Հրանտ Մաթևոսյան | Աշնան արև | համառոտ



Վիպակը ներկայացնում է Ծմակուտում ապրող մի ընտանիքի կյանքը, որը հառնում է տան կնոջ՝ Աղունի հիշողության մեջ: Գործողություններ գրեթե չկան: Աղավնին պատրաստվում է գնալ Երևան և այցելել որդուն՝ Արմենակին: Սա իբրև թե գրող է, բայց հաջողություն առանձնապես չունի և միշտ ծնողից է գումար ուզում, պարտքով, մինչև հոնորար կստանա: Աղունը գնում է որդուն տնավորելու, հարսը երևանցի է, ինժեներ, նրանց համար տանում է 4 թե 5 հարյուր հատ ձու, ղաուրմա, խնձոր, տասներկու-տասներկու կիլոանոց ներքնակներ՝ մաքուր ոչխարի բրդով, որոնք լվանալուց հետո երկու ամսով հաշմանդամ դարձավ, վերմակներ՝ Մոսկվայից բերած երեսներով, իսկ աստառների պատմությունը երկար է (Մի հեր ուներ, անունը Իշխան էր: Մուրադենց Սրբուհին տղամարդու հին շապիկներ էր բերել տակաշորացու, Արմենակը, դեռ փոքր, մեջը հիվանդացավ, Իշխանը, Մանացից, 1936 թ. փետրվար ամսին քսան մետր սպիտա՜կ, ձմռան լուսնի պես մաքուր կտոր էր ուղարկելահա պահել է մինչև հիմա), երկու բարձ, մեկը սագ է, մյուսը՝ չկարողացավ, հավ է (սագերը մտել էին Փիլոյի լոբուտ, Փիլոյի Արուսը շունը բաց էր թողել, խեղդել էր մեկ-մեկ), մի գորգ: Գյուղում սովորաբար կով էլ են տալիս, բայց քանի որ քաղաքում դրա կարիքը չկա, ինքը կովի դիմաց 5000 ռուբլի փող է տալու, ավելի ճիշտ, հագուստի պահարան է առնելու և ճաշասենյակ, որը բերում են Մոսկվայից, 1000 ռուբլի նոր փողով և սառնարան, 100 ռուբլի նոր փողով: Այս ամենը բոլոր մանրամասնություններով Աղունը ցույց է տալիս և բացատրում է հարևան Արուսին, որ սա գնա ու ամբողջ գյուղով տարածի այս լուրը: Արուսը մեղադրում է Աղունին, թե նրանց այդ ամենը պետք չէ, իսկ ամուսինը մեղք է: Ինքը, օրինակ, իր երեխաների համար ոչինչ էլ չի արել, բացի մի անկողին նվիրելուց, իսկ ամուսնու հետ այդ օրը երկու հավ են կերել: Արուսը սպասում է ամուսնուն՝ Սիմոնին, որ ձին բերի ու ինքը գնա: Նա հիշում է իր կյանքը: Մայրը մահացել է, երբ դեռ 3 ամսեկան էր: Ուսման չեն տվել, դպրոց չեն ուղարկել: Մերացուն կարծում էր, թե հիմար է, դրա կարիքը չկա, հետո էլ ուղարկեցին Ծմակուտ մարդի: Այս գյուղում է ապրում նրա հորաքույր Մանիշակը: Ինքը Վանքերից է, այդ ժամանակ 16 տարեկան էր: Նրա օժիտակալը գրեթե դատարկ էր, և Ծմակուտ դրանից էլ սկսեցին. «Կնյազ Իշխանի տանը էլ բան ես թողե՞լ, թե եղածը սրբել բերել ես, ախչի», ասել էր Աբել ապին: Ինքը՝ «Կնյազ Իշխանի տանը ես քոծ էի, ես էնտեղ մայր չունեի, ապի»: Ադամը՝ «Պահ, պահ, պահ, լեզուն էլ է բերել: Եսի՞մ, էնքան հանկարծ եկար՝ ասի լեզուդ էնտեղ մոռացած կլինես»: Իսկ Սիմոնը կանգնել էր մի կողմ և ամաչում էր ասել կինը ձերը չի, իմն է: Մանե հարսն էլ թաքուն քսի էր տալիս, երեսանց մխիթարում Աղունին: Չորս պատի մեջ ապրում են, հաց են ուտում, լվացք են անում, քնում են, տրեխները հանում են, ոտքները լվանում են ապին, նանը, Ադամը, Մանեն, Սիմոնը, Արփիկը, Արաքսին, Սիրանը, Հակոբը, Հրաչիկը, Սվետիկը, Ամալյան, Վազգենը, ինքը, Հովտի բարեկամները, Դսեղի բարեկամները, Խաչերի բարեկամները, միրգ ծախելու եկած ղազախեցիք: Մի հինգ կով ու մի քսան ոչխար ունեն, մի չորս գորգ, մի երկու ձեռք անկողին, մի քանի փեթակ մեղու, մեղր քամելու մի մեքենա ու կաթի՝ մի, մի հատ էլ ինքնաեռ. Ինչ-որ է, այդպես միատեղ՝ ապրուստ է և ափսոս է կտոր-կտոր անել, տալ վանքերեցու ձեռքը. եթե վանքերեցին արժանի լիներ՝ այդպես չթի մի շորով չէր գա էն լի աշխարհից: Երկու ամիս անց որոշում են, թե չբեր է: Սկեսուրը ծեծում է: Գնում են Սիմոնի համար մի անլեզու հաստլիկ կին բերելու, իսկ Սիմոնը գնում է Աղունի հետևից Վանքեր, հետ բերում կնոջը: Երկաթուղու Ձորագէս կայարանում Սիմոնը նրան հասկանում է ու  ներքնազգեստ է գնում լուսավոր մի խանութից, թեև մի երկու կոպեկ փող ուներ ու այդ էր: Ինքը լաց է լինում Սիմոնի համար: Մտածում է, որ եթե իրենց մեջ սիրո պես մի բան է եղել, դա Ձորագէս կայարանի լուսավոր խանութում էր: Հղիանում է: Պառավը փետրվար ամսին դուրս է շպրտում տնից: Ուզում է ինքնասպան լինել: Մանիշակ հորաքույրը տանում է իր մոտ: Երեխան ծնվում է: Սկսում են խանգարել նրանց Ապրում է գոմում: Դռան տակ գոմեշներն են կապած, վերևի ծայրը իրենն է ու երեխայինը: Ոչ մի հարմարություն չունի: Եվ մի օր չի դիմանում ու Սիմոնին ասում է, թե տուն պիտի սարքեն իր ու Սիմոնի ձեռքերով. ու սարքում են: Ամեն բան իրենք են անում, իրենց ձեռքերով կամ Սիմոնը փայտի կամ այլ գործ է անում դիմացը  տան համար ինչ-որ բան սարքել տալիս: Այժմ Աղունը ունի տուն, երկու տղա՝ Արմենակն ու Սերոն, բայց երջանիկ չէ: Այսպես անցյալի տարբեր դրվագներ գալիս ու անցնում են նրա մտքով ու Աղունը զգում է, որ ծերացել է, թեև մեծ չէ: Պառավ Արուսն ասում է, թե Աղունի ամեն ինչը լավ է, բայց սեր չկա, ամուսնուն սեր չի տալիս, հոգին ուտում է: Երեխաները կարծես թե նույնպես մորն այնքան չեն սիրում, որքան հորը: Թեև ամեն բան նրանց համար Աղունի շնորհիվ է արվել ու արվում: Սերոն ևս ուզում է գնալ Երևան, թեև դեռ փոքրիկ տղա է: Նրա համար անվերջ հարցեր են ծագում ամեն անգամ ծնողներին վիճելիս տեսնելիս: Սիմոնը նույնիսկ սիրավեպ է ունենում, թեև ինքը հակված չէր Աղունին դավաճանելու: Սոնան, որի ամուսինը պատերազմից չվերադարձավ, նրան քնքշություն ու սեր է տալիս: Բոլորը նկատում են նրանց կապը, որը սկսվել էր այն ժամանակ, երբ Աղունը սարերն էր բարձրացել: Բայց Սոնան մահանում է: Իսկ Սիմոնը դժբախտ է, ծեծում է Աղունին, չի հավանում նրա ճաշերը, թեև միշտ մտածում է, որ Աղունը ճիշտ է, խելացի է, ինքը խելք չունի և խեղճ է: Ահա Աղունը տանում է իրերը Երևան, և Սիմոնը ուղեկցում է նրան: Աղունն ասում է, թե որդու համար պետք է Երևանից հյուրեր կանչել, մի լավ պատիվ տալ, որ Արմենակի գործերը հաջողվեն ու գրող դառնա: Միաժամանակ մտածում է, ու՞մ  է պետք դա, չէ՞ որ որդու ո´չ փառքն է իրենցը, ո´չ էլ հաջողությունը, ո´չ անունը, ո´չ էլ հարսը: Տվեցիր քաղաքին՝ պրծավ գնաց: Իսկ Սիմոնը խեղճ է, և նրա խոսքը ոչ ոք չի էլ լսում:

Տես նաև Խումհար, Գոմեշը և Կանաչ Դաշտը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Հրանտ Մաթևոսյան | Աշնան արև | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Աշնան արև | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 26, 2015 Rating: 5
Технологии Blogger.