Եղիշե Չարենց | Երկիր Նաիրի | համառոտ


Վեպը նվիրված է Չարենցի հայրենի քաղաքի՝ «հայկական» Կարսի վերջին տարիների պատմությանը: Կարսն այստեղ ինչպես իրական քաղաք, այնպես էլ սիմվոլ է, որը խորհրդանշում է կորուստ: Վեպը ողբերգական է, սակայն միաժամանակ պարուրված է կոմիզմի շղարշով: Հեղինակը կոչում է այն «պոեմանման վեպ»:
Վեպի նյութն Առաջին աշխարհամարտն է, Հայաստանի պատմաքաղաքական կացությունը, ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի երազանքի խմորումները, այդ ամենին հաջորդած ամոթալի ու ծանր պարտությունները, որոնք Չարենցը ներկայացնում է արտաքուստ թվացյալ կոմիկական, իսկ ներքուստ՝ ողբերգական երանգներով:
Ամեն ինչ սկիզբ է առնում միֆական անցյալից: Դարեր շարունակ թանձրացած կարոտն իրական հայրենիք է որոնում, սակայն մնում է մշուշում: Դա անցյալում ժողովրդի փայփայած երազանքն է, որին հիմա փոխարինել է նորաստեղծ պետականությունը, և դա ոչ իբրև «ուղեղային մորմոք», այլ՝ որպես իրական հայրենիք: Վեպն սկսվում և ավարտվում է Կարս քաղաքի բնապատկերի նկարագրությամբ: Գլխավոր հերոսը Կարսն է, քանզի մի քանի տասնյակ նշանավոր ու աննշան կերպարներ ներկայացնելով՝ գրողը շարունակ կրկնում է, որ իր վեպում հերոսներ չկան:
Առաջին գլուխը վերնագրված է «Քաղաքը և բնակիչները»: Նկարագրվում են՝ Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, Սլլան քարը, Ճգնավորի մատուռը: Հիշատակվում են նաև երկաթգիծը, հինգ հարկանի շենքը, որտեղ «մտնողի աչքերը մթնում են սարսափից», և որտեղից ամեն ուղղությամբ տարածվում են «վճիռներ ու ճակատագրեր», հետո՝ ասիական բաղնիքները: Վեպի հերոսներին հեղինակը հիշատակում է հետևյալ բնութագրումներով. գեներալ Ալոշ՝ 80-նն անց պատկառելի մի նաիրցի, Մարուքե Դրաստամատյան՝ ծխական դպրոցի ուսուցիչ, որին հերոսներից մեկը կոչում է Գրաստամատյան, Մեռելի Ենոք, որը, տուն ու տեղ չունենալու պատճառով, քնում է իր պատրաստած դագաղների մեջ, ընկեր Վառոդյան՝ «այսինքն Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն», պանդոկապան Բոչկա Նիկոլ, ամեն ինչից տեղեկություն ունեցող Տելեֆոն Սեթո, բժիշկ Սերգե Կասպարիչ, «Լույս» նավթարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ, նաիրյան գործերի կառավարիչ Մազութի Համոն կամ Համազասպ Աստվածատրյանը, որը դառնում է վեպի գլխավոր անձը: Կարսը խաղաղ կյանքով ապրում է մինչև 1914 թ., երբ սկսվում է Առաջին աշխարհամարտը:
Երկրորդ գլուխը վերնագրված է «Դեպի Նաիրի»: Քաղաքում բոլորն արդեն կիսաձայն խոսում են պատերազմի մասին: Ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել բոլորին հայտնի նորությունը: Միայն Համոն է բոլորի ներկայությամբ արտասանում «պատերազմ» բառը և ժողովրդին մղում հերոսամարտի: Նրա կողքին են Վառոդյանը և Սերգե Կասպարիչը: Սրանց դեմ կանգնում և հայրենիքը փրկելու այլ ծրագրեր են առաջարկում Մարուքե Դրաստամատյանը, Կարո Դարայանը և օրիորդ Սաթոն` նրանք, ովքեր բոլշևիկների ապազգային գաղափարներով բարոյալքում են հայոց բանակը և, ի վերջո, թշնամուն հանձնում Կարսը: Սակայն պատերազմը դեռ շարունակվում է: Մարդկանցով բեռնավորված՝ կրկին ռազմաճակատ են մեկնում գնացքները: Հայ կամավորները գնում են դարավոր թշնամուց Երկիր Նաիրին ազատագրելու:
Վեպի երրորդ և վերջին գլուխը վերնագրված է «Երկիրը Նաիրի»: 1917 թ. Ռուսաստանում սկսված հեղափոխությունն ամեն ինչ տակնուվրա է անում: Ռուսական զորքերը լքում են թուրքական ճակատը և հայ կամավորներին միայնակ թողնում թշնամու դեմ: Դաշնակցական և բոլշևիկյան միջկուսակցական պայքարը քայքայում է նաև հայոց զորքերի դիմադրությունը, որի հետևանքով Կարսն ընկնում է: Կարսի լքված բերդում Մազութի Համոն ողբում է նաիրյան զորքերի պարտությունը, սակայն այլևս ոչ ոք չի կարող փրկել ո՛չ նրան, ո՛չ էլ Կարսը: Թշնամին անցել է սահմանը և շարունակում է տարիներ առաջ սկսած նախճիրը: Մազութի Համոն և նրա հետ մնացած մի քանի հավատարիմ մարդիկ գերի են ընկնում: Մինչ Համոն պարտության ամոթից ողբում է, թշնամին նրան կախաղան է հանում և գլխավերևում ցուցանակ փակցնում՝ «Մ. Հ. Ա. Ն.», որ նշանակում է՝ Մազութի Համո Արքա Նաիրի: Նույն կերպ Հիսուս Քրիստոսին խաչ հանողները Նրա գլխավերևում համանման մի ցուցանակ փակցրին՝ «Հիսուս Նազովրեցի Արքա Հրեից»: Դեպքերի ընթացքը թեև ավարտվում է, սակայն վեպը դեռ շարունակվում է վերջաբանում, որտեղ Չարենցը որոնում է ժողովրդի և հայրենիքի պատմաքաղաքական ճակատագրի հաշտեցման եզրը, որը թույլ կտա պատերազմի պատճառած ահավոր ողբերգություններից հետո գեթ ապրել այն հողի վրա, որ վաղնջական ժամանակներից մինչ այսօր կոչվում է Երկիր Նաիրի:

Եղիշե Չարենց | Երկիր Նաիրի | համառոտ Եղիշե Չարենց | Երկիր Նաիրի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 28, 2016 Rating: 5
Технологии Blogger.