
Նշված ակնարկում Պոն մտադիր է ցույց տալ իր «Ագռավը» բանաստեղծության
modus operandi-ն: Բանաստեղծությունը նման է ժամացույցի: Սկսելով աշխատանքը՝ բանաստեղծը
հստակ պատկերացում ունի բոլոր այն միջոցների մասին, որոնց օգնությամբ պիտի ներգործի ընթերցողի
վրա: Առաջին պահանջը բանաստեղծության հակիրճությունն է: Այն պիտի հնարավոր լինի կարդալ
մեկ շնչով, ահա ինչու հարյուր տողը բավական է: Միայն կարճ բանաստեղծությունը կարող
է յուրացվել ամբողջությամբ և այդպես ցույց տալ իր ամբողջության գեղեցկությունը:
Պոեզիան գործ ունի խոսքի ռիթմիկության գեղեցկության հետ:
Միակ դատավորը ճաշակն է: Կոմպոզիցիայի ոչ մի տարր չի գոյանում պատահականորեն: Ամեն
բան ստեղծվում է քայլ առ քայլ, հետևողականորեն, ինչպես մաթեմատիկական խնդրում: Ուժեղ
տպավորություն թողնելու համար բանաստեղծությունը պիտի գտնի ճիշտ տոնայնություն. դա
վիշտն է: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ բանաստեղծն արտահայտում է ոչ սեփական տրամադրությունը:
Վշտի պատկերումը սոսկ միջոց է: Կնոջ մահվան մասին խոսող դրվագը միավորում գեղեցկության
գաղափարը և մարդկային գոյության վերջավորությունը, որոնք «աշխարհում ամենաբանաստեղծական
փաստերն են»: Փորձելով հաղորդել իր բանաստեղծությանը «գեղարվեստական պիկանտություն»
հեղինակը դիմում է հին, բոլորի կողմից օգտագործվող հնարքին՝ ռեֆրենին: Նա որոշում է
նոր կատարելություն հաղորդել մի քանի մոգական հնչյուններից բաղկացած բառային միավորի
կրկնությանը: Նրա մտքին է գալիս nevermore բառը, որից «տրամաբանորեն» բխում է ագռավի՝
չարաբաստիկ թռչունի պատկերը:
Խոսելով բանաստեղծական չափի մասին՝ Պոն նշում է, որ նա առաջին
հերթին ձգտում է ինքնատիպության, որը ոչ մի ընդհանուր բան չունի անձնական զգացումների
արտահայտության հետ: Ինքնատիպության խնդիրը ծեծված ձևերից խուսափելն է: Այստեղ կարևոր
է ոչ այնքան հնարամտությունը, որքան մերժելու կարողությունը: Շառլ Բոդլերը, որի համար
Պոյի այս տեսությունը հայտնություն էր, հատկապես հիանում էր արհեստականորեն մշակվող
ինքնատիպության այս գաղափով:
Պոն սովորեցնում է, թե ինչպես մոտենալ իռացիոնալին լիովին
ռացիոնալ տեսանկյունից: Արվեստը ըստ Պոյի ոչ թե մեր առաջ եղած գեղեցիկի մարմնավորումն
է, այլ հուսահատ փորձ մոտենալու գեղեցիկին, որը վեր է մեզնից:
Տես նաև Սպանություն Մորգ փողոցում և Ոսկե բզեզ
Էդգար Ալան Պո | Հորինման փիլիսոփայությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 02, 2015
Rating:
