Տրիստան և Իզոլդա | համառոտ



Մելիադուկ թագավորի կինը ծնում է որդի և հազիվ հասցնելով համբուրել նորածնին՝ մեռնում է: Տղայի անունը դնում են Տրիստան (triste ֆրանսերեն նշանակում է տխուր): Տրիստանը մեծանում է, սովորում է գործածել նիզակ, թուր և աղեղ: Ատում է ամենայն կեղծիք ու դավաճանություն, օգնում է թույլերին:
Տասներկու տարեկանից Տրիստանը ապրում և դաստիարակվում է իր քեռու՝ Կորնուելսի թագավոր Մարկի արքունիքում: Կորնուելսը տուրք է վճարում իռլանդացի արքայազն Մոռոլտին: Տրիստանը մենամարտի է կանչում Մոռոլտին և սպանում է՝ ազատելով Կորնուելսը: Սակայն ինքը Տրիստանը այդ մարտում վիրավորվում է, և վերքը երկար ժամանակ չի լավանում: Պալատական տիկնանցից մեկը խորհուրդ է տալիս միջոց փնտրել օտար ափերում: Ճակատագրի հեգնանքով Տրիստանը հայտնվում է Իռլանդիայում՝ Մոռոլտի քրոջ արքունիքում: Այստեղ ներկայանում է Տանտրիս անունով և օգնություն է ստանում թագուհու դուստր գեղեցկուհի Ոսկեհեր Իզոլդայից, որը գլուխ է հանում բժշկությունից: Ապաքինվելուց հետո Տրիստանը կռվում է Իռլանդիային սպառնացող հսկա վիշապի հետ և սպանում է նրան: Բայց դա էլ պատճառ է դառնում նրա բացահայտման, քանզի վիշապի վրա նրա թրի թողած հետքը տեսքով համընկնում է Մոռոլտի գլխի վերքին: Թագավորը համոզում է կնոջը բաց թողնել Տրիստանին և ներել Մոռոլտի մահը:
Վերադառնալով Կորնուելս՝ Տրիստանը պատիվներ է ստանում Մարկ թագավորից և իմանում է, որ սա որոշել է ամուսնանալ: Խոստանում է որտեղից էլ լինի տեղ հասցնել թագավորի հարսնացուին: Ցավով իմանում է, որ Մարկի ընտրյալը Ոսկեհեր Իզոլդան է: Շքախմբով մեկնում է Իռլանդիա և ստանալով Իզոլդայի ծնողների համաձայնությունը՝ Իզոլդային հասցնում է Կորնուելս և հանձնում է Մարկին: Սակայն Իռլանդիայից Տինտաժել վերադառնալու ճանապարհին Տրիստանն ու Իզոլդան պատահմամբ խմում են սիրո ըմպելիքը, որը Իզոլդայի մայրը պատրաստել էր Մարկի և Իզոլդայի համար: Խելակորույս սերը համակում է երկուսին:
Մարկը գերված է Իզոլդայի գեղեցկությամբ և ամուսնությունից հետո հույս ունի երջանիկ կյանք վարել: Սակայն Տրիստանի և Իզոլդայի կապը բացահայտվում է և պալատական ասպետների դրդումով թագավորը հրամայում է խարույկի վրա այրել Տրիստանին, իսկ Իզոլդային հանձնել բորոտավորներին: Տրիստանը կոտորում է իրեն հսկող պահակախումբը և Իզոլդայի հետ թաքնվում է Մորուա անտառում:
Սակայն նրանց հանցավոր կապը չի կարող երկար շարունակվել: Իզոլդան ապացուցելու համար, որ Տրիստանին «հանցավոր սիրով» չի սիրել, համաձայնում է վերադառնալ ամուսնու մոտ, իսկ Տրիստանը խոստանում Տինտաժելից հեռանալ ու ընտանեկան վեճերի պատճառ այլևս չդառնալ:
Իրարից անջատ անցկացրած երկու տարիներ հոգով չեն բաժանում սիրահարներին: Հերթական մենամարտի ժամանակ թունավոր նիզակի հարված ստացած Տրիստանը դարձյալ մահամերձ է: Այս անգամ նրան փրկում է Քոել թագավորի դուստր Ճերմակաձեռք Իզոլդան, որի հետ Տրիստանը ամուսնանում է՝ հույս ունենալով մոռանալ Ոսկեհեր Իզոլդային: Սակայն ամեն բան մնում է, ինչպես նախկինում: Սիրահարները կարոտում են իրար և տառապում օրինական ամուսինների կողքին:
Տրիստանը վերադառնալով Բրետան՝ մենամարտում է մի բարոնի հետ և թունավոր նիզակի հարված է ստանում: Նրան կարող է բժշկել միայն Ոսկեհեր Իզոլդան: Նավը, որը ուղարկում է սիրելիի հետևից, պիտի վերադառնա ճերմակ առագաստները բացած: Սև առագաստները կնշանակեն, որ Իզոլդան չի գալիս: Նավը մոտնենում է՝ լայն բացած սպիտակ առագաստները: Սակայն Ճերմակաձեռք Իզոլդան՝ Տրիստանի կինը, անկողնուն գամված ամուսնուն հայտնում է, որ նավի առագաստները սև են: Տրիստանը մահանում է վշտից: Շուտով մահանում է նաև Իզոլդան:
Մարկը թաղում է նրանց եկեղեցու բակի տարբեր կողմերում: Դժբախտ սիրահարների գերեզմաններից աճում են հզոր ծառեր, որոնց սաղարթները հանդիպում են իրար երկնքում:   

Տես նաև Ուիլյամ Շեքսպիր Ռոմեո և Ջուլյետ, Միխայիլ Լերմոնտով Դևը և Ֆրիդրիխ Շիլլեր Խարդավանք և սեր
Տրիստան և Իզոլդա | համառոտ Տրիստան և Իզոլդա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 27, 2015 Rating: 5
Технологии Blogger.