
Տասը տարի լեռներում միայնակ ապրելուց հետո Զրադաշտը սարերից
իջնում է մարդկանց մոտ, որպեսզի հայտնի նրանց Գերմարդու մասին: Նա զարմանում է, երբ հանդիպում է Աստծո մասին խոսող ճգնավորին:
Չէ՞ որ աստված մեռել է: Քաղաքում Զրադաշտը տեսնում է լարախաղացի արվեստով հիացող ամբոխին
և խոսում է նրանց հետ Գերմարդու մասին: Կոչ է անում մարդկանց հավատարիմ լինել հողին
և չհավատալ ոչ երկրային հույսերին: Լարախաղացը ծաղրածուի ջանքերով ընկնում է և մահանում:
Զրադաշտը վերցնում է նրա դին և հեռանում է: Նրան են հետևում օձը և արծիվը:
Տասներկու առակներում Զրադաշտը ծաղրում է կեղծ բարոյականությունը:
Պատմում է երեք փոխակերպությունների մասին: Ոգին ուղտ է, որին բեռնում և լծում են:
Տենչալով ազատություն՝ ուղտը վերածվում է առյուծի, որը փշրում է սովորույթների և բարոյականության
հաստատված կարգը: Սակայն նա չի կարող դառնալ արարող առանց երրորդ փոխակերպության: Նա
պիտի վերածվի մանկան:
Զրադաշտը անիծում է եկեղեցականներին, որոնք կոչ են անում
սպանել մարմինը: Փառաբանում է զինվորներին, որոնք պատրաստ են գնալ մահվանն ընդառաջ
և այդկերպ հաղթահարում են իրենց մեջ մարդուն: Պետությունը միֆ է, որի հաղթահարումը
ևս կապված է նոր մարդու հայտնության հետ: Չարիքին բարիքով պատասխանելը հիմարություն
է, քանզի փոքրիկ վրեժն ավելի մարդկային է վրեժի բացակայությունից: Մարդը նման է ծառի,
որի սաղարթը վեր է խոյանում երկինք բարիքի ուղղությամբ, իսկ արմատները մխրճվում են
չարիքի և մեղքի մեջ:
Մարդը մայրամուտն է այն տեսակի, որը շարժվում է դեպի Գերմարդը:
Բոլոր աստվածները մեռել են: Եկել է Գերմարդու ապրելու ժամանակը:
Զրադաշտը հեռանում է իր քարանձավը: Տարիներ անց նա նորից
վերադառնում է մարդկանց մոտ: Նա ունի նոր առակներ: Կրոնը բոլոր համայն ուղիղը ծռող
միտք է: Հավասարությունը կեղծիք է: Բոլոր իմաստունները ծառայել են սնոտիապաշտությանը:
Իսկական իմաստունը երբեք չի ապրել քաղաքներում: Նրա տեղը անապատն է: Պոետները չափազանց
իգական են: Մակերեսային են և ոչ հետևողական: Միայն իշխանության կամքը կարող է նոր արժեքներ
ստեղծել:
Իրեն չհասկացող ունկնդիրներին թողնելով՝ դառնացած հեռանում
է:
Որոշ ժամանակ անց նա դարձյալ ճամփա է ընկնում: Խոսում է ծանրության
ոգու մասին, որն ինչպես գաճաճը լծել էր իրեն և ուզում էր քարշ տալ իր անդունդը: Միայն
արիությունն է փրկում փիլիսոփային: Այդ ծանրությունը բարին ու չարն են:
Ամեն բանի վրա իշխում է պատահականությունը: Իսկ երջանկությունը
կին է: Մարդիկ ամեն բան փոքրացնում են: Գայլին դարձնում են շուն, իսկ իրենք իրենց՝
ձեռնասուն…
Զրադաշտը փառաբանում է հեշտասիրությունը, իշխանատենչությունը
և ինքնասիրությունը: Սրանք բնական կրքեր են և կանխորոշելու են ազնվականության նոր տիպը:
Ուժեղ լինելու համար հարկ է ունենալ լայն հոգի, որը ունակ է նետել իրեն ամենայն պատահականի
մեջ: Նա փառաբանում է մարդու մեջ եղած ամենայն չարը, քանի որ դա մեծ ուժ է մարդու ձեռքին:
Այս քարոզներից հետո գազանները կոչում են Զրադաշտին հավերժական վերադարձի ուսուցիչ:
Զրադաշտը ծերանում է: Նրա մազերը սպիտակում են: Նա հավատում
է Զրադաշտի հազարամյա թագավորությանը: Մի օր օգնության կանչ է լսում: Տեսնում է մռայլ
մարգարեին, երկու թագավորների և ավանակի, վերջին պապին, կամավոր չքավորին և ստվերին:
Նրանք ուզում են գտնել բարձրագույն մարդուն:
Հոգնած Զրադաշտը վերադառնում է քարանձավ և գտնում է այնտեղ
ցերեկը հանդիպած անցորդներին: Նրանց մեջ են օձը և արծիվը: Կազմակերպում է ընթրիք, որտեղ
բոլորը խմում են գինի, ուտում են գառնուկներին և փառաբանում են Զրադաշտի իմաստնությունը:
Բոլորը, անգամ ավանակը, աղոթում են: Զրադաշտը իր հյուրերին կոչում է «ապաքինվող» և
փառաբանում է մեծ Կեսօրի գալուստը:
Առավոտյան Զրադաշտը լքում է քարանձավը:
Տես նաև Ֆրիդրիխ Նիցշե «Ողբերգության ծնունդը», Ֆյոդոր Դոստոևսկի
«Ոճիր և պատիժ» և Թոմաս Էլիոթ «Մեռյալ երկիր»
Ֆրիդրիխ Նիցշե | ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 11, 2015
Rating:
