Ֆյոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ» համառոտ

Ֆյոդոր Դոստոևսկի
Կարամազով եղբայրներ
(համառոտ)

1881

Գավառական Սկոտոպրիգոնևսկ քաղաքը, 1870-ական թթ.: Նշանավոր հայր Զոսիմայի մոտ իրենց ընտանեկան խնդիրները քննարկելու համար հավաքվում են Կարամազովները՝ հայր Ֆյոդոր Պավլովիչը, ավագ որդի Դմիտրին և միջնեկ որդի Իվանը: Այստեղ է կրտսեր որդի Ալյոշան, որը Զոսիմայի սանն է: Կան նաև մի քանի հոգևորականներ և Կարամազովների հարուստ ազգական Միուսովը և սեմինարիստ Ռակիտինը: Վեճի առարկա է Դմիտրիի վեճը հոր հետ ժառանգության համար: Դմիտրին կարծում է, որ հայրը նրան մեծ գումար է պարտք, թեպետ, իհարկե, իրավական ակնհայտ իրավունքներ չունի: Իսկ Ֆյոդոր Պավլովիչը՝ մանր կալվածատեր, ազնվական, չար և վիրավորվող, չի պատրաստվում որդուն գումար տալ, այլ համաձայնում է հանդիպել Զոսիմայի մոտ ավելի շուտ հետաքրքրությունից: Հոր և որդու փոխհարաբերությունները լարված են ոչ միայն փողի պատճառով, այլև կնոջ՝ Գրուշենկայի, որին երկուսն էլ սիրահարված են: Դմիտրին գիտի, որ ցանկասեր հայրը սիրելիի համար փող է պատրաստել, որ պատրաստ է ամուսնանալ նրա հետ…
Հանդիպումը Զոսիմայի մոտ ներկայացնում է գրեթե բոլոր գլխավոր հերոսներին: Կրքոտ ու տաք Դմիտրին ունակ է անմիտ քայլերի, որոնց համար հետագայում զղջում է: Խելացի, խորհրդավոր Իվանին տանջում են Աստծո գոյության և հոգու անմահության հարցերը: Ֆյոդոր Պավլովիչը, որը ցինիկ, սկանդալների սիրահար, դերասան և վավաշոտի մեկն է, բոլորի՝ անգամ իր որդիների մոտ առաջ է բերում զզվանք: Ալյոշան երիտասարդ կրոնական է: Հոգով շատ մաքուր է, ցավում է բոլորի համար՝ հատկապես եղբայրների:
Հանդիպումը սկանդալից բացի ոչինչ չի տալիս: Սակայն իմաստուն և խորաթափանց Զոսիման, որը ունակ է սուր կերպով զգալ ուրիշի ցավը, ծնկի է իջնում Դմիտրիի առաջ՝ ասես զգալով նրա գալիք տառապանքը: Իվանին ասում է, որ Աստծո գոյության հարցը նրա սրտում դեռ վճռված չէ, սակայն եթե չլուծվի դրական իմաստով, ապա բացասական իմաստով ևս չի լուծվի. օրհնում է նրան: Ֆյոդոր Պավլովիչին ասում է, որ նրա ծաղրածուի վարքը նրանից է, որ սա ամաչում է ինքն իրենից:
Զոսիման հյուրերի հեռանալուց հետո օրհնում է Ալյոշային՝ պատվիրելով լինել եղբայրների կողքին և մտնել աշխարհիկ կյանք: Ալյոշան գնում է հոր մոտ և տան այգում հանդիպում է թաքնված եղբորը՝ Դմիտրիին: Սա այստեղ սպասում է Գրուշենկային, որը, ինչպես կարծում է, փողով գայթակղված, կարող է գալ Ֆյոդոր Պավլովիչի մոտ: Զրույցի մեջ Դմիտրին խոստովանություն է անում Ալյոշային: Այնպես է պատահել, որ նա երբեմն իջել է անառակության հատակը, սակայն հենց այդ պահերին էլ զգացել է կապն Աստծո հետ և կյանքի մեծագույն բերկրանքը: Նա ցանկասեր միջատ է, ինչպես և բոլոր Կարամազովները, իսկ ցանկասիրությունը փոթորիկ է: Նրա մեջ ապրում է Տիրամոր իդեալը: Սակայն նրա մեջ է նաև Սոդոմի իդեալը: Գեղեցկությունը սարսափելի բան է, քանզի այստեղ սատանան պայքարում է Աստծո դեմ, իսկ մարտադաշտը մարդու սիրտն է: Դմիտրին պատմում է Ալյոշային Կատերինա Իվանովնայի հետ իր փոխհարաբության մասին: Մի ժամանակ փրկել է այդ երիտասարդ կնոջ հորը խայտառակությունից՝ պարտքով տալով նրան գումար: Հետո Դմիտրին պահանջում է, որ հպարտ աղջիկն ինքը գա փողի ետևից: Սա գալիս է: Ստորացած է և ամեն բանի պատրաստ է, սակայն Դմիտրին պահում է իրեն ազնիվ մարդու պես և փողի փոխարեն ոչինչ չի պահանջում: Հիմա նրանք համարվում են հարս ու փեսա, սակայն Դմիտրին տարված է Գրուշենկայով և անգամ նրա հետ երեք հազար ռուբլու խնջույք է արել Մոկրոե գյուղում: Իսկ այդ գումարը նրան Եկատերինա Իվանովնան էր տվել Մոսկվայում իր քրոջը փոխանցելու համար: Դմիտրին այս գումարի վատնումը իր մեծագույն ամոթն է համարում և որպես ազնիվ մարդ պիտի վերադարձնի դրամը: Բայց եթե Գրուշենկան գա ծերուկ հոր մոտ, նա ներս կխուժի և կխանգարի նրանց, իսկ գուցե նաև սպանի հորը, որին ատում է: Դմիտրին խնդրում է Ալյոշային գնալ Եկատերինա Իվանովնայի մոտ և ասել նրան, որ այլևս չի գալու նրա մոտ:
Հոր տանը Ալյոշան հանդիպում է կոնյակ խմող հորը և եղբորը՝ Իվանին, որոնք զվարճանում են՝ լսելով ծառա Սմերդյակովի (որոշ ենթադրություններով թափառական Ելիզավետայի և Ֆյոդոր Պավլովիչի որդու) դատողությունները: Ներս է խուժում Դմիտրին, որին թվում է, թե եկել է Գրուշենկան: Ցասման մեջ ծեծում է հորը, բայց համոզվելով, որ Գրուշենկան չկա, հեռանում է: Ալյոշան գնում է Կատերինա Իվանովնայի մոտ, որտեղ հանդիպում է Գրուշենկային: Եկատերինա Իվանովնան քնքշորեն է վերաբերում Գրուշային՝ ասելով, որ սխալվում էր, կարծելով, թե սա ծախու կին է: Սակայն նրանց զրույցն ավարտվում է սկանդալով, որովհետև Գրուշենկան, պատրաստվելով համբուրել Եկատերինայի ձեռքը, հանկարծ հրաժարվում է անել դա և դրանով վիրավորում է իր մրցակցուհուն:
Հաջորդ օրը Ալյոշան նորից այցելում է հորը, որը խոստովանական զրույց է սկսում: Ասում է, որ չի սիրում որդիներին: Փող Դմիտրիին չի տա, որովհետև դա իրեն է պետք: Դեռ տղամարդ է և ուզում է դեռ 20 տարի մնալ գծի վրա: Այնպես որ Գրուշենկային չի զիջի: Բամբասում է նաև Իվանից: Ասում է, որ Իվանը փորձում է տանել Դմիտրիի հարսնացուին, որովհետև սիրահարված է Եկատերինա Իվանովնային: Ճանապարհին Ալյոշան տեսնում է միայնակ տղայի վրա քարեր նետող երեխաների խումբ: Երբ մոտենում է այդ տղային, վերջինս նախ քար է նետում իր ուղղությամբ, իսկ հետո կծում է Ալյոշայի մատը: Այդ տղան որդին է շտաբս-կապիտան Սնեգիրյովի, որին օրերս ծեծել էր Դմիտրին այն բանի համար, որ սա ընդհանուր ֆինանսական գործեր ուներ Ֆյոդոր Իվանովիչի և Գրուշենկայի հետ:
Խոխլակովայի տանը Ալյոշան հանդիպում է Իվանին և Կատերինա Իվանովնային, որը բացատրում է, որ հավատարիմ կլինի Դմիտրիին: Ալյոշայի կարծիքն է հարցնում, իսկ սա ասում է, որ Դիմտրիի նկատմամբ զգացմունքը ինքնախաբեություն է, և որ այդ կինն իրականում սիրում է Իվանին: Իվանը հայտարարում է, որ ուզում է հեռանալ երկար ժամանակով: Ավելացնում է, որ Դմիտրին հարկավոր է Եկատերինա Իվանովնային՝ սեփական սխրանքը իր կողքին անվերջ տեսնելու և Դմիտիին անհավատարմության մեջ մեղադրելու համար:
Ծեծված կապիտանի համար Դմիտրիի տված երկու հարյուր ռուբլին ձեռքին՝ Ալյոշան գնում է Սնեգիրյովի մոտ: Սկզբում կապիտանը կծու խոսքեր է ասում Ալյոշային, իսկ հետո խոստովանություն է անում: Վերցնում է փողը: Ալյոշան այցելում է Խոխլակովային և զրուցում է նրա դստեր՝ Լիզայի հետ, որը վերջերս սիրային նամակ է գրել իրեն և որոշել է, որ Ալյոշան պիտի լինի իր ամուսինը: Սա ասում է Ալյոշային, որ ուզում է ամուսնությունից հետո լքված լինել: Նկարագրում է սարսափելի տեսարան՝ խաչված երեխայի, որին ինքն է խաչել, իսկ հետո նստել է դիմացը և անանասի կոմպոտ խմել: «Փոքրիկ չարք» կկոչի նրան Իվանը:
Ալյոշան գալիս է պանդոկ, որտեղ գտնվում է Իվանը: Այստեղ է տեղի ունենում վեպի անկյունաքարային տեսարաններից մեկը: Իվանն ասում է, որ իր մեջ կա կյանքի կարամազովյան տենչ: Նա սիրում է կյանքը հակառակ տրամաբանության: Եվ նա Աստծուն չէ, որ չի ընդունում, այլ Աստծո աշխարհը, որտեղ իշխում է տառապանքը: Նա հրաժարվում է հավատալ ներդաշնակությանը, որի հիմքում է երեխայի արտասուքը: Վերապատմում է Ալյոշային «Մեծ ինկվիզիտորի» մասին իր պոեմը, որի գործողությունը տեղի է ունենում 16-րդ դարում, Իսպանիայի Սևիլիա քաղաքում: Իննսունամյա կարդինալը բանտարկում է երկրորդ անգամ երկիր եկած Քրիստոսին և գիշերային հանդիպման ժամանակ հաղորդում է մարդկության մասին իր տեսակետը: Նա համոզված է, որ Քրիստոսը իդեալականացրել է մարդկությանը և որ սա արժանի չէ ազատության: Բարու և չարի միջև ընտրությունը տառապանք է մարդու համար: Մեծ ինկվիզիտորը իր աջակիցների հետ միասին որոշում է ուղղել իրավիճակը՝ հաղթահարել ազատությունը և դասավորել մարդկային երջանկությունը, իսկ մարդկանց դարձնել լսող հոտ: Իրենց ձեռքն են վերցնում մարդկանց կյանքերը տնօրինելու իրավունքը: Ինքկվիզիտորը սպասում է Քրիստոսի պատասխանին, բայց վերջինս միայն լուռ համբուրում է նրան:
Բաժանվելով Ալյոշայից՝ Իվանը տան ճանապարհին հանդիպում է Սմերդյակովին, և նրանք ունենում են վճռորոշ խոսակցություն: Սմերդյակովը խորհորդ է տալիս Իվանին գնալ Չերմաշնյա գյուղ, որտեղ ծերուկը վաճառում է իր անտառուտը. ակնարկում է, որ Իվանի բացակայությամբ Ֆյոդոր Պավլովիչի հետ կարող է ամեն բան պատահել: Իվանին բարկացնում է Սմերդյակովի լկտիությունը, բայց միևնույն ժամանակ հետաքրքրված է: Գլխի է ընկնում, որ իր որոշումից շատ բան է կախված: Նա մեկնում է, բայց ոչ թե Չերմաշնյա, այլ Մոսկվա:
Այս ընթացքում մահանում է հայր Զոսիման: Բոլորը սպասում են, որ նրա մահից հետո տեղի կունենա հրաշք, սակայն շուտով գալիս է փտման գարշահոտությունը: Ալյոշան տարակուսանքի մեջ հեռանում է մենաստանից սեմինարիստ Ռակիտինի ուղեկցությամբ: Սա տանում է նրան Գրուշենկայի տուն: Տանտիրուհին անհանգիստ է և լուրի է սպասում: Ուրախանալով Ալյոշայի այցին՝ նախ կոկետություն է անում, անգամ նստում է ծնկներին, սակայն իմանալով Զոսիմայի մահվան մասին, կտրուկ փոխվում է: Հաղորդակից է դարձնում Ալյոշային իր տվայտանքներին: Լուր է սպասում իր «նախկինից», որը մի ժամանակ գայթակղել է իրեն և թողել: Շատ տարիներ է վրեժի հույս փայփայել, իսկ հիմա պատրաստ է սողալ նրա մոտ, ինչպես շունը: Եվ իրոք, լուրը ստանալուն պես սլանում է Մոկրոե գյուղը, այդ մարդու մոտ:
Ալյոշան, խաղաղված, վերադառնում է մենաստան, աղոթում է Զոսիմայի դագաղի մոտ: Քուն է մտնում և երազում տեսնում է, թե ինչպես է Զոսիման գովում նրան Գրուշենկայի համար: Ալյոշայի սիրտը լցվում է ոգևորությամբ:
Այդ ժամանակ Դմիտրի Կարամազովը փողի փնտրտուքի մեջ է: Ուզում է տանել Գրուշենկային այստեղից և առաքինի կյանք սկսել նրա հետ: Գնում է Գրուշենկայի հովանավորի՝ հարուստ առևտրական Կուզմա Սամսոնովի մոտ, և առաջարկում է գնել իրենից Չերմաշնյան, իսկ սա, կասկածելով առաջարկվող գործարքի օրինականությանը, հեգնաբար ուղարկում է Դմիտրիին առևտրական Գորստկինի մոտ: Գորստկինը, լինելով հարբած, չնայած Դմիտրիի ջանքերին ողջ գիշեր այդպես էլ ուշքի չի գալիս: Գնում է Խոխլակովայի մոտ: Անօգուտ:
Զուր ժամանակ կորցրած Դմիտրին վախենում է, որ կարող է բաց թողնել Գրուշենկային և չգտնելով նրան տանը, նետվում է հայրական տուն: Հայրը տանը մենակ է: Դմիտրին թխկթխկացնում է պատուհանը: Դա պայմանական նշան է, որով Գրուշենկան պիտի իմաց տար ծերուկին, որ եկել է: Նշանի մասին Դմիտրին իմացել է Սմերդյակովից: Պարզելով, որ Գրուշենկան չի եկել և որ հայրը դեռ սպասում է նրան՝ Դմիտրին որոշում է հեռանալ: Երբ անցնում է ցանկապատի վրայով, վրա է հասնում հոր ծառա Գրիգորին: Դմիտրին հարվածում է նրան սանդակոթով, որը վերցրել էր Գրուշենկայի տանից: Գրիգորին ընկնում է: Դմիտրին սրբում է նրա արնոտ գլուխը իր թաշկինակով:
Գալիս է Գրուշայի տուն և աղախնից իմանում է, որ Գրուշենկան հեռացել է Մոկրոե: Պատվիրում է շամպայն և ինքն էլ շտապում է Մոկրոե: Իջևանատանը գտնում է Գրուշենկային՝ երկու լեհերի և ուրիշ երկու հյուրերի ընկերակցությամբ: Գրուշենկան վախով է դիմավորում Դմիտրիին, բայց ուրախանում է: Զրույցը չի ստացվում: Սկսվում է թղթախաղ: Դմիտրին սկսում է պարտվել և տեսնելով լեհերի վառվող աչքերը՝ առաջարկում է «նախկինին» փող, պայմանով, որ սա կհրաժարվի Գրուշենկայից: Պարզվում է, որ լեհերը խաղում էին կեղծ խաղաթղթերով: Նրանց դուրս են վռնդում և փակում սենյակում: Խնջույք է սկսվում: Գինովցած Գրուշենկան հասկանում է, որ սիրել է միայն Դմիտրիին:
Շուտով իջևանատուն են գալիս ոստիկանապետը, քննիչը և դատախազը: Դմիտրիին մեղադրում են հայրասպանության մեջ: Նա ապշած է, չէ՞ որ նրա խղճի վրա միայն Գրիգորիի արյունն է: Երբ նրան հայտնում են, որ Գրիգորին ողջ է, նա ոգևորվում է և անգամ սկսում է պատասխանել քննիչի հարցերին: Պարզվում է, որ Եկատերինա Իվանովնայի տված ոչ ամբողջ գումարն էր ծախսել: Մի մասը նա չէր ծախսել և քսակի մեջ պահում էր իր մոտ: Դա նրա, որպես հոգով ռոմանտիկ մարդու խայտառակությունն էր, քանի որ ցուցաբերել էր որոշ հաշվենկատություն: Դա ամենից դժվար է խոստովանում: Սակայն մյուս փաստերը Դմիտրիի դեմ են խոսում: Երազում նա տեսնում է մառախուղի մեջ լացող երեխայի: Զուր փորձում է հասկանալ, թե ինչու է երեխան լաց լինում, ինչու նրան չեն կերակրում, ինչու չեն երգում ուրախ երգեր: Նրա մեջ մեծ վերափոխություն է կատարվում: Ուզում է ապրել, գնալ հեռու, դեպի նոր կանչող լույսը:
Շուտով պարզվում է, որ Ֆյոդոր Պավլովիչին սպանել է Սմերդյակովը, որը ձևացրել է, թե էպիլեպտիկ նոպա է ունեցել: Գրիգորիի ուշագնացության ժամանակ նա դուրս է կանչել Ֆյոդոր Պավլովիչին և մի քանի անգամ հարվածել է և միայն իրեն հայտնի տեղից վերցրել է երեք հազար ռուբլին: Այս ամենը ինքը Սմերդյակովը պատմում է իրեն այցելած Իվան Կարամազովին՝ ոճիրի ներշնչողին: Չէ՞ որ ամենաթողության հենց նրա գաղափարն է մեծ ներգործություն ունեցել Սմերդյակովի վրա: Իվանը խելակորույս է լինում:  Սատանայի տեսիլներ է ունենում: Սատանան արտասանում է իր՝ Իվանի մտքերը և ամենակարևոր հարցին՝ գոյություն ունի արդյոք Աստված, թե ոչ, պատասխան չի տալիս: Սմերդյակովի հետ վերջին հանդիպման ժամանակ Իվանն ասում է, որ ամեն բան խոստովանելու է դատարանում: Եվ Սմերդյակովը, տեսնելով իր համար այդքան կարևոր Իվանի անհաստատունությունը, տալիս է նրա երեք հազար ռուբլին և կախվում է:
Եկատերինա Իվանովնան և Իվանը Դմիտրիի փախուստի ծրագրեր են մշակում: Սակայն Եկատերինայի և Գրուշենկայի միջև շարունակվում է մրցակցությունը: Ուստի Եկատերինան վստահ չէ, թե որ դերում հանդես կգա դատարանում՝ որպես փրկիչ, թե կործանիչ:
Դատարանում Իվանը հայտնում է, որ ծերուկին սպանել է կախված Սմերդյակովը և սեղանին է դնում դրամը: Սկսում է տենդի մեջ անկապ խոսքեր ասել: Նրան տանում են: Դրանից հետո սկսվում է Եկատերինա Իվանովնայի հիստերիկան: Նա ներկայացնում է «մաթեմատիկական» կարևորության փաստաթուղթ: Դա Դմիտրիի նամակն է, որում վերջինս սպառնում է սպանել հորը և վերցնել փողը: Եկատերինան կործանում է Դմիտրիին, որպեսզի փրկի Իվանին, քանզի Իվանը իր ճառի մեջ անվերջ պնդում էր, թե ինքն է ամեն բան սովորեցրել Սմերդյակովին: Դատարանը եզրակացնում է, որ Դմիտրին, թեև ակամա, սակայն մարդասպան է և նրան մեղավոր են ճանաչում: Դմիտրին հիվանդանում է ջղային տենդով:
Եկատերինան այցելում է նրան և ասում է, որ նա խոց է իր սրտում: Իրենք սիրում են տարբեր մարդկանց, բայց իրար էլ չեն կարողանա մոռանալ: Ներողություն է խնդրում Գրուշենկայից, սակայն թշնամիներ են մնում:
 Վեպն ավարտվում է Իլյուշա Սնեգիրյովի՝ կապիտան Սնեգիրյովի որդու թաղման նկարագրությամբ: Գերեզմանի մոտ հավաքված երեխաներին Ալյոշան կոչ է անում լինել ազնիվ, բարի, չմոռանալ միյանց և չվախենալ կյանքից:      
Տես նաև Ոճիր և պատիժ     

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆյոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ» համառոտ Ֆյոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:24:00 Rating: 5
Технологии Blogger.