
Ծնողները հայտնում են տասնամյա
Լուժինին, որ աշնանը նա մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի հաճախի դպրոց: Կայարանում,
որտեղից նա պիտի գնացք նստի, տղան փախչում է ամառանոց և թաքնվում ձեղնահարկում: Այնտեղ՝
հին իրերի մեջ, տեսնում է ճեղք տված շախմատի տախտակը: Նրան գտնում են և վերադարձնում
կայարան:
Ավագ Լուժինը գրում է վեպեր,
որոնց մեջ հաճախ հայտնվում է ճերմակահեր մազերով տղան, որը դառնում է ջութակահար կամ
նկարիչ: Նա հույս ունի, որ դպրոցում իր տղան կգտնի իրեն: Սակայն ուսուցիչը շուտով ասում
է հորը, որ տղան, թեպետ օժտված է, սակայն ամեն ինչին վերաբերվում է որոշակի սառնությամբ:
Պահում է իրեն մենակ: Երբ արձակուրդի ժամանակ տանը նրան հարցնում են դպրոցից, գազազած
շրջում է թեյի բաժակը: Բայց մի օր մորաքույրը նրան շախմատի նախնական դաս է տալիս:
Դպրոցում տեսնելով համադասարանցիների խաղը, հասկանում է, որ ինքը ավելի լավ է տեսնում
խաղը: Նա փախչում է դպրոցից և գնում է մորաքրոջ մոտ շախմատ խաղալու: Այստեղ հաղթում
է մորաքրոջն այցելող մի ծերունու, որը խոստանում է տղային մեծ ապագա:
Մի օր հայրը, որին մայրը կասկածում
է անհավատարմության մեջ, հերթական տեսարանից հետո առաջարկում է որդուն շախմատ խաղալ:
Չորս անգամ հաղթում է հորը, որը մնում է տարակուսանքի մեջ և ափսոսում է, որ կնոջ մորաքույրը
սվորեցրել է տղային շախմատ խաղալ: Հաջորդ օրը հյուր է կանչում դոկտորին, որը լավ է
խաղում շախմատ, սակայն նա նույնպես պարտվում է որդուն: Լուժինը տարվում է շախմատով
և հրաժարվում է դպրոց հաճախել: Իմանալով, որ մահացել է իր մորաքրոջ ընկերը՝ ծերունին,
որն իրեն ապագա էր խոստացել և որը լավ շախմատիստ էր, հիվանդանում է: Ծնողները տանում
են նրան արտասահման: Մայրը մենակ ետ է վերադառնում: Իսկ հորը Լուժինը շուտով տեսնում
է մի անծանոթ կնոջ հետ: Մի քանի ամիս հետո հայր և որդի հեռագիր են ստանում մոր մահվան
մասին:
Լուժինը հոր հետ ճամփորդում
է Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքներով և խաղում է լավագույն շախմատիստների հետ: Հաղթում
է: Անցնում է պատերազմը, հեղափոխությունը: Նրան արտաքսում են Ռուսաստանից: 1928 թ.
հայրը հանկարծ որոշում է շարունակել իր վեպը հանճարեղ շախմատիստի մասին, որը պիտի մեռնի
երիտասարդ: Սակայն գիրքը չի գրվում: Մի օր ավագ Լուժինը անձրևի տակ է մնում, հիվանդանում
և մեռնում է:
Լուժինը շարունակում է փայլուն
խաղ ցուցադրել և արդեն մոտ է չեմպիոնի հետ վճռորոշ խաղին: Բեռլինում ծանոթանում է իր
ապագա կնոջ հետ: Մրցախաղի շրջանակներում Լուժինը հանդիպում է իր մշտական հակառակորդ
Տուրատտիի հետ: Պարտիան ընդհատվում է ոչ ոքի: Գերլարումից Լուժինը հիվանդանում է: Կինը
փորձում է հանգիստ ապահովել նրա համար, և որ շախմատն այլևս չխանգարի ամուսնուն, սակայն
ամեն բան Լուժինի համար շախմատի պատկեր, նշան և սիմվոլ է: Նրա մտքերը ընդհատված պարտիայի
մասին են: Սկսում է շախմատային պաշտպանություն
հորինել աներևույթ մրցակցի դեմ: Իմաստը անհեթեթ քայլն է, որը կարող է շփոթեցնել հակառակորդին:
Նա փորձում է խուսափել «կրկնությունից»: Նրան առաջարկում են խաղալ կինոյում հայտնի
շախմատիստի դեր: Սակայն նա հասկանում է, որ այդ «քայլը կլինի կրկնություն»:
Ցրված ու նյարդային վերադառնալով
տուն ասում է կնոջը, որ միակ ելքը խաղից դուրս ընկնելն է: Կինը սպասում է հյուրերի:
Լուժինը փակվում է լոգարանում: Կոտրում է պատուհանը և դժվարությամբ դուրս հանում գլուխը:
Մնում է միայն բաց թողնել այն, ինչից բռնվել է: Այդ դեպքում կփրկվի: Դուռը սկսում են
կոտրել: Կինը ձայն է տալիս նրան: Լուժինը բաց է թողնում ձեռքերը և անդունդը նրա ոտքերի
տակ փշրվում է բաց և մուգ քառակուսիների: Երբ դուռը կոտրում և ներս են մտնում, տեսնում
են, որ Լուժինը չկա:
Տես նաև Վլադիմիր
Նաբոկով Լոլիտա, Ստեֆան Ցվայգ Շախմատային նովել և Հերման Հեսսե Տափաստանի գայլ
Վլադիմիր Նաբոկով | Լուժինի պաշտպանությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 16, 2016
Rating:
