
Գործողությունը տեղի է ունենում Օրփեոսի և Էվրիդիկեի քաղաքից
դուրս գտնվող ամառանոցում: Ամառանոցը հիշեցնում է աճպարարի սալոն: Բեմի կենտրոնում
կանգնած է ախոռում փակված ձին: Օրփեոսը կանգնած է սեղանի մոտ և աշխատում է սպիրիտիստական
այբուբենի վրա: Էվրիդիկեն սպասում է, թե երբ իր ամուսինը կավարտի հաղորդակցվել ոգիների
հետ ձիու միջոցով: Օրփեոսը հրաժարվել է բանաստեղծություններ գրելուց և փառաբանում է
արևի աստծուն ինչ-որ բանաստեղծական բյուրեղներ գտնելու համար: Էվրիդիկեն հիշեցնում
է Օրփեոսին ոմն Ագլաոնիսի՝ բաքոսուհիների առաջնորդուհու մասին, որը խմում և խելքահան
է անում ամուսնացած կանանց: Նախքան ամուսնությունը Էվրիդիկեն նույնպես գտնվել է նրա
ազդեցության տակ: Ագլաոնիսը երդվել է վրեժ լուծել Օրփեոսից Էվրիդիկեին տանելու համար:
Էվրիդիկեն աղերսում է Օրփեոսին վերադառնալ իր նախկին զբաղմունքին և թողնել ձիուն: Բայց
Օրփեոսը չի համաձայնում և ցույց է տալիս կնոջը ձիու թելադրած նախադասությունը. «Էվրիդիկեն
կվերադառնա դժոխքից»: Այս նախադասությամբ Օրփեոսը մտադիր է հանդես գալ բանաստեղծների
մրցույթում, որին մասնակցելու է նաև Ագլաոնիսը: Ընկնելով մոլեգնության մեջ և ապակիներ
կոտրելով՝ Օրփեոսը հեռանում է: Հայտնվում է Էրտեբիզը, որի նկատմամբ Օրփեոսը խանդում
է Էվրիդիկեին: Սա բերել է շաքարի թունավոր կտոր ձիու համար, որը Էվրիդիկեին է փոխանցել
Ագլաոնիսը և ծրար, որի մեջ Էվրիդիկեն պիտի նախկին ընկերուհուն հաղորդագրություն ուղարկի:
Ինքը Էվրիդիկեն հրաժարվում է կերակրել ձիուն շաքարով, իսկ Էրտեբիզի ձեռքից կենդանին
չի ուտում: Գալիս է Օրփեոսը: Նա մոռացել է ծննդյան վկայականը, որը գտնում և նորից հեռանում
է: Էվրիդիկեն ծրարի մեջ նամակ է դնում, լիզում է ծրարի եզրերը, որ դրանք կպչեն: Սակայն
ծրարը թունավորված է և նա խնդրում է Էրտեբիզին կանչել ամուսնուն, որ մինչև մեռնելը
հասցնի վերջին անգամ տեսնել նրան:
Էրտեբիզի հեռանալուց հետո բեմի վրա հայտնվում է վարդագույն
զգեստով մահը՝ իր երկու օգնականների՝ Ազրայելի և Ռաֆայելի հետ: Օգնականները հագել են
վիրաբույժի խալաթներ և ձեռնոցներ: Մահը հրամայում է Ռաֆայելին վերցնել սեղանից շաքարը
և կերակրել ձիուն: Ոչինչ չի ստացվում: Մահն ինքն է տալիս ձիուն շաքարը և ձին տեղափոխվում
է այլաշխարհ: Անհետանում է նաև Էվրիդիկեն: Վերադառնալով Էրտեբիզի հետ՝ Օրփեոսը չի գտնում
Էվրիդիկեին: Օրփեոսը ուզում է վերադարձնել կնոջը: Էրտեբիզը ցույց է տալիս մահվան թողած
ռետինե ձեռնոցները և ասում է, որ մահը կկատարի ամեն ցանկություն, եթե նրան վերադարձնեն
ձեռնոցները: Օրփեոսը հագնում է ձեռնոցները և տեղափոխվում է այլաշխարհ:
Գալիս է փոստատարը և թողնում է նամակ: Շուտով հայելուց դուրս
է գալիս Օրփեոսը Էվրիդիկեի հետ և շնորհակալություն է հայտնում Էրտեբիզին տված խորհրդի
համար: Ձիու գուշակությունը կկատարվի և Էվրիդիկեն կվերադառնա դժոխքից, եթե Օրփեոսը
չշրջվի և չնայի կնոջը: Էվրիդիկեն ուրախ է, քանի որ Օրփեոսը երբեք չի տեսնի նրա ծերանալը:
Սակայն Օրփեոսը պատահաբար շրջվում և տեսնում է կնոջը: Էվրիդիկեն անհետանում է: Օրփեոսը
գտնում է փոստատարի բերած նամակը: Այստեղ ասվում է, որ մրցույթի ժյուրին Օրփեոսի գրած
տողում անշնորհք բառ է գտել: Հիմա Ագլաոնիսը բորբոքել է քաղաքի կանանց, և նրանք գալիս
են հոշոտելու Օրփեոսին: Կանայք դրսից քարեր են նետում և կոտրում են տան պատուհանները:
Օրփեոսը դուրս է գալիս պատշգամբ, որ հանգստացնի նրանց: Հաջորդ իսկ պահին ներս է թռչում
Օրփեոսի կտրված գլուխը: Էվրիդիկեն դուրս է գալիս հայելուց և իր հետ տանում ամուսնու
մարմինը:
Գալիս են կոմիսարը և դատական քարտուղարը: Էրտեբիզը բացատրում
է, որ Օրփեոսի մարմինը հոշոտվել է: Կոմիսարն ասում է, որ բաքոսուհիները պատմում են,
իբր պատշգամբ է դուրս եկել արդեն մեռած Օրփեոսը: Էրտեբիզը ցույց է տալիս Օրփեոսի գլուխը
և ասում է, որ դա անհայտ քանդակագործի ձեռքի գործն է: Էրտեբիզին կանչում է Էվրիդիկեն
և նա նույնպես անհետանում է հայելու մեջ:
Դեկորացիաները բեմում բարձրանում են: Բեմ են դուրս գալիս
Օրփեոսը և Էվրիդիկեն: Նրանց բերում է Էրտեբիզը: Նրանք սեղան են նստում և աղոթքով շնորհակալ
են լինում Աստծուն, որ նա ուղարկել է իրենց Էրտեբիզին՝ իրենց պահապան հրեշտակին, որ
փրկեց Էվրիդիկեին, որը հանուն սիրո սպանել է ձիու տեսք առած սատանային և փրկել Օրփեոսին,
որն աստվածացնում է պոեզիան, քանզի պոեզիան հենց Աստված է:
Տես նաև Եվրիպիդես Բաքոսուհիներ, Ալբեր Կամյու Կալիգուլա և Ժան Պոլ Սարտր Ճանճերը
Ժան Կոկտո | Օրփեոս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 29, 2016
Rating:
