Կորյուն | Վարք Մաշտոցի | համառոտ


Կորյունը գրել է իր երկը Հովսեփ կաթողիկոսի հանձնարարությամբ։ Ամբողջական վերնագիրը հնչում է այսպես. «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի»: Երկի գրության թվականը որոշելու համար հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, իսկ Վասակ Սյունին, որին Եղիշեն տալիս է դավաճանի միանշանակ որակավորում, ներկայացված է դրական գույներով։ Վարքագրությունը պահպանվել է երկու  խմբագրությամբ` ընդարձակ և համառոտ։ Հավանական է, որ Կորյունի գրչին է պատկանում ընդարձակը, իսկ համառոտը հետագա՝ VI—IX դարերում փոփոխությունների ենթարկված տարբերակ է՝ կատարված հիմնականում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ազդեցությամբ։ Հեղինակն անձամբ մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի գործերին որպես արբանյակ։ Նախաբանում Կորյունին հուզում է հետևյալ հարցը. արդյո՞ք կարելի է գրել կատարյալ մարդկանց վարքը:  Պատասխանը հակիրճ է. կատարյալ մարդկանց վարքը պիտի գրվի սերունդներին որպես օրինակ ծառայելու համար։
Հաղորդվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան վայրը, որ նրա հոր անունը Վարդան է, հիշատակում է զինվորական ծառայության, կրթության, արքունի գործունեության, Գողթն գավառում ծավալած քարոզչության, ապա՝ գրերի գյուտի մասին: 
Նշվում է, որ գրերի ստեղծմամբ Հայաստանում մտահոգ էր ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ իշխանությունը։ Երբ Մեսրոպը և Սահակ Պարթևը Վռամշապուհ թագավորին հայտնում են իրենց մտադրության մասին, թագավորը տեղեկացնում է, թե իրեն հաղորդել են, որ Դանիել անունով մի ասորի հոգևորականի մոտ կան հայոց գրեր։ Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Հաբել երեցի մոտ, որը Դանիել եպիսկոպոսի մերձավորներից է, և բերել է տալիս նշված գրերը։ Սակայն պարզվում է որ դրանք չեն բավարարում հայերենի հնչյունական համակարգին։ Եվ Մեսրոպ Մաշտոցը հանձն է առնում ստեղծել հայերեն տառերը։ Այդ նպատակով իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա և Սամոսատ, որտեղ անցնում է տքնաջան աշխատանքի։ Եդեսիայում էլ, ինչպես գրում է Կորյունը, Մաշտոցը «իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Սամոսատում էլ Հռոփանոս անունով մի հույն գրագրի հետ միասին «նշանագրերի բոլոր զանազանությունները՝ բարակն ու հաստը, կարճն ու երկայնը, առանձինն ու կրկնավորն ամբողջապես հորինելուց և վերջացնելուց հետո՝ ձեռնարկում է թարգ֊մանություն՝ դիմելով երկու մարդկանց, իր աշակերտներին, որոնցից առաջինի անունը Հովհան է, Եկեղյաց գավառից և երկրորդինը՝ Հովսեփ, Պաղնական տնից»:
Կորյունը նկարագրում է Մաշտոցին ցույց տրված այն հանդիսավոր ու ջերմ ընդունելությունը, երբ նա վերադառնում է Սամոսատից` բերելով հայերեն նշանագրերը. «Երբ եկավ, մոտեցավ թագավորական քաղաքին, իմաց տվեցին թագավորին և սուրբ եպիսկոպոսին։ Նրանք նախարարագունդ ավագանու բոլոր բազմությունն առնելով՝ քաղաքից դուրս եկան, Ռահ գետի ափին դիմավորեցին Երանելիին։ Եվ ցանկալի ողջույնը միմյանց տալուց հետո՝ այնտեղից ցնծության ձայներով և հոգևոր երգերով ու բարձրաձայն օրհնություններով ետ դարձան քաղաքը, և տոնական ուրախությամբ անց կացրին օրերը»:
Այնուհետև Կորյունը պատմում է Մաշտոցի՝ ինչպես Վաղարշապատում, այնպես էլ Հայաստանի գավառներում ծավալած ուսուցչական գործունեության և թարգմանչական աշխատանքի մասին։ Գրերի գյուտից հետո Մաշտոցը նախ ուղևորվում է դեպի Արարատ լեռան հյուսիս-արևելյան շրջանները, ուր բնակիչների համար գրերի ուսուցումը դժվարամատչելի էր «ոչ միայն իրենց դիվական, սատանայակիր, ճիվաղական բարքի, այլև խեցբեկագույն և կոշտ ու կոպիտ լեզվի պատճառով»: Հեթանոսության «հայրենական սովորություններն» էին իշխում Գողթնում, Սյունիքում և այլ վայրերում։
Կորյունը համեմատաբար շեշտված է խոսում Մաշտոցի մեծ գործի անմիջական մասնակից Սահակ Պարթև կաթողիկոսի մասին: Նրա անմիջական աջակցությամբ ու խրախուսանքով է Մաշտոցը ստեղծել հայոց այբուբենը։ Ծավալել է նաև գրական գործունեություն։ Նրան են վերագրվում եկեղեցական կանոններ, երկու թղթեր և մի քանի շարականներ։ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հետ միասին հայ առաջին թարգմանիչներն են Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը, Հովհան Եկեղեցացին, Եզնիկ Կողբացին, Կորյունը և այլոք։ Սակայն, ըստ երևույթին, թարգմանություններով զբաղվել է հիմնականում Սահակ Պարթևը. «Իսկ երանելի Սահակը,— գրում է Կորյունը,— առաջ հունարեն լեզվից հայերեն է դարձրել եկեղեցական գրքերի ամբողջությունը և շատ սուրբ հայրապետների իմաստություն։ Դրանից հետո դարձյալ նա Եզնակի հետ միասին սկսեց և առաջվա հանկարծագյուտ շտապովի թարգմանությունները հաստատեց բերված ստույգ օրինակներով»։
Կորյունը փառաբանում է Մաշտոցին՝ նշելով, որ ուսուցիչը հետևում էր առաքյալներին՝ անգամ Քրիստոսին։ Սակայն Մաշտոցն ուներ հակառակորդներ. դրանք ասորի հոգևորականներն էին, որոնք մինչև հայ գրերի գյուտը եկեղեցիներում քարոզում էին ասորերեն և վայելում էին պարսից արքաների հովանավորությունը։ Հետևաբար Մաշտոցի ստեղծած գրերը զրկում էին ասորի հոգևորականներին քարոզչական մենաշնորհից։ Կորյունը շեշտում է Մաշտոցի, որպես կրոնավորի վաստակը՝ ջանալով այդպիսով լռեցնել նրա հակառակորդներին, միաժամանակ, որպեսզի չզայրացնի այդ ժամանակ Հայաստանում ազդեցիկ դիրք զբաղեցնող ասորի եկեղեցականներին՝ նա ոչինչ չի ասում նրանց քարոզչության մասին։ Պատմում է, որ Եդեսիայի և Ամիդի ասորի եպիսկոպոսները մեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, և նա մեկնել է հիշյալ քաղաքները հայերեն գրեր ստեղծելու։ Այդկերպ Կորյունն ուզում է խրատել Հայաստանի ասորի հոգևորականներին, խրախուսել նրանց հետևելու այդ մարդկանց օրինակին։ Գրում է, որ Սահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանելու Աստվածաշունչը, քանի որ այդ բանը նրանց հրամայել է Աստված։
Լինելով եկեղեցական գործիչ՝ Կորյունը կողմնակից է քրիստոնեության նախնավանդ և անաղարտ պաշտամունքին։ Նրա «Վարքը» ունի որոշակի հակա-ասորական կնիք՝ նեստորականության հանդեպ խորշանք։
Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ է, շնորհազարդ և ազդեցիկ անձ, որին հուզում էր ոչ միայն ողջ հայության՝ այլև հարևան ժողովուրդների լուսավորության հարցը: Իր երկը Մեծ Վարքագիրը ավարտում է Մաշտոցի մահվան և Օշականում նրա հուղարկավորության մասին տեղեկություններով։

Տես նաև Մովսես Խորենացի Հայոց պատմություն, Ագաթանգեղոս Հայոց պատմություն և Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն

Կորյուն | Վարք Մաշտոցի | համառոտ Կորյուն | Վարք Մաշտոցի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:21:00 Rating: 5
Технологии Blogger.