Էմպեդոկլես համառոտ

Էմպեդոկլես
(համառոտ)



Ագրիգենտցի Էմպեդոկլեսը (Ք. ա. 484-481 - 424-421)՝ հետևելով Պարմենիդեսին կարծում է, որ գոյացումը ոչինչից անհնար է, քանզի գոյությունը կա, իսկ չգոյությունը՝ ոչ: Փիլիսոփայի երկու պոեմներից՝ «Բնության մասին» և «Մաքրագործումներ», պահպանվել են դրվագներ: Ծնունդ և մահ ըստ Էմպեդոկլեսի գոյություն չունի, իսկ այն, ինչը մարդիկ այդպես են կոչում, լոկ խառը վիճակների գոյացություններ են, որոնք կազմալուծվելով հանգում են հավերժական սուբստանցներին: Դրանք չորսն են՝ ջուրը, օդը, հուրը և հողը: Էմպեդոկլեսը կոչում է դրանք բոլոր իրերի արմատներ:
Հոնիացի փիլիսոփաները ընտրում էին նշված սկբունքներից որևէ մեկը մյուսը, իսկ մյուսները ածանցում էին: Էմպեդոկլեսի նորարարությունն այն է, որ նա իր սկզբունքները հռչակում է որակապես անփոփոխ: Առաջ է գալիս տարրի հասկացությունը, որը չի կարող փոխվել, այլ կարող է կամ մեխանիկորեն միանալ մյուս տարրերի հետ, կամ բաժանվել նրանցից:
Չորս տարրերը միանալով կազմում են իրերը, իսկ բաժանվելով՝ դառնում են դրանց կործանման պատճառ: Ուժերը, որոնք ընկած են միացումների և բաժանումների հիմքում, Սիրո և Թշնամության տարերքներն են: Ճակատագիրը որոշում է այդ ուժերի հաջորդական իշխանությունը: Կոսմոսը գոյանում է ոչ միայն Սիրուց, այլև Թշնամությունից: Կատարելության պահը ոչ թե Կոսմոսի կազմավորումն է, այլ Գնդի հաստատումը:    
Իրերից անջատվում են ալիքներ, որոնք հարվածելով մեր զգայարաններին՝ թույլ են տալիս, որ մենք մեր մեջ եղած տարրերի միջոցով ճանաչենք իրերի մեջ եղած համանման տարրերը: Հուրը ճանաչում է հուրը, ջուրը՝ ջուրը և այլն: Մտածողությունը սրտի մեջ է, իսկ արյունը հնարավոր է դարձնում մտքերի շրջանառությունը:
Մարդու հոգին մեղքի դիմաց Օլիմպոսից վտարված դեմոն է: Վերածնության և մաքրագործման ուղին անցնելով մարդը կարող է վերադառնալ աստվածների մոտ, որտեղ չկա ցավ և դժբախտություն: 
Էմպեդոկլես համառոտ Էմպեդոկլես համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:46:00 Rating: 5
Технологии Blogger.