Վիրջինիա Վուլֆ | Միսիս Դելոուեյ | համառոտ


Վեպի գործողությունները տեղի են ունենում 1923 թվականին Լոնդոնում և տևում են մեկ օր: «Գիտակցության հոսքի» տեխնիկան թույլ է տալիս գործողության ընթացքին զուգահեռ ներկայացնել նաև դրվագներ հերոսների անցյալից:
50-ամյա Կլարիս Դելոուեյը՝ Ռիչարդ Դելոուեյի՝ պառլամենտի անդամի կինը, առավոտից պատրաստվում է երեկոյան իր տանը կազմակերպվելիք ընդունելությանը, որտեղ պիտի հավաքվի անգլիական բարձրաշխարհիկ սերուցքը: Գնում է ծաղկի խանութ: Ճանապարհին հանդիպում է Հյու Ուիթբրեդին, որին ճանաչում է մանկուց և ով հիմա բարձր պաշտոն է զբաղեցնում թագավորական պալատում: Նրան ինչպես միշտ զարմացնում է Հյուի էլեգանտ տեսքը: Հյուի կողքին նա իրեն միշտ դպրոցական աղջիկ է զգացել: Հիշում է, որ երիտասարդ ժամանակ, երբ ապրում էր Բորտոնում, նրան էր սիրահարված Պիտեր Ուոլշը: Պիտերը միշտ խանդում էր Կլարիսին Հյուի հանդեպ: Մտնում է ծաղկի խանութ և փունջ ընտրում: Փողոցում լսվում է կրակոց հիշեցնող ձայն: Ուելսի արքայազնի ավտոմեքենան հարվածել է մայթին: Տեսարանին ներկա է 30-ամյա դալուկ դեմքով Սեփտիմուս Ուորեն Սմիթը: Նա զբոսնում էր իր կնոջ՝ Լուկրեցիայի հետ, որին 5 տարի առաջ բերել է Իտալիայից: Արքայազնի ավտոմեքենայի հարվածից 5 րոպե առաջ նա ասել է կնոջը, որ ինքնասպան կլինի: Լուկրեցիան վախենում է, որ մարդիկ կլսեն նրա խոսքերը և տանում է ամուսնուն: Այդպիսի նյարդային նոպաները Սեփտիմուսի մոտ հաճախակի են: Նրան թվում է, թե տեսնում է մեռած մարդկանց, որոնք խոսում են նրա հետ: Լուկրեցիան այլևս չի դիմանում այդ մղձավանջին: Մտովի բարկանում է բժիշկ Դոումի վրա, որը պնդում է, թե իր ամուսնու հետ ամեն բան կարգին է: Խղճում է ինքն իրեն, կարոտում Միլանը, քույրերին և իրենց հյուսած ծղոտե գլխարկները: Ամուսինը իրեն չի սիրում:
Տիկին Դելոուեյը ծաղկեփունջը ձեռքին մտնում է տուն: Հեռախոսի կողքին դրված է գրություն, որից իմանում է, որ զանգահարել է լեդի Բրութնը և փորձել պարզել, թե նախաճաշելու է արդյոք պարոն Դելոուեյը այսօր իր հետ: Հիշում է իր երիտասարդությունը՝ Բորտոնը, որտեղ ապրում էր հոր հետ, ընկերուհուն՝ Սալի Սեթոնին, Պիտեր Ուոլշին: Սկսում է նորոգել իր իրիկնային զգեստը: Հնչում է դռան զանգը: Եկել է Պիտեր Ուոլշը: 52 տարեկան տղամարդը հենց նոր է վերադարձել Հնդկաստանից: Լոնդոն է վերադարձել բաժանության հարցերը կարգավորելու, որովհետև պատրաստվում է ամուսնանալ երկրորդ անգամ: Պահպանել է ծալովի դանակով խաղալու սովորությունը: Հանկարծ Պիտերը սկսում է լաց լինել: Կլարիսը հանգստացնում է նրան, համբուրում է ձեռքը: Մտածում է, որ եթե ամուսնանար Պիտերի հետ, այդ ուրախությունը միշտ իր հետ կլիներ: Գալիս է դուստրը՝ 17-ամյա Էլիզաբեթը: Կլարիսը հրավիրում է Պիտերին իր երեկույթին: Պիտերը քայլում է Լոնդոնի փողոցներով և մտածում է, որ մարդիկ իր բացակայության ընթացքում փոխվել են: Զբոսայգում նստարանին նա քնով է անցնում և երազում տեսնում է, որ Բորտոնում է, Դելոուեյը սկսում է պտտվել Կլարիսի շուրջ և վերջինս հրաժարվում է ամուսնանալ իր հետ: Զարթնելով Պիտերը տեսնում է Սեփտիմուսին և Լուկրեցիային: Նրանք գնում են բժիշկի: Սեփտիմուսը հիվանդացել է պատերազմի ժամանակ, երբ կորցրեց իր ընկերոջը: Բժիշկ Բրեդշոուն խորհուրդ է տալիս տեղավորել Սեփտիմուսին հոգեբուժարան: Լուկրեցիան հուսահատ է:
Նախաճաշի ժամանակ լեդի Բրուտնը հաղորդում է պարոն Դելոուեյին, որ վերադարձել է Պիտեր Ուոլշը: Ռիչարդ Դելոուեյը տան ճանապարհին ցանկանում է մի որևէ գեղեցիկ իր գնել Կլարիսին: Գնում է կարմիր և սպիտակ վարդերի փունջ: Կլարիսը երջանիկ է: Նրա դուստրը իր սենյակում պարապում է իր ուսուցչուհու հետ, որին Կլարիսը ատում է՝ իր դստերը «գողանալու» համար:
Լուկրեցիան նստած է տանը Սեփտիմուսի հետ և գլխարկ է պատրաստում իր ծանոթներից մեկի համար: Լսվում է դռան զանգը: Բժիշկ Դոումն է: Լուկրեցիան իջնում է նրա մոտ, որպեսզի չթողնի Սեփտիմուսի մոտ: Բժիշկը փորձում է մի կողմ հրել աղջկան և առաջ անցնել: Սեփտիմուսը սարսափահար է: Նա դուրս է նետում իրեն պատուհանից և մեռնում է:
Դելոուեյների մոտ սկսում են հավաքվել հյուրերը: Սրահը լցվում է: Գալիս է անգամ վարչապետը: Սակայն Կլարիսը նկատում է, որ հյուրեր ընդունելը նախկինի պես չի ուրախացնում իրեն: Երբ հայացքով հրաժեշտ է տալիս վարչապետին, մտածում է, որ սա հիշեցնում է իրեն Էլիզաբեթի ուսուցչուհուն: Հյուրերի թվում է նաև բժիշկ Բրեդշոուն: Պատմում է Սեփտիմուս Սմիթի ինքնասպանության մասին: Բժիշկի մեջ ոչ բարի ինչ-որ բան կա: Գալիս են Պիտերը և Սալին՝ Կլարիսի մանկության ընկերուհին: Պիտերը սպասում է, թե երբ Կլարիսը կմոտենա իրեն: Զգում է վախ և երանություն: Չի հասկանում, թե ինչն է իրեն այդպես շփոթեցնում: Պատճառը Կլարիսն է: Եվ Պիտերը տեսնում է Կլարիսին:  
  
Տես նաև Վիրջինիա Վուլֆ Դեպի Փարոսը, Ջեյմս Ջոյս Ուլիս և Ուիլյամ Ֆոլկներ Շառաչ և ցասում

Վիրջինիա Վուլֆ | Միսիս Դելոուեյ | համառոտ Վիրջինիա Վուլֆ | Միսիս Դելոուեյ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:27:00 Rating: 5
Технологии Blogger.