Կոնֆուցիոս «Զրույցներ» համառոտ

Կոնֆուցիոս
(համառոտ)


Կոնֆուցիոսի (Ք. ա. 6-րդ դար) անունը հին Չինաստանի հոգևոր և մշակութային միասնության խորհրդանիշն է: Նա Չինաստանի մեծ մտածողն է, Պյութագորասի և Հերակլիտոսի ժամանակակիցը:
Կոնֆուցիոսի ամենահին կենսագիրը՝ Սի-մա Ցիան, որը պատմության մեջ ճանաչված է որպես չինական Հերոդոտոս, նրա ամբողջական կենսագրությունը գրել է առաջին դարում, այսինքն՝ Կոնֆուսիոսի մահից չորս հարյուր տարի հետո:
Սոկրատեսի նման Կոնֆուսիոսը նույնպես գրավոր գրեթե ոչինչ չի թողել, բացառությամբ աշակերտների հետ ունեցած զրույցների: Ավանդությունը, սակայն, պատմում է, որ նա հատկապես կյանքի վերջին տարիներին ստեղծգործական բեղուն շրջան է ապրել: Կազմել է տարեգրությունների «Չունցյու» («Գարուն և աշուն») գիրքը, մշակել է «Շի-ցզին»՝ «Երգերի գիրքը» և «Շու-ցզին»՝ «Պատմության գիրքը»: Նրան են պատկանում նաև «Փոփոխությանց գրքի» տաս հայտնի մեկնությունները:
Կոնֆուցիուսը մեծ ներդրում ունի նաև չինական բանահյուսության հավաքման ու պահպանման գործում:  Հայտնի են չինական ժողովրդական պոեզիայի և պատմական անցքերի մասին պատմող բազմաթիվ բեկորներ, որոնք պահպանվել են հենց Կոնֆուսիոսի ջանքերով:
Կոնֆուցիականությունը, որպես կրոնափիլիսոփայական ուսմունք, ունի իր առանձնահատկությունները: Այն չի պահանջում հոգևոր սպասավորների ծառայություն, չի քննում աշխարհստեղծման, գոյության և գիտակցության հիմնահարցեր և ունենալով հիմնականում պրակտիկ նշանակություն, ուղղված է գլխավորապես մարդու և հասարակության բարոյական կատարելության խնդրին: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ կոնֆուցիականությունը երբեմն համարում են ոչ թե կրոն, այլ սոսկ ուսմունք:
Կոնֆուցիականության հիմքն է Հնգամատյանը՝ Ուցզին, որ պատմական ասքերի, բանաստեղծական գործերի ու արարողակարգերի ժողովածուն և Քառամատյանը՝ Սիշուն, մարդկային վարքի մասին օրենքների ժողովածուն: «Լյուն-յուն»՝ «Զրույցները» Քառամատյանի ամենաարժեքավոր մասն է:
«Զրույցները» բաղկացած է 20 առանձին գլուխներից և բովանդակում է Կոնֆուցիուսի ու նրա նշանավոր աշակերտների զրույցներն ու ասույթները մարդու, հասարակության, պետության, պարտքի և զանազան այլ հարցերի մասին: Գիրքը Կոնֆուցիոսի մահից հետո ստեղծել են նրա աշակերտները:
Գիրքը անցել է կազմավորման, մշակման երկար շրջան և նույնիսկ արգելված է եղել: Իր վերջնական տեսքն այն ստացել է միայն 8-րդ դարում: Գիրքը ավելի շուտ պատասխանում է ոչ թե «ինչու», այլ «ինչպես» հարցին: Ո՞րն է կատարյալ մարդը, ի՞նչ է նշանակում կառավարել, ի՞նչ է բարին, ի՞նչ պարտականություններ ունեն որդիները ծնողների և ծնողները՝ որդիների հանդեպ, ի՞նչ արժեք ունի պատմությունը ժամանակակիցների համար: Ահա հարցերը, որոնք հոլովվում են Կոնֆուցիուսի և նրա աշակերտների զրույցներում: Եվ պատահական չէ, որ նրա ուսմունքի մեջ առանցքային են Լիի՝ հանրային կյանքի, Ժենի՝ բարոյականության հիմքի, Լիի՝ հանրային կյանքի, Իի՝ պարտքի, Սիի՝ հավատարմության մասին գաղափարները:

Մարդկային վարքի հիմքը Կոնֆուցիոսի կարծիքով նրա դիրքն է ընտանիքում և հասարակության մեջ: Կառավարել նշանակում է բարի գործ կատարել և ամեն մարդու տալ պետության մեջ այն տեղը, որին նա արժանի է: Կոնֆուցիոսը համոզված է, որ պետության նկատմամբ ժողովուրդը հավատ պետք է ունենա, հակառակ դեպքում այդ պետության գոյությունն անհնար է: Նա հռչակում է ավագների պաշտամունք, պահանջում է հնազանդություն թագավորի նկատմամբ, բայց միաժամանակ դնում է իմաստուն և մարդասեր կառավարման պահանջ:    
Կոնֆուցիոս «Զրույցներ» համառոտ Կոնֆուցիոս «Զրույցներ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:06:00 Rating: 5
Технологии Blogger.