.jpg)
Օլիվեր Թվիստը ծնվել է աշխատանքային տանը: Մայրը հասցրել
է միայն մեկ հայացք գցել նրա վրա և մահացել է: Մինչև ինը տարեկան դառնալն այդպես էլ
չի հաջողվում պարզել, թե ովքեր են տղայի ծնողները:
Մանկությունը ծանր է: Չգիտի, թե ինչ բան է քաղցր խոսքը:
Գիտի միայն, թե ինչ է քաղցը, զրկանքները և ծեծը: Աշխատանքային տնից Թվիստին որպես աշակերտ
հանձնում են մի դագաղագործի: Այստեղ նա ծանոթանում է մանկատան մի տղայի՝ Նոե Քլեյփոլի
հետ, որը լինելով ավելի ավագ և ավելի ուժեղ, անվերջ ստորացնում է Օլիվերին: Թվիստը
դիմանում է այս ստորացումներին և վիրավորանքներին: Բայց երբ Քլեյփոլը վիրավորական արտահայտություն
է անում նրա մոր հասցեին, ծեծում է նրան: Օլիվերին պատժում են, և նա փախչում է դագաղագործից:
Ուղևորվում է Լոնդոն: Յոթերորդ օրը հասնում է Բարնետ քաղաքը,
որտեղ ծանոթանում է ցնցոտիներ հագած իր հասակակցի՝ Ջեկ Դաուկինսի կամ Ճարպիկ Խաբեբայի
հետ: Սա կերակրում է նրան և բերում է գողոնքի գնորդ, լոնդոնյան գողերի և խարդախների
կնքահայր ծեր հրեա Ֆեջինի մոտ: Սա խոստանում է Օլիվերին արհեստ սովորեցնել, իսկ հիմա
հանձնարարում է տղային հանել գողացված թաշկինակների վրայից նշանները: Արհեստի առաջին
դասը յուրացնելու համար գնում է գողության Ճարպիկ Խաբեբայի և Չարլի Բեյթսի հետ, սակայն,
տեսնելով, թե ինչպես են սրանք գողանում մի ջենթլմենի թաշկինակը, վախեցած փախչում է,
և նրան բռնում են: Սակայն ջենթլմենը կարեկցանքից դրդված՝ հրաժարվում է բողոքից և իր
մոտ է վերցնում տղային: Թվիստը հիվանդանում և ընկնում է անկողին: Միսթր Բրանլոուն և
նրա տնտեսուհի միսիս Բեդուինը խնամում են նրան և զարմանում հյուրասենյակի պատից կախված
դիմանակարին պատկերված կնոջ հետ տղայի նմանության վրա:
Ֆեջինը, վախենալով, որ Օլիվեր Թվիստը կմատնի իրեն, առևանգում
է նրան: Ուզում է նրան գող դարձնել և ամբողջովին ենթարկել իրեն: Ֆեջինը բանտից նոր
դուրս եկած Բիլ Սայքսին է հանձնում Օլիներին, որպեսզի սա տանի նրան «գործի»: Պետք է
թալանել հարուստ տուն, և Սայքսին անհրաժեշտ է նիհար տղա, որը ներս մտնելով պատուհանից,
կբացի կողոպտիչներին դուռը:
Օլիվերը որոշում է տան մեջ հայտնվելով աղմուկ բարձրացնել
և ոտքի հանել տան բնակիչներին: Բայց նա չի հասցնում: Կիսով չափ պատուհանի մեջ մտած՝
նրա ձեռքը վիրավորում են: Սայքսը դուրս է հանում նրան և քարշ է տալիս իր հետ արնոտ
տղային, բայց հետո գցում է ճանապարհին՝ չիմանալով՝ ո՞ղջ է տղան, թե՞ մեռած: Օլիվերը
իրեն քարշ է տալիս դեպի տան շքամուտքը: Տան բնակիչները՝ Միսիս Մեյլին և նրա ազգականութհին՝
Ռոզը, անկողին են պառկեցնում տղային և բժիշկ են կանչում: Հրաժարվում են ոստիկանություն
հանձնել նրան:
Այդ ժամանակ աշխատանքային տանը, որտեղ ծնվել է Օլիվերը, մեռնում
է ծեր պառավը, որը խնամում էր նրա մորը: Ծեր Սալլին կանչում է վերակացու միսիս Կորնիին
և խոստովանում է, որ գողացել է ոսկե իրը, որը մեռնող կինը խնդրել էր պահել, քանզի այդ
իրը կստիպի մարդկանց ավելի լավ վերաբերվել իր տղային: Չհասցնելով ավարտել իր միտքը՝
Սալլին մահանում է: Միսիս Կորնիի ձեռքին է մնում գրավադրման թուղթը:
Ֆեջինը անհանգստացած է Սայքսի բացակայությամբ և Օլիվերի ճակատագրով:
Նենսիի՝ Սայքսի ընկերուհու ներկայությամբ անզգուշորեն բղավում է, որ Օլիվերն արժե հարյուրավոր
փաունդներ: Նենսին հարբած ձևանալով՝ հետապնդում է Ֆեջինին և լսում նրա զրույցը ոմն
Մոնքսի հետ: Պարզվում է, որ Ֆեջինը գող է սարքում Օլիվերին այդ մարդու պահանջով: Ֆեջինը
խոստանում է նրան գտնել Օլիվերին՝ ողջ կամ մեռած:
Այդ ընթացքում Մոնքսը զուր ժամանակ չի կորցնում: Օլիվերի
ծննդյան քաղաքում գտնում է միսիս Կորնիին, որն արդեն ամուսնացել է և դարձել միսիս Բամբլ:
Քսանհինգ փաունդով գնում է նրանից ոսկե քսակը, որը ծեր Սալլին հանել է Օլիվերի մահացած
մոր մարմնից: Քսակն ունի ոսկե մեդալիոն, որի մեջ դրված է երկու մազափունջ և ամուսնական
մատանի: Մեդալիոնի ներսի կողմի վրա քերված է «Ագնես» անունը: Կա նաև թվական, որը տարով
համընկնում է Օլիվերի ծննդյան տարվա հետ: Մոնքսը նետում է քսակը գետը: Վերադառնալով
պատմում է այդ մասին Ֆեջինին, և Նենսին դարձյալ ականջ է դնում նրանց:
Նենսին շտապում է լեդի Մեյլիի կացարանը և ամեն բան պատմում
է Ռոզին:
Ռոզը չգիտի, թե ում դիմի խորհրդի համար: Օգնում է պատահականությունը:
Օլիվերը փողոցում հանդիպում է միսթր Բրաունլոյին և իմանում է նրա հասցեն: Երկուսով
գնում է միսթր Բրաունլոյի մոտ, որը լսելով Ռոզին, գործին մասնակից է դարձնում նաև բժիշկ
Լոսբերնին, իր ընկեր միսթր Գրիմուիգին և միսիս Մեյլիի որդուն՝ Հարրիին, որը սիրում
է Ռոզին: Այդ զգացմունքը փոխադարձ է: Որոշում են, որ Նենսին պիտի նրանց ցույց տա Մոնքսին:
Նենսին կարողանում է տնից դուրս գալ միայն մեկ շաբաթ հետո:
Սկզբում նրան չի թողնում Սայքսը, իսկ հետո Ֆեջինը, որն ի վերջո բաց է թողնում աղջկան,
սակայն հրամայում է իր նոր աշակերտին՝ Նոե Քլեյփոլին հետևել իրեն: Լսելով Քլեյփոլի
հաշվետվությունը՝ Ֆեջինն ընկնում է ցասման մեջ: Նա կարծում էր, թե Նենսին նոր սիրեկան
է գտել, սակայն գործը շատ ավելի բարդ է: Ֆեջինը որոշում է պատժել Նենսիին Սայքսի ձեռքերով:
Ասում է Սայքսին, որ Նենսին մատնել է իրենց բոլորին: Սայքսը գազանաբար սպանում է աղջկան:
Այդ ընթացքում Բրաունլոուն վարում է սեփական քննությունը:
Նենսիից ստացած լինելով Մոնքսի նկարագիրը՝ նա վերականգնում է տարիներ առաջ տեղի ունեցած
դրաման: Մոնքսի հայրը Բրաունլոյի վաղեմի ընկերն է: Դժբախտ է եղել ամուսնության մեջ,
նրա որդին արատավոր հակումներ ուներ և այդ մարդը թողնում է իր ընտանիքը: Սիրահարվում
է երիտասարդ Ագնես Ֆլեմինգին: Գործերով հեռանում է Հռոմ և այնտեղ վաղաժամ վախճանվում
է: Նրա կինն ու որդին նույնպես գալիս են Հռոմ: Թղթերի մեջ գտնում են նամակ, որը հասցեագրված
է Բրաունլոուին: Այստեղ է Ագնեսի կտակը: Նա խնդրում է սիրելի Ագնեսին միշտ կրել քսակը
և մեդալիոնը: Իր կնոջը և որդուն նա թողել է ութհարյուրական փաունդ, իսկ մնացյալ ողջ
ունեցվածքը Ագնեսին և իրենց ծնվելիք որդուն, որը կկարողանա ստանալ իր բաժինը չափահաս
դառնալուց հետո: Պարտադիր պայման է նաև այն, որ այդ որդին չպիտի խայտառակած լինի իրեն
որևէ արատավոր արարքով: Պարզվում է, որ Ագնեսի հայրը մահացել է վշտից, Ագնեսին կորցնելուց
հետո: Ագնեսն ուներ նաև կրտսեր քույր: Դա Ռոզն է:
Մոնքսը տասնութ տարեկանում թալանել էր մորը և փախել: Վարում
էր արատավոր կյանք: Նրա մայրը մահից առաջ պատմել էր նրան կտակի մասին և Մոնքսը փորձում
է իրագործել իր դիվային նախագիծը, որին կյանքի գնով խանգարեց Նենսին:
Միսթր Բրաունլոուն ստիպում է Մոնքսին հեռանալ Անգլիայից:
Նա որդեգրում է Օլիվերին: Բիլ Սայքսը մեռնում է՝ տառապելով անմաքուր խղճից: Նրան չեն
հասցնում ձերբակալել: Իսկ Ֆեջինը մահապատժի է ենթարկվում:
Չարլզ Դիքենս | Օլիվեր Թվիստի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 03, 2015
Rating:
.jpg)