Բայրոն | Ծովահեն | համառոտ


Գործողությունները տեղի են ունենում Պելոպոնեսոսի հարավում, ծովահենների որջ դարձած կղզում: Առաջին երգը նկարագրում է ծովահենության ռոմանտիկան: Մարտական ընկերության ոգով միավորված ծովահենները փառաբանում են իրենց պարագլուխ Կոնրադին: Ահա ծովահենական նավը լուր է բերել, որ մոտակա օրերին կարելի է հարձակվել թուրքական վերակացու Սեիդի քաղաքի և դղյակի վրա: Ծովահենները, որոնք սովոր են իրենց առաջնորդի բնավորության տարօրինակություններին, տարակուսանքի մեջ են՝ տեսնելով նրան մռայլ խոհերի մեջ սուզված: Կոնրադը տիպիկ ռոմանտիկական կերպար է՝ մեկուսի, հպարտ, խորհրդավոր, խիզախ… Նրա սիրտը ջերմացնում է միայն սերը Մեդորայի հանդեպ:
Մեդորան նույնպես սիրում է Կոնրադին: Նա սիրո երգ է երգում իր սիրեցյալին, որին հետևում է նրանց հրաժեշտի տեսարանը: Մնալով մենակ Մեդորան չի գտնում իր տեղը՝ ինչպես միշտ անհանգստանալով Կոնրադի կյանքի համար, իսկ վերջինս հրամաններ է արձակում նավի վրա:
Երկրորդ երգը նկարագրում է խնջույքի սրահը Սեիդի դղյակում: Թուրքերն իրենց հերթին ծրագրում են մաքրել ծովը ավազակներից և նախապես կիսում են ավարը: Փաշայի ուշադրությունն է գրավում մի դերվիշ, որն անհայտ է, թե ինչպես է հայտնվել խնջույքին: Սա պատմում է, որ գերի էր ընկել անհավատների մոտ, և կարողացել է փախչել իրեն առևանգողներից: Հրաժարվում է համտեսել ճոխ ուտեստներից՝ ասելով, որ երդում է տվել մարգարեին: Կասկածելով, որ սա լրտես է Սեիդը հրամայում է ձերբակալել նրան: Պարզվում, որ դերվիշի հանդերձանքի տակ թաքնված է մարտիկը, որի սուրը խոցում է թշնամիներին: Սրահը և միջանցքը լցվում են Կոնրադի ծովահեններով: Սկսվում է կռիվ:
Թուրքերի պաշտպանությունը ճնշելով՝ Կոնրադը ասպետականություն է ցուցաբերում, երբ դղյակն առած հրդեհն անցնում է կանանց հատվածին: Նա խոստանում է իր մարդկանց չդիպչել փաշայի կանանց և հարճերին և ինքը դուրս է բերում կրակից նրանցից ամենագեղեցիկին՝ Գյուլնարին: Այդ ընթացքում Սեիդը վերադասավորում է իր մեծ զորքը և սկսում է հակագրոհ, այնպես որ Կոնրադը ստիպված է լինում իր փրկած աղջկան և նրա բախտակիցներին թողնել մի սովորական թուրքական ընտանիքի հոգածությանը: Մեկը մյուսի հետևից ընկնում են նրա ընկերները: Իսկ ինքը, բազում թշնամիներ կոտորելուց հետո, հազիվ ողջ մնացած, գերի է ընկնում:
Նպատակ ունենալով կտտանքների և մահվան դատապարտել Կոնրադին՝ Սեիդը գցում է նրան խուլ զնդանը: Հերոսին հուզում է միայն մեկ հարց. ինչպե՞ս կտանի վատ լուրը Մեդորան: Քնում է քարե հատակին, իսկ արթնանալով տեսնում է, որ իր խուց է թափանցել սևաչյա Գյուլնարը: Խոստանում է համոզել փաշային հետաձգել մահապատիժը և կազմակերպել Կոնրադի փախուստը: Սակայն փախչելը հերոսի համար փոքրոգություն է: Լսելով Կոնրադի կրքոտ խոստովանությունը՝ Գյուլնարը հոգոց է հանում: Սիրել կարող են միայն ազատները:
Երրորդ երգը բացվում է Հունաստանին նվիրված ձոնով: Ծովահենների կղզում Կոնրադին է սպասում Մեդորան: Ափ է դուրս գալիս նավակը, որի մեջ Կոնրադի ջոկատից փրկվածներն են: Նրանք բերել են վատ լուր: Սակայն ծովահենները միաձայն որոշում են փրկել իրենց առաջնորդին:
Գյուլնարի խնդրանքը՝ հետաձգել մահապատիժը, կասկածներ է ծնում փաշայի մոտ: Չի՞ սիրում արդյոք աղջիկը ծովահենին: Դուրս է վռնդում նրան:
Երեք օր անց Գյուլնարը նորից է այցելում Կոնրադին բանտում: Վիրավորված փաշայի կոպտությունից՝ առաջարկում է Կոնրադին փախչել գիշերով և սպանել փաշային: Սակայն ծովահենը հասկացնում է, որ գերադասում է մարտը և ոչ թաքուն սպանությունը: Գյուլնարը հեռանում է: Ինքն է լուծում իր վրեժը և կաշառում է պահակներին: Ափի մոտ իրենց է սպասում նավակը:
Հերոսը շվարած է: Նրա հոգում պայքար է: Նա պարտական է իր կյանքը մի կնոջ, որը սիրահարված է իրեն, իսկ ինքը սիրում է Մեդորային: Ճնշված է նաև Գյուլնարը: Կոնրադի լռության մեջ նա տեսնում է քննադատություն: Միայն ընկերական կարճ համբույրն է ուշքի բերում նրան:
Կղզում ծովահենները տոնում են իրենց առաջնորդի վերադարձը: Սակայն հերոսի փրկության գինը մեծ է: Մեդորայի սենյակի պատուհանից լույս չի վառվում: Կոնրադը, անհանգիստ ու վատ նախազգացումով բարձրանում է սիրելիի սենյակը և տեսնում է, որ սա մեռած է:
Նրա վիշտը չունի սահման: Միայնակ սգում է իր կորուստը, իսկ հետո անհետ կորչում: «Ծովահենի» ավարտը թողնում է մինչև վերջ չլուծված հանելուկի տպավորություն, ինչպես և այն ամենը, որ շրջապատում է գլխավոր հերոսի գոյությունը: 

Բայրոն | Ծովահեն | համառոտ Բայրոն | Ծովահեն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:25:00 Rating: 5
Технологии Blogger.