Շառլ Բոդլեր «Չարի ծաղիկներ» համառոտ

Շառլ Բոդլեր
Չարի ծաղիկներ
(համառոտ)

1857

Շառլ Պիեռ Բոդլերը մեծագույն նորարար է ֆրանսիական ու եվրոպական քնարերգության մեջ: Նա որպես «դարի վերջին զավակներից մեկը», իր ստեղծագործությամբ նշանավորել է լուսավորական-ռոմանտիկական գրականության ու գեղագիտության վերջնակետը և գեղարվեստական նոր միտումների սկիզբը՝ այսպես կոչված մոդեռնիտեն: Ամենադիպուկ խոսքը Բոդլերի մասին ասել է նրա ժամանակակիցը՝ ֆրանսիացի բանաստեղծ Թեոֆիլ Գոթիեն. «Չարի ծաղիկների» բանաստեղծը սիրել է այն ոճը, որը սխալ կերպով կոչում են անկումային. դա իրականում զառամող քաղաքակրթությունների մայրամուտի պահն է. այն ոճը, որ խորն է, բարդ, ճարտար, նրբերանգներով ու որոնումներով լի, որ դուրս է գալիս սովորական լեզվի սահմաններից, իր արտահայտությունները փոխառում է տեխնիկական բոլոր բառամթերքներից, օգտվում բոլոր գունապնակներից, բոլոր ստեղներից, ձգտում է որսալ գաղափարը՝ դրա ամենաանհաղորդ նրբություններով, իսկ ձևը՝ նրա ամենամշուշոտ ու անորսալի գծագրերովԱյդ ոճը նոր ձևի մեջ արտահայտված նոր գաղափարները հաղորդում է նոր, մինչ այդ չլսված բառերով: Հակառակ դասական ոճի, նա տեղի է տալիս մթամածության, որի մեջ տարտամորեն վխտում են սնահավատության դիմակները, անքնության ահաբեկող տեսիլները, գիշերվա սարսափները, խղճի խայթոցները, որոնք ցնցվում ու արթնանում են ամենաչնչին շրշյունից, հրեշավոր անուրջները, մարմնավորել չկարողացող, խավարածին ցնորքները, որոնք զարմանք կպատճառեին ցերեկվա լույսին, այն ամեն մշուշապատը, անձրևն ու անհասկանալի ահավորը, որ թաքցնում է հոգին իր ամենագաղտնի ծալքերում»:
«Չարի ծաղիկներ» ժողովածուն լույս է տեսել 1857 թ.: Բաղկացած է հետևյալ շարքերից՝ «Մելամաղձ և իդեալ», «Փարիզյան պատկերներ», «Գինին», «Չարի ծաղիկներ», «Ընդվզում», «Մահը»:
Մելամաղձ և իդեալ
Այս մասն ամենաերկարն է, բայց նաև ամենակարևորը ժողովածուի ընդհանուր ըմբռնման տեսակետից: Հեղինակը պատմում է, թե ինչ պայքար է ընթանում մարդկանց հոգիներում, թե ինչպես են նրանք տառապում կասկածներից: Մեղքերն ու սխալները մղում են նրանց մութի ու խավարի անդունդը, սակայն բարձր ու վեհ մտքերը ձգում են նրանց հոգին երկինք: Շարքի վերջին բանաստեղծության մեջ քնարական հերոսի հոգին հուսալքության ծանծաղուտում է, որից չի կարող դուրս գալ և տառապում է մելամաղձից:
Փարիզյան պատկերներ
Տառապողի հոգին միայնակ է անգամ մարդաշատ Փարիզի փողոցներում:
Գինին
Քնարական հերոսը փորձում է մեղմել իր ցավը գինու և թմրադեղերի աշխարհում: Բայց սրանք միայն ավելի են ծանրացնում նրա վիճակը: Նրա գիտակցությունը խավարում է, և նա չի կարող տարբերել բարին ու չարը:
Չարի ծաղիկներ
Քնարական հերոսը չի կարող դիմադրել գայթակղություններին, գործում է սխալը սխալի ետևից: Նա դիմում է այլասերության, հեշտասիրության, անգամ սպանության: Սակայն մեղքի քաղցրությունը, ինչպես և գինու քաղցրությունը վաղանցիկ է: Իսկ իդեալն այդպես էլ գտնված չէ:
Ընդվզում
Սեփական մեղքերի և անկարողության գիտակցության մեջ թաղված քնարական հերոսը ձեռնոց է նետում ճակատագրին և աշխարհին: Տրտնջում է աշխարհի կարգից, որի հետ մտադիր չէ հաշտվել: Նա դիմում է սատանային, մերժում է Աստծուն, հիշում է Կայենին:
Մահը
Վերջապես տանջված հոգին գտնում է հանգիստ: Բայց դա մահն է: Ամեն դեպքում իդեալը, հանուն որի հերոսը անցել էր մեղքերի և սխալների իր ուղին, գտնված չէ:

Նա անցել է հինգ փորձության միջով՝ սիրո և արվեստի, մեծ քաղաքի, հարբեցողության, հեշտասիրության և ընդվզման:  
Շառլ Բոդլեր «Չարի ծաղիկներ» համառոտ Շառլ Բոդլեր «Չարի ծաղիկներ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:44:00 Rating: 5
Технологии Blogger.