Նիբելունգների երգը | համառոտ



Վորմսում՝ Բուրգունդացիների (Նիբելունգների) մայրաքաղաքում ապրում է արքայադուստր Կրիմհիլդը: Իր գեղեցկությամբ շատ դյուցազների կործանման պատճառ է դարձել: Ապրում է եղբայրներ Գունտերի, Գերնոտի և Գիզելխերի հետ: Գունտերը բուրգունդացիների թագավորն է: Հպատակ ասպետներից առանձնանում է Հագեն Տրոյենցին:
Կրիմհիլդը մի անգամ երազ է տեսնում, իբր լուսամուտից ներս է մտնում մի երիտասարդ բազե, որին հոշոտում են երկու արծիվներ: Մայրը բացատրում է, որ դա Կրիմհիլդի ապագա ամուսինն է, որին սպանում են Կրիմհիլդի եղբայրները:
Նիդեռլանդների արքան ունի որդի, որի անունն է Զիգֆրիդ: Լսելով Կրիմհիլդի գեղեցկության մասին` որոշում է գնալ և եղբայրներից խնդրել արքայադստեր ձեռքը: Երբ հասնում է Վորմս, Հագենը խորհուրդ է տալիս Գունտերին պատիվներով ընդունել հերոսին, որը նվաճել է նիբելունգների գանձերը, ձեռք է բերել անտեսանելի թիկնոցը և լողանալով իր սպանած վիշապի արյան մեջ` դարձել է անխոցելի:
Զիգֆրիդին իսկապես ընդունում են մեծ պատիվներով: Այդ ժամանակ բուրգունդացիների վրա են հարձակվում ռազմատենչ սաքսերը և դանիացիները: Զիգֆրիդը իր ջոկատով ընդառաջ է գնում նրանց և կոտորում է: Որպես պարգև Գունտերը թույլ է տալիս հերոսին հանդիպել Կրիմխիլդի հետ խնջույքի ժամանակ:
Իսլանդիայում թագավորում է գեղեցկուհի Բրյունհիլդը, որի մասին երազում է Գունտերը: Զիգֆրիդը պատրաստ է օգնել Գունտերին կնության վերցնել այդ կնոջը, սակայն փոխարենը խնդրում է Կրիմհիլդի ձեռքը: Գունտերը եղբայրների և Զիգֆրիդի հետ մեկնում է Իսլանդիա: Բրյունհիլդի հետ ամուսնանալու իրավունքը ենթադրում է երեք մրցություն, որոնք երեքն էլ Գունտերի փոխարեն հաղթում է Զիգֆրիդը:
Վերադառնում են Վորմս, որտեղ մեկ օրում տեղի է ունենում երկու հարսանիք՝ Գունտերի ու Բրյունհիլդի և Զիգֆրիդի ու Կրիմհիլդի: Գիշերը Գունտերը չի կարողանում մոտենալ Բրյունհիլդին, քանզի սա ուժեղ է և կախում է ամուսնուն մեխից: Թագավորը ստիպված է նորից դիմել Զիգֆրիդի օգնությանը: Սա, հագնելով անտեսանելի թիկնոցը, գիշերով մտնում է Բրյունհիլդի մոտ և զսպում է նրան: Այժմ իսլանդուհին դառնում է բոլոր կանանց նման և Գունտերը կարողանում է տիրանալ նրան:
Զույգերը երջանիկ են: Սակայն Բրյունհիլդը չի հասկանում, թե ինչու է Զիգֆրիդի՝ իր ամուսնու հպատակի կինը այդքան վերամբարձ ու գոռոզ իր նկատմամբ: Կանայք վիճում են: Բրյունհիլդը հպատակ է կոչում Կրիմհիլդին, իսկ սա կոչում է Բրյունհիլդին իր ամուսնու՝ Զիգֆրիդի հարճը: Չէ՞ որ նա գիտի, թե ինչպես է անցել Գունտերի առաջին ամուսնական գիշերը: Երբ Գունտերը իմանում է կնոջից այս ամենի մասին, բացատրություն է պահանջում Զիգֆրիդից: Սա երդվում է, որ ոչինչ չի ասել իրենց գաղտնիքի մասին: Ամեն դեպքում Գունտերի պատիվը անարգված է և Հագեն Տրոյենցին համազում է նրան վրեժ լուծել Զիգֆրիդից:
Հագենը խորամանկությամբ իմանում է Զիգֆրիդի խոցելի տեղը: Վիշապի արյան մեջ լողանալիս Զիգֆրիդը չէր նկատել մեջքին կպած տերևը: Այդ տեղը թիրախ է դառնում որսի ժամանակ նրան դավադրաբար սպանող Հագեն Տրոյենցու համար:
Կրիմհիլդը մեծ վշտի մեջ է: Նրանից անգամ խլում են Զիգֆրիդի ամուսնական նվերը՝ նիբելունգների գանձը: Տասներեք տարի անց Կրիմհիլդը ամուսնանում է հոների արքա Էտցելի հետ: Հիմա նրա հերթն է վրեժխնդիր լինել եղբայրներից իր ամուսնու սպանության համար:
Նա կարոտը առնելու պատրվակով եղբայրներին կանչում է հոների մայրաքաղաքը: Այստեղ նա Էտցելի ձեռքով կոտորել է տալիս նրանց բոլորին, իսկ Գունտերին և Հագենին սպանում է վերջում անձամբ: Ցնցված Էտցելը սպանել է տալիս իր խենթացած կնոջը: Այդպես կործանվում են նիբելունգները:

Տես նաև Սասնա ծռեր, Բեովուլֆ և Գիլգամեշ    

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Նիբելունգների երգը | համառոտ Նիբելունգների երգը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 08:54:00 Rating: 5
Технологии Blogger.