
Աստծո մահը, որի մեղավորները մարդիկ են, տիեզերական իրադարձություն
է: Այդ իրադարձությունը ազատում է մարդկանց գերբնականի շղթաներից, որոնցով իրենք են
շղաթայել իրենց: «Հակաքրիստոսը» անիծում է քրիստոնեությունը և սուրբ հայրերին: Կենդանին,
տեսակը և անհատը վերջնականապես այլասերվում են, եթե զրկվում են իրենց առողջ բնազդներից:
Մի՞թե քրիստոնեությունը չի պաշտպանում այն ամենը, ինչը վնասակար է մարդուն: Քրիստոնեությունը
արատավոր է հռչակել երկրային գոյության բոլոր արժեքները, իսկ իր մեջ է առել ամենայն
հիվանդը, թույլը և չհաջողվածը: Բարձրագույն ինտելեկտուալ արժեքները համարվեցին գայթակղություն:
Անգամ Բլեզ Պասկալը Նիցշեի կարծիքով չի հասկացել, որ այլասերման աղբյուրը ոչ թե բանականության,
այլ քրիստոնեական բարոյականության մեջ է:
Քրիստոնեությունը կարեկցանքի կրոն է: Բայց նա, ով կարեկցում
է, կորցնում է ուժը: Զարգացումը դադարում է, քանզի զարգացման օրենքը ընտրությունն է:
Ըստ Նիցշեի կարեկցանքը նիհիլիզմի գործառույթ է: Չկա մարդու համար առավել կործանարար բան, քան քրիստոնեական կարեկցանքը: Քրիստոնեական Աստված չի սիրում կյանքը, նա
առաջ է բերում կամքի ատրոֆիա:
Բուդդիզմը, չնայած որ նույնպես անկումային կրոն է, Նիցշեի
կարծիքով հարյուր անգամ ավելի ռեալիստական է քրիստոնեությունից: Այն պայքարում է ոչ
թե արատի, այլ տառապանքի հետ:
Քրիստոսին Նիցշեն կոչում է ամենաազնիվ մարդը: Փիլիսոփան տարբերություն
է տեսնում Քրիստոսի և քրիստոնեության միջև: Քրիստոսը ուզում է բոլորովին ուրիշ բան:
Նա թողել է հետնորդներին իր կյանքը: Քրիստոսի վերջին խոսքերը, որ նա ուղղում է հարևան
խաչը հանված ավազակին, ըստ Նիցշեի ողջ Ավետարանն է: Նրա մահվան հետ մեռնում է նաև Ավետարանը,
քանզի քրիստոնյաների մեջ ապրում է խորագույն բնազդ պայքարելու ամեն տեսակ շնորհալիության
և առավելություն ունեցողի հետ: Քրիստոնյան միշտ պայքարում է հավասարության համար: Այս
իմաստով Պողոս առաքյալի մեջ Նիցշեն տեսնում է վրեժի առաքյալին: Լավ է Քրիստոսին կռահել
Դոստոևսկին, ահա ինչու նրա «ապուշը» համազոր է «սրբին»:
Նոր կտակարանում միայն Պոնտացի Պիղատոսն է արժանանում փիլիսոփայի
ըմբռնմանը, երբ սարկազմով է վերաբերվում «ճշմարտությանը»:
Միայն Վերածնությունն է փորձել վերակենդանացնել քրիստոնեական
արժեքները: Կեսար Բորջիան դրա լավագույն օրինակն է: Սակայն հետո եկավ Մարտին Լյութերը
և միայնակ վերականգնեց քրիստոնեության նախնական արատավորությունը:
Քրիստոնեական եկեղեցին մինչև վերջին կաթիլը խմել է արյունը,
սերը, հավատը և կյանքը: Ոգին և բարեպաշտությունը հաղթեցին մարմնին և առողջությանը:
Ֆրիդրիխ Նիցշե | Հակաքրիստոս, կամ քրիստոնեությունը որպես արատ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 06, 2016
Rating:
