
Հարուստ սքվայր Օլվերտիի տուն
են բերում ընկեցիկ երեխա, որին սա որոշում է դաստիարակել ինչպես հարազատ որդուն: Ընկեցիկի
մորը՝ Ջեննիին Օլվերտին արտաքսում է իր տարածքներից՝ նախապես գումար տալով նրան, իսկ
ենթադրվող հորը՝ տեղի ուսուցիչ Պատրիջին դատի տալիս և նույնպես արտաքսում: Պատրիջը
չի ընդունում մեղադրանքը և պնդում է, որ երեխայի հայրը չէ: Սքվայրի քույրը՝ Բրիջիտը,
ամուսնանում է կապիտան Բլայֆիլի հետ և որդի է ունենում: Թոմ Ջոնսը՝ ընկեցիկը, որին
Օլվերտին շատ է սիրում, մեծանում և դաստիարակվում է կրտսեր Բլայֆիլի հետ, որը վախենում
է, որ ապագայում Օլվերտին իր ընկեցիկ սիրելիին կկտակի իր ողջ ժառանգությունը: Թոմը
և Բլայֆիլը կատարյալ հակադրություն են: Թոմը անմիջական ու բարի է, Բլայֆիլը՝ նենգ ու
հաշվենկատ: Թոմը մանկուց ընկերություն է անում Օլվերտիի հարուստ հարևան Վեսթերնի դստեր՝ Սոֆիայի հետ: Բլայֆիլին և Թոմին դաստիարակում է աստվածաբան Թվաքոմը, որը համակրում
է Բլայֆիլին, որը չի վաճառում իր Աստվածաշունչը չքավորներին օգնելու համար, ինչպես
դա անում է Թոմը: Պատանի Թոմը տարվում է այդ ընտանիքի թեթևամիտ աղջիկ Մոլլիով, որը
շուտով հղիանում է: Սոֆիան վշտի մեջ է, քանի որ, ինչպես պարզվում է, մանկական խաղերն
անցյալում են և աղջիկը լուրջ սիրահարված է Թոմին: Թոմը նույնպես մեծ ցավ է ապրում,
որ իր թեթևամտության պատճառով ստիպված է ամուսնանալ Մոլլիի հետ: Սակայն պարզվում է,
որ Մոլլիի երեխան Թոմից չէ և բացի այդ սա հաճախ է ժամանակ անցկացրել Թվաքոմի ծնկներին
նստած:
Սքվայրի քույրը մահանում է,
և սա անկողին է ընկնում: Բլայֆիլն անհամբերությամբ սպասում է, թե ինչպես կլուծվի ժառանգության
հարցը: Թոմը մեծ վշտի մեջ է: Երբ Օլվերտին ապաքինվում է, Թոմը ուրախությունից ուժեղ
հարբում է, իսկ Բլայֆիլը ներկայացնում է դա այլ լույսի տակ և կարողանում է փչացնել
Թոմի հանդեպ Օլվերտիի վերաբերմունքը: Օլվերտին որոշում է ամուսնացնել Բլայֆիլին Սոֆիայի
հետ: Սակայն Սոֆիան փախչում է տանից և գնում է Թոմի ետևից, որին Բլայֆիլի ջանքերով
արդեն վտարել են տանից:
Գավառական հյուրանոցում Թոմը
հանդիպում է ուսուցիչ Պատրիջին, որը հավատացնում է նրան, որ իր հայրը չէ և խնդրում
է Թոմին թույլ տալ իրեն ուղեկցել տղային: Ճանապարհին Թոմը մի բռնացողի ձեռքից փրկում
է մի կնոջ՝ տիկին Վոթերսին, որի գայթակղություններին հետագայում չի դիմանում և որի
հետ գիշեր է անցկացնում Էպտոնի հյուրանոցներից մեկում: Այս բանն իմանում է նույն հյուրանոցում
հայտնված Սոֆիան: Իր զարմուհու՝ տիկին Ֆիցպատրիկի հետ Սոֆիան վշտահար վերադառնում է
Լոնդոն: Թոմը իմանալով, որ իր սիրելին եղել է հյուրանոցում և իմացել է իր դավաճանության
մասին, հետևում է նրան: Լոնդոնում Սոֆիան գտնում է տիկին Բելաստոնին, որը խոստանում
է օգնել Սոֆիային, իսկ ինքը այդ ընթացքում փորձում է գայթակղել իրեն դուր եկած Թոմին:
Այդուհանդերձ, Թոմն ու Սոֆիան
հանդիպում են, սակայն չնայած Թոմի բոլոր աղերսանքներին, Սոֆիան չի կարողանում ներել
նրան: Թոմը, որոշելով ազատվել տիկին Բելաստոնի հետապնդումներից, նամակ է գրում վերջինիս՝
առաջարկելով իր ձեռքն ու սիրտը: Հասկանալի է, որ հասարակության կարծիքի հետ հաշվի նստող
տիկինը կմերժի իրեն, և ինքը առիթ կունենա խզել իրենց հարաբերությունը: Նախագիծն աշխատում
է, սակայն Բելաստոնը որոշում է վրեժ լուծել: Սոֆիային է սիրահարված ոմն լորդ Ֆելամարը:
Բելաստոնը բացատրում է լորդին, թե ում պատճառով է աղջիկը մերժում նրա ուշադրության
նշանները: Այդ ընթացքում Թոմն ընդհարվում է տիկին Ֆիցպատրիկի խանդոտ ամուսնու հետ,
որը կարծում է, թե Թոմն իր կնոջ սիրեկանն է: Թոմը սուսերով վիրավորում է պարոն Ֆիցպատրիկին
և իսկույն հայտնվում է Ֆելամարի մարդկանց ձեռքը, իսկ սրանք հանձնում են նրան ոստիկանություն:
Սոֆիայի հայրը գալիս է Լոնդոն
և փակի տակ է պահում դստերը: Բելաստոնը Սոֆիային է ցույց տալիս Թոմի՝ իրեն գրած ամուսնական
առաջարկության նամակը:
Բանտում Թոմին այցելում է տիկին
Վոթերսը: Պատրիջը հայտնում է Թոմին, որ դա իր մայրն է՝ Ջեննի Ջոնսը: Թոմը սարսափով
մտածում է այն մասին, որ մեղսագործել է մոր հետ: Սակայն պարզվում է, որ ո´չ Ջեննի Ջոնսը
և ո´չ էլ Պատրիջը ոչ մի կապ չունեն Թոմի հետ: Թոմի հայրն է Օլվերտիի ընկերը, որը մի
ժամանակ ապրել է սքվայրի մոտ և կապ է ունեցել սքվայրի քրոջ՝ Բրիջիտի հետ: Բրիջիտը թաքցրել
էր եղբորից, որ Թոմի իսկական մայրն է, իսկ Թոմի հայրը մահացել էր հիվանդությունից:
Բլայֆիլը ամեն բան գիտեր և դա էր պատճառը, որ մշտապես իրեն հակառակորդ էր համարում
Թոմին: Իրականում նրանք եղբայրներ են: Օլվերտին, իմանալով այս ամենի մասին, զղջում
է, ներողություն է խնդրում Թոմից և իր ժառանգն է դարձնում նրան: Սոֆիային հավատացնում
են, որ Բելաստոնին գրված Թոմի նամակը կեղծ էր և աղջիկն ու տղան կարող են ամուսնանալ,
մանավանդ որ Սոֆիայի հայրն այլևս դեմ չէ այդ ամուսնությանը: Երիտասարդներն ամուսնանում
են և հեռանում են ապրելու գյուղում:
Հենրի Ֆիլդինգ | Թոմ Ջոնսի՝ ընկեցիկի պատմությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
23:57:00
Rating:
