Լորենս Սթեռն | Սենտիմենտալ ճանապարհորդություն | համառոտ



Որպեսզի հավաստիանա սեփական պնդման իրավացիության մեջ, ըստ որի Ֆրանսիայում ամեն բան կարգավորված է ավելի լավ, հերոսը հավաքում է ճամպրուկները և մեկնում է ճանապարհորդության:
Քարոզիչ Յորիկը, որը Շենդիների ընտանիքի բարեկամն է՝ հեգնական բնավորությամբ բարեսիրտ մարդ է: Նրա շեքսպիրյան անունը, որը վերցված է «Համլետից», համադրում է գոյության անցողիկությունը և սենտիմենտալիզմին հատուկ դառը ծիծաղը: Վեպը գրված է առաջին դեմքով:
Նախաբանում Յորիկը թվարկում է ճանապարհորդների տիպերը` հետաքրքրասեր, պարապ, խաբեբա... Իրեն Յորիկը համարում է սենտիմենտալ ճանապարհորդ: Նրա համար ամենաթանկը իր զգայություններն են, բայց ոչ դրանք առաջ բերած պատճառները: Իրեն համեմատելով կնոջ հետ՝ Յորիկը խնդրում է ընթերցողին ոչ թե ծիծաղել իր վրա, այլ խղճալ իրեն:
Նշանակալի տեղ են զբաղեցնում վեպում Յորիկի փոխհարաբերությունները իսպանացի վանական Լորենցոյի հետ: Հանդիպում է սրան հյուրանոցում: Վանականը Յորիկից գումար է խնդրում իր վանքի համար: Սա մերժում է՝ ասելով, որ բազմաթիվ չքավորների է թողել հայրենիքում: Սակայն հետո Յորիկը զղջում է և հաջորդ հանդիպման ժամանակ վանականին է տալիս իր կրիայի պատյանից պատրաստված ծխախոտատուփը: Վանականը պատմում է Յորիկին, որ մենաստան է հեռացել՝ հիասթափվելով ռազմական փառքից և սիրուց:
Հյուրանոցներից մեկում Յորիկը լսում է արտասվալից մանկական ձայն, որն ասում է. «Ես չեմ կարող ազատվել»: Դա ասում է վանդակի մեջ փակված սարյակը: Յորիկի առաջ հառնում է Բաստիլը, որտեղ տասնամյակներով տառապում են բանտարկյալները: Խղճահարությունը կենդանու նկատմամբ վերաճում է խղճահարության մարդու նկատմամբ: Սարյակի լացը լսած քարոզիչը կատարում է մարդու ճակատագրի խորը ընդհանրացումներ: Այնուհետև նա հիշում է, որ ինքը չունի անձնագիր և գտնվելով Ֆրանսիայում՝ կարող է հայտնվել Բաստիլում: Հաջորդ իսկ օրը մեկնում է Ֆրանսիայի արտգործոց նախարար Շուազելի մոտ՝ ճանապարհորդական անձնագրի հարցերը կարգավորելու:
Յորիկը կարեկցանքով և մասնակցությամբ է լսում իրեն հանդիպած գյուղացու պատմությունը, որը դառնորեն ողբում է իր ավանակի կորուստը: Կարեկցանքով ու ըմբռնումով է վերաբերում իր ծառա Լը Ֆլերին: Իսկ հանդիպելով խեղճ խելագար Մարիային՝ արտասվելով է լսում նրա պատմությունը, թե ինչպես է աղջիկը ոտքով ուխտագնացության մեկնել Հռոմ: Իր թաց թաշկինակը Յորիկը թողնում է Մարիային:  
Ուշագրավ է բարեպաշտ ագարակատիրոջ տան այցելությունը: Ընթրիքից հետո ագարակատերը և նրա ընտանիքը բուռն պարի են տրվում, քանի որ գտնում են, որ ուրախ հոգին Աստծուն շնորհակալ լինելու լավագույն միջոցն է:
Իջևանատներից մեկում Յորիկը ստիպված է լինում կիսել մահճակալը մի տիկնոջ և նրա աղախնի հետ: Երկժամյա քննարկումից հետո որոշում են, որ Յորիկը կքնի հագուստով և գիշերվա ընթացքում չի խոսի: Դժբախտաբար պայմանը խախտվում է, և Յորիկը տիկնոջը հանգստացնելու համար մեկնում է ձեռքը և դիպչում է աղախնին:
Վեպը հեղինակի անժամանակ մահվան պատճառով մնում է անավարտ:

Տես նաև Լորենս Սթեռն Տրիստրամ Շենդի, Ջոնաթան Սվիֆթ Գուլիվերի ճանապարհորդությունները և Ուիլյամ Թեքերեյ Սնապարծության տոնավաճառ     

Լորենս Սթեռն | Սենտիմենտալ ճանապարհորդություն | համառոտ Լորենս Սթեռն | Սենտիմենտալ ճանապարհորդություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:46:00 Rating: 5
Технологии Blogger.