Ղազարոս Աղայան | Երկու քույր | համառոտ


Արզումանը մեծ օջախի որդի է, բայց այժմ իր մոր մինուճարն է. չունի ո'չ հարստություն, ո'չ ուրիշ բան, սակայն քաջ է, ունի անվեհեր սիրտ… «Մի տեսակ ժառանգական հպարտություն կար նրա մեջ, որովհետև նա իր չքավոր տեղովը հարուստ ու կարող մարդու շլինք չէր ծռում, և նրանց բոլորին իրեն թշնամի, իր հայրական  սեփականության հափշտակիչ համարելով՝ միշտ աշխատում էր վնասել նրանց, որքան որ իր ձեռքից կգար»:  Արզումանը և ուրիշ տղաներ գիշերներն իրենց  «համեղ վրեժն են լուծում» գյուղի տերերից՝ թալանելով նրանց ու իրենց համար համեղ խորտիկներ ձեռք գցելով:
Մի գիշերային հաջող որսից հետո Արզումանն իր ընկերների հետ բարձրանում են Ճաղարանց Թաթոսի տափը, որ քյոխվի՝ Արզումանին բաժին հանած մասը վարեն: «Խոփդ սուր է, բայց հանդը բաժանովի է»: Այս առածը խեղճերն են ասում, իսկ տերերի առածն ասում է, որ «Քաջերի սահմանն իրեց զենքն է»: Ճաղարանց Թաթոսը գյուղի գայլերից է, որոնք սուտ վկայություններով օգուտ են անում ուրիշներին ու դրանից բաժին ունենում: Դրա մասին է պատմում Սարգիս բիձու «Միջանկյալ» պատմությունը: Ճաղարանց Թաթոսը չի կարող մարսել հանդուգն արարքը, չնայած որ ի սկզբանե այդ հողը պատկանել է Արզումանենց: Թաթոսն այն յուրացրել է: Թաթոսը Արզումանի ու նրա հրոսակախմբի դեմ է ուղարկում իր որդիներին ու թոռներին՝ տասից ավել մարդ: Երբ բանը հասնում է կռվին ու փոխադարձ վիրավորանքներին, Արզումանըաչքերն արյունած, սպանում է Թաթոսի որդիներից 3-ին, մի քանիսին ծանր վիրավորում, մնացյալին էլ փախուստի է մատնում: Վիճակն ավելի է սրվում, երբ Մարիամն իր  քրոջը՝ Հերիքնազին՝ Արզումանի սիրած աղջկան, հաղորդում է, թե Ճաղարանց Թաթոսը մտադիր է Հերիքնազին «իր տղայի համար ուզի»: Արզումանը սիրում է Հերիքնազին, սակայն կա պատվի հարց, որը նրան թույլ չի տալիս աչք փակել անարդարության վրա, որի հեղինակն է Թաթոսը: «Թե որ բանն էնպես պատահի, որ երկար ժամանակ էլ չտեսնենք մեկմեկու, խոսք կտա՞ս ինձ, որ մինչև ի մահ չլսես, ուրիշ մարդու չգնաս»,- հարցնում է նա Հերիքնազին:
Արզումանը իր քաջությունը ժառանգել է հորից: Սակայն նա ունեցել է ևս 7 եղբայր, որոնք «բոլորեքյան 20-22 տարեկան ժամանակ էին մեռել և ոչ մեկը իր բնական մահով երեքը բանտումն էին մեռել և երեքն՝ աքսորավայրում, և այս՝ իրենց անվեհեր ու ազնիվ սիրտ ունենալու համար միայն»: Ինչ վերաբերում է Հերիքնազին, ապա «Հերիքնազն այն աղջկերանցից էր, որին սովորաբար ղըզողլան անուն են տալիս գեղցիք, կանացի քնքշության ու գեղեցկության հետ նա ուներ և այրականություն, որ հարկ եղած դեպքերում գործ էր դնում և զարմացնում կտրիճներին»:
Մարիամի ծնողները ժամանակին դստերը իրենց կամքով հանձնել էին Շամիրին: Սկզբնական փոխադարձ հարգանքն անհետացել էր և Շամիրի սրտում միայն մեկ միտք-մտահոգություն էր մնացել. չլինի այնպես, որ կինը հանկարծ դավաճանի իրեն: Գնալով այս կասկածն աճում է՝ դառնալով վտանգավոր: Պայթյունի պատճառ է դառնում գյուղացիներից մեկի խոսքը՝ ուղղված Թաթոսին, ով մեղադրում է մեկ այլ գյուղացու Արզումանին թաքցնելու մեջ: Մինաս անունով մեկը Վարդանին՝ մեղադրվող գյուղացուն, արդարացնելու համար ասում է. «Արզումանին աղջկերքն են տեսել ծաղկաքաղին. Շամիրի կնկա հետ է խոսեցել. գիշերն էլ վերի աղբյուրի մոտ են տեսել, էլի Մարիամի հետ»: Շամիրը հետևում է կնոջը, և երբ սա մի օր գնալիս է լինում Արզումանի մոտ, որ նրանից լուրեր հասցնի քրոջն ու Արզումանի մորը, Շամիրը սպանում է կնոջը, ապա հանելով գոտին կախում է նրան ծառից՝ պատահածը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար: Վերադառնալով տուն՝ ձևացնում է, թե անհանգիստ է կնոջ ուշացման համար: Գյուղացիներին ոտքի է հանում և քրոջը փնտրելու է ելնում նաև Հերիքնազը, որը գիշերով Արզումանի հետ հանդիպելուց հետո առավոտյան ծառից կախված գտնում է քրոջ դին ու անշնչանում նրա ոտքերի տակ:
Երկու քույրերի համար մի փոս են փորում, իսկ քահանան հրաժարվում է «ինքնասպանություն գործած» Մարիամին հոգեհանգիստ տալ:
Արզումանը ինքնասպան է լինում: «Նա զգում էր, որ իր պատճառով են մեռել այդ անմեղ գառնուկները և այդ զգացումը նրան մղում էր, որ ետ չմնա իր սիրելիներից…»:
Շամիրը թաղմանը չի երևում: Նա Արզումանի մոտ ընկերոջից իմանում է, որ իր կինն անմեղ էր: Իմանում է, թե ինչպես էր ստացվել, որ Արզումանին ու Մարիամին միասին էին տեսել: Իրեն սարերն է նետում, ապա մեծ ժայռից ցած է նետվում ու «գտնում է այդտեղ իր դժոխքը»:


Տես նաև Մուրացան Առաքյալը, Ակսել Բակունց Ալպիական մանուշակ և Նար-Դոս Աննա Սարոյան
Ղազարոս Աղայան | Երկու քույր | համառոտ Ղազարոս Աղայան | Երկու քույր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.