Արթյուր Ռեմբո | Պայծառացումներ


Արթյուր Ռեմբոյի (1854-1891) սիմվոլիստական ժառանգության կարևորագույն երկը «Պայծառացումներ» ժողովածուն է: Թերևս շարքի միայն երկու ստեղծագործություններ կարող են համարվել չափածո՝ «Մարինան» և «Շարժումը»:
Ժողովածուն չունի որոշակի թեմատիկ բովանդակություն: Առանձին գործերը հաճախ հիշողության մեջ արթնացող պատկերների կամայական կապակցումներ են կամ թմրադեղերի ազդեցությամբ առաջ եկած պատկերների դրվագներ, որոնք, ինչպես ասում էր Վերլենը, կազմում են «մոգական բնանկարներ»:
Ժողովածուի վերնագիրն ունի երկակի իմաստ, քանզի Les Illuminations-ը կարող են հասկացվել որպես գունավոր պատկերներ և միաժամանակ որպես ուրիշ աշխարհից այցելած պայծառացումներ:
Կաթոլիկական ուղղության գրողներն ու հետազոտողները փնտրում են «Պայծառացումներում» կրոնափիլիսոփայական իմաստ: Այսպես Պոլ Կլոդելը կոչում է Ռեմբոյին «վայրենության հասած միստիկ»:
Ռեմբոն հրաժարվում է բառերի անմիջական իմաստներից հօգուտ տեսողական զուգորդությունների, հնչյունային համադրությունների և տրամաբանական անկապության: Մալարմեի և Վեռլենի հետ միասին նա փորձում է ազատել արվեստը ինտելեկտուալ բովանդակությունից: Տրամաբանական կապի թուլացումը ստեղծագործության մեջ պայմանավորված է նրանով, որ բանաստեղծը խուսափում է ավարտի հասցնել սկսած միտքը կամ պատկերավոր գաղափարը: Հազիվ սկսած լինելով այն՝ նա անցնում է մյուսին, հետո հաջորդին: Կառուցելով համեմատություն՝ նա կարող է նշել այն, ինչի հետ համեմատում է, բայց չնշել այն, ինչը համեմատում է:
«Պայծառացումներում» առկա հավատը պայծառատեսական պոեզիայի բացարձակ հնարավորությունների նկատմամբ համադրված է տրանսցենդենտալ որոնումների անհիմնության համոզմունքին: «Ես լռության մագիստրոս եմ» արտահայտության կողքին Ռեմբոն կարող է պատմել, թե ինչպես է ծանր խոհերին տրվելով երևակայում «մետաղյա կամ քարե գնդեր»:
«Իմ իմաստնությունն անարգում են որպես քաոս: Բայց ի՜նչ է իմ չգոյությունը ձեզ սպասող քարացման կողքին»:
«Թափառականները» արձակ բանաստեղծության մեջ նա հաղորդում է, թե ինչպես է կոչ արել Վեռլենին վերադառնալ «արեգակի որդու նախնական վիճակին»: Հավատալով, որ արվեստը չպիտի արտացոլի իրական աշխարհը՝ Ռեմբոն տեսնում է բանաստեղծի խնդիրը «իր փորձերում կատարյալ և անկանխատեսելի էություններ ստեղծելու» մեջ: «Պատանեկություն» բանաստեղծության մեջ նա հանգում է սոլիպսիզմի՝ համարելով, որ բանաստեղծի մահվան դեպքում աշխարհը կկրի արմատական փոփոխություններ:
Հետևելով իր նպատակին Ռեմբոն աստիճանաբար տարրալուծում է ռացիոնալը երաժշտականի մեջ՝ կանխարկելով մոդեռնիստական մի շարք միտումներ:

Արթյուր Ռեմբո | Պայծառացումներ Արթյուր Ռեմբո | Պայծառացումներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:46:00 Rating: 5
Технологии Blogger.