Ջոն Գոլսուորդի | Ֆորսայթների պատմությունը | համառոտ



Վիպաշարը բաղկացած է 6 վեպից, որոնք բաժանվում են 2 եռերգության՝ «Ասք Ֆորսայթների մասին» և «Ժամանակակից կատակերգություն»։ 4 պատմվածքներ միջերգանք են, որոնք կապակցում են վեպերը։

Ֆորսայթի փրկությունը
Երկու եղբայրները՝ Ջեյմսն ու Սուիզին Ֆորսայթները հանդիպում են երկարատև բաժանումից հետո։ Նրանք արդեն հասակն առած, կյանքում հաջողված մարդիկ են, բավականին հեղինակավոր։ Սուիզինը մահացու հիվանդ է և փորձում է վերլուծել իր կյանքն ու հետևություններ անել։ Նրան թվում է, որ կորցրել է մի բան, առանց որի կյանքն անիմաստ է։ Սուիզինը քնում է և երազում հիշում է դեռևս երիտասարդ տարիքում իր ուղևորությունը Զալցբուրգ, հարբած կռիվը, ծանոթությունը հունգարացի Բոլեշկի և նրա դուստրերի՝ Մարգարետի և Ռոզիի հետ։ Ֆորսայթը սիրահարվում է վերջինիս, սակայն սոցիալական կարգավիճակը խանգարում է ամուսնությանը։ Ռոզին ստիպված վերադառնում է Հունգարիա, քանի որ անարդյունք սիրավեպից հետո իրեն նվաստացումից բացի ոչինչ չէր սպասում։ Սուիզինն արթնանում է. նա կրկին մենակ է, ավելորդ և հասկանում է, որ թուլակամություն է արել Ռոզիի հարցում։ Մահամերձ վիճակում սպասավորից շամպայն է խնդրում, և նրան հայտնվում է Ռոզին, որը խոստանում է հետ բերել կորցրածը։

Սեփականատերը
Ջեյմսը և իր որդին՝ Սոմզը, սեփականատիրական տիպիկ վարքով Ֆորսայթներ են։ Ծերուկ Թիմըթիի տանը հավաքվում են բոլոր Ֆորսայթները։ Այնտեղ են նաև Սոմզն ու նրա կինը՝ գեղեցկուհի Այրինը։ Սոմզը կնոջը վերաբերում է որպես սեփականության։ Նա որոշում է Ռոբին-Հիլլում կառուցել տուն և այնտեղ տեղափոխվել կնոջ հետ։ Ճարտարապետ է դառնում Ֆիլիպ Բոսինին, որը Սոմզի հորեղբոր թոռան՝ Ջունի փեսացուն էր։ Սակայն Այրինի և Ֆիլիպի միջև սիրավեպ է սկսվում, որը ցավալի ավարտ է ունենում։ Չդիմանալով նվաստացումներին, Այրինը հեռանում է ամուսնուց, իսկ Ֆորսայթների տարբեր անդամների միջև ավելի է խորանում միմյանց մերժելու ու թերագնահատելու սովորույթը։

Վերջին ամառը
Բոսինիի մահից չորս տարի անց Ռոբին-Հիլլում կառուցված տունը գնում է ծեր Ջոլիոնը և տեղափոխվում այնտեղ իր որդու՝ երիտասարդ Ջոլիոնի, նրա երկրորդ կնոջ և թոռների հետ։ Ծեր և երիտասարդ Ջոլիոնների միջև լարվածությունն արդեն անցել է։ Կար ժամանակ, երբ երիտասարդ Ջոլիոնը մերժվել ու հեռացել էր ընտանիքից, քանի որ իր երկրորդ կնոջ պատճառով տարաձայնություններ ուներ հոր և աղջկա՝ Ջունի հետ։ Ծեր Ջոլիոնը մենակ է մնում Ռոբին-Հիլլում ամենափոքր թոռնուհու հետ և պատահաբար հանդիպում է Այրինին, որը սկսում է թոռնուհուն դաշնամուրի դասեր տալ։ Ծեր Ջոլիոնը դառնում է Այրինի հովանավորյալը, չնայած եղբոր՝ Սոմզի հոր առարկություններին ու վրդորմունքին։ Ծեր Ջոլիոնի համար գեղեցկուհի ու քնքուշ Այրինը դառնում է կյանքին կապված մնալու միակ ապավենը։

Ծուղակում
Նկարագրվում են դեպքեր, որոնք կատարվում են ծեր Ջոլիոնի մահից 12 տարի անց։ Երիտասարդ Ջոլիոնը, որը կորցնում է կնոջը, շարունակում է ապրել Ռոբին-Հիլլում աղջկա՝ Հոլլի հետ, քանի որ մեծ աղջիկը՝ Ջունն ապրում է Լոնդոնում, իսկ տղան՝ Ջոլլին, սովորում է Օքսֆորդում։ Ջոլիոնը, հոր կտակի համաձայն, դառնում է Այրինի հովանավորը։ Այրինն ապրում է մենակ։ Մենակ է նաև Սոմզը, որը դեռ շարունակում է սիրել Այրինին, չնայած հանդիպում է ֆրանսուհի Աննետի հետ։ Սոմզի հայրը տղա է ուզում իր որդու համար, որպեսզի տեսնի իր սերնդի շարունակությունը։ Սոմզը, չկարողանալով հետ բերել Այրինին, բաժանվում է նրանից ու ամուսնանում Աննետի հետ։ Հոր՝ Ջեյմսի հոգևարքի պահին Սոմզը մտնում է հոր սենյակ և հայտնում, որ նա որդի է ունեցելՍակայն իրականում ծնվել է աղջիկ, որին կոչել է Ֆլեր, սակայն խաբելով հորը, փորձում է գեթ վերջին վայրկյանին նրան ուրախություն պարգևել։
Ջոլիոնի և Այրինի միջև սիրավեպ է սկսվում: Նրանք ամուսնանում են։ Ծնվում է որդին՝ Ջոնին։ Դա ավելի է կոտրում ու տրորում Սոմզին, քանի որ Այրինն այդպես էլ իրեն որդի չպարգևեց, իսկ իր կինը նրան ընդամենը մի աղջիկ պարգևեց։
Սոմզի քույրը՝ Ուինիֆրիդ Դրաթին վիճում է հարբեցող ամուսնու հետ, որը մեկնում է Արգենտինա։ Եղբոր խորհրդով Ուինիֆրիդը սկսում է ամուսնալուծության պրոցես, սակայն օրենքով նախ պիտի պահանջի ամուսնական պարտականությունների վերականգնումը՝ պահանջելով Դարթիի վերադարձը։ Սոմզն ու քույրը հույս ունեն, որ Դարթին չի վերադառնա, սակայն նրանք սխալվում են։
Վել Դարթին՝ Ունինիֆրիդի որդին, Ռոբին-Հիլում հանդիում է Հոլլիին և նրանք սիրահարվում են ու գաղտնի նշանվում։ Սակայն Հոլլիի եղբայրը՝ Ջոլլին ատում է Վելին և զայրույթի պահին ստիպում է քրոջ նշանածին զինվորագրվել և քրոջ հետ մեկնել Հարավային Աֆրիկա՝ անգլո-բուրական պատերազմին մասնակցելո։ Ջունն ու Հոլլին հետևում են նրանց, որպես գթության քույրեր։ Այնտեղ Վելն ու Հոլլին ամուսնանում են։

Զարթոնք
Պատմվում է Ջոլիոնի և Այրինի մանկահասակ տղայի՝ Ջոնի (չորրորդ Ջոլիոն) մանկության մասին։ Նրա մանկությունը լցված է սիրով ու ծնողների քնքշանքով։ Նա սիրում է հորը և աստվածացնում մորը։ Դայակի հեռացումից հետո ավելի է կապվում մորը։ Դրանով Այրինը, միգուցցե անկախ իր կամքից, այլևս իրեն է ենթարկում որդուն։

Վարձով է տրվում
1918 թվականն է։ Սոմզի աղջիկը՝ Ֆլերը և Այրինի որդին՝ Ջոնը, արդեն մեծացել են։ Սոմզն անչափ սիրում է իր դստերը, չնայած որդու մասին երազանքներին։ Ֆլերը մեծացել է փորք-ինչ երես առած։ Սոմզի և կնոջ՝ Աննետի հարաբերությունները փչացել են այն աստիճան, որ Աննետը սիրեկան է պահում։
Մի օր պատկերասրահում Սոմզը Ֆլերի հետ պատահաբար հանդիպում է Այրինին ու Ջոնին։ Ֆլերի ու Ջոնի հարցերին Սոմզն ու Այրինը պատասանում են, թե հեռու բարեկամներ են։ Ջոնը մեկնում է Հոլլիի և Վելլի ագարակ ու այնտեղ կրկին հանդիպում է Ֆլերին։ Նրանք սիրահարվում են, ինչը անհանգստացնում է երկուսի ծնողներին էլ։ Ջոլիոնն ու Այրինը որոշում են Ջոնին ուղարկել Եվրոպա՝ հույս ունենալով որ նա կմոռանա Ֆլերին։ Մի քանի շաբաթից վերադառնալով, Ջոնը կրկին փնտրում է Ֆլերին։ Այդ ժամանակ Ֆլերին սկսում է սիրահետել երիտասարդ Մայքլ Մոնթը։ Նա Սոմզին հայտնում է իր ամուսնանալու մտադրության մասին, սակայն այդ հարցը Սոմզը թողնում է Ֆլերի որոշմանը։ Նա նույնպես անհանգստացած է Ֆլերի ու Ջոնի հարաբերությամբ, սակայն ի վիճակի չէ հայտնել իր դստերը ընտանեկան գաղտնիքի մասին։ Ֆլերը գաղտնիքի մասին իմանում է իր մոր սիրեկանից՝ Պրոսպեր Պրոֆոնից, որը հաճախակի հյուր է Վելի և Հոլլիիի ագարակում։ Հենց նրանից էլ իմանում է, որ Ջոնի մայրն ու իր հայրը ժամանակին ամուսիններ են եղել։ Չնայած ամեն բանի, նա խնդրում է Ջոնին, միասին մեկնել Շոտլանդիա և այնտեղ ամուսնանալ։ Ջոնը չի կարողանում որոշում կայացնել. մի կողմից անչափ սիրում է Ֆլերին, մյուս կողմից չի կարողանում խաբել մորը, որին աստվածացնում է։
Այստեղ առաջ է գալիս Այրինի նոր կերպարը: Նա չի ուզում թողնել սեփական անցյալը, մոռանալ իր ատելությունը Սոմզի հանդեպ և այդկերպ խանգարում է իր որդու երջանկությանը, քանի որ Ջոնը որոշում է լքել Ֆլերին, երբ կարդում է իրեն ուղղված հոր նամակը, որտեղ պատմվում է, թե Սոմզն ինչպես է վարվել Այրինի հետ։ Այդ ժամանակ մահանում է Ջոլիոնը։ Սոմզը, Ֆլորի խնդրանքով, մեկնում է Ռոբին-Հիլլ ու փորձում համոզել Ջոնին վերադառնալ Ֆլերի մոտ, սակայն Ջոնը հրաժարվում է և մոր հետ մեկնում ճամփորդության։ Ֆլերն ամուսնանում է Մայքլի հետ։

Տես նաև Թոմաս Ման Բուդենբրոկներ, Մարսել Պրուստ Սվանի ուղղությամբ և Ջեյմս Ջոյս Ուլիս

Ջոն Գոլսուորդի | Ֆորսայթների պատմությունը | համառոտ Ջոն Գոլսուորդի | Ֆորսայթների պատմությունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:39:00 Rating: 5
Технологии Blogger.