Հանս Քրիստիան Անդերսեն | Ձյունե թագուհի | համառոտ


Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:
Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին:
Գալիս է ձմեռը: Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ սահնակ քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը և նրանք դուրս են գալիս քաղաքից: Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային:
Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ: Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով և գտնի իր Կայուսին:
Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում: Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին… Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ ապրում է Ձյունե թագուհին:
Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է, որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը:
Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն այլևս չի կարող ուղեցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում: Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է: Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է և նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը:
Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում են վարդերի երկու հրաշալի թփերը:      
    
Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Ջրահարսը, Լուիս Քերոլ Ալիսը հրաշքների աշխարհում և Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը
Հանս Քրիստիան Անդերսեն | Ձյունե թագուհի | համառոտ Հանս Քրիստիան Անդերսեն | Ձյունե թագուհի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:34:00 Rating: 5
Технологии Blogger.