Լոդովիկո Արիոստո | Մոլեգին Ռոլանդը | համառոտ


Բոյարդոյի «Սիրահարված Ռոլանդի» բոլոր նմանակողներին և դրա ավանդույթի հետևորդներին ստվերում է Լոդովիկո Արիոստոն (1474 — 1533)՝ «Մոլեգին Ռոլանդի» հեղինակը: Այս պոեմը ինչպես իր ձևով, այնպես էլ բովանդակությամբ ուշ Վերածնության ազնվական մշակույթի փառահեղ արտահայտությունն է: Արիոստոն այստեղ պատկերում է իտալական պալատական կենցաղի փայլն ու գեղեցկությունը: Նա պատկերում է դրանք անտիկ-հեթանոսական կենսառատությամբ:
Պոեմը տպագրվել է 1516 թ. Այն պարունակում է 46 երգ: Մտահղացված է որպես Բոյարդոյի պոեմի շարունակություն, այնպես որ պատումը մեկնարկում է այն տեղից, որտեղ այն ընդհատել էր Բոյարդոն: Կոմպոզիցիան հիմնված է մեկ դրվագից մյուսին անսպասելի անցումներ կառուցելու սկզբունքի վրա, երբ պատումային մի քանի գծեր միահյուսվում են:
«Մոլեգին Ռոլանդի» բարդ և բազմաշերտ սյուժեում կարելի է առանձնացնել երեք հիմնական թեմա:
Առաջին թեման ավանդաբար ժառանգված է կառոլինգյան էպոսից: Դա Կառլոս Մեծի պատերազմն է սարակենների դեմ: Պոեմի սկզբում սարակենների արքա Ագրամանտի զորքը կանգնած է Փարիզի մատույցներում: Պոեմի ավարտին սարակենները ջախջախված են, իսկ քրիստոնեական աշխարհը՝ փրկված: Երկու այս իրավիճակների արանքում ներկայացվում են բազմաթիվ իրադարձություններ, որոնց մասնակիցներն են երկու զորքերի ասպետները: Քրիստոնյաների և անհավատների պայքարն ինքը չունի Արիոստոյի համար այն նշանակությունը, որը սույն թեման կստանա Տասսոյի դեպքում: Բազմաթիվ դրվագներ Արիոստոն մեկնաբանում է հեգնանքով:
Երկրորդ թեման Ռոլանդի սերն է Անժելիկայի հանդեպ, զգացմունք, որը հասցնում է ասպետին խելագարության: Ռոլանդը քարշ է գալիս թեթևաբարո և դաժան գեղեցկուհու հետևից, որը կռվախնձոր է քրիստոնյաների և սարակենների համար: Անժելիկան հանդիպում է հրաշագեղ սարակեն երիտասարդ ասպետին՝ Մեդորին, որը ծանր վիրավոր է: Աղջիկը փրկում է նրան և սիրահարվում: Ռոլանդը, հետապնդելով Անժելիկային, հայտնվում է անտառում, որտեղ Անժելիկան և Մեդորը վայելում են իրենց սերը: Ասպետը խելագարվում է խանդից: Պոեմի ամփոփիչ դրվագը, չնայած սյուժեի ողջ դրամատիկությանը, ունի կոմիկական բնույթ: Աստալֆը գտնում է Ռոլանդի կորցրած բանականությունը լուսնի վրա, որտեղ երկրի վրա խելքը կորցրած բազում մարդկանց բանականությունները պահվում են ապակե անոթներում: Անոթների վրա փակցված են տերերի անվան պիտակները: Մարդկային հիմարությունը լուսնի վրա անհնար է գտնել: Այն գոյություն ունի միայն երկրի վրա:
Երրորդ թեման երիտասարդ սարակեն հերոս Ռուջերոյի Ռինալդոյի ռազմասեր քրոջ Բրադամանտայի հանդեպ սիրո պատմությունն է: Նրանց միությունը պիտի սկիզբ տա Էստեների՝ Արիոստոյի մեկենասների իշխանական տանը:
Հիմնական երեք թեմաներից զատ պոեմն ունի բազում ուրիշ հերոսական և ռոմանտիկական դրվագներ: Կերպարների ընդհանուր թիվը հասնում է երկու հարյուրի: Նրանց թվում են՝ կախարդները, հսկաները, մարդակերները, հրեշները
«Մոլեգին Ռոլանդի» հիմնական ոճային տարրը հեգնանքն է: Արդեն Բոյարդոն էր օգտվում հեգնանքից՝ պատմելով ասպետների արտասովոր սխրագործությունների մասին: Արիոստոն ավելի առաջ է գնում: Նա հետևողականորեն կիրառում է հեգնանքը հրաշքների և սխրանքների ֆանտաստիկական աշխարհի նկատմամբՀումանիստ բանաստեղծը, իհարկե, իր հատուկ վերաբերմունքն է արտահայտում միջնադարյան ասպետական վեպի նյութի հանդեպ: Խոսելով գերբնական բաների մասին՝ նա դիտավորյալ նյութականացնում և աբսուրդի է վերածում դրանք: Այդպիսին է, օրինակ՝ Ռոլանդի կռիվը ծովային հրեշի դեմ: Պատկերելով Աստալֆի այցելությունն անդրաշխարհ՝ Արիոստոն տալիս է Դանտեի պարոդիան: Դաժան գեղեցկուհիները, որոնց որպես պատիժ իրենց սառնության համար կախել են քարանձավում, ակնարկում են Ֆրանչեսկա դա Ռիմինիի դրվագը: Արիոստոյի խնդիրը, սակայն, միևնույն ժամանակ ասպետականությունը նոր հումանիստական բովանդակությամբ հարստացնելն է:
«Մոլեգին Ռոլանդը» XVI դ. իտալական կյանքի յուրահատուկ բանաստեղծական հանրագիտարան է, որն արտացոլում է դարաշրջանի հակասությունները: Որպես Վերածնության իսկական արվեստագետ Արիոստոն ասես նորից բացահայտում է մարդուն և աշխարհը:
Որպես հումանիստ նա երգում է մարդու գեղեցկությունը և առաքինությունը՝ ներկայացնելով սերը որպես ուժեղ և բնական զգացմունք:

Արիոստոյի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել եվրոպական պոեզիայի հետագա ընթացքի վրա: «Մոլեգին Ռոլանդի» ավանդույթի հետ տարբեր չափով կապված են ՎոլտերըՕռլեանի կույսը»), ՎիլանդըՕբերոն»), ԲայրոնըԴոն Ժուան»), ՊուշկինըՌուսլանը և Լյուդմիլան»):
     
Լոդովիկո Արիոստո | Մոլեգին Ռոլանդը | համառոտ Լոդովիկո Արիոստո | Մոլեգին Ռոլանդը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:10:00 Rating: 5
Технологии Blogger.