«Ուպանիշադներ» համառոտ


«Ուպանիշադ» սանսկրիտերեն նշանակում է՝ ուսուցչի կողքին նստած։ «Բրահմանների», «Սամհիտաների» և «Արանյակաների» հետ միասին «Ուպանիշադները» ամբողջացնում են «Վեդաները» և կազմում են վերջինների փիլիսոփայական մասը։ «Ուպանիշադների» ժողովածուն բաղկացած է 108 տեքստից. գրության ժամանակն է Քա 6–3-րդ դարերից մինչև 14–15 դարերը։ Ըստ առաջացման ժամանակի «Ուպանիշադները» բաժանվում են «վաղ» և «նոր» շերտերի։ «Վաղ» շերտին են պատկանում «Բրիհադարանյակա», «Չհանդոգյա», «Այտարեյա», «Տայիտտիրիյա», «Կենա», «Կաուշիտակի» ուպանիշադները։ Համեմատաբար նորերից են «Շվեաաշվաաարա», «Կատհա», «Իշա», «Մունդակա», «Մահանարյանա», «Մայտրի», «Փրաշնա», «Մանդուկյա» ուպանիշադները։ «Ուպանիշադներում» հիմնականում քննվում են փիլիսոփայական և բարոյափիլիսոփայական հարցեր և պակաս չափով՝ ծեսերը և ծիսակատարությունները։ Հատուկ ուշադրության առարկա են իրականության սկզբնապատճառի որոնումները, միակ բարձրագույն էության (բրահման), հոգու շրջապտույտի, ազատագրման ճանապարհների և դրանց ընտրության մասին խորհրդածությունները և այլն։
Առաջին անգամ այս տեքստերում են հանդիպում հին հնդակական կրոնի և փիլիսոփայության այնպիսի գաղափարներ, ինչպիսին են՝ աթմանը, սանսարան, կարման, ազատագրումը և այլն: Ուպանիշադները ոչ թե հիմներ են, ինչպես «Ռիգվեդան», այլ խորհրդածություններ, տրամաբանական կառուցվածքներ, էքստազային վիճակներ, առակներ, տրամախոսություններ: Հիմնական ձևը այս վերջինն է, քանի որ ուսուցչի կողքին նստած լինելը ենթադրում է ոչ միայն ունկնդրություն, այլև մասնակցություն քննարկմանը:
«Ուպանիշադներում» ի տարբերություն «Ռիգվեդայի», կենտրոնում է մարդը: Զարգացնելով աթմանի և բրահմանի տեսությունը, «Ուպանիշադները» գտնում են, որ մարդու մեջ եղած Աթմանը ոչ թե կտրված է աստվածայինից՝ Մեծ Աթմանից, այլ նույն այդ մեծ Աթմանի ներկայությունն է մարդու մեջ: Բրահմանը և Մեծ Աթմանը «Ուպանիշադներում» հանգում են բացարձակ նույնության, որով նույնություն է ստեղծվում նաև մարդու Աթմանի և Բրահմանի միջև: Ուպանիշադների փիլիսոփայական կենտրոնն այդ գաղափարն է, որը ձևակերպված է այսպես՝ «Դու նա ես»:


«Ուպանիշադներ» համառոտ «Ուպանիշադներ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 29, 2015 Rating: 5
Технологии Blogger.