Լևոն Շանթ | Հին աստվածներ | համառոտ



   «Հազարամյակ մը մեզմե առաջ»։ Սևանա կղզում իշխանուհի Մարիամի նախաձեռնությամբ կառուցվում է եկեղեցի: Վանահայրն անհամբեր սպասում է շինարարության ավարտին, որպեսզի ի վերջո կարողանա նվիրագործել այն Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը: Իշխանի դուսրը՝ Սեդան, ցերեկ-գիշեր, արթմնի, թե երազում, որպես ուրվական այցելում է աբեղային և աշխարհիկ կյանք մտնելու կոչ անում։
Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրն ի դեմս նրա տեսնում է համախոհ և հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի, ուստի աբեղայի ճանապարհից շեղվելն ու տառապելը մեծ հիասթափությամբ ու ցավով է ընդունում:
Միաժամանակ վանահայրը դժվարությամբ խոստովանում է ինքն իրեն, որ կառուցվող եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդի և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում, ինչպես մոխրի տակ թաքնված կրակը։ Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը, որ ազատ կլինի անձնական տարրերի ներկայությունից։
Սակայն նրա ջանքերը զուր են։ Նրա ողբերգությունն ավելի անտանելի է դառնում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի արևը, աբեղան իրեն նետում է լիճը: Մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվում են ավերել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը։
Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում է փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու իր եկեղեցին, որի «Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս»։

Լևոն Շանթ | Հին աստվածներ | համառոտ Լևոն Շանթ | Հին աստվածներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:33:00 Rating: 5
Технологии Blogger.