Կնուտ Համսուն | Պան | համառոտ



Վիպակի հերոս լեյտենանտ Գլանը, որն իր Եզովպոս շան հետ ապրում է անտառում, մի օր ծանոթանում է ագարակատեր պարոն Մաքի դստեր՝ տասնյոթամյա Էդվարդայի հետ: Ապրելով անտառում՝ լիառատ երջանկություն է զգում: Քաղաքակիրթ միջավայրում, օրինակ՝ պարոն Մաքի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ, իրեն զգում է կաշկանդված ու հիմար:
Ողջ սրտով զգում է իր եղբայրակցությունը բնության հետ, որի լեզուն հասկանալի է իրեն: Վիպակում համառորեն ու անդադար հնչում է Պանի սրինգի այրող մեղեդին, որ հյուսված է ցերեկվա տոթից ու աստղալից գիշերների առկայծող լույսից: Դա ուղեկցում է սիրո թեմային, որը գլխավորն է վեպում: 
Էդվարդայի և Գլանի սկզբնապես բուռն զարգացող զգացմունքն ընդունում է տարօրինակ ձևեր: Աղջիկը սառնություն է ցույց տալիս լեյտենանտին և դրանով դրդում վերջինիս տարօրինակ քայլերի: Սիրո հզոր տարերքը ինչպես հեթանոսական աստված, զոհ է պահանջում:
Ժայռի տակ Գլանը վառոդ է դնում, որպեսզի արտառոց տեսարան սարքի Էդվարդայի և նրա փեսացուի մեկնման օրը, քանի որ այդ օրը նրան վիճակված է կորցնել կնոջը, որին սիրում է: Վառոդը վառում է պարոն Մաքը՝ խանդի տառապանքից հալածված, կարծելով, որ պայթյունի պահին ժայռի տակ կլինի Եվան՝ իր աշխատողի կինը, որից Էդվարդայից մերժված Գլանը քնքշություն է ստանում:
Էդվարդան մերժել է Գլանին՝ շարունակելով սիրել նրան: Նրա համար սերը պայքար է: Նա ընդունակ չէ հալվելու սիրո զգացմունքից, ինչպես Եվան: Ահա ինչու նրա և լեյտենանտի սերը պայքարի բնույթ է ստանում: Էդվարդայի ուշադրությունը մի կերպ գրավելու ցանկությամբ է բացատրվում, որ Գլանը ջրային զբոսանքի ժամանակ աղջկա կոշիկը ջուրն է նետում:
Կաղ դոկտորի հանդեպ Էդվարդայի ցուցաբերած ուշադրության հավասար բաժինն ստանալու ցանկությամբ է բացատրվում Գլանի վայրենի արարքը՝ որպեսզի նույնպես կաղ դառնա, կրակում է իր ոտքին:
Էդվարդայի փեսացուի նկատմամբ տածած ատելությունն ու խանդը ստիպում են Գլանին պարահանդեսի ժամանակ թքել ոչինչ չկասկածող ախոյանի ականջի մեջ:
Վիպակը, որը սկսվում է որպես իդիլիա, որպես բնության գեղեցկության հիմն, ավարտվում է դրամատիկորեն: Գլանին համակած սերը խլում է նաև նրա կյանքը: «Գլանի մահը» նովելում, որ յուրօրինակ վերջաբան է, Գլանը հրավեր է ստանում Էդվարդայից, որն ամուսնացել է բարոնի հետ: Սակայն Գլանը չի ընդունում հրավերը: Բայց չի կարող նաև ապրել առանց այդ կնոջ: Եվ նա բաժանվում է կյանքից: Ամեն ինչ անում է, որպեսզի իր որսընկերը՝ մի սահմանափակ և անձնապաստան մարդ, զայրույթից ու խանդից գնդակ արձակի իր՝ Գլանի ճակատին:

Տես նաև Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբի, Վոլֆգանգ Գյոթե Երիտասարդ Վերթերի տառապանքները և Ստենդալի Պարմի մենաստանը 
Կնուտ Համսուն | Պան | համառոտ Կնուտ Համսուն | Պան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 16, 2015 Rating: 5
Технологии Blogger.