Գուստավ Ֆլոբեր | Սալամբո | համառոտ


Ք. ա. III դ.: Կարթագեն: Զորավար Համիլկար Բարկան դաժանորեն ճնշում է վարձկան զինվորների ապստամբությունը: Պունիկյան պատերազմից հետո սնանկացած երկիրը չի վճարել վարձկաններին: Որոշել են սիրաշահել նրանց առատ հյուրասիրությամբ, սակայն հաշվարկը սխալ էր: Հարբած զինվորները որոշում են ազատել բանտարկված ստրուկներին: Հետո որսում են Բարկայի լճի ձկներին, որոնք նրա տոհմում համարվում են սրբազան: Նրանց մոտ է դուրս գալիս Համիլկարի դուստրը՝ գեղեցկուհի Սալամբոն: Նախատում է բարբարոսներին իր սիրած ձկներին տանջելու համար: Նրան հմայված նայում է նամիբիացի առաջնորդ Նար Հավասը: Նա վարձկան չէ և այստեղ է հայտնվել պատահաբար: Սալամբոն հմայել է նաև լիբիացի Մատոյին: Սա հիացած խոնարհվում է Սալամբոյի առաջ: Աղջիկը հաշտության գավաթ է տալիս նրան: Գալերից մեկը նկատում է, որ իր երկրում աղջիկը գինի է տալիս տղամարդուն` որպես նրա հետ անկողին կիսելո ցանկությանւ նշան: Նար Հավասը տեգով հարվածում է նրա ձեռքին: Գալը փախչում է:
Երկու օր անց վարձկաններին հայտնում են, որ եթե նրանք լքեն քաղաքը, նրանց կվճարեն և տուն կտանեն: Բարբարոսները զիջում են: Յոթ օր շարժվում են դեպի այն վայրը, որտեղ նրանց կարգադրված է ճամբարել: Այստեղ է հայտնվում Նար Հավասը: Նրանք Մատոյի հետ հաշտվում են: Սակայն ոմն Սպենդիուս հասկանում է, որ այդ մարդը ինչ-որ դավ է նյութում: Մատոն սիրահարված է Սալամբոյին: Փորձում է անգամ օձի թույն խմել կրքից ազատվելու համար: Ապարդյուն:
Կարթագենից մարդ է գալիս, որը հայտնում է, որ այնտեղ վիճակը ծանր է, և գանձարանը դատարկ է: Վարձկանները որոշում են շարժվել Կարթագեն: Սկսվում է արյունալի մարտ: Մատոն առաջնորդում է լիբիացիներին: Սպենդիուսի հետ ջրատար անցքով թափանցում է Կարթագեն: Մտնում է Սալամբոյի ապարանք: Սեր է խոստովանում աղջկան: Առաջարկում է փախչել իր հետ: Ասում է, որ կվերադարձնի մինչ այդ տաճարից գողացած դիցուհու թիկնոցը: Սալամբոն կանչում է թիկնապահներին: Սակայն սրանք ձեռք չեն տալիս դիցուհու թիկնոցով Մատոյին և նա լքում է քաղաքը:
Մարտերը տևում են երկար, փոխնիփոխ հաջողություններով: Սալամբոյին կարթագենացիք մեղադրում են իրենց հաջողության խորհրդանիշը՝ դիցուհու թիկնոցը, կորցնելու մեջ: Քուրմը ասում է, որ հանրապետության փրկությունը կախված է իրենից՝ Սալամբոյից: Առաջարկում է նրան փրկել Կարթագենը: Սալամբոն հասնում է բարբարոսների դիրքերին և հանդիպում է խնդրում Մատոյի հետ: Մատոն ընդունում է նրան իր վրանում: Աղջիկը վերցնում է թիկնոցը և ասում է, որ ատում է Մատոյին, որն իր ընկերների հետ ուզում է կործանել իր քաղաքը: Մատոն ծնկի է իջնում նրա առաջ և սկսում է համբուրել ոտքերը… Սալամբոն տրվում է իրեն համակող վայելքին: Այդ ժամանակ ճամբարում սկսվում է հրդեհ: Հեղինակն է Նար Հավասը: Մատոն դուրս է վազում վրանից, իսկ երբ վերադառնում է, տեսնում է, որ Սալամբոն չկա: Աղջիկը վերադառնում է հոր մոտ: Հոր մոտ է նաև բարբարոսներին դավաճանած Նար Հավասը: Համիլկարը հայտարարում է Նար Հավասին, որ կնության է տալիս նրան իր դստերը: Նրանց պսակում են:
Բարբարոսները ավերում են քաղաքի ջրատար համակարգը: Քաղաքում սկսվում է ժանտախտ: Քրմերը որոշում են աստվածներին զոհաբերել հարուստ ընտանիքների երեխաներին, այդ թվում նաև տաս տարեկան Հանիբալին՝ Համիլկարի որդուն: Հայրը որդու փոխարեն զոհաբերում է ստրուկի: Սկսվում է անձրև և դա փրկում է կարթագենցիներին: Հռոմը և Սիրակուզը օգնում են Կարթագենին: Բարբարոսները պարտվում են:
Մատոյին կտտանքների են ենթարկում: Նրան տանում են քաղաքի փողոցներով և յուրաքանչյուրը կարող է հարվածել նրան: Նա տեսնում է պալատի այգում նստած Սալամբոյին: Սալամբոն հասկանում է, թե որքան է տառապել այդ մարդը իր նկատմամբ սիրուց: Երբ հոշոտված Մատոն մեռնում է, Նար Հավասը գավաթ է բարձրացնում Կարթագենի պատվին: Գավաթ է բարձրացնում նաև Սալամբոն: Քիչ անց նա անշնչացած ընկնում է գահի բազրիքին: «Այդպես է մեռնում Համիլկարի դուստրը: Նա պատժվում է դիցուհու թիկնոցին դիպչելու համար»:  
  
Տես նաև Գուստավ Ֆլոբեր Տիկին Բովարի, Հենրիկ Սենկևիչ Յո՞ երթաս և Ալեքսանդր Դյումա Կամելիազարդ տիկինը 
Գուստավ Ֆլոբեր | Սալամբո | համառոտ Գուստավ Ֆլոբեր | Սալամբո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.