Պարմենիդես համառոտ

Պարմենիդես
(համառոտ)



Էլեացի Պարմենիդեսը (Ք.ա. VI - V) եղել է պյութագորյան փիլիսոփա Ամինիասի աշակերտը: Նրա «Բնության մասին» պոեմից պահպանվել է մուտքը, առաջին մասը գրեթե ամբողջությամբ և երկրորդ մասի որոշ դրվագներ:
Պարմենիդեսը հանդես է գալիս որպես խոշոր նորարար: Տիեզերաբանության նրա ուսմունքը մասամբ վերափոխվում է գոյաբանության: Իր մտքերը Պարմենիդեսը վերագրում է աստվածուհուն, որը տանում է իր ետևից փիլիսոփայի կառքը: Այսպես, Արդարության (Դիկե), Գիշերվա և Ցերեկվա ուղեկցությամբ փիլիսոփան հասնում է իր նպատակին: Ճշմարտության դիցուհին հայտնում է նրան, որ նախ հարկ է ճանաչել մեկը: Մեկի ճանաչողության ուղիները երեքն են՝ բացարձակ ճշմարտության ուղին, փոփոխական կարծիքների, կեղծիքի և սխալների ուղին և գովեստի արժանի կարծիքների ուղին:
Ամենից առաջ հարկ է հասկանալ, որ գոյությունը կա և չի կարող չլինել: Հետևաբար գոյությունը և չգոյությունն ունեն ինտեգրալ նշանակություն. գոյությունը դրական է, իսկ չգոյությունը՝ բացասական: Փաստարկումը պարզ է: Այն ամենը, ինչի մասին խոսվում և մտածվում է, գոյություն ունի: Մտածողությունը մշտապես ինչ-որ բանի մասին է: Ոչինչն անմտածելի և անարտահայտելի է: Հետևաբար մտածելը և գոյություն ունենալը համընկնում են: Այս կետը որոշիչ կդառնա Պլատոնի գոյաբանական և տրամաբանական մի շարք թեզերի համար:
Գոյությունը չունի սկիզբ և անկործան է: Քանզի եթե այն ունենար սկիզբ, պիտի որ գոյացած լիներ չգոյությունից, իսկ դա անհնար է: Բացի այդ գոյությունը չի ճանաչում ժամանակ: Այն չունի անցյալ և ապագա, քանի որ սրանք չգոյության մոդուսներ են, իսկ գոյությունը հավերժական ներկա է: Գոյությունն անփոփոխ, անշարժ և հավասարաչափ է, այն չի լինում ավել կամ պակաս:
Միլետացիներ Թալեսի, Անաքսիմանդրոսի և Անաքսիմենեսի տիեզերաբանությունը հիմնվում էր ընդդիմությունների դինամիկայի վրա, որտեղ մի սկզբունքը մտածվում էր որպես դրական, իսկ մյուսը որպես բացասական: Սակայն ըստ Պարմենիդեսի ինքն ընդդիմությունը կարող է հասկացվել լոկ գոյության բարձրագույն միասնության մեջ ներառվելու դեպքում:
Հասկանալի է, որ աշխարհում, որտեղ չգոյությունը բացակայում է, չկա մահ: Հայտնի է, որ Պարմենիդեսը զգայականություն էր վերագրում դիակներին:
Պարմենիդեսի գոյությունը չունի դիֆերենցումներ՝ ոչ որակական, ոչ քանակական: Ահա ինչու նրա աշակերտները ուշ թե շուտ ստիպված էին բացատրել ֆենոմենալ աշխարհի անցողիկության և փոփոխականության համառ փաստը:    
Պարմենիդես համառոտ Պարմենիդես համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:59:00 Rating: 5
Технологии Blogger.