Հրանտ Մաթևոսյան | Խումհար | համառոտ



Հերոսը՝ Արմենակ Մնացականյանը, Մոսկվայում սցենարիստների դասընթացի ասպիրանտ, երկու ընկերների՝ վրացի Էլդար Գուրամիշվիլու և ռուս Վիկտոր Մակարովի հետ տաքսիով գնում է Կինոյի տուն, Վաքսբերգ ֆիրմայի Կինոտուն: Լրագրում կարդում են «Դարի ամուսնությունը» խորագրով մի հատված Արիստոտել Օնասիսի և Ժակլին Քենեդիի ամուսնության մասին: Կինոտանը դիտում են Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերից մեկը՝ «Գիշերը» Ժաննա Մորոյի, Մոնիկա Վիտիի և Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ: Մարչելոն և Ժաննան ամուսիններ են: Գնում են տեսնելու իրենց բանաստեղծ ընկերոջը, որ մեռնում է Սպիտակ հիվանդանոցի մաքրամաքուր անկողնում, սպիտակ սենյակում: Սա մեռած շուրթերը հպում է Ժաննայի ձեռքին, և նրա բերանից խոսքեր են ժայթքում վաղեմի սիրո մասին: Կինը, հեկեկանքը զսպելով, փախչում է սենյակից: Մարչելոն դուրս է գալիս: Կիսամերկ մի հիվանդ կին նրան ներս է տանում իր սենյակ, նետում է քնազգեստը՝ երկարելով ոտից գլուխ հոյակապ մերկությունը սպիտակ սավանին: Ներս են մտնում հիվանդապահ կաթոլիկուհիները, և շփոթված Մարչելոն դուրս է գալիս: Աղախինն արթնացնում է Մարչելոյին: Զանգել է Ժաննան: Գնում են Հարուստի աղջկա՝Մոնիկայի ծննդյան հրավերքին: Մարչելոն ուզում է այս խելագար դարում մի կես ժամով երջանկացնել նրան և հանկարծ տեսնում է, որ Ժաննայի դեմ է կանգնած: Հեռվի տնակը կանգնած է անշարժ, անտառը կարծես ծառերի բանակ է, բայց ծառերը կանգնած են անջատ առ անջատ, ամեն ինչ կանգնած է ինքն իր համար, ոչ մեկը ոչ ոքի հետ չունի ոչ մի կապվածություն:

Ֆիլմից հետո Պալոնսկին քննարկում է կազմակերպում: Էլդարը ծոցատետրում սև թանաքով դիմագծեր է ճանկռտում: Հարցնում է՝ Անտոնիոնին ունի՞ զոքանչ: Պալոնսկին բացատրում է, որ հարցը գալիս է անափ ռեալիզմի տեսությունից: Արվեստագետը ընտրում է իրեն անհրաժեշտ իրերն ու իրադրությունները և դեպքերի կազմակերպման տվյալ ընթացքում զոքանչներն ավելորդ են: Իտալական նեոռեալիզմը նշանավորվեց գործողությունների ծավալմամբ փալաս-փուլուսային մթնոլորտում, եթե կա արվեստի զարգացում, ապա իտալական նոր կինոն պարտավոր է ազատվել փալաս-փուլուսային այդ մթնոլորտից: Ըստ Անտոնիոնիի մարդը մենակ է: Ներս է գալիս Իվան Վաքսբերգը, ապա պաշտոնաթող գնդապետների մի մեծ շարան: Վաքսբերգն ու հերոսը դուրս են գալիս: Խոսում են հերոսի սցենարի մասին, պետք է շտկումներ անել, սակայն նա համաձայն չէ: Կոնյակ են խմում: Իվան Միխայլովիչը Մնացականյանին տաղանդավոր է համարում և հերոսի խնդրանքը՝ հեռացնել իրեն դասընթացներից, մերժում է: Վաքսբերգն առաջարկում է գրել ոչ թե հայկական ջարդերի դեմ, այլ ֆաշիզմի, որը հանդիսականը հասկանում է, իսկ պանթուրքիզմի դեմ գրելը սխալ է, հանդիսականը չի հասկանում խոսքն ինչ հիմարության դեմ ու ինչ զոհի մասին է: Տարբերությունը դա է: Արմենի գլխում բազմաթիվ սցենարներ են պտտվում, բայց դրանք բոլորը ներառում են գյուղը: Տեքստին զուգահեռ թղթին են շարվում նրա մտքերը. հիշողություններ սեփական կյանքից, դրվագներ մանկությունից, երեխաներից, կնոջից՝ Հասմիկից, ծնողներից, գյուղից՝ Ծմակուտից: Եվա Օզերովայի հետ զրուցում են արվեստի մասին: Եվան հավանում է նրա սցենարները, բայց դրանցում չկա խնդիր, գերխնդիր: Նրա ամուսինը՝ Օսվալդը, ևս հավանում է Մնացականյանի սցենարը: Օսվալդը աշխատում է Մինիստրությունում: Եվան նրան չի սիրում: Մնացականյանը սիրահարված է Եվային: Եվայի մոտ կա լուցկու տուփի չափ մի խաղալիք, դա Ղուրանն է: Նա ևս ասպիրանտ է: Ճաշարանում են: Եվան եղել է Հայաստանում, Սևանում: Այն, ինչ պատմում է, հերոսին դուր չի գալիս: Թույլ չի տալիս Եվային ծխել: Մնացականյանին հուզում է հարցը՝ արդյոք արվեստը ինքնանպատակ է, թե ոչ, արդյոք լուծում է կյանքի հարցերը, թե այն լուծում է միայն արվեստի հարցերը: Այս է, որ չի թողնում նրան գտնել ճիշտ սցենարը: Զանազան սցենարներ, որ նա հնարում է և պատմում Եվային, բոլորը դրվագներ են իրական կյանքից՝ հիմնականում պատահած իրեն ծանոթ մարդկանց հետ: Եվան դժգոհ է: Այդպես նա գրող չի դառնա: Խմում են: Եվան հաճախ նման է թվում Հասմիկին: Միասին հեռաագիր են ուղարկում նրան. փող է ուզում: Հեռագիրը գրում է Եվան: Ութին ասպիրանտները գնալու են Բերգմանի, բայց հերոսը չի գնում: Հանրակացարանում է: Կինը ծանրոց է ուղարկել: Գնում է փոստատուն, բերում է: Արկղում կա խնձոր, պանիր, նուռ: Խնձորի բույրը տարածվում է սենյակում, և այն հիշեցնում է գյուղը, դառնում գյուղը: Այդպես էլ չի կարդում Հասմիկի նամակը: Ստիպում է իրեն քնել: Մտածում է, որ ինքը մի լավաշի չափ օգուտ չի տվել իր երկրին: Գալիս է Էլդարը: Սեղանին տեսնում է Մնացականյանի գրածը՝ «Կոնյակ 15 ռուբլի + Սնկով սուկի 5 ռուբլի +….=000 000»: Թուղթը ձեռքին՝ հռհռոցով դուրս է գնում: Գալիս են ընկերները՝ Էլդարը, Վիկտորը, Մաքսուդը և Նադյա անունով մի կին: Տանում են Վիկտորի սենյակ խմելու: Գալիս է Նադյայի ամուսինը՝ Սաշան: Ապտակում է Նադյային, փնտրում է Վիկտորին, բայց նա արդեն չկա: Թաքցրել են կամ փախել է: Վիճում են: Նադյան չի ուզում գնալ, թեև ինքն է զանգել նախկին ամուսնուն: Հետո Նադյան էլ է անհետանում: Ավելի ուշ, Մնացականյանը գնում է իր սենյակը, բայց դուռը փակ է, բանալին իր մոտ չէ: Պարզվում է, Նադյան այնտեղ է: Բացում է դուռը: Մնացականյանը գրասեղանի մոտ փորձում է աշխատել: Նադյային ասում է, որ կարող է այդտեղ մնալ: Սա պառկում է: Դուռը թակում են: Նադյան շրջվում է: Մտնում է Էլդարը, զարմանում՝ տեսնելով այնտեղ պառկած կնոջ: Մնացականյանը բացատրում է, որ երբ ինքը եկավ, նա այնտեղ քնած էր, հո չէր արթնացնելու, դուրս հանելու: Նադյան այդպես մնում է պառկած, մեջքով դեպի պատը, հավանաբար քնած չէ: Էլդարն ու Մնացականյանը զրուցում են: Ծածկոցի տակ նա հավանորեն լսում է նրանց շշուկները, և ինչպես որ թնդանոթի փողի միջով հեռավոր հովտում աղվեսն է երևում կամ ծառը կամ գլխին թաշկինակ կապած մշակը, այդպես նրանց շշուկներով նրա համար բացվում է փոքրիկ, տաք, լուսավոր մի այգի

Տես նաև Գուրգեն Մահարի  Ծաղկող փշալարեր, Շահան Շահնուր Նահանջ առանց երգի և Նար-Դոս Պայքար  

Հրանտ Մաթևոսյան | Խումհար | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Խումհար | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:00:00 Rating: 5
Технологии Blogger.