին: Հարսանիքից հետո Ուոլտերը և Ֆլորենսը մեկնում են նավով: Այդ
ընթացքում Էլիս Մարվուդը, ցանկանալով վրեժխնդիր լինել Քարքերից, իմանում է Ռոբ Թուդլից, թե որտեղ են մեկնում Քարքերը և Էդիթը: Հայտնում
է այդ մասին Դոմբիին: Նրան տանջում է խիղճը: Խնդրում
է Հերիեթին զգուշացնել եղբորը: Այն
պահին, երբ Էդիթը հայտարարում է Քարքերին, որ միայն ամուսնու հանդեպ ատելությունից է միացել նրա հետ, իսկ
իրականում նրան ավելի է ատում, դռան
ետևից լսվում է Դոմբիի ձայնը: Էդիթը
հեռանում է ետին դռնով և թողնում տղամարդկանց: Սակայն Քարքերին հաջողվում է փախչել: Նա
թաքնվում է մոտակա խուլ գյուղում, իսկ ավելի ուշ տեսնելով իր ետևից եկող Դոմբիին՝ փախչելիս ընկնում է գնացքի տակ:
Չնայած Հերիեթի հոգատարությանը՝ Էլիսը շուտով մահանում է: Եղբոր՝
Ջոն Քարքերի հետ նա դառնում է ժառանգության տեր և անգամ օգնում է սնանկացող Դոմբիին վերականգնել ձեռնարկությունը:
Դոմբին ճնշված է: Բոլորից
լքված՝ մնալով միայն Փոլլի Թուդլի և միս Թոքսի հետ նա հասկանում է, որ
այսքան տարիներ նրա կողքին էր սիրող դուստրը, որին նա չի նկատել: Ինքնասպան
լինելու ցանկություն ունի: Վերջին
պահին հայտնվում է Ֆլորենսը և կանխում հոր ինքնասպանությունը:
Դոմբիի ծերությունը ջերմացնում է Ֆլորենսի սերն ու ուշադրությունը: Նրանց այցելում են նավապետ Քատլը, Թոքսը
և ամուսնացած Թուտսն ու Սյուզենը: Նա կարողանում է իր չիրագործված սերը նվիրել թոռներին՝ Փոլին և Ֆլորենսին:
Չարլզ Դիքենս | Դոմբի և որդի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 17, 2015
Rating:
.jpg)